Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Արտքաղաքական արդյունքներ

Արտքաղաքական արդյունքներ
18.01.2019 | 01:40

Երևի արդեն մեր շատ համաքաղաքացիներ են տեսնում և հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության «աշխատանքի» անցած ամիսները երկրի համար դարձել են աղետի և անկման, ոչ թե ինչ-որ շահեկան վիճակի ժամանակաշրջան։ Վերցնենք թեկուզ գեներալ Յուրի Խաչատուրովի շուրջը և, համապատասխանաբար, ռազմաքաղաքական ՀԱՊԿ դաշինքի հետ ստեղծված սկանդալը։ Ինչքան էլ պնդեն համոզված փաշինյանականները, թե Հայաստանում որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը բացառապես երևանյան արտոնություն և նախաձեռնություն է, նման դեպքերում միջազգային գործելակերպը հայտնի է։ Սկզբում պայմանավորվում ես այն միջազգային կառույցի հետ, որում աշխատում է քո քաղաքացին, և միայն հետո որոշում պատասխանատվության ենթարկելու կարգը։ «Ասֆալտային հեղափոխականները» վարվեցին նույն կերպ, ինչպես կատարեցին պետական հեղաշրջումը. «փաստի առաջ ենք կանգնեցնում, իսկ մյուսները թող վարժվեն»։


Հետևանքը լավ հայտնի է։ Հիշեցնեմ միայն, որ երբ Յուրի Խաչատուրովը ժամկետից շուտ, այնուամենայնիվ, ազատվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից (2018 թ. նոյեմբերի 2), փաշինյանականներից ոչ ոք առանձնապես չշտապեց նրա ձերբակալման հարցում։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կար ջուր ծեծելու։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանն արդեն չի տեսնի, չնայած և՛ Փաշինյանը, և՛ ԱԳՆ-ն անցյալ տարվա վերջում պնդում էին, թե հարցը դեռ լուծված չէ։ Ես հնարավոր եմ համարում, որ նրանք չեն ստում. թղթի վրա վերջնական որոշումը դեռ չկա։ Բայց պարզ է, որ որոշումն իրականում արդեն կա. ամեն դեպքում Հայաստանին երկրորդ անգամ թույլ չեն տա ծաղրի ենթարկել կարևոր միջազգային քաղաքական կշիռ ունեցող այդ ռազմաքաղաքական կառույցը։ Համենայն դեպս, 2004-ի դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշել է ՀԱՊԿ-ին տալ ԳԱ-ի դիտորդի կարգավիճակ։ Իսկ 2009-ից հետո պաշտոնապես հաստատվել է, որ ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն համագործակցում են միջազգային անվտանգության հարցերում։


Այնուհետև։ Նայում և տեսնում եմ, որ ամբողջ աշխարհը հիմա ձգտում է Չինաստանի կողմը։ Բացի Հայաստանից։ Այդ մեղադրանքը ես կրկնում եմ տարեցտարի, և այն չի վերաբերում միայն Փաշինյանի հեղափոխականներին. այն ուղղված է Հայաստանի բոլոր իշխանություններին։ Արևմտամետությանը կպած լինելը Հայաստանի ցանկացած իշխանության պատուհասն է։ Ամերիկամետության ու եվրոպամետության իրենց օրակարգի հետևում Հայաստանի կառավարիչները տասնամյակներով «չեն նկատում», որ ոչ միայն Եվրասիան, այլև ողջ աշխարհը Չինաստանի կենսականորեն կարևոր շահերի ոլորտն է։ Եվ երբ 2017-ի օգոստոսին հայտարարվեց, որ Պեկինն ստեղծել և սկսել է շահագործել իր ընդհանրապես առաջին արտասահմանյան ռազմաբազան (Ջիբութիում, Կարմիր ծովի ջրատարածքում), ապա Հայաստանի` աշխարհառազմավարությանը քիչ թե շատ տեղյակ ղեկավարը պարտավոր էր գիշեր-ցերեկ հերթապահություն սկսել Չինաստանում։ Իսկ երբ 2018 թ. հայտարարվեց չինական երկրորդ արտասահմանյան ռազմաբազայի ստեղծման մասին, ապա բացարձակ հիմարն էլ պետք է սկսեր գոնե ինչ-որ բան հասկանալ։ Բայց ոչ, «մենք ուրիշ ենք»։ Մեր ուղեղներն այնքան են նեխել, որ աշխարհի ընդհանուր ռազմավարական իրադրության կտրուկ սրման գիտակցումը մեզ կհասնի վերջին պահին։ Չնայած, կրկնեմ, Հայաստանի արտքաղաքական կողմնորոշման վերագնահատման հիմք պետք է դառնար պարզապես միջազգային փոփոխություններին ժամանակագրական կարգով հետևելը։ Կարելի էր ընդհանրապես չսպասել, թե Չինաստանը երբ կստեղծի իր արտասահմանյան ռազմաբազաները։ Դա պետք էր հասկանալ դեռ այն ժամանակ, երբ պարզվեց, որ Չինաստանն Իրանի և Ռուսաստանի ստվերային դաշնակիցն է Սիրիայում։


Կամ էլ դիտարկենք նույն Իրանը։ Ըստ էության, Հայաստանը միայն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է ճիշտ քաղաքականություն վարել այդ երկրի հետ հարաբերություններում։ Եթե նայենք հայ-իրանական այսօրվա հարաբերությունների մակարդակին, ապա երևում է, որ Թեհրանում արդեն դժգոհ են փաշինյանականների կառավարումից։ Փաշինյանն առաջվա պես չի պատասխանում Թեհրան այցելելու Իրանի առնվազն երկու պաշտոնական առաջարկին։ Նա տեսանելի կերպով շարունակում է ցույց տալ, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերություններն իր համար ավելի կարևոր են, քան Իրանի լարված ուշադրությունը նկատելը։ Ճիշտ է, իրանական իշխանություններն առայժմ ոչինչ չեն ասում, բայց շարունակում են հետևել Հայաստանին։ Առայժմ միայն հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն է նոյեմբերի կեսին խոսել խորհրդարանում նոյեմբերի 1-ին Փաշինյանի այն ելույթի մասին, թե Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր բախման դեպքում կարող է փակվել հայ-իրանական սահմանը։ Արքեպիսկոպոսի ասելով, եթե դա տեղի ունենա, չնայած Իրանը միակ երկիրն է, որն անցած 28 տարում Հայաստանի հետ սահմանը բաց է պահել, ապա միակ տուժողը կլինի Հայաստանը։ «Իրանը հզոր երկիր է և ամեն ինչին կարող է դիմակայել։ Իրանի հետ հարաբերությունների վատացման դեպքում միայն Հայաստանը կարող է տուժել»,- ասել է արքեպիսկոպոս տեր Սեպուհը։ Իսկ նա շատ իմաստուն մարդ է և գիտի, թե ինչ է ասում։ Նա հիանալի կապեր ունի Իրանի բարձր շրջանակներում, բարեկամություն է անում Գերագույն առաջնորդ Խամենեիի հետ։ Նոյեմբերին Իրանի իշխանությունը Երևանի «հեղափոխականներին» զգուշացրեց բարձրաստիճան հայ հոգևորականի միջոցով։ Վաղը կամ մյուս օրը կարող է դա անել արդեն անմիջականորեն։ Իմ կողմից կարող եմ նախազգուշացնել մեր երկրի ցանկացած ապագա իշխանությանը, որ Իրանի վրա ոչ ոք չի կարող «հաչել», նույնիսկ ԱՄՆ-ը և Իսրայելը։ Հարևան երկրների հետ իր սահմաններն ամրացնում է «ակտիվ պաշտպանությամբ»` օգտագործելով ոչ միայն սահմանապահ զորքերը, այլև բանակի և ԻՀՊԿ-ի ուժերը։ Օրինակ` Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի և Պակիստանի հետ։ Հայաստանի, առավել ևս Ադրբեջանի հետ իր սահմանները փակելն Իրանի համար չնչին բան է, և դրանից հետո «գնացեք ու բողոքեք» Ամերիկային կամ Ռուսաստանին... Առայժմ այն երկրները, որոնց հետ սահմաններին «ակտիվ պաշտպանության» նպատակով Իրանն առաջ է տարել իր առաջապահ զորքերը, ահաբեկված լռում են, իսկ Պակիստանը նույնիսկ չի համարձակվում ձայն հանել, երբ իրանական հատուկջոկատայինները գործում են արդեն Պակիստանի տարածքում։ Եվ ոչ մեկին չի բողոքում։ Որևէ մեկը մտածում է, թե գերտերությունները կմիջամտե՞ն թզուկ Հայաստանի կամ Ադրբեջանի բողոքներից հետո։ Թող հույս չունենան։


Արցախի հարցը ևս Փաշինյանի մտածողության պարտության տպավորություն է թողել։ 2018-ի մայիսից նա հիշեցնում է, որ վերջ. փոխվում է Արցախի և Ադրբեջանի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանի մասնակցության հայեցակարգը։ Այդ ինչ է պատահել, որ Իլհամ «խանը» Փաշինյանի համար հանկարծ դարձել է գրեթե «ամենակրթված» զրուցակիցը, չգիտեմ և չեմ ուզում իմանալ։ Բայց տեսնում եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն առաջվա պես, ինչպես Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ, Մինսկի խմբի համանախագահներին, ՄԱԿ-ի ԱԽ-ին ու ԵԱՀԿ-ի ղեկավարությանը ոչ մի հուշագիր չի ներկայացնում։ Հայաստանի ԱԳՆ-ն առաջվա պես համաձայնում է Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ բանակցություններին։ Հարց է առաջանում. եթե ամեն ինչ ընթանում է նույն ռիթմով և ուղղությամբ, հանուն ինչի՞ էր Փաշինյանն անցյալ տարվա մայիսին օդը թնդացնում։ Պարզվում է, որ դա ընդամենն ամբոխահաճ փչոց է եղել։ Իսկ Արցախի գեներալների, հեռակա կարգով` նույնիսկ գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ տհաճ իրարանցումը, որից հետո եղան բավական տարօրինակ և ոչնչով չարդարացված տեղափոխություններ Արցախի պաշտպանության բանակում, այն տպավորությունն է ստեղծում, որ իրականում Փաշինյանն Արցախի թշնամին է։ Եթե այդպես չէ, ապա Փաշինյանը թող Աստվածաշնչի վրա երդվի, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին ինքը չի թելադրել, որ արցախցի գեներալների «բերանը փակի», և իր անհավասարակշռվածությունը չի եղել ԼՂՀ պաշտպանության բանակի կադրային տեղափոխությունների պատճառը։


Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները... Նրանք կախվել են օդում, երևում է` երկար ժամանակով։ Գազի թեման հիվանդագին է մեր երկրի համար։ Եվ երբ դեռ Ամանորից առաջ մեզ հայտնեցին, որ ռուսական գազը կթանկանա և առաջվա պես կարժենա 165 դոլար 1000 խմ-ի համար, պարզ դարձավ, որ գազի թեման շոշափվել է Պուտինի և Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ և մնացել չլուծված` թողնելով ինքնահոսի։ 150 դոլարով մատակարարումների մասին պայմանագրի ժամկետը լրացել է 2018-ի դեկտեմբերի 31-ին, և մատակարարը վերադառնում է նախկին սակագնին։ Այդ հարցով ի՞նչ է ասել Փաշինյանը վերջերս։ Առանձնապես ոչինչ, առավել ևս` ոչ մի նոր բան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նորից հաստատեց, որ այդ փաստը չի ազդի վերջնական սպառողին մատուցվող գազի սակագնի վրա, հավելեց, որ պաշտոնական Երևանը ռուսական կողմի հետ կշարունակի բանակցել գազի սակագնի հարցով` երկարաժամկետ լուծում գտնելու համար։

Միաժամանակ փորձում էր հուսադրել մեր երկրի խեղճ բնակչությանը, թե իբր կառավարությունը շարունակում է քննարկել իրանական գազի մատակարարման հնարավորությունը. «Իրանական գազի մատակարարման հարցը քննարկվել է նախկինում, քննարկվում է ներկայումս և քննարկվելու է մինչև շահավետ լուծում գտնելը»։ Նախապես ասում եմ` չի գտնելու։ Իրանը ոչ մեկին էժան գազ չի մատակարարում, համենայն դեպս նրա գազը ռուսականից էժան չէ։ Չե՞ք հավատում։ Հարցրեք Չինաստանին` իրանական գազի հիմնական գնորդին, թե Իրանից գազի կայուն մատակարարման պարագայում Չինաստանի ղեկավարությունն ինչու է որոշում ընդունել «Գազպրոմ» և CNPC (Չինաստան) ընկերությունների համատեղ «Սիբիրի ուժը» գազամուղի նախագծի վերաբերյալ։ Ես չեմ հավատում, թե Չինաստանի ղեկավարներն ավելի հիմար են, քան Հայաստանի կամ որևէ այլ երկրի, որը նույնպես ուզում է ավելի էժան գազ գնել` լինի Իրանից, թե որևէ այլ երկրից։
Այնինչ արդեն ապացույցներ ենք ստացել, որ, չնայած Փաշինյանի հավաստիացումներին, գազի սակագինը բարձրանալու է։ Կառավարության և «Գազարդ Հայաստան» ընկերության միջև հունվարի 8-ին բանակցություններ են սկսվել գազի սակագնի վերաբերյալ։ Նրանք կավարտվեն, երբ հարցի արդյունավետ լուծում գտնվի։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, պայմանավորվածության համաձայն, «Գազարդ Հայաստանը» մինչև բանակցությունների ավարտը գազի սակագնի վերանայման հայտ չի ներկայացնի։ Այն հարցին, թե բանակցությունների արդյունքում 15 դոլարի բեռը կամ գոնե նրա մի մասը կարո՞ղ է իր վրա վերցնել Հայաստանի կառավարությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Տվյալ պահին նման հարց չի քննարկվում»։ Այսպիսով, սակագնի բարձրացումն անխուսափելի է, պարզապես հետաձգվում է անորոշ ժամանակով, մինչև մեր ներքին բանակցությունների ավարտը։ Բայց բանակցություններից հետո «Գազարդ Հայաստանն» այնուամենայնիվ կառավարությանը գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացնելու։ Քանի որ կառավարությունը չի էլ քննարկել «15 դոլարի բեռի» մարման հնարավորությունը, ապա այդ տարբերությունը, բնականաբար, պետք է մարեն Հայաստանի ֆիզիկական և իրավաբանական անձինք, այսինքն` հենց ժողովուրդը, այն նույն ժողովուրդը...


Առայժմ հրապարակավ տագնապ են հնչեցրել հեղափոխության գծով Փաշինյանի դաշնակիցները։ «Հայաստանում գազի սակագնի բարձրացումն անպայման կհարվածի քաղաքացիներին»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։ Նրա կարծիքով, Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի քաղաքացիներն իրենց վրա չեն զգա գազի սակագնի աճը, չի համապատասխանում իրականությանը, որովհետև եթե նույնիսկ կառավարությունը որոշի հատուցել քաղաքացիների լրացուցիչ ծախսերը, ապա դա ստիպված պետք է անի պետբյուջեի միջոցների հաշվին։ «Պետությունը չունի այլ միջոցներ բացի նրանցից, որոնք հարկերի տեսքով բյուջե են վճարել քաղաքացիները։ Այսինքն քաղաքացիները կզգան սակագների բարձրացումը, որովհետև որպես հարկ վճարված միջոցները, որոնք պետք է ծառայեին ինչ-որ որոշակի նպատակների իրականացմանը, այդպես էլ, ըստ էության, չեն ծառայի այդ նպատակներին, այլ կհատկացվեն գազի ծախսի մարմանը»,- պարզաբանել է Գորգիսյանը։ Ընդ որում, նա կարծում է, որ այստեղ կա նաև այլ խնդիր։ Կառավարությունը պետք է հետաքննի և պարզի, թե ինչ չափով են հիմնավորված գազի գործող սակագները և ինչ չափով կարելի է դրանք իջեցնել։ «Ես համոզված եմ, որ Հայաստանում գազի գինը կարելի է նույնիսկ իջեցնել։ Ժամանակին մենք խորհրդարանում քննարկել ենք այդ թեման, ինչի արդյունքում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը դիտարկել է այդ հարցը»,- նշել է նա և ավելացրել, որ ամեն դեպքում ինքը դեմ է պետության կողմից այդպիսի օժանդակությանը, որովհետև դա ընդամենը քաղաքացիների կարծիքի վրա ազդելու «ամբոխահաճ միջոց է»։


Գորգիսյանն անհեթեթ է համարել գազի գործող սակագները, ընդգծել, որ սակագների բարձրացումը բացասաբար կանդրադառնա երկրի առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Դա կանդրադառնա գնագոյացման վրա և կհարվածի տնտեսությանը։ Դրանից բացի նա համոզված է, որ կառավարությունը պարտավոր է հետևելու իրադրությանը և թույլ չտալու այս կամ այն արտադրանքի գների հետ կապված շահարկումներ, ինչը եղել է նախկինում։ Գորգիսյանը չբացառեց նաև բնակչության բողոքական տրամադրությունների բարձրացման հնարավորությունը։ Ի՞նչ կարելի է ասել։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ ճիշտ է։ Ես միայն մի նրբերանգ կհավելեմ Գորգիսյանի ասածներին։ Գազի գնի բարձրացումը շարքային քաղաքացիներին կսկսի հարվածել նույնիսկ միջնորդավորված ձևով, քանի որ ցանկացած երկրում էներգակիրների թանկացումից թանկանում է ամեն ինչ, այդ թվում` սննդամթերքը և առաջին անհրաժեշտության ապրանքները։ Չէ՞ որ այդ ապրանքների արտադրության համար հարկավոր է էներգիա։ Հետո այդ արտադրվածը կամ արտասահմանից գնվածը տեղափոխվում է տրանսպորտով, ինչը նույնպես կմեծացնի տրանսպորտային ծախսերը` հաշվի առնելով, թե Հայաստանում ինչքան շատ են գազով աշխատող տրանսպորտային միջոցները։ Այնպես որ կառավարությունը և «Գազարդ Հայաստանը» կարող են չշտապել բարձրացնել գազի սակագինը բնակչության և իրավաբանական անձանց համար. միևնույն է, երկրում կյանքի թանկացումն անխուսափելի է։ Եվ այդ ամենը նույնպես հայ-ռուսական հարաբերությունների կախված լինելու հետևանքն է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ