Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչպե՞ս են հայերը հարստացել

Ինչպե՞ս են հայերը հարստացել
29.03.2019 | 00:15

Սա պատմություն է հայ մարդկանց անկոտրում կամքի, տքնաջան աշխատասիրության, կյանքի հարվածներին դիմակայելու և հաղթանակելու մասին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խարբերդը գտնվում է Եփրատի ստորին հոսանքի ձախ կողմում, գետափից 13-14 կմ հեռավորության վրա: Քաղաքը թառել էր սարավանդի, լեռան ծնկի վրա ու նայում էր լայնարձակ հովտի:
Այստեղ կային վեց եկեղեցի, յուրաքանչյուրին կից՝ հինգ կրթարան և մեկ վարժարան: Գործում էին մի քանի գիշերօթիկներ, որբանոցներ, բողոքականների ժողովարաններ: Քաղաքի համբավը բազմապատկում էր ամերիկյան միսիոներների նշանավոր «Եփրատ» քոլեջը:
Խարբերդցիք լեռնցիներին հատուկ կոշտ ու կոպիտ, կռվասեր մարդիկ էին, գործի մեջ՝ դանդաղկոտ, անգամ՝ քայլվածքով ու խոսվածքով:


Ահա այստեղ, այսպիսի միջավայրում 1877 թ. ապրիլի 20-ին ծնվեց Հարությունը: Վեց տարեկան էր, երբ հայրը մահացավ, ու նա մնաց մոր խնամքին: Նախնական կրթություն ստացավ դպրոցներից մեկում, բայց ընտանիքի հոգսը, հանապազօրյա հաց հայթայթելու մոր ամենօրյա տառապանքը տղային ստիպեցին թողնել ուսումը:
15 տարեկան հասակում Հարությունը մի երկաթագործի աշակերտ դարձավ, և դա բախտորոշ եղավ նրա համար: Խարբերդի ամբողջ առևտուրն ու արհեստները գտնվում էին հայոց ձեռքում: Բայց եթե վաճառականի աշակերտ դառնալու համար պահանջվում էր տարրական կրթություն, ապա արհեստավորի մոտ աշխատանքի անցնելու համար դրա կարիքը չկար: Հարությունի երկաթագործ վարպետն ուներ խանութ, որտեղ ոչ միայն նորոգում, այլև պատրաստում էին զանազան երկաթե երկրագործական առարկաներ ու վաճառում: Հարությունին այդ գործն անչափ դուր եկավ, նա դրսևորեց այնպիսի ուշիմություն ու պարտաճանաչություն, որ երկու տարի անց սկսեց միայնակ տնօրինել խանութը և գոհացնել հաճախորդներին: Սա տեսնելով, վարպետը 1895-ին նրան առաջարկեց աշակերտից դառնալ գործընկեր: Հարությունը համաձայնեց, բայց վրա հասավ զուլումաթը՝ համիդյան ջարդերը:
Թուրքերն ավերեցին ու կողոպտեցին Խարբերդի հայկական թաղերը, հիմնահատակ կործանեցին վեց եկեղեցիներից երկուսը, կոտորեցին ավելի քան 700 մարդու, բռնությամբ մահմեդականացրին շուրջ 1000 հայի:


Սա պատճառ դարձավ, որ 1897-ին Հարությունը թողնի Խարբերդն ու տեղափոխվի 5 կմ հարավ-արևմուտք գտնվող Մեզիրե: Այս քաղաքը 1617 թ. հիմնել էին յոթ հայ ընտանիքներ: Հայերն այստեղ ունեին երկու եկեղեցի, հայ բողոքականների ու հայ կաթոլիկների եկեղեցիներ, ազգային կենտրոնական վարժարան, իգական վարժարան, նախակրթարաններ, մանկապարտեզներ, գործում էին ֆրանսիական ու գերմանական քոլեջները, Կապուցինների միաբանության հիմնարկությունը:
1878 թ. թուրքերը քաղաքը վերանվանեցին Մամուրաթ-ուլ-Ազիզ ու հռչակեցին Խարբերդի նահանգի վարչական կենտրոն:
Սակայն Մեզիրեն հանրահայտ էր իր արտադրական ձեռնարկություններով, ի մասնավորի՝ Ֆաբրիկատորյան հինգ եղբայրների արդիական սարքավորումներով հագեցած մետաքսագործական ֆաբրիկայով, իսկ Հարությունը մեկ ձգտում ուներ՝ տիրապետել ճարտարագիտության գաղտնիքներին:


Սակայն այստեղ էլ շարունակվեցին թուրքական բռնությունները, հալածանքները, ու երիտասարդ Հարություն Կարապետյանը 1900 թ. արտագաղթեց ԱՄՆ, Փրովիդենս քաղաք:
Զարմանալի բան չկա. խարբերդցիները վաղուց էին «յուրացրել» Ամերիկան, և այդ հարցում էական դերակատարում ունեին ամերիկացի բողոքական հոգևորականները, միսիոներներն ու «Եփրատ» քոլեջի առկայությունը: Պատահական չէ, որ աղբյուրներից մեկը այսպես է բնութագրել խարբերդցիներին. «Ինչ որ օտարը կ՛ըսէ, իրենց համար պատգամ մ՛է: Օտարամոլութիւնը այնքան մը զօրացած է անոնց սրտին մէջ, որ ինչ որ ազգային է՝ խօտելի կը սեպեն և ինչ որ օտարինն է՝ պաշտելի»: Բայց միայն օտարամոլությունը չէր պատճառը. ԱՄՆ արտագաղթելը խարբերդցիների համար առաջին հերթին թուրքական բռնություններից խուսափելու փրկօղակ էր:


Բայց հարց է ծագում՝ Հարությունն ինչու՞ գաղթեց հենց Փրովիդենս: Ռոդ-Այլենդի այս մայրաքաղաքը, որ բնակեցված էր իտալացի, իռլանդացի, ասիացի ու հրեա ներգաղթյալներով, տնտեսական, մշակութային ու քաղաքական կենտրոն էր: Այստեղ զարգացած էին մեքենաշինությունը, տեքստիլ արդյունաբերությունը, արծաթե ու ոսկե իրերի արտադրությունը: Չգիտեմ ում էր հարցուփորձ արել, բայց Հարությունի ընտրությունը պատահական չէր, կրկնեմ՝ նա միայն մեկ ձգտում ուներ՝ հմտանալ իր մասնագիտության մեջ, և Փրովիդենսն այդ տեսակետից լավագույնս էր համապատասխանում:
Նախ, աշխատանքի անցավ մետաղաշինական գործարանում, որտեղ պատրաստում էին վարագույրների ձողեր: Բայց աշխատանքը կորցրեց, 8 ամիս մնաց գործազուրկ, 3 օր էլ՝ քաղցած: Այդ օրերին հնարեց ավտոմեքենայի մի հանգույց, որի գյուտից, սակայն, չկարողացավ օգտվել, որովհետև զուրկ էր բիզնեսմենի ձեռնարկատիրական ոգուց, նրան հետաքրքրում էին միայն մասնագիտական գաղտնիքները:
1902-ին աշխատանք գտավ թանկագին քարերի պատրաստման գործարանում, որը, սակայն, 8 ամիս անց փակվեց, ու նա կրկին գործազուրկ դարձավ:


1903-ին այցելեց ավտոմեքենաշինական գործարան, ուր ցույց տվեց իր հնարած հանգույցը: Հավանեցին և աշխատանքի ընդունեցին շաբաթական 4,5 դոլարով: Աշխատեց 13 ամիս: Այդ ընթացքում հնարեց ավտոմեքենայի բարձիկներն արագ պատրաստելու մի գործիք, որի համար աշխատավարձը բարձրացրին շաբաթական 9, ապա 12 դոլարի:
Սակայն դա Հարությունին բավարարել չէր կարող: Ձգտելով անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել, զարգացնել արհեստագիտական հմտությունները, նա 1904-ին շարունակեց ցերեկները 9 դոլարով աշխատել, իսկ գիշերները ձրի տքնել, ինչ է թե սովորի պողպատե կաղապարներ պատրաստելու արհեստը: 3-4 ամիս դիմացավ այդպիսի ռեժիմին: Ապա տեղափոխվեց գերմանացիներին պատկանող մի գործարան, աշխատեց մոտ 8 ամիս, և, ինչպես ինքն է գրում. «800 անգամ մեռայ»:
Հ. Կարապետյանի ճակատագիրը շրջադարձ կատարեց 1905-ին, երբ նրան միացավ իր քրոջ որդին՝ Մովսես Մովսեսյանը (Harry Burth), որը, ի տարբերություն մորեղբոր, ուներ բիզնեսմենի ջիղ, և որին կանդրադառնամ առանձին:


Երկուսով որոշեցին ինքնուրույն բիզնես հիմնել: Մի հրեա ակնավաճառի հետ պայմանագիր կնքեցին, համաձայն որի հրեան պետք է հումք՝ թանկագին քարեր մատակարարեր, իսկ իրենք հղկման գործն անեին: Սկսեցին աշխատել՝ շաբաթական 1-ական դոլար շահույթով, ապա հասույթը հասցրին 3-ական դոլարի: Պատվերներն աստիճանաբար ավելացան, ու մի բանվոր վարձեցին, որին պետք է շաբաթական 1,5 դոլար վճարեին:
1910 թ. ակնահղկման բիզնեսն այնքան զարգացավ, որ աշխատանքի ընդունեցին բավական թվով բանվորներ: Բայց տեղի ունեցավ մի դիպված, ինչի պատճառով ամբողջ գործը կարող էր ջուրն ընկնել: Բիզնեսի գործընկեր դարձրին մի ամերիկացու, որի պատճառով ընկան ծանր պարտքերի տակ: Պարտատերերը սկսեցին նեղել ու ստիպեցին սնանկություն հայտարարել, բայց փրկվեցին փաստաբանի ջանքերի շնորհիվ:


Դա նրանց համար դաս եղավ: Սկսեցին երկուսով աշխատել, և բիզնեսն այնքան ծաղկեց, որ աշխատանքի ընդունեցին 250-270 բանվորների, որոնց թվում էին և հայ ազգակիցներ…
1927 թ. Հ. Կարապետյանն ու Մ. Մովսեսյանն արտադրում էին թանկագին քարերով ագուցված կանանց և արանց ապարանջաններ, ինքնահոս գրիչներ, մատիտներ, սիգարի կրակայրիչներ, գրչակալներ և այլն, իսկ տարեկան դրամաշրջանառությունը կազմում էր 500-600 հազար դոլար: (Այս գումարի ներկայիս արժեքը կդժվարանամ նշել, բայց բավական է համեմատել շաբաթական աշխատավարձերի հետ, պատկերացում կազմելու համար գնողունակության մասին):
Ահա թե Հարություն Կարապետյանն ինչ է գրել. «Յաջողութիւնս կը պարտիմ տոկունութեան, յարատեւութեան, արհեստաւորի հմտութեանս և բնական ընդունակութեանս:
Գործի ժամերուս ոչ մէկ զբօսանքի չեմ գացած: Չեմ ծխած բնաւ, բացի մէկ երկու անգամէ՝ բարեկամներուս հաճոյք պատճառելու համար:
Հետաքրքրութիւնն ու սորվելու ջանքը և յարմարութիւնը իմ կողմէ, Պըրթի՝ քեռորդիիս առեւտրական ընդունակութիւնը միւս կողմէ մեր յաջողութեան հիմնական պայմանները եղած են»:

ՄՈՎՍԵՍ ՄՈՎՍԵՍՅԱՆՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ


Խոզաթ քաղաքը գտնվում է Խարբերդի նահանգի Դերսիմ լեռնաստանի արևմտյան մասում, Խարբերդից 42 կմ հյուսիս:
Հայերն զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ: Արտահանում էին բուրդ, գորգեր, մրգեր և հատկապես ընկույզ: ՈՒնեին երկու եկեղեցի և դպրոց:


Առաջին աշխարհամարտից առաջ Խոզաթն ուներ 8540 հայ և 1944 քուրդ բնակիչ: Ցեղասպանության ժամանակ հայերի մի մասը ոչնչացվեց, մյուս մասը բռնի տեղահանվեց:
Ահա այստեղ 1886 թ. մարտի 28-ին ծնվեց Հարություն Կարապետյանի քրոջ որդի Մովսես Մովսեսյանը: Հասցրեց նախնական կրթություն ստանալ տեղի դպրոցում, բայց երբ 15 տարեկան էր և հայրը մահացավ, մոր ու կրտսեր եղբայրների հոգսը մնաց իր ուսերին: Ստիպված թողեց ուսումնառությունը և դարձավ կոշկակարի աշակերտ:
1903-ին քրդի անձնագրով ներգաղթեց ԱՄՆ, Լին քաղաք և, որպեսզի ամերիկացիների համար ընկալելի լինի, ինքն իրեն անվանեց Հարի Բարթ: Լինում երկար չմնաց, տեղափոխվեց Փրովիդենս՝ քեռի Հարությունի մոտ, և նրա հետ աշխատեց մետաղաշինական գործարանում: Շաբաթական վարձատրվում էր 4 դոլար 80 սենթ և այդ գումարից տնտեսելով՝ ուղարկում երկիր, հարազատներին:


1904-ին տեղափոխվեց ՈՒստր (ՈՒորչեսթեր) և 7 ամիս աշխատեց մետաղաշինական գործարանում՝ ստանալով շաբաթական 7 դոլար 80 սենթ: Հետո տեղափոխվեց Հեյվերհիլ և աշխատանքի անցավ սպանդանոցում, ապա՝ կոշկի ֆաբրիկայում՝ շաբաթական 9-10 դոլարով: Թող տարօրինակ չթվա՝ նախ, թե ՈՒստրում և թե Հեյվերհիլում արդեն գոյություն ունեին կայուն հայկական առևտրատնտեսական համայնքներ, երկրորդ՝ իր ծննդավայրում մանկուց բազմիցս տեսել էր տավարի մորթ և, երրորդ, չմոռանանք, որ, ախր, եղել էր կոշկակարի աշակերտ:


1909-ին Խոզաթից Ամերիկա բերել տվեց եղբայր Ղազարոսին՝ նույնինքը Չարլզ Բարթին:
1913-ից սկսեց զբաղվել մրգավաճառությամբ. ախր, ծննդավայրը հայտնի էր զանազան մրգերի արտահանմամբ: 1916-ին անցավ Կալիֆոռնիա՝ Ֆրեզնո, բիզնեսը զարգացնելու հույսով, ապա մեկ տարի անց զինվորագրվեց ամերիկյան բանակին, իսկ 1918-ին Վլադիվոստոկից ԱՄՆ բերել տվեց թուրքական բանակից գերեվարված մյուս եղբորը և մի քանի այլ ազգականների: Զորացրվելուց հետո վերջնականապես հաստատվեց Հեյվերհիլում և 1923 թ. եղբայրների հետ հիմնեց սեփական կոշկի ֆաբրիկա:


1927 թ. Մովսեսյան կամ Բարթ եղբայրների կոշկի ֆաբրիկայում աշխատում էր 300 բանվոր, որոնց մեջ զգալի թիվ էին կազմում ցեղասպանությունից փրկված բազմաթիվ ազգակիցներ, իսկ տարեկան դրամաշրջանառությունը հասնում էր 800 հազար դոլարի…
Մովսես Մովսեսյանը գրել է. «Կեանքիս մէջ յուսահատիլ ինչ է չեմ գիտեր: Իմ յաջողութեանս գաղտնիքը կը գտնուի կը կարծեմ յանդգնութեան, յամառութիւն ըսելու աստիճան յարատև աշխատանքի մէջ:
Երիտասարդութեանս ո՛չ մէկ սրճարան գացած եմ, ո՛չ մէկ վայելք ունեցած եմ, մնացած եմ անաղարտ ու պարկեշտ»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Հարություն Կարապետյանը (խորքի պլանում) և  Մովսես Մովսեսյանը
  • Հ. Կարապետյանի ակնահղկման արտադրամասը
  • Մովսես Մովսեսյանը (մեջտեղում) ու եղբայրները
Դիտվել է՝ 5172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ