Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արփինե Հովհաննիսյանը` ՔՊ անդամի թեկնածու

Արփինե Հովհաննիսյանը` ՔՊ անդամի թեկնածու
12.02.2019 | 14:42

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այլևս ՀՀԿ նախկին անդամ է` նա այդպես է շարունակում ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: Երեկ Ֆեյսբուքի իր էջում Արփինե Հովհաննիսյանը գրել էր, որ 2018-ի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից (16-ից 7-ը ակտիվ քաղաքական գործունեության) հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։

«Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ պատասխանատու պահերին ամենավատ որոշումը, որ կարելի է կայացնել, ուղղակի դիտորդի դերը ստանձնելն է։ Չեմ արել դա նախկինում, չեմ անելու նաև այժմ»` գրել էր նա, մեղմ ասած, Չինական պարիսպ բարձրացնելով իր ու ՀՀԿ-ի միջև, որ ուղղակի դիտորդի դերում է: Արփինե Հովհաննիսյանն ընտրել է մասնագիտական կարիերան` ստացել է
փաստաբանական գործունեության արտոնագիր ու միանում է «այն փաստաբաների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից՝ գիտակցելով, որ իսկական իրավական պետությունը կարող է կայանալ այն դեպքում, երբ յուրաքանչյուրն ունի պաշտպանության և իրավունքի իրացման բոլոր հնարավորություններն ու երաշխիքները»։ «Դավիթ և գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում նա իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Եթե «Դավիթ և գործընկերներ» ընկերությունը արդարադատության ևս մի նախկին նախարարի` Դավիթ Հարությունյանի ընկերությունն է, հետաքրքիր է` ինչու՞ ՀՀԿ-ին անդամակցությունը նրան չի կաշկանդում «իր տեսակով, թիմով ու գործունեության ձեւաչափով եզակի» գործունեություն ծավալել, ու Դավիթ Հարությունյանը չի կասեցնում ՀՀԿ անդամությունը, իսկ Արփինե Հովհաննիսյանը կասեցնում է:

Արփինե Հովհաննիսյանը նաև հիմնադրել է հասարակական կազմակերպություն` նպատակ ունենալով «վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները։ Մեր տեսլականն այն է, որ կրթության եւ անաչառ, կշռադատված վերահսկողության միջոցով մենք ի զորու ենք արձանագրել փոփոխություններ մեր երկրում։ Մենք պատրաստ ենք մեր թիմում ընդգրկել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է եւ պատրաստ են իրենց ջանքները ներդնել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում»։ Եվ, իհարկե, շարունակելու է դասախոսական եւ գիտամանկավարժական գործունեությունը։ Նա իրեն է վերապահում հասարակական-քաղաքական գործընթացներին ակտիվ ներգրավվածության իրավունքը, խորքային վերլուծության է ենթարկելու կայացվող որոշումները, չի խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Եվ այլն, և այլն… Միով բանիվ` Արփինե Հովհաննիսյանը նետվում է երկրին ծառայելու ամենաբարդ տարածք, որտեղ պահանջվում է իրական նվիրվածություն ու պրոֆեսիոնալիզմ, որտեղ կարևոր է, որ հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ուստի կասեցնում է ՀՀԿ-ին անդամակցությունը, որ իր հույժ կարևոր խոսքը չդիտվի «սպասարկում ինչ-որ շահի»:


16 տարի պետական ծառայության ընթացքում Արփինե Հովհաննիսյանը մարդկանց ու իրադարձություններն օգտագործել է իբրև կարիերային ցատկահարթակ` արդարադատության նախարարության առաջատար մասնագետից հասնելով նախարարի աթոռին: Նրա աշխատանքային հետագիծը` նախարարություն, նախագահի աշխատակազմ, ԱԺ աշխատակազմ, ԱԺ պատգամավոր, Արդարադատության նախարար, Աժ փոխնախագահ` գործիմացությամբ հանդերձ, եղել է մարդկանց վրայով քայլելու պատմություն: Ոչ ավելին` երբ Արփինե Հովհաննիսյանին տրվել է շարքայինից մի քիչ բարձր աթոռ, նրա առաջին գործը եղել է շրջապատին ցույց տալ, որ ինքը ինչ ուզում է` անում է, և դա քննարկման ենթակա չէ: Ու հիմա էլ քննարկման ենթակա չէ, որ ՀՀԿ-ն այլևս կաշկանդում է նրա կարիերային, ուստի կեղտոտված ձեռնոցի պես դեն է նետվում: Մինչև լավագույն ժամանակներ: Եթե այդ ժամանակները երբևէ գան, Արփինե Հովհաննիսյանը կվերականգնի անդամությունը ՀՀԿ-ին: Իսկ ՀՀԿ-ն «անառակ որդու» վերադարձը գրկաբաց կընդունի` ով էլ լինի այդ պահին ՀՀԿ նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բոլորովին չզարմանաք ու քննարկման թեմա չդարձնեք, եթե 1 տարի անց Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրի, որ շարունակելով ծառայել Հայաստանի Հանրապետությանը` անդամակցել է ՔՊ-ին: Եթե ՀՀԿ-ն կարող էր ծառայել կարիերային, ինչու՞ չպիտի ՔՊ-ն ծառայի: Բնավ հարց չէ` ՔՊ-ն կընդունի՞ նախկին ՀՀԿ-ականին: Մեկ տարի հետո ոչ Արփինե Հովհաննիսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը դա չեն հիշի: Փոխարենը երկուստեք կկարևորեն մասնագիտական հմտությունները, հասարակական ակտիվությունը, անաչառ քննադատությունը, նվիրվածությունը իրենց գաղափարներին` ինչո՞վ համագործակցության հարթակ չէ, երբ չկան սկզբունքներ ու մարդկային օրինավորությունը հարգելու պահանջարկ: Բարի երթ:

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ