Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քոչարյանը ստում է՝ արտակարգ դրությունը տարածվել է ամբողջ հանրապետությունում

Քոչարյանը ստում է՝ արտակարգ դրությունը տարածվել է ամբողջ հանրապետությունում
18.05.2019 | 12:43

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեղադրանքն անհիմն համարելուց և իր պնդումները հիմնավորելուց, պարզվում է, նաև ստում է։ Մայիսի 16-ին դատարանում մեկ ժամից ավելի ելույթ ունենալու ժամանակ Քոչարյանը հայտարարեց, որ արտակարգ դրություն հայտարարվել է միայն Երևանում։

«Արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ հանրապետության տարածքի 2 տոկոսում։ Ընդունենք՝ ինչ-որ բան անօրինական էր, լավ չէր և այլն, և այլն։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ոնց են սահմանադրական նորմերը դադարել գործել ամբողջ Հայաստանում։ Ես դա չեմ հասկանում»՝ դատարանի դահլիճում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։ «Ստիպված եմ հրամանագրից մեջբերում կատարել. «Երևան քաղաքում 2008-ի մարտի 1-ին 20 օր ժամկետով հայտարարել արտակարգ դրություն։ Առաջին և չորրորդ կետ՝ սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետևյալ ժամանակավոր սահմանափակումները»։ Արտակարգ դրություն հայտարարված տարածքում, խնդրում եմ սա շեշտել։ Երևան քաղաքը մեկ բնակավայր է, Հայաստանում կա 1200 բնակավայր՝ մեծ, փոքր, միջին։ Երևան քաղաքի տարածքը կազմում է մոտավորապես 2 տոկոսը ՀՀ տարածքի։ Այսինքն՝ արտակարգ դրություն հայտարարվել է մեկ բնակավայրում՝ հանրապետության տարածքի 2 տոկոսում»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա հայտարարությունից հետո Մարտի 1-ի գործով անցած բազմաթիվ անձինք, նախկին քաղբանտարկյալներ պնդում են՝ Ռոբերտ Քոչարյանը ստում է։ Արտակարգ դրության ռեժիմը գործել է ամբողջ հանրապետության տարածքում։ Իրավապահները հանրապետության տարբեր բնակավայրերում մարդկանց են ձերբակալել, կապարակնքել շտաբներ, դադարեցրել տարբեր կառույցների գործունեություն։ «7»-ի գործով անցած քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանն իր անձնական օրինակով է փաստում, որ արտակարգ դրությունը միայն Երևանում չի եղել: «Ես իմ անձնական փորձով գիտեմ, որ արտակարգ դրությունը ամբողջ հանրապետությունում է եղել։ Ռոբերտ Քոչարյանը կա՛մ սուտ է խոսում, կա՛մ չի տիրապետել իրավիճակին։ Օրինակ՝ ես 2008-ի մարտի 3-ին գնացել եմ Աբովյան քաղաքում գտնվող մեր շտաբ և հայտնաբերել, որ շտաբը կապարակնքված է ոստիկանության կողմից։ Երբ բացատրություն պահանջեցի, ինձ ասացին, որ շտաբը կապարակնքված է, որովհետև արտակարգ դրություն է հայտարարված։ Երբ ես ոստիկաններին բացատրեցի, որ արտակարգ դրություն է հայտարարված միայն Երևանում, ոստիկաններն ինձ ասացին՝ ոչ, արտակարգ դրություն է հայտարարված հանրապետության ամբողջ տարածքում»՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոսկերչյանը։ Նա պատմեց, որ 2008-ի մարտի 8-ին Աբովյանի ոստիկանապետը իրեն կանչել է հարցաքննության, որ մինչև ձերբակալումը, շրջանցելով բազմաթիվ կայքերի արգելափակումներ, Ոսկերչյանը տպագրում էր նյութեր, այդ նյութերը պատճենահանում էր և տարածում համախոհների շրջանում։ «Երբ ինձ կանչեցին հարցաքննության, ես այդտեղ արդեն իմացա, որ մինչև իմ գնալը քսերոքսի բոլոր կետերի աշխատողներին տարել հարցաքննել էին։ Ինձ ներկայացվող մեղադրանքը հենց դա էր, որ ես արտակարգ դրության պայմաններն եմ խախտել և քսերոքսով նյութեր եմ տարածում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ։ Հարցաքննությունից հետո ինձ արդեն ձերբակալեցին։ Հիմա ոնց է ստացվում, որ արտակարգ դրությունը միայն Երևանում էր, եթե Աբովյան քաղաքում մեր շտաբը կապարակնքում են արտակարգ դրության հիմքով, ինձ ձերբակալում են արտակարգ դրության պայմանները խախտելու հիմքով, չնայած որ հետո այլ մեղադրանք առաջադրեցին։ Հիմա ես ինչպես կարող եմ չասել, որ Ռոբերտ Քոչարյանը պարզապես ստում է»,- ընդգծեց Գրիգոր Ոսկերչյանը։


«Արտակարգ դրությունը միայն Երևանում չի եղել։ 2008թ. մարտի 1-ից հետո Վանաձորում արգելվել են բոլոր հավաքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ «Քոչարյանի այս պնդումը իրականությանը չի համապատասխանում, քանի որ միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ 2008թ. մարտի 1-ից հետո մինչև ապրիլը ներառյալ նախաձեռնած բոլոր հավաքներն արգելվել են Վանաձորի քաղաքապետի կողմից։


Ես և Վանաձորի այլ բնակիչներ Վանաձորում մարտին և ապրիլին հավաքներ անցկացնելու հարցով Վանաձորի քաղաքապետին էինք դիմել 2008թ. մարտի 3-ին, 20-ին, 21-ին, ապրիլի 1-ին, 2-ին, 30-ին և բոլոր դեպքերում մերժում էինք ստացել։ Հավաքներն անցկացնելու արգելքի որոշման հիմքում Վանաձորի այդ ժամանակվա քաղաքապետ Սամվել Դաբինյանը դրել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի և ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության պաշտոնական եզրակացությունները»,-ասաց Սաքունցը՝ հավելելով, որ, օրինակ, 2008թ. մարտի 4-ին հավաք անցկացնելն արգելելու իր որոշման մեջ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշել էր, որ «Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաք Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները, որի արդյունքում մարդկային կորուստ ունեցավ նաև Վանաձոր քաղաքի բնակչությունը, և մտավախությունը, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է հանգեցնել անկանխատեսելի և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքների, որոշում եմ արգելել հանրահավաքները»։ «Սրանք փաստեր են, որոնք ապացուցում են, որ Քոչարյանը ստում է»,- ընդգծեց իրավապաշտպանը։


Քոչարյանը ստեց նաև լրատվամիջոցների գործունեության սահմանափակման առումով։ Նրա խոսքով՝ Հայաստանում գործող 32 հեռուստատեսություններից սահմանափակման են ենթարկվել միայն Երևանում տեղակայված 9 ալիքները, 39 թերթից 15-ի աշխատանքը, ինտերնետի սահմանափակում էլ չի եղել։ «Ամեն ինչ արվել է ողջամիտ չափի մեջ, մի բան էլ պակաս»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ անգամ ինչ-որ բան է եղել, թեև ինքը համարում է, որ չի եղել, սահմանադրական կարգի խախտում է, բայց ոչ տապալում՝ ինչպես ավում է իր մեղադրանքում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում մոտ 20 կայք է արգելափակվել։ Մի շարք դոմեյններ պարզապես կասեցվել են, ինչը, փորձագետի խոսքով, նույնիսկ արտակարգ դրության դեպքում ապօրինի էր։ Բացի դրանից, նաև Յութուբն է փակված եղել։ «Մարտի 5-ին արգելափակվեց youtube.com կայքը, քանի որ այնտեղ ընդդիմությունը սկսել էր տեղադրել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր»,- գրում է փորձագետը։ Արգելափակումները վերացան միայն 2008-ի մարտի 21-ին։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ