Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սեյրան Օհանյանի ուղերձը

Սեյրան Օհանյանի ուղերձը
28.01.2019 | 15:48

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բանակի օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել.


«Պարոնայք գեներալներ, սպաներ, ենթասպաներ,
մեր սահմանները անառիկ պահող զինվորներ,
Արցախյան հերոսամարտի հարգելի ազատամարտիկներ,
Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերաններ,
հանուն հայրենիքի նահատակված մարտիկների հարազատներ,
եղբայրներ, քույրեր


Հունվարի 28-ը նորանկախ Հայաստանի թերևս ամենանվիրական, ամենահերոսական տոնն է՝ հերոսական անցյալով կերտված մեր հաղթանակների փառաբանման, համայն հայության հպարտանալու և ապագան պայծառ հայացքով դիմավորելու հուսադրող օրը: Արցախյան պատերազմի դաժան ոլորաններում մաքառած հայ ժողովուրդը բանակ է կառուցել և 20-րդ դարում հպարտությամբ, իր որդիների արյամբ գծել Արցախի սահմանները։
Հայ ժողովրդի պատմության վերջին 30 տարիները շարունակությունն էին անցած մեր դժվարին կյանքի, որտեղ պայքար էր հանուն ազատության, հանուն մեր ինքնության պահպանման, մեր լինելիության: Այդ 30 տարիների ընթացքում՝ ամեն օր, ամեն ժամ, սահմանին հակառակորդի հետ մարտի բռնված հրամանատարն ու զինվորը կերտել են մեր փոքրիկ հողի անկոտրում ժողովրդի անկախ ապրելու մեծ երազանքը:


Նորանկախ Հայաստանում մեր ամենամեծ ձեռքբերումը Արցախյան հաղթանակն էր և Հայկական բանակի կայացումը:
1994-ին մենք պարտադրել ենք հակառակորդին լռել, իսկ սահմանների պաշպանության ժամանակ հերոսաբար ընկած տղաների վիշտը ոչ թե ընկճել, այլ նոր ուժ է տվել, մղել նոր հերոսությունների։
2016-ին՝ ապրիլյան պատերազմի դաժան օրերին, պայքարի ելավ անկախության սերունդը՝ հանձինս զինվորի ու հրամանատարի։ Արցախյան հերոսամարտի ազատամարտիկն ու գեներալը, սահմանապահ գյուղացին և սահման մեկնած կամավորը պայքարեցին կողք կողքի մինչև մահաբեր արկերի ու գնդակների լռելը, և չգիտենք՝ ժամանակավոր լռությունը դեռ որքան կտևի:
Եվ ովքեր փորձել են երեկ, փորձելու են այսօր, վաղը կամ երբևիցե՛ ստվեր գցել այդ հիրավի հերոսական պայքարին ու հաղթանակին, նշանակում է, անարգում են հերոս հայորդիների սուրբ հիշատակը:


Պետության համար պատերազմի և արտակարգ իրավիճակների պայմաններում, բոլոր արհավիրքների հետ միասին ժողովրդին ուղղված երկու հզոր սպառնալիք կա՝ ապատեղեկատվությունը և խուճապը։ Այս երկու հոգեբանական գործիքով հնարավոր է ընկճել, ապակողմնորոշել, ազդելով երկրի գործունեության բազմաթիվ ոլորտների վրա՝ հյուծել և ոչնչացնել անգամ ամենամեծ հաղթանակն իր ձեռքում ունեցող ժողովրդին։ Ընդհանրապես, այն ընդունված գործիք է զինված հակամարտությունների ժամանակ, որն օգտագործում են հակամարտող կողմերը։
Ապրիլյան պատերազմի շուրջ ապատեղեկատվությունը, որն ուղղված է բանակի վարկաբեկմանը, միայն մի ստոր նպատակ ունի՝ կոտրել ժողովրդի հավատը սեփական բանակի մարտունակության նկատմամբ, խուճապի մատնել հասարակությանը, որ նա անպաշտպան է, անզեն և անզոր է պայքարել իր հողի ու հայրենիքի համար։
Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի զինված ուժերը, իրենց զինանոցի զգալի մասի օգտագործմամբ, շուրջ 300 կմ ձգվածությամբ սահմանի ողջ երկայնքով` բազմաթիվ ուղղություններով, դեպի երկրի խորքը արագ ներթափանցելու մարտական գործողություններ ձեռնարկեցին։


Յուրաքանչյուր զինվորական գործից հասկացող մարդ, որը ծանոթ է շփման գծին, առաջնագծի որոշ հատվածներում մեր և հակառակորդի մարտական դիրքերի դասավորվածությանը, նրանց միջև հեռավորությանը, առանձնահատկություններին, մոտավորապես կարող է պատկերացնել և գնահատականներ տալ, թե ինչպիսի տոկունություն, ոգի և մարտական պատրաստվածություն է ցուցաբերել մեր բանակը, թե ինչպես են զինվորն ու հրամանատարը չդադարող հրետակոծությունների տակ, առանց խուճապի մատնվելու, կողք կողքի կանգնած, օգտագործելով ծառայության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը, անգամ մերձամարտի ժամանակ գրագետ կազմակերպել դիրքային պաշտպանությունը։
․․․Չէի ցանկանա առանձնացնել՝ ավելի կամ պակաս հերոսացնելով նրանցից որևէ մեկին․ բոլո՛րն են եղել ուժեղ, անկոտրում և միասնական։


Մարտական գործողություններից հետո վերլուծությունները, որոնք հիմք են դառնում գնահատականներ տալու, այնուհետև պլաններ մշակելու, կանխատեսելու, ապագայում հարձակման կանխարգելման նոր հնարքներ օգտագործելու, եկեք թողնենք հակամարտության շփման գծին տիրապետող ռազմական մասնագետներին, իսկ համապատասխան աշխատանքները, ի նպաստ զինված ուժերի, պետք է ունենան գաղտնիության հատուկ ռեժիմ։
Երբևիցե սահման ու խրամատ չտեսած, մարտական զենք չբռնած «անողոք քննադատները», որոնք անգամ պատկերացում չունեն, որ խրամատը հողի մեջ կացարան է, իրավունք չունեն վերլուծելու, թե հարձակման ժամանակ կամ դիրքային պայքարում որ հրամանատարն ինչպես է վարվել՝ հետ մղել, առաջ շարժվել, հետ քաշվել, զիջել, նորից գրավել․․․ իսկ վերջում բացասական գնահատականներ տալով՝ եզրակացություն գրել և տեղեկատվական տեռորի ենթարկել սեփական բանակը։
Կա՛մ նրանք կոլաբորացիոնիստներ են, որոնք, համագործակցելով հակառակորդի համապատասխան կառույցների հետ, նպատակ են հետապնդում վարկաբեկել հայկական բանակը, կա՛մ անգրագետ են և զբաղված են սեփական անօգուտ մտքերի ժամավաճառությամբ։


Շուրջ 30 տարի շրջափակման մեջ գտնվող և ծանր տնտեսական պայմաններ ունեցող երկրի բանակը մեկ անգամ ևս թույլ չի տվել մեր նկատմամբ քանակական առավելություն ունեցող հակառակորդին հասնելու իր գլխավոր նպատակին։
Այս անգամ հակառակորդին զսպել է կազմակերպված, կարգապահ և մարտական ճշգրիտ հաշվարկներով գործողություններ իրականացնող կանոնավոր բանակը, ինչը արդյունք է բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր երկարատև, քրտնաջան և հետևողական աշխատանքի, որում ներդրում ունեն բոլորը՝ ժամկետային զինծառայողից մինչև սպան ու գեներալը, ազատամարտիկն ու նրան սատարող ժողովուրդը։
Ապրիլյան պատերազմը մեր կայացած բանակի նորօրյա հաղթանակներից է։
Արցախյան հիմնախնդրի շուրջ շարունակվող բանակցությունները դրա ապացույցն են։
Պարտված բանակի ժողովրդի հետ ոչ մեկը չի բանակցում։


Ովքեր ստով և կեղծիքով վարկաբեկում են այդ դժվարին հաղթանակը, զրկում են մեզ մեր հերոսների փառքով ներշնչված ապրելու հպարտությունից, զինաթափում են ժողովրդին հոգեպես, ձեռք բարձրացնում սեփական հայրենիքի ու պետության վրա։
Ուրեմն եկեք հպարտանա՛նք, միասին խոնարհվենք և համբուրենք հերոսներին իր գիրկն առած հայրենի հողը և անվերջ խնկարկենք նրանց հիշատակը, սատարե՛նք ու մեծարենք նրանց ընտանիքներին, շարունակենք հզորացնե՛լ մեր բանակը։
2018-ը կարևոր դեր կատարեց համայն հայության կյանքում:
Լավատեսորեն տրամադրվելով տեղի ունեցող բոլոր փոփոխություններին՝ ցանկանում եմ, որ այն հենվի անցյալի հաղթանակների, ձեռքբերումների, արդարության ու լավատեսության վրա, այլապես բացասականը կներխուժի մեր կյանք՝ զրկելով մեզ վաղվա մարտահրավերներին դիմակայելու և երազելու դրական էներգիայից:


Արագ զարգացող և հարափոփոխ աշխարհը նոր մարտահրավերներ է նետելու մեր երկրին։
Հայաստանը, Հարավային Կովկասում զբաղեցնելով իր փոքրիկ, բայց կարևոր տեղը, իր ձայնն աշխարհում լսելի դարձնելու համար առաջին հերթին պետք է համերաշխություն և արդարություն հաստատի իր պետության ներսում և փայփայի, սիրի իր ամենակարևոր ձեռքբերումը՝ հայկական բանակը։
Վստահ եմ, այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում, ամբողջությամբ կատարում է իր վրա դրված դժվարին պարտականությունները՝ ապահովելով դեռևս պատերազմի մեջ գտնվող հայ ժողովրդի խաղաղ արարումը։


ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Եվ թող ապագա հաղթանակները լինեն դիվանագիտության, տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում։
Փա՛ռք ու պատիվ սահմանին կանգնած անձնուրաց զինվորին, սպային։
Փա՛ռք ու պատիվ սահմանը պահող հայ մշակին։
Փա՛ռք ու պատիվ մեր ժողովրդին»:

Դիտվել է՝ 1889

Մեկնաբանություններ