Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը
13.05.2019 | 13:07

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով: Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:


Սերովբե եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրել է հյուրերին՝ անդրադառնալով Գերմանիայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի և հայոց թեմի միջև ձևավորված գործակցությանը և տեղեկացնելով Հայոց Եկեղեցու հետ հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամության մասին:
Այնուհետև այցի առիթով իր գոհունակությունն է հայտնել Հայոց Հովվապետը` ուրախությամբ արձանագրելով Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ կապերը և համագործակցության լայն և բովանդակալից ընդգրկումը: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների և Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ: Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավարություն են ունեցել և այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:


Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի ատենապետ և Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ֆայգե եպիսկոպոսը կարևորել է երկու Եկեղեցիների փոխհարաբերությունների խորացումն ու զարգացումը տարբեր ոլորտներում: Վերջինս փաստել է, որ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու և Հայոց թեմի միջև բարեկամական կապերը շարունակ սերտանում և ամրապնդվում են:


Սրբազան Հայրը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետը ներկայացրել է Հայոց Եկեղեցու վերջին տասնամյակների ձեռքբերումները հոգևորականների պատրաստության, քրիստոնեական դաստիարակության, Եկեղեցու սոցիալական ծառայության և եկեղեցաշինության ոլորտներում, պատասխանել պատվիրակության անդամների հարցերին, որոնք վերաբերում էին վանական կյանքի վերականգնմանը և հասարակության մեջ Ավետարանի քարոզչությանը: Պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում։

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ