Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք գիտենք ցեղասպանության գինը, անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել

Զոհրաբ Մնացականյան. Մենք գիտենք ցեղասպանության գինը, անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել
24.04.2019 | 23:46

Ամենակարևոր պատգամն այսօր ինձ համար այն է, որ վճռականությունը արդարության վերականգնելու համար երբեք չի կորչում՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


«Տարբեր երկրներում այս օրը բազմաթիվ միջոցառումներ են լինում, երբ մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ հավաքվում են և իրենց տուրքն են մատուցում»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր այլ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ Երևան չեն եկել իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հարցին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կանգ է առել, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․ «Ինչպե՞ս թե կանգ է առել: Իտալիայից նորություններ չե՞ք լսում: Երկրորդը՝ ինչպե՞ս կարող է կանգնել: Երրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլ է նաև կանխարգելելու այլ ցեղասպանությունները, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու»: Հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա Հայաստանը, օգտագործելով իր հեղինակությունը, պարտադրի Թուրքիային բացել սահմանները, ԱԳ նախարարը պատասխանեց․ «Դուք լսում և տեսնում եք այն ամենը, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից: Եվ դրանք շատ հուսադրող չեն»:


Հարցին, թե գործընթացի համար նախապայման է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա արձագանքեց․ «Երբևէ չենք ասել, որ դա նախապայման է»:
Ըստ նախարարի՝ ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է ՀՀ արտաքին քաղաքական գերակա ուղղություններից մեկը: «Առնվազն 21 տարի մենք Ցեղասպանության կանխարգելման օրակարգը հետևողականորեն միջազգային օրակարգում տանում ենք առաջ: Դա չի կապվում մեկ ցեղասպանության հետ, դա կապվում է մեկ բանի հետ, որ ցեղասպանությունը կանխարգելելը միջազգային պարտավորվածություն է»,- ասաց նա: Երբ կանխարգելման համակարգը, չի գործում, ըստ նախարարի, ցեղասպանությունները կրկնվում են: «Մենք գիտենք գինը ցեղասպանության, մենք գիտենք, թե որքան ծանր է: Արդեն մեր ժողովրդի 4-5 սերունդ տանում է այդ ցավն իր մեջ, իրենց մեջ տանում է այդ դժբախտությունը, և դա ի հայտ է բերում մեկ պատգամ, որ անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը խոսեց նաև իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի առաջիկա հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ Մոսկվայում հանդիպմանն իրենք խոսել են, թե հաջորդ անգամ երբ և որտեղ են հանդիպելու: «Մենք քննարկել ենք: Եռանախագահներին և երկու նախարարներին է վերաբերում, յուրաքանչյուրը պետք է ճշտի, թե ինչպես է հնարավոր ֆիքսել այդ ժամկետները: Գիտեք, որ հանդիպումները լինում են տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ համանախագահող երկրների: Բոլոր տարբերակները բաց են, բայց ճիշտ է, որ մենք բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք»,- ասաց նա:


Հարցին, թե Մոսկվայում հանդիպմանը սեղանին «Լավրովի պլանն» է եղել, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․«Այն, ինչ մենք քննարկել ենք, հրապարակվել է հաղորդագրության մեջ, ուրիշ մեկնաբանության կարիք չունենք: Ամենն արտահայտված է փաստաթղթում, որի շուրջ մենք համաձայնել ենք, և դա մեր միասնական սեփականությունն է: Այնտեղ ամենն ասված է, որ մենք քննարկել ենք կողմերի դիրքորոշումները, մենք որևէ փաստաթուղթ չենք քննարկել»:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ