Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խորովածը շատ լավ բան է, բայց ոչ Մաշտոցի պողոտայում

Խորովածը շատ լավ բան է, բայց ոչ Մաշտոցի պողոտայում
30.04.2019 | 02:12

Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնը չեմ սիրել, ընդունել, իմաստավորել դրա կազմակերպման առաջին իսկ տարվանից, քանի որ մշտապես ականատես եմ եղել ոչ թե ավանդական ուտեստի պատրաստման, այլ ուտել-խմելու, մի-մի թաս անելու տրամաբանությամբ իրականացվող գործընթացի: Հանապազօրյա հացի փոխարեն խորովածին հատուկ կարգով ու ակնածանքով երկրպագելու ծեսը տանել չեմ կարողանում նաև ցանկացած ուրախ առիթի ժամանակ: ՈՒտեստի նկատմամբ հատուկ ընդգծված վատ վերաբերմունք չունեմ, ուղղակի այն պատրաստելու ու մատուցելու ծիսական արարողությունն եմ անիմաստ համարում, էլ ուր մնաց՝ փառատոնը: Ի դեպ, այն երկար տարիներ Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում էր անցկացվում, ու միայն 10 տարվա անընդմեջ քննադատությունից հետո վանական համալիրի բակն ազատվեց ծխահամությունից: Փառատոնի կազմակերպիչներն այն տեղափոխեցին քաղաքի ֆուտբոլի դաշտ, օրեր առաջ էլ, փաստորեն, Մաշտոցի պողոտան էր հյուրընկալել մանղալների շքերթը: Հանրապետության առաջին դեմքի ձեռամբ Երևանի թիվ մեկ պողոտան հետայսու խորովածի հետ կասոցացվի: Քաղաքացու օրը Փաշինյանը ոչ միայն մասնակցեց խորոված պատրաստելու գործընթացին, այլև ասաց, որ դեմ չի լինի, եթե Մաշտոցի պողոտայում ծայրեծայր մանղալներ շարվեն։ «Ով որ այդպիսի գաղափար ունի, թող չկաշկանդվի»,- ասաց Փաշինյանն ու իր իսկ ձեռքով շամփուրից քաշեց-հանեց միսը, համտեսեց ու շնորհակալություն հայտնեց պողոտայում խորոված անելու ավանդույթը պահպանողներին:


Չգիտեմ՝ այդ օրն ով ինչքան խորոված պատրաստեց ու կերավ, բայց Հայաստանի 30- տոկոսոսանոց աղքատ խավը, որի մասին ներկա իշխանություններն էին հաճախ հայտարարում, դժվար թե կուշտ փորով քնած լինի: Սահմանապահ համայնքների բնակիչներից ոմանք գուցե նույնպես խորոված արած լինեն, բայց կրակահերթերի վախը սրտներում՝ այն դժվարությամբ կուլ գնացած կլինի: Մանկատան երեխաներն ու ծերանոցի տատիկ-պապիկներն էլ երևի չեն կարողացել հիշել, թե վերջին անգամ իրենց համար ով է խորոված պատրստել: Բայց եթե հասարակության մի ստվար զանգված ողջունում է կերուխումի պետական մտածողությունը, ապա թե՛ մանկատան սաների, թե՛ ծերանոցի բնակիչների կյանքում դժվար թե բան փոխվի:


Երևանի գլխավոր պողոտան, վախենամ թե, զբոսաշրջիկներին այսուհետ ոչ թե Մաշտոցի անունով ներկայացնենք, այլ խորովածի: Գիտե՞ք, կասեն խորովածասեր քայլարածները, մեր վարչապետը մի քանի հոբբի ունի. երբ փողոցներից ծխախոտի մնացուկները հավաքում, ավարտում է, մանղալ է դնում ու հեղափոխական խորոված պատրաստում: Իհարկե, ես իրավասու չեմ հանդիմանելու այն մարդկանց, որ քաղաքացու օրը նախ իմաստավորում են, ապա դրա բովանդակությունը պատկերացնում նարդի, շաշկի խաղալով ու վարչապետի հետ միսը կրակին տալով: Բայց եթե անգամ ընդունենք, որ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին պետք է հատուկ օր ունենա, ապա ես այն պատկերացնում եմ այնպիսի միջոցառումների կազմակերպմամբ, ինչից հետո մարդկանց իրավագիտակցություն մեջ փոփոխություն կլինի, կխթանվեն քաղաքացիական արժեքները և այլն: Այսօր արդեն՝ քաղաքացու օրվանից 3 օր անց, հայտնի չէ՝ խորոված ուտելուց հետո ինչպես ու ինչքան է բարձրացել մարդկանց քաղաքացիականության մակարդակը, որևէ մեկը չի կարող նման վիճակագրություն ներկայացնել: Թեպետ քաղաքացու օր ունենալու օրենքն ընդունվեց ոչ հիմնավոր մեկնաբանություններով ու անհասկանալի ձևակերպումներով, բայց գոնե կարելի էր այն սահմանել որպես իրական սիրո և հանդուրժողականության օր:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ