Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վերելակը լռվեց

Վերելակը լռվեց
07.05.2019 | 02:44

Չունե՞ք զգացողություն, որ Հայաստանն իր համար հնարել է օրակարգ ու ապրում է այդ օրակարգով, որ բացարձակապես անհամարժեք է իրավիճակին: Մամուլի ազատության օրը բոլորը խոսում են մամուլի ազատությունից, ոչ ոք հարց չի տալիս՝ ինչի՞ համար է մամուլն իր ազատությունը օգտագործում: Հայաստանում ԵԱՏՄ վարչապետերի նիստից հետո բոլորը խոսում են Մեդվեդևի «անտակտության» մասին, ոչ ոք չի հարցնում՝ Հայաստանին ի՞նչ տվեց նիստը, իր խնդիրները լուծե՞ց: Արարատի մարզում ներդրումային բիզնես ծրագրի համաժողով է անցկացվում, ելույթ ունեցողները չեն խոսում մարզի արդյունաբերության մասին:

Հասարակական քննարկումները պտտվում են ԱԱԾ-ՀՔԾ պետերի հակամարտության մասին, ոչ ոք չի բարձրացնում հարցը՝ ինչի՞ հետևանք է կոռուպցիոն սկանդալը: Պետական կառույցներով գերզբաղված են Գագիկ Ծառուկյանի հարցով, հարց չի դառնում` բիզնես-քաղաքականություն տարանջատման հիմքեր ստեղծվա՞ծ են: Փորձագիտական միտքը կամկար դեգերումների մեջ է, լրագրողները կերակրվում ու հասարակությանը կերակրում են սկանդալներով, պետությունը նահանջում է իշխանության ճգնաժամի առաջ: Հասարակությունը նորից ընկղմվում է իներտության կամ զվարճանքի ծանծաղուտը: Վաղը պայմանականորեն, եթե հաշվի առնենք Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, նշվում է հեղափոխության տարելիցը: ՈՒ ինչի՞ տարելիցը: Թերևս պատասխանն Աժ այգում հայտնված հավերն էին՝ իրենց «քաղաքական զբոսանքով»:


Զբոսանքի մասին. մայիսի 4-ին Արարատի մարզում՝ Արտաշատում, «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողով էր: Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական առանցքը տնտեսական հեղափոխությունն էր՝ «Գործարարները իշխանության հետ համաձայնեցումի կարիք չունեն» ռեֆրենով։ Հպարտ հայերը հաճույքով հյուրասիրում էին սոված վարչապետին իրենց բերք ու բարիքով, ոտքի վրա փորձում հարցեր լուծել, վարչապետն էլ հաճույքով սնվում ու օգնում էր՝ ինչով կարող էր: Իդիլիա: Լիակատար: Հայաստանի տնտեսության մեջ իրո՞ք կատարվել են փոփոխություններ, որ տնտեսական հեղափոխության նախադրյալներ լինեն: Գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ երկիրը կդառնա՞ բարձր տեխնոլոգիական: Կաթիլային ոռոգման մասին խոսողները պատկերացնու՞մ են համակարգի ներդրման գինը: Կաթիլային ոռոգումը փրկություն է, բայց՝ Իսրայելում: Նույնիսկ եթե Հայաստանում, ինչպես Իսրայելում, ջուրն էժան լինի նրանց համար, որ 1 հեկտարից ավելի շատ բերք են ստանում: Իսրայելի 60 %-֊ը անապատ է, Հայաստանում ջրի 70 % կորուստ ունենք: Ջուրը հոսում է մեզ շրջափակող երկիր, ու՝ վերջ: Կաթիլային ոռոգումը ոչինչ չի տա, քանի լուծված չեն սերմնացուի, անասունների սելեկցիայի, մշակաբույսերի տեսակի ծրագրման, ապահովագրության, կոոպերացիայի, կարկտահարությունից պաշտպանության հարցերը: 1999-ի ամռանը վարչապետ Վազգեն Սարգսյանը ջրի հարցով արտագնա խորհրդակցություն էր կազմակերպել՝ ոլորտի պատասխանատուներին ու մասնագետներին Արարատի մարզ տանելով: Դեռ այն ժամանակ էր նա խնդիր դնում Հայաստանի ջրային պաշարների քարտեզ ունենալը՝ խորքային ջրեր, արտեզյան, ջրամբարներ, գոլորշացման մակարդակի հաշվառում: Նաև ասում էր, որ հեռանկարում ջուրը սիմվոլիկ գնով պիտի գյուղացուն տրվի՝ գյուղմթերքի արտահանումը էժանացնելով: Հիմա Վեդի գետը վերևից իջնում է ներքև, հետո էներգիա են ծախսում և պոմպերով ուղարկում վերև՝ ոռոգման: 2019-ին ունե՞նք ստորգետնյա ու վերգետնյա ջրային պաշարների ուսումնասիրություն: Ե՞րբ է ջուրը գնահատվելու իբրև ռազմավարական ռեսուրս, որի արտահանումը ոչ թե շշերով, այլ խողովակաշարերով միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու: Ոչ մեկի մտքով չէր անցնում գնահատել՝ Մերձավոր Արևելքին խմելու ջրի մատակարարումը ի՞նչ գին կունենա: Ճիշտ՝ ինչպես ոչ մեկի մտքով չէր անցնում վարչապետի առաջ հարց բարձրացնել Արարատի մարզի արդյունաբերության վերականգնման մասին:
Անհիշելի անցյալում չէր Արարատն արդյունաբերական մարզ: Մասիսի դիամիդի, Արտաշատի հախճապակու ու քարի վերամշակման գործարանները, գինու, ոսկու վերամշակման, Այնթափի ժանյակինը… «Արարատցեմենտն» էլ ձեզ նվեր: Որտե՞ղ են իրական աշխատատեղերը: Կիսատ-պռատ գյուղատնտեսությա՞ն, Խոր վիրապի ու երբեմնի մայրաքաղաք Արտաշատի հույսին մնացած զբոսաշրջությա՞ն մեջ, թե՞ արդյունաբերության: Քանի՞ խորհրդաժողով է պետք, որ վարչապետն ու կառավարությունը հասկանան՝ գյուղատնտեսությամբ ու զբոսաշրջությամբ արդյունաբերական հեղափոխություն չես անի, փողն արդյունաբերության մեջ է, իսկ արդյունաբերության վերականգնումը կառավարության օրակարգում առաջնահերթություն չէ:

50000 աշխատատեղերն էլ՝ այս ու այն ոլորտից քերված ու բացահայտված, տնտեսության զարգացում չեն վկայում: Ցավոք: ՈՒ վարչապետը, որ զուգահեռում է քաղաքական ու տնտեսական հեղափոխությունները՝ հույսը դնելով մարդկանց գլխում աղքատության սպանության վրա, պիտի մտածի, որ ինքը ՀՀ ամենահպարտ քաղաքացին է, որ ամենից շատ պիտի մտածի արդյունաբերության զարգացման մասին: Եթե քաղաքականության մեջ առայսօր աշխատում է «ընդդեմի» սկզբունքը, տնտեսության մեջ «ընդդեմ» չկա: Եթե ընդունենք, որ մինչև 2018-ի վերջը Նիկոլ Փաշինյանն զբաղված էր իր ամբողջական իշխանության ձևավորմամբ, դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակից հետո միայն նա է կրում պետության զարգացման պատասխանատվությունը: 4 ամիսը գերկարճ ժամանակ չէ, հակառակը՝ անցած 4 ամիսները պիտի լինեին համակարգային փոփոխությունների ներկայացման ու հիմնավորման շրջան, որ մնացած 4 տարում հնարավոր լինեին փոփոխությունները: Հեղափոխությունից հետո անցած 1 տարում, դատելով վարչապետի հրապարակային ելույթներից, կառավարության հաստատված կառուցվածքից ու վարած քաղաքականությունից, մենք նույնիսկ չունենք պետական ձևավորված ու գործող համակարգ, հայեցակարգ կամ ծրագիր, որ առարկայական է դարձնում տնտեսական հեղափոխության հնարավորությունը: Փոխարենն ավելի ու ավելի հաճախ ենք լսում թվեր ու վիճակագրական հաջողությունների հայտարարություններ, իսկ կյանքի որակը նույնն է: Վաղը ևս իր ասուլիսում վարչապետը հաստատ թվախեղդ կանի կամ դեմագոգիկ հայտարարություններ կուղղի փոփոխությունները չտեսնողներին: Գուցե զարմանա, որ «կույրերով» ու «խուլերով» է շրջապատված, ու ասի՝ չցանկացողը ոչ կտեսնի, ոչ կլսի: Բայց չի ասի՝ ցանկացողը ի՞նչ տեսնի ու լսի: Ո՞ր Հայաստանը: Նոր անվանված, բայց հին օրենքներով ապրո՞ղ: Նախկին կարգուկանոնո՞վ:


Կարգուկանոնի մասին. հերթական սկանդա՞լն էր պետք, որ օրակարգ մտնի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը: Օրենսդրորեն: Դա ազգային անվտանգության հարց է: «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայությունը չի փաստարկվել ու չի կարող փաստարկվել որպես Հայաստանի շահերից բխող փաստ։ Տարիներ խոսվել է ՌԴ սահմանապահների ներկայության չհիմնավորվածության, երկրի ինքնիշխանության ոտնահարման, ապասուբյեկտացման մասին, բայց չի տրվել հոդաբաշխ բացատրություն՝ ինչու՞ Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է լինեն այլ երկրի սահմանապահներ, ինչու՞ պիտի օտար երկրի իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները վերահսկեն Հայաստան մուտք ու ելք անող մարդկանց տեղաշարժը։ Գուցե նրանք մի օր մեր մուտքն ու ե՞լքն էլ արգելեն, եթե ՌԴ-ն մեզ «անցանկալի անձ» ճանաչի մեր երկրում: Եթե հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններն իսկապես փայլուն են, չքննարկվող խնդիրներ չկան, ժամանակն է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու հարցը փակել: Առավել ևս՝ եթե Հայաստանն ուզում է ԵՄ-ի հետ լուծել վիզաների ազատականացման խնդիրը: Հակառակ պարագայում հերթական Մուստաֆա Նայեմը, արգելափակվելով «Զվարթնոցում», աշխարհին ի ցույց է դնելու Հայաստանի ձևական ինքնիշխանության բովանդակային անհամապատասխանությունն իրականությանը:


Արգելափակվելու մասին: Մինչ Աժ-ն, ՀՔԾ-ն, լրատվական դաշտը դարակազմիկ հարց են լուծում՝ զրկել ԲՀԿ նախագահին մանդատից, թե ոչ, ի հետևանս քաղաքական վերադասավորումներ են անում՝ ԱԺ-ում, նույնիսկ գրում են խորհրդարանի լուծարման ու նոր արտահերթի հավանականության մասին՝ հոգով ու սրտով տրվելով կեղծ օրակարգին (իրական օրակարգը ԲՀԿ նախագահի մանդատի հարցը չէ, այլ իշխանություն-բիզնես հարաբերությունների կանոնակարգումը), Ադրբեջանը մարտավարություն է փոխում՝ իր քայլերով արձանագրելով` Դուշանբեի վերելակը լռվեց հարկերի արանքում: Վերելակային դիվանագիտությունը սպառվեց:


Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանից հետո ունենք երկրորդ վիրավորը՝ Ագանիկ Զորոգլյանը: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից կրակ է բացել Ակնայի հատվածի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վնասելով թափքը, մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը Մատաղիսի հատվածում գտնվող մարտական դիրքերի ուղղությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար զինատեսակներից, գնդացիրներից ու ինքնաձիգներից արձակել է 330 կրակոց: Հրադադարի խախտման առաջին դեպքն արձանագրվեց ապրիլի 30-ին՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցի օրը ռմբակոծվեց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ ԵԱՏՄ վարչապետերի նիստում ՀՀ վարչապետը ոչ մի անդրադարձ չարեց Ադրբեջանի վարքագծի փոփոխությանը: Կարծես՝ ինքնին հասկանալի էր, որ Ալիևը վերելակի դուռը փակում է: Աթաթուրքի անվան թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո: Կամ՝ այլ պատճառով: Ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հետ եռակողմ բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տարբեր հայտարարություններ արեց՝ նախ ասաց, որ քննարկել են կարգավորման 2016-ի ռուսական ծրագիրը՝ «Լավրովի պլանը», ՌԴ ԱԳՆ-ն չհերքեց, հետո ասաց՝ Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում կլինի: ԱՄՆ-ը հաստատեց՝ առանց կոնկրետ ժամկետի ու վայրի: Հայաստանը չհերքեց: Բայց Վաշինգտոնը հանդիպման հարցում ակտիվություն չի դրսևորում, ու Բաքուն սկսեց կրակել՝ համազարկերը և Մեդվեդևի «պատվին» էին, և Վաշինգտոնի լռության: Փաստացի՝ չի բացառվում ռուս-ադրբեջանական հերթական սեպարատ համաձայնությունը: Այսպես ի հայտ եկավ Բաքվին մեծ հույսեր ներշնչող «Բոլթոնի պլանը», որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նույն սուբստանտիվ օրակարգն է, բայց ի՞նչ կապ ունի Ջոն Բոլթոնը: Բաքուն փորձում է ցանկալին իրականի տե՞ղ անցկացնել, թե՞ ԱՄՆ-ը ինչ-որ ծրագիր իսկապես ունի: Կամ չունի, եթե չի շտապում Մնացականյանին ու Մամեդյարովին Վաշինգտոն հրավիրել ու քննարկման ձևաչափ և օրակարգ հայտարարել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Համեմատեք Հայաստանի իրական խնդիրներն ու օրվա քննարկումները՝ համոզվելու, որ իշխանությունը մոռացել է պետության մասին, զբաղված է ու հանրությանը զբաղեցնում է կեղծ օրակարգերով՝ ասպարեզ նետելով մեծ ու փոքր սկանդալներ ու ձգելով լուծումները: Օրվա մեջ գուցե հրատապ են իշխանության թևերի հակասությունները, պետության տեսակետից՝ այդ խնդիրները պետք է օրենսդրական լուծում ունենան: Սուպերվարչապետական համակարգը և խորհրդարանական հանրապետության խորհրդարանում մեկ կուսակցության բացարձակ մեծամասնությունը բարեբեր հող են, որ սկանդալները շարունակվեն, և իշխանությունը լուծում տա միայն իր ցանկացած հարցերին՝ իր պատկերացումների համաձայն: Իշխանությունը գործում է պետության դեմ՝ քաղաքացիների տված քվեով: Սա ճգնաժամ է, որի լուծումը ընտրություններն են տալու, եթե ընտրողների գիտակցությունը հերիքի 35-40 տոկոսից ավելի ձայն որևէ կուսակցության չտալ:

Դիտվել է՝ 1887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ