Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ ինչու՞ այդքան անհանդուրժողականություն

Իսկ ինչու՞ այդքան անհանդուրժողականություն
24.05.2019 | 02:16

Անհանդուրժողականությունը որքան էլ պատմության տարբեր ժամանակներում ուղեկցել է բոլոր պետություններին և ավելի շատ բնորոշ է եղել բռնապետական կարգերին, ժամանակի ընթացքում ենթարկվել է մեծ փոփոխությունների և մեր օրեր հասել ժողովրդավարական կարգի պետությունների կառուցմամբ, որտեղ հարգի են այլախոհությունը, միմյանցից տարբերվող կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական շարժումների ձևավորումը, տարբեր կարծիքներ հայտնելու հնարավորությունը, ցույցեր, երթեր, հանրահավաքներ անցկացնելու ազատությունը և այլն:


Այդ ամենի համար մարդկությունը թանկ է վճարել և ուսանելի մեծ ճանապարհ անցել:
Ինչ խոսք, հեշտ չէ հասնել նման կարգի պետության, հասարակության կառուցմանը, որտեղ մարդիկ ազատ են իրենց գործողություններում, արարքներում և հայացքներում:
Նաև փաստ է, որ ավելի առաջընթաց, զարգացում են ապրում այն երկրները, որոնք դավանում և հետևում են վերը թվարկված արժեքներին:
Բայց նաև ասենք, որ այդ ամենին հասնելու գործում յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն ունի, քանզի առանց նախորդի, նրա կատարածի, հնարավոր չէ այդ հարցում հասնել հաջողության: Այդ պարզ ճշմարտությունն ունի մի կարևոր խորհուրդ՝ չկտրվել անցյալից, չմերժել նախորդի կատարածը, յուրացնել դրականը, ձեռքբերումները և այդ ամենի հենքի վրա կառուցել նորը, ավելի առաջավորն ու կատարյալը: Նման դեպքում ապահովվում է սերունդների կապը, հասարակության նոր որակով, նոր պահանջների ոգով զարգացումը, ինչը նպաստում է կայուն և համերաշխ հասարակության ձևավորմանը:


Առանց խորանալու մեր ժողովրդի հազարամյակներով լի հարուստ պատմության տարբեր դրվագների վերլուծության մեջ, միայն նշենք, որ հայ ժողովուրդը իր պատմության վերջին երեք տասնամյակների ընթացքում ապրել է մեծ ցնցումների, վերափոխումների շրջան, որի ընթացքում նույնքան մեծ փոփոխությունների են ենթարկվել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերությունները, երբ իրար կողքի ապրել, գործել են մեկ միասնությունը, մեկ՝ միմյանց նկատմամբ անվստահությունը, անհամաձայնությունը, միմյանց մերժելու հոգեբանությունը, անհանդուրժողականությունը և այլն:
Ստեղծված իրավիճակի համար մեծ հաշվով մեղավոր են թե՛ իշխանությունները, թե՛ հասարակության տարբեր խավերը ներկայացնող քաղաքական ուժերը, կազմակերպություններն ու ընկերությունները:


Բայց ավելի շատ և առաջին հերթին պատասխանատու են իշխանությունները, քանզի նրանք են ժողովրդին տանում վերափոխումների, ոգևորում իրենց կարգախոսներով ու խոստումներով: Իսկ իշխանությունների հաջողության բանալին այդ խոստումներին հավատարիմ լինելը և խոսքի ու գործի միասնությունն է:
Նաև փաստենք՝ պետության կայունությունը պայմանավորված է իշխանությունների քաղաքականությամբ և այն իրողությամբ, թե վարվող քաղաքականությունը որքան է համահունչ ժողովրդի շահերին, որքան է բխում նրա ցանկություններից ու ընկալումներից:
Ժողովուրդը ողջունեց հանրապետությունում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները: Ավելին՝ դարձավ այդ վերափոխումների գլխավոր դերակատարը, շարժիչ ուժը, առանց որի հնարավոր չէր այդ ամենը իրականացնել:


Այնպես որ իշխանությունները պետք է խոնարհվեն ժողովրդի առաջ, հասկանան, որ առանց ժողովրդի պաշտպանության ոչինչ չեն կարող իրականացնել ու ոչնչի չեն հասնի: Ասել է՝ օրվա իշխանությունները քայլ առ քայլ պետք է իրականացնեն իշխանության գալու ճանապարհին հրապարակավ ժողովրդին տված խոստումները:


Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ընտրել է ժողովրդի ոգևորությունը, հեղափոխական տրամադրությունները պահպանելու մեկ ձև՝ ի լուր հանրության բարձրաձայնել, թե վաղն ինչ նոր վերափոխումներ են սպասվում, ինչ նոր անօրինականություններ են բացահայտվել, ովքեր են ենթարկվելու պատժի և այլն:
Բայց ժողովրդին ավելի շատ հետաքրքրում են այնպիսի փոփոխությունները, որոնք ավելի շոշափելի կդարձնեն հեղափոխության պտուղները: Իսկ եթե... ապա առաջանում է անդունդ ժողովրդի և իշխանությունների միջև, որն էլ իր հերթին ծնում է անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ստեղծում իրար չհասկանալու, չլսելու և հասարակությունը տարբեր բևեռների՝ սև ու սպիտակի բաժանելու վտանգ:


Նման իրողությունների բախվում ենք գրեթե ամեն օր, որոնք դրսևորվում են բողոքներով, հանրահավաքներով, փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ փակելով, բոյկոտներով և այլն:
ՈՒ առավել զավեշտալի է, երբ հիշյալ երևույթը դրսևորվում է ԱԺ-ում, որտեղ ընդգրկված են ընդամենը երեք քաղաքական ուժեր, որոնցից երկուսը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, պայքարում են, թե նրանցից ով է ավելի ընդդիմադիր, ինչպես ասում են՝ ում է պատկանում այդ «դափնին»:
Խնդիր է և այն, որ «Իմ քայլը» գրեթե ամբողջովին ուզուրպացրել է քաղաքական դաշտը, ստեղծել մենաշնորհային վիճակ՝ ստվերելով հանրապետությունում գործող կամ չգործող (միայն թղթի վրա գործող) կուսակցությունների գործունեությունը, որոնք երբեմն են հիշեցնում իրենց գոյության մասին՝ անելով տարբեր հայտարարություններ:
Այստեղ մեղսակցությունը երկուստեք է, քանզի դրանում մեղավոր են թե նախկին և թե այսօրվա իշխանությունները, որոնք գրավելով, ինչպես ասացինք, երկրի քաղաքական դաշտը, անտեսել են մյուս ուժերի դերը, ինչի համար էլ նրանց գործունեությունը հաճախ դարձել է ձևական, իսկ եթե անգամ նրանցից ոմանք անցել են խորհրդարան, միևնույն է, նրանց դերը և կատարածը խորհրդարանում այնքան էլ տեսանելի չեն: Դա մեծ մասամբ արվում է, որպեսզի ցույց տրվի, որ խորհրդարանը ձևավորվում է բազմակուսակցական հենքի վրա:


Մինչդեռ յուրաքանչյուր ժամանակակից պետության քաղաքական կյանքի բնորոշ գծերից մեկն այն է, որ երկրում գործում են նաև արտախորհրդարանական ուժեր, կուսակցություններ, որոնք իրենց դիրքորոշումը և մոտեցումներն են դրսևորում իշխանությունների յուրաքանչյուր քայլի, նախաձեռնության նկատմամբ և եթե անհրաժեշտ է՝ քննադատում իշխանություններին, անում իրենց առաջարկները, այլընտրանքային մոտեցումները, ինչը ևս անհանդուրժողականությունը զսպող գործոններից մեկն է, քանզի իրար կողքի կարող են լինել ու մրցակցել տարբեր ուժեր, տարբեր հայացքներ և կուսակցություններ:


Հենրիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 1700

Մեկնաբանություններ