Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Նոր իշխանություններն Արցախի հարցով անփորձություն ու ոչ կոմպետենտություն են ցուցաբերում»

«Նոր իշխանություններն Արցախի հարցով անփորձություն ու ոչ կոմպետենտություն են ցուցաբերում»
01.03.2019 | 02:23

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ վստահ է՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն այլընտրանք չունի, հակառակ պարագայում ստացվում է, որ Ադրբեջանի կողմից տարիներ ի վեր առաջ քաշվող թեզը, թե Արցախի հարցը հայկական ագրեսիայի ու տարածքներ օկուպացնելու ու այդ տարածքները վերադարձնելու հարցն է, կարող է թելադրող դառնալ: Բնական է, որ Արցախի Հանրապետությունը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը անցանկալի տարբերակ է Ադրբեջանի համար, քանզի այդ պարագայում կստացվի, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, այլ Արցախի և Ադրբեջանի: Տեսնելով, որ միջազգային հանրությունը երկու կողմերի վրա էլ փորձում է ճնշում գործադրել հարցի շուտափույթ լուծման համար, ադրբեջանական կողմն այժմ «պլան Բ» է մշակում, այսպես կոչված, Արցախի ադրբեջանական համայնքի ակտիվացմամբ. «Մտածում են, որ եթե չկարողանան շեղել միջազգային հանրության ուշադրությունն ու այդ ճնշումից ազատվել, ապա կառաջարկեն, որ Արցախի իշխանությունների հետ բանակցային սեղանի շուրջ նստի ադրբեջանական համայնքը: Բայց հավասարության նշան չի կարելի դնել Արցախի օրինական իշխանությունների և ընդամենը հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող կառույցի միջև: Ասեմ, որ Ադրբեջանը սրա շուրջ լրջագույն աշխատանք է տանում, վերջերս էլ այդ համայնքի ղեկավար նշանակվեց ծնունդով շուշեցի երիտասարդ մի դիվանագետ: Այս պարագայում ադրբեջանահայ փախստականների հարցը բանակցային սեղանին դնելն ուղղակի անհրաժեշտություն է, այն մեր հայրենիքի սուրն ու վահանն է՝ ադրբեջանական քարոզչամեքենային հակազդելու առումով: Միակ փաստաթուղթն ու փաստացի ապացույցն է, որ պետական մեկ սահմանում ադրբեջանցի թուրքերի ու արցախահայության խաղաղ գոյակցությունն անհնար է: Եվ ինչքան շուտ այդ պետության ղեկավարությունը գիտակցի, որ դա Ղարաբաղյան հակամարտության բանալին է, այդքան շուտ բանակցային գործընթացում կկարողանանք հասնել որոշակի առաջընթացի: Մշտապես ու բոլոր հարթակներում պետք է բարձրաձայնել, որ Ադրբեջանի ղեկավարները, խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական գործողություններ սկսելուց առաջ, ցեղասպանական ակտ են իրականացրել Բաքվում ու Բաքվի մոտակա այլ բնակավայրերում, ուստի անհնար է խոսել, որ Արցախն ինչ-ինչ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում: Կոսովոյի օրինակով համաշխարհային հանրությանը պետք է ցույց տալ մեր թեզերի ճշմարտացիությունը»:


Գրիգորի Այվազյանի համոզմամբ` նախքան ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելը, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունները պետք է պաշտոնապես ճանաչեն Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ինչը հիմնահարցի համար խարսխի դեր կարող է կատարել: Ավելին, ադրբեջանահայության խնդիրը ոչ թե մարդասիրական բնույթի հարց է, այլ ադրբեջանական քարոզչամեքենայի աքիլեսյան գարշապարը, ինչին անընդհատ պետք է հարվածել:


Անդրադառնալով վերջին շրջանում սահմանին տիրող հարաբերական անդորրին՝ ադրբեջանագետը նախ նշեց, որ դա իրականում անդորր է փոթորկից առաջ, ապա ավելացրեց, որ Ադրբեջանը տենդորեն պատրաստվում է պատերազմական գործողությունների: Հարևան երկրի բարձրաստիճան ղեկավարները, նախագահի ու պաշտպանության նախարարի մակարդակով, ամենաբարձր ամբիոններից հայտարարել են, որ սպասում են տարածաշրջանում ու Հայաստանում նպաստավոր իրավիճակի` հարձակողական գործողություններ իրականացնելու համար: «Դրանք զուտ հայտարարություններ չեն, դրանք ուղղակի նախազգուշացումներ են պատերազմի մասին: Ադրբեջանը ոչ թե «եթե», այլ «երբ որ» հարձակվի, անակնկալ չպետք է լինի, և մնում է՝ պատրաստ լինենք ու դիմակայենք՝ հնարավորինս ճիշտ գնահատելով վտանգն ու ռիսկերը: Ցավով պետք է ասեմ, որ վերջին շրջանում այնքան ենք զբաղված երկրի ներքին գործերով, որ մեր ուշադրությունից դուրս են մնացել տարածաշրջանում զարգացող լուրջ իրադարձությունները: Ձեռքը պետք է անընդհատ զարկերակին պահել ու նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարել: Հուսով ենք, որ իշխանություններն ամբողջովին գիտակցում են առկա մեծագույն վտանգներն ու պատրաստ կլինեն դրանց դիմագրավելուն: Սեղանի վրա այս պահին ոչ թե Արցախի անկախության ու տարածքների հարցն է, այլ մեր լինել-չլինելու հարցն այս տարածաշրջանում: Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է նոր ցեղասպանություն իրագործելու այս անգամ արդեն Հայաստանի ու Արցախի տարածքում, իսկ մենք պետք է լրջորեն վերաբերվենք թշնամուն ու պատրաստ լինենք վատթարագույնին»:
Գրիգորի Այվազյանի՝ ադրբեջանահայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն օրակարգային դարձնելու և այն միջազգային հանրությանը ներկայացնելու թեզին համամիտ է նաև քաղաքագետ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Ըստ նրա՝ վերոնշյալ հարցը հավուր պատշաճի չենք կարողացել ներկայացնել ոչ միայն միջազգային հանրությանը, այլև նույնիսկ ինքներս մեզ: Արցախյան հիմնախնդրի բովանդակային փոփոխությունը կապված է Ադրբեջանում հայերի նկատմամբ ցեղասպանությունը հրապարակ մտցնելու հետ, և եթե այն օրակարգային չի դառնում, ապա աշխարհը մեր հարևան երկիրն անվանում է դեմոկրատական ու Խոջալուի կոտորած տեսած պետություն:


Ի տարբերություն Գրիգորի Այվազյանի, Ալեքսանդր Մանասյանը շեշտում է՝ Արցախը բանակցային կողմ է նաև այժմ: Նշում է՝ բանակցային կողմ լինելը միայն բանակցային սեղանի շուրջ լինելով չի արտահայտվում, և թեման այդքան շահարկելն անտեղի է: Վերջինս կարևորում է, թե արցախյան հարցով ովքեր են վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվողները. «Համառորեն պտտվող լուրերի համաձայն՝ նրա գլխավոր խորհրդատուն առաջին նախագահն է: Իսկ ի՞նչ էր ասում առաջին նախագահը: Նախ նշում էր, թե Հայաստանը համաձայն կլինի ցանկացած որոշման հետ, ինչին կհամաձայնի Արցախը, ապա նաև ավելացնում, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, այսինքն՝ միմյանց ամբողջովին հակասող թեզեր: Որտեղի՞ց էր իմացել, թե Արցախը համաձայն է մնալու Ադրբեջանի կազմում: Այստեղ թաքնված մտայնություն կա, որ գուցե կարելի է ստիպել Արցախին համաձայնություն տալ մնալու Ադրբեջանի կազմի մեջ։ Սրանում լրջագույն վտանգ կա: Մյուս կողմից՝ հույս ունենալով, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ճնշումների ներքո Ադրբեջանը կհամաձայնի, որ Արցախը, եռաչափ ձևաչափով, հանդիպի ադրբեջանական կողմի հետ, իրատեսական չէ: Արցախը պետք է ասի, որ Ադրբեջանի հետ նույն սեղանի շուրջ չի նստելու այնքան ժամանակ, քանի դեռ ներողություն չի խնդրել ադրբեջանահայության ցեղասպանության համար: Եվ երկրորդ. այն ոչ ստանդարտ ձևաչափը, որով բանակցություններն ընթանում են, մեզ բավարարում է: Այսինքն` համանախագահները գնում են Ստեփանակերտ, Ստեփանակերտից Երևան, ու այսպես շարունակ: Վտանգավոր է, երբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ադրբեջանը կառուցողական վերաբերմունք ու մոտեցում է ցուցաբերում, ու հերթը Հայաստանինն է: Այդպիսով նա կոնֆլիկտի կողմեր է դարձնում Հայաստանն ու Ադրբեջանը: Հայաստանը պետք է փաստաթուղթը տանի, դնի սեղանին ու ասի՝ ահա, Արցախի խնդրանքով այս փաստաթուղթը բերել եմ: Հենց դա կլինի Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»:


Քաղաքագետն այն համոզմանն է, որ նոր իշխանություններն Արցախի հարցով անփորձություն ու ոչ կոմպետենտություն են ցուցաբերում, ինչը դրսևորվեց նաև Լավրովի վերոնշյալ հայտարարությունից հետո: Ըստ նրա՝ հայկական կողմը բացահայտ ու գաղտնի բանաձևումներով, հայտարարություններով ու քայլերով պետք է ասեր, թե Արցախը հակամարտության ճանաչված կողմ է, որ մշտապես կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում խնդրի առնչությամբ:


Անդրադառնալով վերջին շրջանում սահմանային լարվածության որոշակի նվազմանը, Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց. «Ալիևը գիտի, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «տղան է», և հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կլսի առաջին նախագահին ու կվարի նույն քաղաքականությունը: Դրա համար պետք է նրան շանս տալ: Վերլուծելով այս ամենը՝ մոտալուտ ժամակահատվածում պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Թուրքը ժպտալով է դանակը պատրաստում, և Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է վստահել»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ