Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իրականացվե՞լ են գիշերամիզությամբ տառապող անձանց զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումներ»

«Իրականացվե՞լ են գիշերամիզությամբ տառապող անձանց զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումներ»
22.01.2019 | 04:32

2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ականատես եղանք «նորամուծությունների»: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ` ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով ծառայության զորակոչվեցին առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները, այդ թվում` գիշերամիզությամբ տառապողները: Թե զինծառայության այս տարբերակն ինչ չափանիշներով է սահմանվել, այնքան էլ պարզ չէ: Թեև առանց փորձագիտական եզրակացությունների էլ կարելի է պատկերացնել խնդրի բարոյահոգեբանական կողմը: Թեմայի շուրջ իր մտահոգություններն է հայտնում «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի» խորհրդի նախագահ, փաստաբան ԴԱՎԻԹ ՎԱՐԴԻԿՅԱՆԸ:

-Ի՞նչ հիմնավորմամբ է ընդունվել որոշումը, որ գիշերամիզությամբ տառապող անձը համատեղելի է զինվորական ծառայության հետ:
-Մեր կարծիքով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշումը չի հետապնդում իրավաչափ նպատակներ, քանի որ գոնե մեզ համար անհասկանալի է, թե որոնք են այն հիմնավորումները, որ նախկինում ոչ պիտանի համարվող անձինք տվյալ որոշման համաձայն դարձել են, թեև սահմանափակումով, սակայն պիտանի զինվորական ծառայության համար:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 հրամանի զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիությունը որոշող հիվանդությունների ցանկի 55-րդ կետի ա ենթակետով սահմանվել է, որ հաստատված և առանց նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշանների զորակոչիկները սահմանափակումով պիտանի են ծառայության:
Վերը նշված որոշման հավելվածի 55-րդ կետի ա ենթակետի նկարագրությունից հետևում է, որ գիշերամիզությունը թեև նախատեսված է որպես հիվանդություն, սակայն դատելով նույն որոշման 55-րդ հոդվածից՝ այն դիտարկվում է նաև որպես նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշան, ուստի հարց է ծագում՝ գիշերամիզությունը հետևանք է նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների՞, թե՞ ինքնուրույն ծագումնաբանություն ունեցող հիվանդություն է, որը օբյեկտիվորեն կարող է որպես այդպիսին ախտորոշվել և հաստատվել:
-Խնդիրը նաև իրավակա՞ն «խութեր» ունի:
-Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակներև է, որ կառավարության գործող որոշմամբ բավարար հստակությամբ սահմանված չեն այն չափորոշիչները, ըստ որոնց հնարավոր է փաստել գիշերամիզության հաստատված լինելը, ուստի և նշված անձանց զինվորական ծառայության զորակոչվելու իրավաչափությունը։
Բացի այդ անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված եղել տվյալ կատեգորիայի անձանց զինված ուժեր զորակոչելու անհրաժեշտությունը, ինչ չափորոշիչների հիման վրա է որոշվել զինվորական ծառայության նրանց պիտանիության հարցը, եթե հաշվի առնենք, որ նախկինում նրանք ենթակա չէին զինվորական ծառայության, արդյո՞ք իրականացվել են գիշերամիզությամբ տառապող անձանց զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումներ, տվյալ անձանց զինվորական ծառայության զորակոչելու վերաբերյալ որոշում կայացնելուն նախորդե՞լ են արդյոք այդ կատեգորիայի անձանց զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ համապատասխան մասնագիտական քննարկումներ:
-Ի՞նչ թիվ են կազմում նշված խնդրով զորակոչիկները:
-Մեզ դիմած զինվորները և վերջիներիս հարազատները տեղեկացրել են, որ ներկայումս գիշերամիզությամբ տառապող հարյուրից ավելի զինվորներ պարտադիր ծառայություն են անցնում, և հաշվի առնելով ներկայիս զորակոչը` տվյալ թիվը կարող է էլ ավելի աճել։
-Վերոնշյալ հիվանդությամբ տառապող զինծառայողների դիմում-գանգատների վերլուծությունները հիմնականում ինչի՞ն են վերաբերում` պայմանների՞ն, խնդրի հոգեբանակա՞ն կողմին, թե՞ ֆիզիոլոգիական:
-Տվյալ հիվանդությունը և ծառայությունը անհամատեղելի են, թեկուզ սահմանափակումներով ծառայության պայմաններում։ Ինչպես նշել են զինվորները, առաջնայինը հոգեբանական վիճակն է, որը խաթարված է վերջիններիս մոտ, նշենք` զինվորները հայտնել են նաև, որ հիվանդության մասին տեղեկացված են թե սպաները, թե պայմանագրային ծառայողները, և վերջիններիս հետ բնականոն ծառայությունը անհնարին է։ Հայտնել են նաև, որ իրենց տրամադրում են արձակման թերթիկներ, որպեսզի զորամասը լքեն, սակայն զորամասի պատերից դուրս նույնպես բոլորը տեղյակ են, թե ինչի են վերջիններս ծառայում տվյալ զորամասերում, և դա նույնպես հոգեկան վիճակի վրա բացասական է անդրադառնում։ Գիշերները ստիպված են լինում ժամը մեկ արթնանալ, որը առաջացնում է գերհոգնածություն։ Գիշերամիզության դեպքում ստիպված են լինում թաց վիճակում դուրս գալ, ինչն ազդում է առողջության վրա և նպաստում է հիվանդության վատթարացմանը: Զինվորները հայտնում են նաև, որ առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց մասին չեն ցանկանում բարձրաձայնել։
-Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան» խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունը գրավելու նպատակով:
-Վերոգրյալ և դրանից բխող մի շարք հարցերի պարզաբանման նպատակով «Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան», շահագրգիռ այլ անձինք նախ խնդիրը բարձրաձայնել ենք ՀՀ ՊՆ-ում, հետագայում դիմել ենք ՀՀ վարչապետին և խնդրել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշման 55-րդ կետի կարգավորումների մեջ փոփոխություններ-լրացումներ կատարել։ Առաջարկել ենք վերը նշված փոփոխություններ-լրացումները կատարելու նպատակով հնարավորինս սեղմ ժամկետներում ստեղծել աշխատանքային խումբ, ներգրավել ՀՀ պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարարության ներկայացուցիչներին, մասնագիտական, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին, զինվորների հարազատների և այլ շահագրգիռ կողմերին։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ