Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այո, ծանր մեղադրանք եմ առաջադրում երկրի խիղճն ու պատիվը հանդիսացող համակարգին

Այո, ծանր մեղադրանք եմ առաջադրում երկրի խիղճն ու պատիվը հանդիսացող համակարգին
22.01.2019 | 04:19

Մի փոքրիկ պատմություն. Շեյլոկը` Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» դրամայից, դատարանում կհայտարարի. «Դուք տարիներ շարունակ թքել եք իմ երեսին, ինձ անվանել եք շուն, ջհուդ, վաշխառու և այլ բառերով, հիմա եկել է իմ հերթը և դատարանից արդարադատություն եմ պահանջում, այն է` տվեք ինձ հասանելիք երկու գրվանքա միսը, որը պարտք է Անտոնիոսը կնքված պայմանագրի համաձայն: Եթե չեք տալիս, ես կշրջեմ աշխարհով մեկ, կթքեմ ձեր դատարանների վրա և կհայտարարեմ, որ ձեր երկրում արդարություն չկա»:


Ծանր են ասված խոսքերը մի երկրի դատարանի նկատմամբ, որն աշխարհում միշտ հպարտացել է իր օբյեկտիվությամբ: Ես չգիտեմ, որքան է այլ երկրների արդարադատությունը, բայց հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ կայզերական, անգամ ֆաշիստական Գերմանիայի դատարանները իրենց երկրի պատիվը փրկել են արդար դատավճիռներ կայացնելով: Փառք ու պատիվ նման դատարանների դատավորներին:
Հիմա անդրադառնամ Հայաստանի հանրապետության դատարանների գործելաոճին, և տեսնենք մեր երկրի դատարանը երբևէ կասի՞. «Թագավոր, լավ իմացիր, Հայաստանում արդարություն կա»:


Որպեսզի խոսքերս հիմնավոր լինեն, ես չեմ անդրադառնա որևէ մեկի նկատմամբ, որևէ ժամանակ մեր դատարանների թույլ տված սխալներին, այլ կնշեմ այն բոլոր փաստերը, որոնց ես առնչվել եմ դատարանների հետ կոնկրետ քաղաքացիական գործերով: Ասեմ, որ կոնկրետ քրեական գործերով պատկերը նույնն է, եթե ոչ ավելի վատ:
Վաղուց չկան ինչպես կայզերական, այնպես էլ ֆաշիստական Գերմանիան, բայց գերմանական արդարադատությունը հիշեցնում է, որ անգամ հակամարդկային ռեժիմների պայմաններում այդ երկրի դատարանները պաշտպանել են օրենքը: Կուզեմ ասել, որ ոչ թե կառավարությունն է այդ երկրի պատիվն ու արժանապատվությունը, այլ երկրի սահմանադրությունը, օրենսդիր մարմնի ընդունած օրենքը և այդ օրենքներով ղեկավարվող դատարանը:
Պատշաճ կարգով հողի հարկերը ժամանակին չվճարելու պատճառով, Այգեստանի գյուղապետարանը, օրենքով սահմանված ողջ ընթացակարգը պահպանելով, 18.07.2017 թ. վարչական ակտ է կայացրել` Այգեստան գյուղի բնակիչ, դատախազ Արմեն Գրիշայի Կարապետյանից հօգուտ գյուղապետարանի բյուջեի բռնագանձել 197 հազար դրամ որպես ժամանակին չվճարված հարկերից առաջացած տույժ-տուգանք: Գյուղապետարանի կայացրած ակտը կարելի էր ուղարկել ԴԱՀԿ միայն կայացման օրից երկու ամիս հետո: Օրենքով սահմանված ժամկետում պատասխանող կողմը դիմել է ՀՀ վարչական դատարան գյուղապետարանի կայացրած վարչական ակտը անվավեր ճանաչելու համար:


Վեդիի նստավայրի վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը 19.09.2017 թ. հայցն ընդունել է վարույթ: 25.12.2017 թ. դատարանը նշանակել է դատահաշվապահական փորձաքննություն, և վարչական գործի վարույթը կասեցվել է։ Մինչ հետագա դեպքերի վերլուծությունը, մանրամասն անդրադառնամ 25.12.2017 թ. դատական նիստին: Ասեմ, որ դա առաջին դատական նիստը չէր, մինչ այդ եղել էին մեկ թե երկու դատական լսումներ: Դատավորը լսեց կողմերին` հայցվորի և գյուղապետարանի ներկայացուցիչներին: Հայցվորի շահերի ներկայացուցիչը պնդում էր իրենը, թե վստահորդը որևէ պարտականություն չունի գյուղապետարանի նկատմամբ և վճարել է օրենքով սահմանված հողի հարկերը: Պատասխանողը, որը լավ գիտեր, թե ով էր հայցվորը, մանրակրկիտ պատրաստվել էր և դատարան ներկայացրեց կատարված ճշգրիտ հաշվարկներ:


-Եթե հայցվորը 2008-ից մինչ 2013 թ. հուլիսը չնչին գումարներ է մուծել որպես հողի հարկ և միայն 2013 թվականի հուլիսին միանվագ մուծել է 435 հազար դրամ հողի հարկ, ի՞նչ եք կարծում, 2008, 2009, 2010, 2011, 2012 և 2013 թվականներին լրիվ չմուծված հողի հարկի յուրաքանչյուր ուշացրած օրվա համար համաձայն գործող օրենքի սեփականատերը պիտի վճարի՞ 0,15 %-ի չափով տույժ-տուգանք, թե՞ ոչ,- հարցնում եմ դատավորին:
Հարցադրմանը դատավորը չառարկեց, բայց ասաց` բոլոր դեպքերում պետք է նշանակվի դատահաշվապահական փորձաքննություն:
Ինչո՞ւ ավելորդ ժամանակ վատնել: Կողմերը գրագետ մարդիկ են, իսկ Դուք էլ, ինչպես ասացիք, թեպետ իրավաբան եք, բայց թվաբանություն գիտեք: Հաշվենք, թե յուրաքանչյուր տարի պատասխանողը որքան հարկ է մուծել և որքան չի մուծել: Եվ ամենևին էլ կարիք չկա փորձաքննություն նշանակելու:
Դատավորն իրենը պնդեց: Եվ արդյունքում գործը …


Նորից ամեն ինչ հերթով: Դատարանը որոշում կայացրեց` նշանակել դատահաշվապահական փորձաքննություն: Անցան հունվարը, փետրվարը, և որևէ փորձագետ չեկավ գյուղապետարան, չպահանջեց որևէ փաստաթուղթ: Մի օր պարզվում է, որ Վեդու վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը 2018-ի ապրիլի 3-ին նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր, և նշված գործը 05.04.2018 թ. մակագրվել է դատավոր Մերի Համբարձումյանին: Մինչ գործի հետագա շարունակությանն անդրադառնալը հիշեմ այն բոլոր գրագրությունները, որ ունեցել է գյուղապետարանը դատական բարձրագույն մարմնի և մյուս պաշտոնատար անձանց հետ:
18.04.2018 թ. գյուղապետարանը նամակ է հղել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանին և մանրամասն շարադրել հարցի էությունը: Չեմ ցանկանում ամբողջությամբ ներկայացնել նամակը, բայց արժե անդրադառնալ մի երկու դրվագի: Մինչ սպասում էինք փորձագետին, ապրիլի 13-ին գյուղապետարանը ստացավ վարչական դատարանից ծանուցագիր` ՎԴ3/0208/05/17 վարչական գործով որպես պատասխանող տեղեկացվում եք, որ գործի քննությունը նշանակված է սույն թվականի հունիսի 26-ին ժամը 11.00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23):


Փորձեցի ծանուցագրում գրված 44-71-21 հեռախոսահամարով ճշտել որոշ փաստեր: Հեռախոսը ավտոմատ պատասխանում էր` դուք զանգահարել եք ՀՀ վարչական, վերաքննիչ, քրեական, քաղաքացիական… եթե գիտեք ներքին համարը, զանգահարեք, եթե ոչ` սպասեք օպերատորի պատասխանին: Ընդամենը մի քանի վայրկյան և հեռախոսն անջատվում է: Եվ այդպես բազմիցս, բայց որևէ օպերատոր այդպես էլ չպատասխանեց: Հասկացա, որ ավտոմատ հեռախոսը դրված է... այստեղ թույլ տամ ինձ օգտվել լրագրող Նիկոլ Փաշինյանի բառամթերքից` եվրոյոնջաներին խաբելու համար: Այդ բոլորը ձև է, ձև և ուրիշ ոչինչ: Նայեցի «դատալեքս» կայքը: Փորձաքննության եզրակացության մասին որևէ խոսք չկար: Պարզեցի նաև, որ 29.03.2018 թ. տրվել է փորձաքննության թիվ 04651809 եզրակացությունը, որտեղ գրված է` անկատար:


Փորձագետին ուղղված իմ հարցին (հեռախոս 44-11-36), թե ինչ է նշանակում անկատար, ասաց, որ դատարանի որոշումը ստանալուց մի քանի օր հետո միջնորդություն է ներկայացվել Վեդու նստավայրի դատարանին, այսինքն դատավոր Արթուր Պողոսյանին և պահանջել ենք լրացուցիչ տվյալներ, սակայն մեր պահանջը դատարանը չի կատարել: Պարզեցի նաև, որ Ա. Պողոսյանը ապրիլի սկզբներին որպես դատավոր տեղափոխվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Թե ինչու դատավոր Պողոսյանը չի կատարել փորձագետի պահանջը, որի արդյունքում առայսօր գործի դատաքննությունը ձգձգվում է, դժվար է ասել, միգուցե չի ցանկացել վատամարդ դառնալ դատախազի հետ: Չգիտեմ, բերեմ ևս մեկ օրինակ Արթուր Պողոսյանի դատական գործունեությունից: Թիվ ՎԴ3/0385/05/13 վարչական գործը նրա վարույթում է գտնվել 2013-ից կասեցված վիճակում և կարճվել է 2018 թ. մարտի 26-ին: Թե ինչու գործին այդքան երկար ժամանակ ընթացք չի տրվել, հավանաբար այստեղ էլ ժամանակին գործել է Մխչյանի գործոնը:
Հարգելի պարոն Հարությունյան, տեղեկացնելով Ձեզ դատավոր Արթուր Պողոսյանի` որպես դատավորի վարքագծի մասին, ակնկալում եմ դատական բարձրագույն խորհրդի օբյեկտիվությունը: Նման դատավորներով անհնար է օրինականություն ապահովել մեր երկրում:


Քանի որ Գ. Հարությունյանին հասցեագրված նամակին օրենքով սահմանված ժամկետում պատասխան չէր տրվել, 12.06.2018 թ. նամակ ուղարկվեց Գ. Հարությունյանին և առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյանին:
«Հարգելի պարոն Հարությունյան, հունիսի 18-ին կլրանա ուղիղ երկու ամիսը, ինչ ես` որպես գյուղապետ, տեղեկացրել էի Ձեզ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի կոնկրետ դատական գործերով ցույց տված խախտումների մասին: Հավանաբար շռնդալից հեղափոխությունը Ձեզ հանել է որպես պաշտոնյայի ճահճային վիճակից և չեք կարողանում արագ արձագանքել: Հավանաբար երեսուն տարի լինելով բարձրագույն պաշտոնյա, հանցավոր վստահությունը ձեզ զրկել է ժամանակի հետ քայլելուց և առողջ ուղեղով դատելուց: Պարոն Հարությունյան, սթափվեք նախկին ստերեոտիպերից և քայլեք ժամանակի հետ, այլապես ոչ ոք, որքան էլ մեծ լինի Ձեր նախկին «ծառայությունը», Ձեզ չի կարող թողնել այդ աշխատանքին»:


Նամակս` Միրզոյանի մասով, ուղարկվել էր վարչապետի աշխատակազմ: Նրա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը այն ուղարկում է Արարատի մարզպետին: Արարատի մարզպետ պարոն Գարիկ Սարգսյանին վարչապետի հանձնարարությամբ` խնդրում եմ նամակի հեղինակին տեղեկացնել հետագա ընթացքի մասին: Տե՜ր Աստված, տուր ինձ համբերություն, որ դիմանամ երկրում տիրող այս վիճակին` մեկը փորձված, բայց ծերացած է, մյուսը հեղափոխական` գործից անտեղյակ: Միրզոյանը և Աղաջանյանը զգալով, որ իրենց տեղը գործադիրում չէ, դարձան պատգամավոր: Հաջողություն մաղթենք նրանց պատգամավորական բարձերի վրա:
Հիմա հետ դառնանք մեր բուն ասելիքին: 05.06.2018 թ. գյուղապետս ստացել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մնացական Մարտիրոսյանի հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր 18.04.2018 թ. դիմումի` ուղարկվում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 04.06.2018 թ. որոշումը»:


Լավ ճանաչելով հանձնաժողովի նախագահին և հանձնաժողովի բոլոր անդամներին, հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ նրանք բոլորն էլ պրոֆեսիոնալներ են իրենց գործում: Հիմա փորձեմ պատասխանել, ինչու են այդ պրոֆեսիոնալները գյուղապետիս բարձրացրած հարցերին մոտեցել ոչ պրոֆեսիոնալ ձևով: Որոշման` «պարզեցի» մասում հիշատակվել են գործող օրենքներից տասնյակ հոդվածներ և արձանագրել, որ «հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված դիմումը և ամփոփելով պարզված հանգամանքները, արձանագրում է, որ արդարադատություն իրականացնելիս ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պողոսյանի կողմից թույլ չեն տրվել դատավորական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ: Ելնելով վերոգրյալից` հանձնաժողովը
Որոշեց
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չիրականացնել»:


Ստանալով այս որոշումը, 20.07.2018 թ. Գ. Հարությունյանի ուշադրությունն եմ հրավիրում կայացված որոշման վրա: Հարգելի պարոն Հարությունյան, ստացել եմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի պատասխանը, այն է` վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցել, միաժամանակ ստացել եմ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կ. Փոլադյանի բարոյախրատական ինչ-որ պատասխան (Փոլադյանի խրատներին մանրամասն` իր տեղում): 02.07.2018 թ. նորից եմ դիմել դատական դեպարտամենտի ղեկավարին և ուշադրություն հրավիրել, որ ես չեմ ստացել իմ նամակում բարձրացված հարցերի պատասխանը, որ հանձնաժողովն ուշադրություն չի դարձրել, ավելի ճիշտ դիտավորությամբ շրջանցել է հետևյալ հարցերը.
1. Ինչու՞ դատավոր Արթուր Պողոսյանը թիվ ՎԴ3/0385/05/13 վարչական գործը թողել է անշարժ և միայն 2018 թվականին է որոշում կայացրել այն կարճելու մասին: Հինգ տարի գործը թողնել անշարժ, մի՞թե նման տրամաբանությունը տեղավորվում է ողջամիտ ժամկետում գործերը քննելու շրջանակի մեջ:
2. Ինչու՞ Ա. Պողոսյանը չի արձագանքել փորձագետի թիվ 04651809 որոշմանը, որի պատճառով փորձագետը «անկատար» որոշում է կայացրել: Դատական նիստը վերոհիշյալ գործով նշանակվել է 09.07.2018 թ. և նորից հետաձգվել մինչև 16.10.2018 թ.: Փոքր-ինչ առաջ անցնեմ և նշեմ, որ այդ գործի դատաքննությունը շարունակվում է, և 19.12.2018 թ. ստանում եմ ծանուցում դատավոր Կարեն Զատիկյանից, որ ՎԴ3/0208/05/17 գործի քննությունը նշանակվել է 21.02.2019 թվականին: Այսինքն Պողոսյանի արխայիկ աշխատաոճի պատճառով: Դատաքննության վերջը չի երևում: Եթե նա ժամանակին պատասխաներ փորձագետի պահանջին, ժամանակին կտրվեր փորձագետի եզրակացությունը, գործի քննությունը մեկ տարով չէր ձգվի: Երկրորդ նամակս Փոլադյանը դարձյալ ուղարկում է կարգապահական հարցերի հանձնաժողով: 31.08.2018 թ. ստանում եմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մ. Պապոյանի պատասխանը, որ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, քանի որ Ձեր դիմումում բարձրացված նույն դատավորի նկատմամբ նույն արարքին վերաբերող հարցին 04.06.2018 թ. կայացվել է որոշում կարգապահական վարույթ չհարուցելու մասին:


Տե՜ր Աստված, էդ պաշտոնյա կոչվածները բանական արարածնե՞ր են, թե՞ ոչ: Նրանք քաղաքացու դիմումները կարդու՞մ են մինչև վերջ, թե՞ ոչ: Ես նամակներում նշում եմ, թե ինչու կարգապահական հանձնաժողովը ուշադրություն չի դարձրել դատավորի թույլ տված կոպիտ սխալներին, լղոզելով բերված փաստերը և որոշում է կայացնում: Հանձնաժողովի շատ հարգելի նախագահ Մնացական Մարտիրոսյան և մյուսներ, հինգ տարի գյուղապետարանի հարցը չքննարկելու և 2018 թ. այն կարճելու որոշում կայացնելու համար դատավոր Պողոսյանի արարքին ինչու՞ չի տրվել գնահատական: Ի վերջո, դատավորը չի կատարում փորձագետի պահանջը, որի պատճառով գործի քննությունը անհարկի ձգվում է և սկսվում է դատական քաշքշուկների շղթան: ՎԴ3/0208/05/17 վարչական գործը մակագրվում է Մերի Համբարձումյանին և դատաքննության օր է նշանակվել 09.07.2018 թ.:


Դատաքննության օրը դատարանը գյուղապետարանից պահանջեց, թե որքան հեկտար հող ունի հայցվորն Այգեստան գյուղում և որքան է մեկ հեկտար հողի հարկը և հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 16.10.2018 թ.: Իմ հարցին` ինչու՞ այդքան ուշ, հարգելի դատավորը կոպիտ շպրտեց` դու չես, որ պետք է մեզ ուղղություն ցույց տաս: Հաջորդ օրը դատարանի պահանջած բոլոր տվյալները փոխանցվել են դատարանին: Հոկտեմբերի 16-ին չեմ ներկայացել դատական նիստին, մտածելով, որ դատարանի պահանջած տվյալները ներկայացվել են նրան ամիսներ առաջ: Որևէ լուր դատարանից գյուղապետարանը չի ստանում: 27.10.2018 թ. գյուղապետարանն ստանում է դատական ծանուցագիր, որ դուք, որպես պատասխանող, տեղեկացվում եք, 2018 թ. դեկտեմբերի 11-ին ժամը 16.00-ին ՀՀ վարչական դատարանում (նշվել է հասցեն) կկայանա դատական նիստը: Կից ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 16.10.2018 թ. որոշումը: Դեկտեմբերի 11-ին ժամը 11.45-ին ներկայանում եմ դատաքննության: Մտնում եմ այն սենյակ, որտեղ 09.07.2018 թ. Մերի Համբարձումյանն անցկացրել էր առաջին նիստը: Քարտուղարուհին հարցնում է` Դուք ո՞ր կողմն եք: Պատասխանողն եմ: «Ներեցեք, Մերի Համբարձումյանն այսօր հիվանդ է, դատական նիստը չի կայանալու»: Պատկերացրեք իմ զայրույթը: Արտաշատից հասել եմ Երևան… և հազիվ ինձ զսպելով հարցնում եմ` ինչու՞ չեք տեղեկացրել, որ նիստը հետաձգվում է, կամ էլ` «Դատալեքս» կայքում ինչու՞ չեք փոխել դատաքննության օրը: Դատավորի օգնականը լռում է: Իրոք …… է դատարաններում, ասելով դուրս եմ գալիս սենյակից:


26.12.2018 թ. ծանուցում եմ ստանում արդեն մեկ այլ դատավորից՝ Կարեն Զատիկյանից, որ ՎԴ3/0208/05/17 վարչական գործի դատաքննությունը նշանակված է 2019 թվականի փետրվարի 21-ին ժամը 15.00-ին: Հիմա հետ դառնամ և հարցնեմ դատավորներին, կարգապահական պատասխանատվության ենթարկող հանձնաժողովի նախագահին` ի՞նչ անուն կտաք Արթուր Պողոսյանի վարքագծին, որի (բառը չեմ կարողանում գտնել) պատճառով գործը ձգձգվում է ավելի քան մեկ տարի: Ես, որպես քաղաքացի, անշուշտ կտամ դատարանի իմ գնահատականը և որպեսզի այդ գնահատականը լինի անխոցելի, շարունակեմ մեկ այլ գործի պատմություն:


Իմ, որպես մարդու պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար 2017 թվականի դեկտեմբերի 21-ին հայց եմ ներկայացրել Արմենիա TV ՓԲԸ հեռուստաընկերության դեմ, պահանջելով ներողություն խնդրել իմ մասին ապատեղեկատվություն տարածելու համար և պահանջել եմ երեք միլիոն դրամ բարոյական վնասի հատուցում:
2018 թվականի հունիսի 25-ին ժամը 12.45-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40) պիտի կայանար թիվ ԵԱԴԴ/0329/02/18 քաղգործի առաջին դատական նիստը: Տեղին է նշել, որ մարդու հասցեին կարելի է սուտ տեղեկություններ տարածել, և երբ մարդը դիմում է դատարան, որ պաշտպանի իր պատիվն ու արժանապատվությունը, գործը նշանակվում է քննության վեց ամիս հետո: Ոչ մեկի վեջը չէ: Եվ վերջապես ո՞վ է այդ ազնիվ մարդը, որին վարկաբեկել են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Նշված օրը, նշված ժամին լինում եմ դատարանում և ինչ… պարզվում է` դատավոր Անի Մխիթարյանին տեղափոխել են վերաքննիչ դատարան: Փորձում եմ պարզել` Անի Մխիթարյանին երբ են տեղափոխել, և ինչու հայցվորին չեն տեղեկացրել դատական նիստի օրը փոխելու մասին: Գոռում եմ դատարանի սպասասրահում, անպատվում եմ, դատարանի հասցեին ասում եմ թղթին չգրվելիք բառեր, բոլորը լռում են: Երբ այդ օրը վերադարձա գյուղապետարան, հակառակի պես ստացա դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի իմ 12.06.2018 թ. թիվ 85 գրության պատասխանը: Չարժե մեջբերել ամբողջ պատասխանը, բայց հնարավոր չէ չնշել հետևյալը. «Անդրադառնալով գրությամբ Ձեր կողմից ներկայացված ոչ պատշաճ դատողությունների իրավական և էթիկական գնահատականներին՝ անհրաժեշտ է նշել հետևյալը.
«Հանրային ծառայության մասին» 2011 թ. մայիսի 26-ի թիվ ՀՕ-172-Ն ՀՀ օրենքի՝ դեռևս գործողության մեջ գտնվող 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններն են՝
2. Հարգել հանրության բարոյական նորմերը
3. Իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
4. Ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել իր պաշտոնին վայել վարքագիծ:
«Հանրային ծառայության մասին» 2018 թ. մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի սկզբունքները, ի թիվս այլնի, ներառում են բարեկրթությունը և հարգալիրությունը»:
Կարդալով պարոն Փոլադյանի պատասխանը` հիշեցի հայտնի ժողովրդական խոսքը` դաստիարակողը պետք է դաստիարակված լինի: Անկեղծ չէի սպասում Ձեր բարոյախրատական, էթիկական խրատները կարդալու: Մատնանշում եք «Հանրային ծառայության մասին» օրենքը, հարգել հանրության բարոյական նորմերը: Հիանալի է գրված և եթե չեմ սխալվում այդ նորմերի առաջին և բարոյական կիրառողը պետք է լինի դատարանը: Վերոհիշյալ օրենքի 3-րդ, 4-րդ կետերից կատարած Ձեր նորմերը առաջին հերթին ուղղեք Ձեզ, Ձեր ԲԴԽ-ի պետին, դատական համակարգի աշխատողներին: Նամակում շարադրել եք մոտավորապես այն մտքերը, որ գրել եմ վերևում: Ես, պարոն Փոլադյան, էթիկայի նորմերով դաստիարակված անհատ եմ: Ցանկանում եմ, որ իմ երկրի դատական համակարգը լինի օրինակելի և հարգի լավ թե վատ գրված օրենքները: Թե չէ ինչի նման է մեր դատական համակարգը` գյադեք, դեսը կանգնեք, չէ, չէ, դենը կանգնեք: Միթե վերջին դատական պրոցեսները ասածիս վառ ապացույցը չեն: Հեռացվել եմ դատախազության համակարգից, քրեական գործեր են հարուցվել և այն էլ հինգ անգամ, բայց երբեք չեմ եղել սատրապ:
Պարոն Փոլադյան, որքան էլ կուզեք գրեք էթիկայի նորմերից, միևնույն է այդ նորմերը չեն բնութագրի այս կամ այն կառույցի հեղինակությունը, որոհետև միևնույն է ժողովուրդը դա կպիտակավորի այլ բառերով, և որը կլինի տեղին: Հիմա տեսնենք ուր է հասել թիվ ԵԱԴԴ/0329/02/18 քաղաքացիական գործը : Այն 31.08.2018 թ. վարույթ է ընդունել դատավոր Արշակ Պետրոսյանը (հիշեցնեմ, որ սա արդեն Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատավոր է, թեպետ կոչվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան): 16.11.2018 թ. նշանակվել է դատաքննությունը: Դատաքննությանը չէր ներկայացել պատասխանող կողմը: Նշեմ նաև, որ պատասխանող կողմը որևէ առարկություն չի գրել հայցի դեմ, որևէ կերպ չի փորձել հաշտության եզրեր գտնել հայցվորի հետ: Այդ նիստին դատարանը հայցվորիս ժամանակ տվեց ապացույցները ներկայացնելու համար: Երկրորդ նիստը տեղի ունեցավ յոթ օր հետո: Այս անգամ էլ պատասխանող կողմից ոչ ոք չկար: Երրորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ի ժամը 11.30-ին: Մինչ այդ դատավորն ասել էր, եթե այդ օրն էլ պատասխանողը չներկայանա, դատարանը կկայացնի վճիռ: Դեկտեմբերի 4-ին ժամը 11.30-ի դատական նիստը սկսվեց մեկ ժամ ուշացումով: Այդ օրը դատարան էր եկել նորին գերազանցություն ԲԴԽ-ի պետը: «Այսօրվա նիստը չի վերջանալու»,- ասացի ինքս ինձ: Այդպես էլ եղավ: Դատավորը` որպեսզի հիմքեր չլինեն բողոքարկման, հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 21-ին ժամը 11.00-ին: Ես չառարկեցի: Դեկտեմբերի 21-ին ժամը 11.00-ին նիստը չկայացավ, ավելի ճիշտ` պատասխանող կողմը ներկայացրել էր դատարանին գրություն, որ ինքը ծանուցագիրը ստացել է դեկտեմբերի 21-ին, նյութերին ծանոթանալու համար ժամանակ է խնդրում: Փաստորեն դեկտեմբերի 4-ից մինչև 21-ը ծանուցագիրը չգիտեմ ում մեղքով պատասխանողին չի հասել: Եվ ես դատավոր Պետրոսյանին հարցրի` ինչով բացատրել որ որևէ անգամ պատասխանող կողմը դատարան չի եկել, առարկություն չի գրել, հանկարծ վերջին ծանուցագիրը ստացավ և ժամանակ խնդրեց: Լսող չկա: Դատարանը կայացրեց իր հերթական որոշումը, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019 թ. հունվարի 17-ին ժամը 15.00-ին: Հունվարի 16-ին ստանում եմ զանգ վերոհիշյալ դատարանից` դատական նիստը վաղը չի կայանալու, որովհետև դատավոր Արշակ Պետրոսյանը տեղափոխվել է Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան: Դե հիմա եկ ու մի մտածիր, թե ԲԴԽ-ի պետը դեկտեմբերի 4-ին առավոտյան ժամը 11.30-ին ի՞նչ գործ ուներ դատարանում: Դե եկ ու մի մտածիր, որ դատական ազնիվ կոչվելու համակարգը ոմանք վեր են ածում սեփական անասնաֆերմայի: Տեղին է հարցնել, այդ ի՞նչ հույժ անհրաժեշտություն առաջացավ Արշակ Պետրոսյանին շտապ տեղափոխելու այլ շրջանի դատարան: Մի՞թե վերացել է այն պրակտիկան, որ ցանկացած դատավորի տեղափոխությունից առաջ դատավորը պետք է մաքրի իր վարույթում գտնվող գործերը, և նոր միայն որոշվի տեղափոխության հարցը: Հավանաբար ոմանք մտածում են ժամանակ շահել և հայցվորն էլ 77 տարեկան է, գուցե … Չէ, պարոն ԲԴԽ-ի պետ: Արտաշատում Լաերտ անունով մի գող կար, որը հաճախ էր սիրում ասել` մինչև ծիրանի հասնելը շատ չակլաներ (ցոգոլ) են թափվում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ.Գ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, գիտեմ, հարցը Ձեզ չի վերաբերում, բայց և հարցնում եմ` մինչև ե՞րբ Հայաստանի հպարտ քաղաքացին (ինչպիսի՜ ծաղր) պիտի վարկաբեկված ման գա Հայաստանում: Ես՝ Սոկրատ Արիսի Հովսեփյանս, որքան որ զայրանում եմ, երբեմն էլ կոպիտ խոսքեր ասում, նկատել եմ, որ կյանքս երկարում է, երբ ծաղրում եմ տգետ, որկրամոլ սատրապներին: Միևնույն է, հավատացած եմ, որ որքան էլ համակարգը փտած լինի, հասարակաց տուն լինի, անբարո լինի, միևնույն է` միշտ էլ կգտնվեն ազնիվ և շիտակ դատավորներ, որոնք սատրապներ չեն լինի:
Տեղին է հիշել երկրիս շատ հարգելի, շատ խելացի, հավասարակշռված անհատին՝ չորրորդ նախագահին, բայց չեմ կարողանում ընդունել վերջերս նրա ասած միտքը, թե թիրախավորեք խնդիրը, ոչ թե մարդուն: Ինչու՞ ոչ մարդուն: Չէ՞ որ մարդն է առաջացնում խնդիրը և ոչ թե խնդիրը մարդուն։

Դիտվել է՝ 6753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ