Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աղբանոցից` սև տուփ-փոքր բեմ

Աղբանոցից` սև տուփ-փոքր բեմ
22.02.2019 | 04:24

Աղբանոցներն ամենուր են` նաև մշակութային օջախներում։ Սակայն բոլորովին այլ «բուրմունք» ունի թատերականը, մանավանդ ազգային ակադեմիական թատրոնի, որի մաքրազարդման սկիզբը դրվել էր տարիներ առաջ, փուլերով, իսկ 2015-ից` ազատագրված տարածքների նպատակային օգտագործումն անհրաժեշտություն էր։


Առաջարկվող տարբերակները, ինչպես ներսից, այնպես էլ դրսից, խայտաբղետ էին. բար-սրճարան, գողտրիկ հյուրանոց կամ հյուրատուն (բացառապես թատերական աշխարհի մարդկանց համար), բազմաֆունկցիոնալ բեմ-դահլիճ, ժամանակակից սարքավորումներով վերազինված արտադրական մակերեսներ...


Սակայն մի բան է ճառ ասելը, մեկ այլ բան` զանգ կախելը։ Վերջինս, ի դեպ, տեղի ունեցավ կարճ ժամանակահատվածում, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարության խոսքի և գործի համակցության արդյունքում։ Իսկ արդյունքը` նախկինում նկարչատուն համարվող, այնուհետև խառնիփնթոր պահեստ... վերջում էլ աղբանոց հիշեցնող տարածքից նոր բեմ ստանալը, հասկանալի պատճառներով պատվի խնդիր էր, ու ականատեսը եղանք երկու օր առաջ։ Հանդիսավոր բացմանը ներկա սունդուկյանցիները, լրատվամիջոցների ու մշակութային ոլորտի ներկայացուցիչները հաճելիորեն վայելում էին տրամադրող նոր միջավայրը։ Տանտերերի կարծիքը մի կետում էր` շնորհակալության, իսկ երախտիքի ասված-չասված խոսքերը հասցեագրված էին մշակութային ծրագիրը իրականացնող երիտասարդ, 25-ամյա «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին։ Հասկացվեց, որ գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանն էլ անմիջապես ծանր ու թեթև անելուց հետո վստահորեն ընդառաջ է գնացել ժամանակակից հարթակ ստեղծելու գաղափարին. նվիրաբերվածը ոչ միայն սունդուկյանցիներինն էր, այլև բազմահազար հանդիսատեսինը, որը առաջիկայում կըմբոշխնի տարբեր «կտավներ»։ Էլբակյան-Մկրտչյան զույգը հավաստիացրեց, որ նոր բեմը հարստացնելու և նոր շունչ է հաղորդելու թատրոնի պատմությանն ու գեղագիտական ընթացքին, գնահատվեցին նախագծային և շինարարական աշխատանքները պատվով կատարած «Աս-նախագիծ» և «Ռադիկ շին» ՍՊԸ-ները։ Պատվիրատուն չթաքցրեց նաև 2-րդ փուլի խնդրանք-սպասումը և դա արեց վարպետորեն. «Մայր թատրոնի և «Կոնվերս բանկի» բարեկամությունը դեռ նոր պտուղներ է տալու»։


Հանդիսությանը ներկա մի քանի մասնագետներ լրատվության կարգով նշեցին, որ սև-տուփ թատերական կառույցի գաղափարը ծնվել է Եվրոպայում 20-րդ դարի սկզբին, և դրան բնորոշ են դասական պատկերացումներից շեղված քառակուսի կամ ուղղանկյուն երկրաչափական ձևերը։ Հաճելիորեն աչք շոյող բեմահարթակը կարող է ծառայել տարաբնույթ ծրագրերի իրականացմանը, այն ունի առավելություններ` նկատելի բարձրություն, տվյալ բարձրության միջով անցնող ռուսական թ-աձև պատշգամբ, լուսային և ձայնային համակարգեր, շարժական բեմ... ու ոմանք հակված էին կարծելու, որ նոր բեմահարթակը որոնումների, առաջխաղացման և զարգացման հարթակ է նաև վաղվա ու ապագայի համար։


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Բացման ժամանակ տպավորվեց ուս ուսի տված Էլբակյան-Մկրտչյան-Հակոբյան եռյակի մուտքը շեմից ներս, որն անսպասելի ուղեկցվեց հյուրերից մեկի ռեպլիկով. «Ավանդույթի համաձայն ինչու՞ ափսե չկոտրեցին»։ Ինքս, օրինակ, չհարգեցի հումորը. մտքումս պտտվում էր շաբաթներ առաջ տնօրենի բարեկամական կշտամբանքն այն մասին, թե ինչու չեն թատրոն հրավիրում վարչապետին։ Պահն անպատեհ էր, որպեսզի հարցնեի. «Հարգարժան Վարդան Մկրտչյան, էդ ովքե՞ր են Ձեզ միտք տվել և ի՞նչ նպատակով։ Մոռացել էիք հրավիրե՞լ, թե՞ չէր եկել»։
Վշտացնող էր, երբ չկային ԱԺ-ի, կառավարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և անգամ ՀՀ մշակույթի նախարարության երևելիներից։ Բայց... հերթական անգամ PR-ը բարձրության վրա էր (ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության բոլոր թատրոնները միասին վերցրած չեն լուսաբանվել, քննադատվել այնքան, որքան մայր թատրոնը), գործատուն նույնպես. 3-4 րոպեանոց ֆիլմում աղբանոցի, այնուհետև հրաշալիորեն կերպարանափոխվածի ֆոնին ավելի շատ ինքն էր, իսկ դիտումից հետո ի ցույց դնելով անգլերենի իմացությունը, ողջունեց հյուրերին։ Սա` դրականը։ Բացասականը, ի տարբերություն PR-իստների, շշուկով քննադատության թեմա դարձան իրավաբանների մասնագիտական իմացությունը և Վարդան Մկրտչյանի արձակած այն հրամանները, որոնք երկու թե երեք օպտիմալացված սունդուկյանցիներ պատրաստվում են վիճարկելու դատարանում։


Ի վերջո, բացման արարողությունը յուրօրինակ ասուլիս էր, ասուլիսի ասելիքը` ինքնագովքային տեղապտույտ։ ՈՒ հենց այդ ժամանակ էլ հիշեցի Յուլիան Տուվիմի այն խոսքերը, որ կան 4 կարգի մարդիկ.
1. Նրանք, ովքեր չգիտեն և չգիտեն, որ չգիտեն. դրանք հիմարներն են, խուսափիր դրանցից,
2. Նրանք, ովքեր չգիտեն, բայց գիտեն, որ չգիտեն. դրանք բարեհոգի մարդիկ են, սովորեցրու,
3. Նրանք, ովքեր գիտեն, բայց չգիտեն, որ գիտեն. դրանք թմրածներն են, զարթնեցրու,
4. Նրանք, ովքեր գիտեն և գիտեն, որ գիտեն. դրանք իմաստուններ են, հետևիր նրանց։
Եվ ով որտեղ է իրեն տեսնում լեհ բանաստեղծի փիլիսոփայության մեջ։ Դատելով ամենից, կարծում եմ, որ չորրորդում տեղավորվում է մայր թատրոնի տնօրենը։ Բայց նրան կուրորեն հետևելուց առաջ հորդորում եմ կարդալ Ֆրանսուա դը Լարոշֆուկոյի «Մաքսիմներից» մարդկանց և կենդանիների նմանությունների մասին մտածումները։

Դիտվել է՝ 4540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն