Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ապրիլի 24-ին Թուրքիայի հայ համայնքը միջոցառում չի նախատեսելու, զգուշավորություն ու վախ կա

Ապրիլի 24-ին Թուրքիայի հայ համայնքը միջոցառում չի նախատեսելու, զգուշավորություն ու վախ կա
24.04.2019 | 14:13

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, Ստամբուլում միջոցառումներ են նախատեսել մի շարք թուրքական կազմակերպություններ, հայ համայնքը նախաձեռնություններով հանդես չի գա՝ հայտնեց Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Մի քանի թուրքական կազմակերպություններ են, որ այս ուղղությամբ են աշխատում վերջին տարիներին: Դրանցից մեկը «Մարդու իրավունքների միությունն է», թուրքական հասարակական կազմակերպություն է, որն ամեն տարի ապրիլի 24-ին քաղաքի նախկին ոստիկանատան առջև հիշատակման միջոցառում է կազմակերպում: Դա ոստիկանության այն շենքն է, որտեղից հայերին ուղարկել են աքսորի ճանապարհներ: Ոստիկանական այդ շենքն այսօր թանգարանի է վերածվել»,- ասաց նա: Բագրատ Էստուկյանի համաձայն՝ ոստիկանատան առջևի միջացառումը տեղի է ունենալու ցերեկվա ժամերին՝ 11-12-ը, իսկ երեկոյան 7-ին՝ մամուլի համար հայտարարություն է լինելու: «Այս տարի այդ հայտարարությունն ավելի հեռու թաղամասում է տեղի ունենալու: Նախկինում այն կազմակերպվում էր քաղաքի սրտում՝ կենտրոնում, բայց տարիների ընթացքում տեղն աստիճանաբար հեռացավ: Հիմա արդեն ծայրամասում է կազմակերպվում, և մարդկանց մասնակցությունն էլ միջոցառմանը քչացավ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ միջոցառումներին մասնակցողները հիմնականում թուրքերն էին, տեղի հայերը փոքրամասնություն են կազմում նրանց շարքում: «Հայերի զգուշության կամ անտարբերության պատճառով է, որ մասնակցությունը քիչ է: Եթե, օրինակ, 1000 հոգի է հավաքված, նրանց մեջ հայերի թիվը 100-ը չի կազմում: Այս տարի էլ բացառություն չի լինի, անգամ սպասում են, որ մասնակիցների թիվն ավելի նվազ կլինի»,- ասաց նա: Ըստ Բագրատ Էստուկյանի՝ ապրիլի 24-ին հայ համայնքն առանձին նախաձեռնությամբ հանդես չի գալու․ հնարավոր է՝ առանձին անձիք գնան հայկական գերեզմանատուն, խնկարկեն, խոնարհվեն զոհերի հիշատակին:


«Ավելին չի լինի: Եվ դա 100 տարի առաջվանը մոռանալու խնդիր չէ, այլ երկրի դաժան քաղաքականությունը չմոռանալու խնդիր է: Զգուշավորություն ու վախ կա: Թուրքիայի հայերն էլ աշխարհասփյուռ հայերի նման չեն մոռացել 100 տարի առաջվա պատահածը: Ամեն ընտանիք իր զոհերն ունի, հիշում է իր պատմությունը, բայց Թուրքիայի հայերը ավելի զգույշ լինելու սովորություն ունեն: Թուրքիայի Հանրապետությունը 96 տարվա պատմություն ունի, և պետության քաղաքականությունը ուրանալու և ժխտելու վրա է հիմնված: Հետևաբար` տեղի հայերը չունեն համաձայնություն զանգվածային միջոցառումներ իրականացնելու»,- ասաց նա: Բագրատ Էստուկյանը, գնահատելով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ Թուրքիայի իմացության մակարդակը, նկատեց, որ վերջին տարիներին անտեսելու ձգտում կա: «Բայց դրա հետ մեկտեղ այս ընթացքում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրատարակություններ եղան: Ահագին նոր գրքեր հրատարակվեցին: Նույնիսկ կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության մասին այդքան գրքեր Հայաստանում չի հրատարակվել․ թե թուրք հեղինակների գործեր կան, թե հայ հեղինակների թարգմանություններ կան»,- ասաց նա՝ դա պայմանավորելով հանգամանքով, որ Թուրքիայում մտավորական մի խավ կա, որն այլևս չի համոզվում պետության պաշտոնական տեսության հետ և ցանկանում է իրականությունը տեսնել: Հարցին՝ Ստամբուլում իշխանության փոփոխությունը, քեմալականների իշխանության գալը, ի՞նչ փոփոխություններ կարող է բերել ազգային փոքրամասնությունների համար, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․


«Պետք է հաշվի առնել, որ ամեն դեպքում երկրի ղեկավարման ղեկը նրանց ձեռքին չէ: Նրանք քաղաքային իշխանություն են և, դրանով պայմանավորված, փոքր-ինչ դեմոկրատական մոտեցումներով են շարժվում: Հետևաբար` որոշ դրական տեղաշարժեր սպասել կարելի է: Ավելի դրական սպասումներ կարող էինք ունենալ ձախակողմյան ուժերի հաղթանակի դեպքում, ոչ թե քեմալականներից»,- ասաց նա:
Հարցին՝ հնարավոր է, որ այս տարի էլ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես գա հայտարարությամբ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․«Ակնկալվում է, որ այս տարի էլ Էրդողանը ելույթ կունենա: Այդ սովորությունը կա Հայոց ցեղասպանության հարյուրամյակից: Այդ ժամանակ Էրդողանը հիշեց 100 տարի առաջ զոհվածներին, ցավակցություն հայտնեց՝ առանց, իհարկե, «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելու»,- ասաց նա:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ