«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կա՞, թե՞ չկա ՍԴ ճգնաժամ և ի՞նչ եղան լայվերը

Կա՞, թե՞ չկա ՍԴ ճգնաժամ և ի՞նչ եղան լայվերը
29.06.2019 | 11:59

Վահե Գրիգորյանը ինքն իրեն հայտարարեց ՍԴ նախագահ: Չդարձավ ու նամակ գրեց Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին: Նամակ, որը չի հրապարակվում, թեպետ տրամաբանորեն հասկանալի է հիմնավորումների ու պահանջների մակարդակում: Փոխարենը հայտարարություն արեց Սահմանադրական դատարանը. «Հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.


1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:
3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:
4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:
5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։
Երևան 28.06.2019թ»:
Հայտարարությունը ստորագրել են՝ ՍԴ նախագահ՝ Հ.Թովմասյանը, դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը, Ա.Պետրոսյանը: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե անդամներ, այլ՝ դատավորներ: Եվ՝ չկա Վահե Գրիգորյանի ստորագրությունը:


Երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատեց նամակը ստանալը ու ասաց. «Չեմ կարող ամբողջությամբ մեջբերել, որովհետև շատ ծավալուն փաստաթղթի մասին է խոսքը։ Փաստարկելով և հիմնավորելով Սահմանադրական դատարանում ճգնաժամի գոյությունը, Վահե Գրիգորյանն իր նամակում լուծման երեք տարբերակ է տեսնում, որի սպեկտորը հետևյալն է՝ առկա իրավիճակի ամրագրումից՝ որպես նորմալ վիճակ, մինչև այս կամ այն չափ փոփոխություններ»: Ըստ Աժ նախագահի՝ ՍԴ -ի հետ կապված անորոշություն է ստեղծվել, ՍԴ ձևավորող ինստիտուտները պետք է քննարկեն ու դուրս գան ստեղծված ճգնաժամային վիճակից։ Նրա պնդմամբ, բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ հասարակության կողմից անվստահություն կա, և նա իրավացի է։ «Մի կողմից, եթե նկատենք, որ Սահմանադրությունը տառացի է մեկնաբանվում, բայց չէ՞ որ մյուս կողմից էլ բովանդակային հարցեր էլ կան Սահմանադրական դատարանին ուղղված։ Այն մարմնինը, որը կոչված է ինստիտուտների միջև լուրջ վեճերի լուծմանը ու վերջնական վճիռներ տալուն, դրա նկատմամբ հասարակության կողմից վստահություն չկա»՝ ասել է Արարատ Միրզոյանը։ Փաստացի՝ նա հարցը անձնական հարթությունից տեղափոխել է բարոյական հարթություն՝ հայտարարելով, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր տեսականորեն չի կարող լինել. «Ոչ Ազգային ժողովը, ոչ վարչապետը, ոչ այս կամ այն կուսակցությունն այդպիսի լիազորությունենրով օժտված չէ»։ Լրագրողի հիշեցմանը, որ մեկ իրավաբան՝ Վահե Գրիգորյանը, օրակարգ է թելադրում և ՍԴ-ում իշխանություն է յուրացնում, Արարատ Միրզոյանն արձագանքել է. «138 տոկոսով, նույնիսկ 139 ու կես տոկոսով համաձայն չեմ ձեր ձևակերպումների հետ: Ես կարծում եմ՝ ճգնաժամն առկա է անկախ նրանից՝ այդ հայտարարությունը կամ նամակը կլիներ, թե չէ»: Արարատ Միրզոյանը փորձել է ձիով քայլ անել՝ ասելով, որ ՍԴ-ում ստեղծված վիճակի հանգուցալուծման մեջ մեծ ավանդ պետք է ունենան բոլորը, առաջին հերթին՝ Հրայր Թովմասյանը. «Այստեղ իր ունեցած ավանդն իսկապես կարող է անգնահատելի լինել, և ես մեծ հույս, ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ խոսքը կասի դեպի հանգուցալուծում» և նշել է՝ եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ըստ ամենայնի, ճգնաժամը չի հանգուցալուծվի, որովհետև Հրայր Թովմասյանի անձով չէ պայմանավորված ճգնաժամը: «Ես խոսում էի ինստիտուտի նկատմամբ վստահության, էդ ինստիտուտում տարիներ շարունակ ներգրավված անձանց մասին, որոնք ակնհայտորեն ավելին են, քան մեկ հոգին: Եվ այդ մեկ հոգին վստահաբար Հրայր Թովմասյանը չէ»: Այսինքն՝ ԱԺ նախագահը Հրայր Թովմասյանին փոխզիջու՞մ է առաջարկում, թե՞ պատասխանատվության է կոչում ՍԴ առաջին ու երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանին: ՍԴ-ի հայտարարությունը փաստացի մերժում է այդ փոխզիջումը՝ հայտարարելով, որ քաղաքական տեսակետներին չի արձագանքում, աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը։ Գնացեք ու փոխեք Սահմանադրությունը՝ սա է տողատակում, որովհետև երեկվա հայտարարությունը բացասական պատասխանն է Վահե Գրիգորյանի, իմա՝ լեգիտիմ չլինելու պատճառով հրաժարականի պահանջի: Փաստացի՝ Հրայր Թովմասյանն ու ՍԴ-ն շարունակելու են պայքարը, որի արդյունքը կանխորոշված է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե ՍԴ-ն արդեն պատասխանեց, Ազգային ժողովը, նախագահը, կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը դեռ ուսումնասիրում են և առաջիկայում հարցը մնալու է օրակարգում: Իսկ այդ ընթացքում ՍԴ-ն գործում է ու տալիս եզրակացություններ, որոնց հիման վրա ԱԺ-ում ընդունվում են օրինագծեր ու համաձայնագրեր: Սա իսկապես ճգնաժամ է՝ եթե ՍԴ-ն լեգիտիմ չէ, լեգիտիմ չեն և ՍԴ վճիռները, հետևաբար՝ այդ վճիռների հիման վրա ընդունված օրենքներն ու համաձայնագրերը: Նույնիսկ հասկանալի չէ՝ ինչ ժամկետի մասին է խոսքը: Հասկանալի չէ նաև, թե ո՞ր կառույցը կարող է ՍԴ-ի վերաբերյալ վճիռ ընդունել: ԱԺ-ում հնչած առաջարկը՝ դիմել Վճռաբեկ դատարան, մեղմ ասած, իրավական հիմք չունի: Ճգնաժամը և իրավական է, և քաղաքական: Հիշեցնեմ՝ օրերս հրաժարական տվեցին Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր 6 դատավորները՝ հանրության պահանջով:

Բայց Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամներ, թե դատավորները կորցրել են այդ պահը: Նրանք իրենց համար ընտրել են իրավական ճանապարհը, հարցի քաղաքական կողմը բացարձակապես անտեսելով: Վահե Գրիգորյանի ինքնահռչակումը ՍԴ նախագահ միայն խորացրեց ճգնաժամը: Փաստացի՝ դա ոչ թե իրավական, այլ քաղաքական ու բարոյական ճնշում էր ՍԴ-ի վրա: Հրայր Թովմասյանը մարտահրավերը չընդունեց՝ առաջարկվող հարթության մեջ և բացեց իր հարթությունը՝ իրավականը: ՎԵՏՕ-ն սկսելով Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի աշխատանքի իրավունքի պաշտպանությունից՝ սահուն անցավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության, իսկ դա նշանակում է, որ նրա ՍԴ թեմային «վերադարձը» այլևս իմաստ ու ազդեցություն չի ունենալու: ՍԴ-ի այլ պաշտպաններ, կարծես, դեռ ի հայտ չեն եկել: Բացի իրավաբաններից, որ վերլուծում են հարցի իրավական կողմը, իսկ քաղաքական գնահատականը մնում է նույնը՝ տասնամյակներով ՍԴ-ն մարել է հետընտրական գործընթացներն ու կորցրել վստահությունը: Թեպետ նույն այդ տասնամյակներին գործել է իր լիազորությունների շրջանակներում ու ապահովել պետության մյուս կառույցների բնականոն աշխատանքը: Եվ ո՞րն է ելքը: Նկատե՞լ եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս լայվերը արխիվ է ուղարկել ու հպարտ հայերի հետ շփվում է պաշտոնական միջոցառումների ժամանակ: Եվ՝ բացարձակապես լռության մատնեց թե Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությունը, թե իրավիճակի մեկնաբանությունները: Նույնիսկ ոչ մեկին պատերով չտվեց ու ՍԴ-ն շրջափակելու կոչ չարեց: Գոնե մեկ ժամով: Այսինքն՝ նա ևս լուծում չունի: Կամ՝ ձգում է ժամանակն ու սպասում, որ իրավիճակը ինքն իրեն հանգուցալուծվի:

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ