Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քայլ արա, մարի՛ր վարչապետի վարկը

Քայլ արա, մարի՛ր վարչապետի վարկը
29.03.2019 | 00:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնակարանի կենցաղային տեխնիկան` լվացքի մեքենա, սառնարան և այլն, վարկով է ձեռք բերվել: Ինչու՞, քանի որ մեր երկրում բանկերը հարմար վարկեր են առաջարկում՝ ամիսը ընդամենը 6 հազար դրամ: Ոչ, սա բնավ իմ վառ երևակայության արդյունքը չէ, այլ վարչապետի՝ օրերս խորհրդարանում ունեցած ելույթից մի հատված, որտեղ նա ներկայացրեց իրենց ընտանիքի վարկային պատմությունը: Ավելին՝ խորհրդի կարգով հուշեց բոլորին. «Ինչու՞ միանգամից 300 հազար դրամ տալ, եթե կարող ես ամսական 6 հազար դրամով ձեռք բերել: Եթե չեմ սխալվում` մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել, մի 4 տարի առաջ ենք վերցրել»:


Լվացքի մեքենայի մասին վարչապետի անկեղծ զրույցից հետո մտածում եմ՝ ինչպե՞ս օգնենք` մարդն ազատվի տանջակիր այդ բեռից: Կարող ենք, չէ՞, ազգովին «մուծվել» ու լուծել լվացքի մեքենայի հարցը: Բա ամոթ չէ՞, որ մեր վարչապետը ապառիկով է տեխնիկա ձեռք բերում: Դրամահավաքը պետք է շտապ կազմակերպել, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ «դա ամբողջ գյուղի պատվի հարցն է»: Անհրաժեշտ է «Քայլ արա, մարի՛ր վարչապետի վարկը» անունով ֆոնդ բացել, որ հանկարծ հարկադիր կատարողական ծառայությունից չգան ու առգրավեն պետական նշանակության լվացքի մեքենան:


Գործադիրի գործընկերոջ ելույթից ոգևորված` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին խոստովանեց՝ ինքն արդեն մի անգամ առերեսվել է հարկադիրի հետ. «Պարոն վարչապետ, հենց այդ նույն տրամաբանությամբ ես այն օրը գնացի ապառիկով հեռուստացույց գնելու, էն էլ ապառիկ չտվեցին. հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվին»: Բոլորովին կասկածի տակ չդնելով ԱԺ խոսնակի ասածի ճշմարտացիությունը, ուզում ենք մի նկատառում անել: Խորհրդարանից հնչող ելույթների նկատմամբ հասարակությունն առավել քան ուշադիր ու զգոն է, հետևաբար, ամեն մի նախադասությունից առաջ պետք է մի լավ կշռադատել, թե մարդիկ ինչպես այն կընկալեն ու ինչ եզրահանգումներ կանեն: Չի բացառվում, որ վարկեր, ապառիկներ ունեցող անձինք այս ելույթից հետո սկսեն մատների արանքով նայել դրանց, չկամենան վճարել, մտածեն` եթե Աժ փոխխոսնակն ինչ-որ «տալիք» չվճարելու պատճառով հայտնվել է հարկադիրի խոշորացույցի տակ, ապա իրենց հայտնվելն ամոթ չի լինի: Բողոք-մտայնությունն արդարացված կլինի. Միրզոյանի հետ հավասար վարչապետի կողքին քայլել են շատերը, հետևաբար, հարկադիրից չվախենալ կարող են բոլորը:


Ի դեպ, պետության համար խիստ կարևոր վերոնշյալ քաղցր-մեղցր զրույցը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի` խորհրդարանում «ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելու ժամանակ: Այն ավելի շատ ոչ թե կատարողականի, այլ 2019-ին սպասվող ցնցող ու հեղափոխական իրադարձությունների մասին էր: Մանկավարժների ու զինվորականների աշխատավարձերի բարձրացում, կրթության ոլորտի աննախադեպ փոփոխություններ, տնտեսական հեղափոխության իրականացում և, իհարկե, կրկին հղումներ նախկիններին, նրանց սխալներին ու վարած քաղաքականությանը: Անկեղծ ասած, նախկինների մասին ամենատարբեր պատմություններ լսելուց արդեն հոգնել ենք, իրապես փոփոխություններ ենք ուզում տեսնել, ոչ թե օլիգարխների ու «բեսպրեդելի» մասին չվերջացող հիշատակումներ: Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մինչև 2018-ի մայիս ոչ թե պետություն, այլ ավազակապետություն ենք ունեցել, որտեղ, կոռուպցիայից բացի, ուրիշ ոչինչ չի եղել: Կարոտ մնացինք պետությանն ու պետական արժեքներին առնչվող որևէ դրական հայտարարության:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ