Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եվրահանձնաժողովի նախագահը զգուշացնում է

Եվրահանձնաժողովի նախագահը զգուշացնում է
21.07.2019 | 23:31

Bild-ի լրագրողներ Յուլիան Ռայխելտը և Պաուլ Ռոնցհայմերը զրուցել են Գերմանիայի նախկին ՊՆ նախարար և Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ: «Ես հասկանում եմ, որ ԵՄ-ում կան տարաձայնություններ: Մեկը Արևելքի ու Արևմուտքի միջև է,-ասել է նա:-Կարծում եմ՝ շատ կարևոր է դա հաղթահարելը: Գիտակցում եմ փաստը, որ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում մարդիկ ավելի մեծ ուշադրություն են պահանջում և ֆինանսների ավելի մեծ հասանելություն: Կարևոր է ընդհանուր հիմքեր գտնելը»: Միգրացիոն քաղաքականության մասին Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է. «Կարևորը հույզերից ձերբազատվելն է: Դա նոր Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի նոր նախագահի և նոր Եվրախորհրդարանի խնդիրն է: Միգրացիան վաղուցվա խնդիր է և պարզ լուծում չունի: Մենք պետք է ինտենսիվ ներդրումներ անենք միգրանտների երկրներում, պայքարենք ահաբեկչության ու աղքատության դեմ և մարդկանց հեռանկար տանք: Մեր սահմանները պետք է պաշտպանենք Frontex-ի միջոցով: Պետք է բարեփոխենք Դուբլինի համակարգը, որ ավելի մեծ արդարություն և պարտականությունների բաշխում ունենանք»: Եվրոպայում տարաձայնություններ հարուցող թեմաներից մեկն էլ «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումն է: Ուրսուլա ֆոն դեր Լյայենի կարծիքով՝ նախագիծը և տնտեսական և քաղաքական է: «Կա ռուսական էներգիայից չափազանց մեծ կախվածության վտանգ: Էներգետիկայի դիվերսիֆիկացման համար վճռական նշանակություն ունեն էներգիայի մյուս տեսակները: Մեզ մրցակցություն է պետք և մենք պետք է հաշվի առնենք մեր արևելյան հարևանների շահերը»:


«Ռուսաստանը մեր հարևանն է և միշտ է լինելու մեր հարևանը; Բայց Կրեմլը թուլությունը չի ներում: Ես վստահ եմ, որ մենք պետք է հստակ հասկացնենք, որ միշտ պատրաստ ենք շարունակել երկխոսությունը ուժի դիրքերից: Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Եվրոպան ու ՆԱՏՕ-ն ցույց են տվել, որ այս կոնկրետ հարցում միասնականությունն ու հստակությունը ճիշտ սկիզբ էին: Պատժամիջոցները մեր պատասխանն էին Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքը խախտելուն: Իրավիճակի բարելավումը կախված է Ռուսաստանից»՝ ասել է Եվրահանձնաժողովի նոր նախագահը:


Պատասխանելով հարցին՝ պե՞տք է հստակ կանոններ սահմանել Պուտինի հետ համագործակցող քաղաքական կուսակցությունների հետ, Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է. «Մենք ազատ Եվրոպական միություն ենք: Բայց մենք ապահովում ենք թափանցիկություն ընկերություններին աջակցության հարցերում, կախվածության ու շահերի: Ժողովրդավարության մեջ մենք մրցակցում ենք փաստարկներով ու փաստերով, ոչ թե քարոզչության միջոցներով»:
Յուլիան Ռայխելտ, Պաուլ Ռոնցհայմեր, Bild


Հ.Գ. Փաստորեն՝ Եվրահանձնաժողովի նախագահն ու կազմը փոխվում են, քաղաքականությունը՝ ոչ, ու դա մեծ հիասթափություն է Ռուսաստանի համար: Մոսկվայի հետ ուժի դիրքերից խոսելու մշտական պատրաստակամությունը անիմաստ է դարձնում ցանկացած երկխոսություն՝ դեռ չսկսած: Դե արի ու այսքանից հետո մի միջամտի համաեվրոպական ընտրություններին՝ ստանալու այն ղեկավարությունը, որը կողմ է հարաբերությունների հավասարության: Սա Եվրահանձնաժողովի նախագահի, որ պարտականությունների կատարմանն անցնելու է աշնանը, առաջին հարցազրույցներից մեկն է, չի բացառվում, որ աշխատանքի անցննելով՝ նա վերանայի որոշ տեսակետներ՝ հաշվի առննելով իր նախորդների սխալներն ու տեսակետների տարբերությունները ԵՄ երկրներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ