Խիստ խնդրահարույց եմ համարում Արարատի մարզպետի կողմից դրույքաչափի 104,5 տոկոսով պարգևավճարի սահմանումը` ասել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «100-ը թույլատրելի է օրենքով, 104,5-ի 4,5-ը խնդրահարույց է: Ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, կարծում եմ՝ լիազոր մարմինն այս խնդրի հետ կապված քայլեր կձեռնարկի, կամ գոնե պարզաբանում կտա: Օրենքն արգելում է վերադարձնելը, եթե անգամ ուզենա, չի կարող անել, կարող է ստանալ, նվիրել մանկատանը, դա մարզպետի հայեցողությամբ կլինի: Իրավական փոքրիկ խնդիր կա, որը կկարգավորվի»,-շեշտեց նա: Սուրեն Պապիկյանը կարծում է, որ խնդիրը կապված է կա՛մ չիմացության, կա՛մ էլ ստորին օղակների պաշտոնյաների անբարեխիղճ լինելու հետ: Սյունիքի մարզպետի պարգևատրումների մասին Սուրեն Պապիկյանը նշել է.
«Սյունիքի մարզպետն արդեն իսկ պարզաբանում տվել է, իրավաբանական ոչ մի խնդիր չկա, ինչ վերաբերում է 6-ամսյա պաշտոնավարման ժամկետին, դա վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, մարզպետի պաշտոնը հայեցողական է, և նրանց այս օրենքը չի վերաբերում»: Սուրեն Պապիկյանն ընդգծել է` կարևոր է, որ ԶԼՄ-ները, քաղաքացիները իրենց աշխատանքը խոշորացույցի ներքո են պահում, բայց իրենք թաքցնելու ոչինչ չունեն: «Այսօր մարզպետներին քննադատում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ, որոնք, ինչպես ասում են օդում կախված լուրերը, ամեն ամիս ծրարով վերադասից գումար են ստացել։ Հիմա, երբ մարդիկ աշխատում են բաց ու ցույց են տալիս, որ սա է, մարզպետարանի բյուջեն սա է, խնայողություններն այսքանն են, ես էլ ՀՀ ծառայող պաշտոնյա եմ, ինչպես եւ մյուս քաղծառայողները, որոնց ես պարգևատրում եմ Ամանորին ընդառաջ»: