...Որ Արցախը կայանա ու օրինակ դառնա աշխարհին
01.10.2019 | 02:42
ԱՐՑԱԽԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ
Երկրների հելիոֆիկացիայի մեր հայկական տարբերակը ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությունը գյուղական բնակավայրերում` բնակարանների ջեռուցման, կենցաղային տաք ջրով ապահովման, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակման և էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար: Արևային տեխնիկան մարդկանց կընձեռի էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու և գյուղմթերքների շուկայի էլիտար սեգմենտում աշխատելու հնարավորություն, էապես կբարձրացնի ֆերմերային տնտեսությունների շահութաբերությունը, որը մարդկանց համար հիմնական մոտիվացիա կդառնա, կշահագրգռի ձեռք բերելու DVH տիպի արևային տեխնիկա: Պետք է հասկանալ, որ Էներգախնայողության կամ աշխարհի բնապահպանական խնդիրների լուծման գաղափարները չեն կարող մոտիվացիա դառնալ շարքային քաղաքացու համար, որպեսզի նա շահագրգռված լինի ձեռք բերելու այս կամ այն տիպի արևային սարքերը, հումանիստական գաղափարները, որոնք առաջնորդվելու են քաղաքաբնակների և, առավել ևս, գյուղաբնակների գրպանի հաշվին, միանշանակորեն շպրտվելու են հետին պլան՝ առաջին պլանում թողնելով առավելագույն շահույթը ստանալու մարդկային պարզ ու հասկանալի մղումը: Մեր պարագայում էներգախնայողությունը դառնում է լրացուցիչ օգուտ բերող երկրորդական գործոն: Արևային տեխնիկայի զարգացման և տարածման բարոյական կողմնորոշիչները, այն է՝ պայքարը Երկիր մոլորակի էկոլոգիական մաքրության համար կամ գլոբալ տաքացման դեմ, շարքային սպառողին ոչինչ չասող փաստարկներ են, առավելապես եթե այդ վեհ գաղափարների իրականացման համար մարդիկ են վճարելու:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկրաշարժերի, տեխնածին աղետների, էներգետիկ շրջափակումների կամ պատերազմների ժամանակ Արցախի իշխանությունները պարտավոր են ապահովել սեփական բնակչության էներգետիկ կենսունակությունը: Բնակչությունը պետք է ունենա խմելու համար պիտանի ջուր ստանալու, տաք կերակուր պատրաստելու, լողանալու ու լվացք անելու հնարավորություն, որպեսզի կարողանա գոյատևել և հեռու մնալ հնարավոր համաճարակներից: Աշխարհում այսօր նման իրավիճակում է հայտնվել երկրաշարժերի, ցունամիների և պատերազմների պատճառով ի հայտ եկած 10 միլիոն փախստական: Այս հարցը լուծելու առաքելությամբ 2013 թ. մեզ այցելեց «Global Hope Network» (Գլոբալ Հույս) կազմակերպության համադրող Ջեֆրի Լատցան (ԱՄՆ): Նրա կարծիքով՝ փախստականների ճամբարներում մարդկանց կենսունակ միջավայր ստեղծելու խնդիրը լրջագույն համաշխարհային պրոբլեմ է, ինչը կարելի է լուծել հայկական արևային տեխնիկայի օգնությամբ: Ցանկացած բնակավայրի հելիոֆիկացիան կդիտարկվի որպես համաշխարհային և համամարդկային կարևորագույն պրոբլեմների լուծման ուղղությամբ կատարված կոնկրետ քայլ: Լինի դա հեռավոր կամ սահմանամերձ հայկական գյուղ, թե աշխարհի ծայրում հապճեպորեն կազմակերպված փախստականների ճամբար, միևնույն է, մեր անհատական կոմբինացված հելիոհամակարգերը շատ օգտակար կլինեն՝ մարդկանց տալով էներգիայի ավտոնոմ աղբյուրներ և կենսունակության պահպանման հուսալի հնարավորություն: Հելիոֆիկացիան ենթադրում է ստեղծել էներգիայի անկախ աղբյուրների բաշխված ցանց, որը, ի տարբերություն ատոմակայանների, ջերմակայանների, հիդրոէլեկտրակայանների, գազատարների և նմանատիպ այլ կենտրոնացված էներգահամակարգերի, կարող է գործել առանց բաշխիչ ցանցերի՝ արտաքին ազդեցությունների նկատմամբ օժտված լինելով կայունության բարձր գործակցով: Ճգնաժամերի ընթացքում բնակավայրերում հնարավոր կլինի պահպանել նորմալ սանիտարահիգիենիկ իրավիճակ, որպեսզի իրենց բնականոն ռեժիմներով շարունակեն աշխատել հիվանդանոցները, դպրոցները և բնակչության կենսապահովման մյուս կարևորագույն օբյեկտները:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միայն Հայաստանի ու Արցախի գյուղական բնակավայրերի հելիոֆիկացիան թույլ կտա յուրաքանչյուր տարի ստանալ 350000 (գյուղացիական տնտեսությունների թիվը) x 20 կվտ (հելիոհամակարգի միջին հզորությունը) x 2500 ժամ (արևափայլի միջին տևողություն) = 1750000 մեգավատ x ժամ լրացուցիչ ջերմային էներգիա: Դա համազոր է հայկական ատոմակայանի հզորությանը համարժեք մոտ 5 ատոմակայանի տված էլեկտրական էներգիային: Հայկական ատոմակայանի, ՋԷԿ-երի և ՀԷԿ-երի տված արժեքավոր էլեկտրական էներգիան կարող է օգտագործվել զարգացող հայկական արդյունաբերությանը, այդ թվում՝ հելիոտեխնիկական արդյունաբերությանը սպասարկելու համար կամ արտահանվել: Խնայված գազը կարող է ուղղվել դեպի նավթաքիմիական արդյունաբերություն կամ օգտագործվել ՋԷԿ-երում` արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալներն ավելացնելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ
Արևն այնպիսի ֆանտաստիկ երևույթ է, որի ֆիզիկան որքան որ պարզ, նույնքան էլ անհասկանալի է, ես ևս ստիպված եմ ընդունելու նրա Աստվածային ծագման վարկածը: Հիշենք, որ Աստվածն արևը ստեղծել է իր արարման չորրորդ օրը: Նույն տրամաբանությամբ դժվար է հասկանալ աշխարհի երկրների իշխանությունների սպասողական կեցվածքը, թե ինչու են խուսափում կամ վախենում երկրի հելիոֆիկացիայի գաղափարից, չէ որ ակնհայտ է՝ այն լուծելու է մեր բոլոր խնդիրները՝ տնտեսականից սկսած, ռազմաքաղաքականով վերջացրած: Ինչևիցե, անդրադառնանք արևի հնարավորություններին և մատների վրա հաշվենք ու գնահատենք հայերիս բաժին հասած արևի էներգետիկ պաշարները: Արևն անընդհատ էներգիա է ճառագայթում, որի չնչին մասն է միայն հասնում Երկիր, այդ չինչին մասից Հայաստանին ու Արցախին բաժին է հասնում առավել չնչին մասը: Գնահատենք մեր բաժին չնչին մասի հնարավորությունները: Երկրի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա ընկնող արևային ճառագայթի հզորությունը կազմում է 1,4 կվտ/մ2 (արևային հաստատուն), ծովի մակարդակին այն թուլանում է մինչև 0,8 կվտ/մ2, Հայաստանի ու Արցախի տարբեր շրջաններում այն տատանվում է 0,9-ից մինչև 1,2 կվտ/մ2 սահմաններում ՝ կախված տեղանքի բարձրությունից: Արևային էներգիայի մեր Q պաշարները կարելի է հաշվել՝ ելնելով մեր երկրի տարածքից (42 հազար քառակուսի կիլոմետր) ու արևափայլի միջին տևողությունից (2500 ժամ): Ընդունենք, որ մեկ քառակուսի կիլոմետրով անցնող արևային էներգիայի հզորությունը կազմում է 1000մ x1000մ x 1 կվտ կամ մեկ գիգավատ, որը հավասարազոր է ժամանակակից ատոմակայանի մեկ էներգաբլոկի տված հզորությանը: Այպիսով Q=42000 գիգավատ կամ Հայաստանի ու Արցախի տարածքի վրա սփռվող արևի էներգիան այնքան է, որքան կարող են տարեկան տալ մոտ 42 հազար ատոմակայանները՝ միասին վերցրած: Հիշեցնեմ, որ վերջին տվյալներով աշխարհի 32 երկրներում գործում են 454 էներգաբլոկ ունեցող 193 ատոմակայան, որոնց ընդհանուր էլեկտրական հզորությունը կազմում է 400,285 գիգավատ, որը 105 անգամ պակաս է, քան Հայաստանի ու Արցախի վրա սփռվող արևի լուսային էներգիայի հզորությունը: Եթե հաշվի առնենք, որ ատոմակայանները տալիս են աշխարհում արտադրվող էլեկտրական ու ջերմային էներգիայի 20 տոկոսը, ապա գալիս ենք հետևյալին. Հայաստանի ու Արցախի արևային էներգիայի պաշարները բավարար են, որպեսզի 21 անգամ ծածկվի համայն աշխարհի էներգետիկ պահանջարկը: Արժե հիշեցնել, որ բնության մեջ եղած բոլոր էներգառեսուրսների (նավթ, ածուխ, փայտ, տորֆ, սպիրտ, քամի, հիդրոռեսուրսներ և այլն)՝ բացառությամբ, թերևս, ատոմայինի, գոյացումը անմիջականորեն կապված է արևից ստացած էներգիայի հետ:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հելիոֆիկացիայի խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, տեխնիկական և տեսական գիտությունները զարգացնել մի շարք կարևոր ուղղություններով (ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, մետրոլոգիա, նյութաբանություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, կիրառական հելիոտեխնիկա, էլեկտրոնիկա, հուսալիության ֆիզիկա, սննդի արտադրություն, մոլեկուլյար և ընդհանուր կենսաբանություն, ֆիզքիմիա, ֆոտոքիմիա, Երկրի ֆիզիկա, մաթեմատիկա, օդերևութաբանություն): Գիտության տեմպային զարգացումը մեզ հնարավորություն կտա հելիոտեխնիկայի բնագավառում ստանձնել համաշխարհային առաջատարի դերը` մեր կարևոր դերակատարումը ապահովելով այդ բնագավառում սպասվող աշխատանքի միջազգային բաժանման մեջ:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Եթե հելիոֆիկացիայի շնորհիվ մեր գյուղական բնակչությունը ստանա 30000 հատ միջին հզորությամբ անհատական կոմբինացված հելիոհամակարգեր, ապա Արցախը կստանա նաև 30 հազար մշտական հելիոլաբորատորիաներ, արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների բնագավառում Արցախում կատարվող գիտահետազոտական և նորարարական աշխատանքները զանգվածային բնույթ կկրեն: Արևային պոլիգոնները կստանձնեն արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտների ընդհանուր համակարգողի դերը: Կձևավորվի ազգային գիտահետազոտական կենտրոն, որը աննախադեպ տեմպերով առաջ կտանի հելիոտեխնոլոգիաների բնագավառը: Նման բան հնարավոր է կազմակերպել միայն Արցախում, այլ երկրներում դա չի ստացվի: Այստեղ է գտնվում տնտեսության շրջադարձային զարգացման բանալին:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների օգտագործման դեպքում սահմանամերձ գյուղերի բնակչությունը կստանա փոքր և միջին բիզնես զարգացնելու ռեալ հնարավորություն: Օրինակ, մեծ հաջողությամբ կարող են կազմակերպվել մուրաբաների փոքրիկ արտադրամասեր, որոնց համար որպես հումք կարող են ծառայել հոնը, մոշը, թուզը, հաղարջը և անտառի ու տնամերձ այգու այլ բարիքները: Հիանալի ընտանեկան բիզնես, որը վերջ կտա այդ արժեքավոր գյուղմթերքները շուկաներում իրացնելու դժվարին աշխատանքին: Բոլորիս է հայտնի, որ մեծ դժվարությամբ հավաքված ու շուկա հանված բերքի զգալի մասը փչանում է և թափվում: Բերքը հավաքելուց կարճ ժամանակ անց արևային տեխնոլոգիաներով պատրաստված մուրաբաները արևմտյան շուկաներում վաճառվելու են բացառապես բիոմարկետներում՝ ինքնարժեքից 3-5 անգամ բարձր գներով:
ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Արցախի մասնավոր հատվածում էներգիայի ծախսը բախշվում է հետևյալ կերպ. 70 %՝ բնակարանների ջեռուցման համար, 15 %՝ կենցաղային տաք ջրի համար (լվացքի, լողանալու և այլնի համար), 12 %՝ կերակուր պատրաստելու համար, 3 %՝ լուսավորության և կենցաղային տեխնիկայի համար` էլեկտրական էներգիայի ձևով: Աշխարհում լայնորեն տարածված է արևով կենցաղային տաք ջուր ստանալը: Տարբեր երկրներում արտադրվում և կենցաղում զանգվածաբար կիրառվում են տարբեր տիպի և հզորությամբ արևային ջրատաքացուցիչներ: Արևից հոսանք ստանալու համար օգտագործվում են կիսահաղորդչային ձևափոխիչները: Տեխնիկան լավ զարգացած է, բայց թանկության պատճառով կենցաղում քիչ է օգտագործվում: Մեր արևային անհատական համակարգերը կարող են միաժամանակ լուծել բոլոր չորս խնդիրները: Մեկ կվտ ջերմային էներգիան մեզ մոտ կարժենա 0,32 դրամ, էլեկտրական էներգիան` 50 դրամ: Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, գործարանների, գոմերի, հավանոցների, ձկնաբուծարանների, ջերմոցների, չորանոցների և առանձնատների ջեռուցման համար մշակված են միջին և բարձր հզորության անհատական արևային ջրատաքացուցիչներ, որոնք անհամեմատ ավելի էժան ու հուսալի են, կարող են հեշտությամբ սպասարկվել և ծառայել մինչև 50 տարի: Ջեռուցման համակարգերն աշխատում են էներգիայի բարձր կոնցենտրացիաների ռեժիմով` որպես ջերմատար օգտագործելով յուղային հիմքի վրա ստեղծված հատուկ հեղուկները: Մեզ հաջողվում է լուծել ջերմային էներգիայի ակումուլյացիայի խնդիրը, որը թույլ կտա վերացնել արևային տեխնիկայի այն հիմնական թերությունը, որ կարող է աշխատել միայն ցերեկային արևոտ ժամերին: Արևի էներգիան հավաքել ու կուտակել հատուկ թերմոս-կուտակիչներում և, գիշերվա ժամերից բացի, օգտագործել նաև ոչ արևոտ օրերին: Կոպիտ ասած, ամռան արևի էներգիան կարելի է ամբարել ու օգտագործել ձմռանը՝ բնակարանների ջեռուցման համար: Փա՜ռք Աստծո, որ այստեղ էլ մենք կունենանք հսկայական մրցակցային առավելություն, եթե հաշվի առնենք, որ թերմոսների մեջ կիրառվող ջերմամեկուսիչներից լավագույնը փքեցված հայկական պեռլիտն է, որը, պաշարների ու որակական հատկանիշների առումով, բացարձակորեն անգերազանցելի է:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արևային տեխնիկայի տեմպային զարգացման շարժառիթներից մեկը եղել է բնության անաղարտության պահպանումը` ածխաթթու գազի արտանետման նվազեցման միջոցով: Կատարենք հետևյալ հաշվարկները. մեկ կգ ածուխը վառելու համար ծախսվում է 2,66 կգ կամ 1,8 մ3 թթվածին, առաջանում է 3,66 կգ ածխաթթու գազ, մեկ մարդը օրը ծախսում է 350 լիտր թթվածին, 1,8 մ3 թթվածինը բավարար է, որպեսզի մարդը շնչի 5 օր, 4 ժամ, 21 րոպե և 41 վայրկյան: Մեկ մարդու կյանքի համար պահանջվող թթվածնի տարեկան պաշարը կարելի է սպառել, եթե այրման ենթարկվի 70,4 կգ ածուխ, բնակարանների ջեռուցման համար Արցախում տարեկան ծախսվել է 2-3 տոննա ածուխ, որի այրած թթվածինը բավական կլիներ 28-ից 42 օր մարդու շնչառությունը ապահովելու համար: Նման հաշվարկներ կարելի է կատարել գազի, աթարի, փայտի ու այլ էներգակիրների համար, արդյունքը մեկն է, օրգանական բոլոր էներգակիրները ոչնչացնում են մարդկանց համար մնացած թթվածինը, մինչև ե՞րբ: Կան այլ հետաքրքիր գաղափարներ: Օրինակ, արևային ջեռուցման համակարգերը կարող են արտադրել շատ էժան թորած ջուր, մեկ լիտրի համար՝ մոտավորապես 2 դրամ: Ի՞նչ կարելի է անել այդքան էժան թորած ջրով, որը դեղատներում վաճառվում է 200-500 դրամի սահմաններում` բժշկական նպատակների համար: Թորած ջրով կարելի է ամանները լվանալ` առանց լվացող հեղուկների, նաև լվացք անել, բուրդ լվանալ և այլն: Այստեղ տեղին կլինի հավելել, թե յուրաքանչյուր ընտանիք որքա՜ն լվացքի փոշի, հեղուկ կամ օճառ է օգտագործում և դրանցով բնությունը աղտոտում: Հիշենք, որ օճառաջրով չի կարելի ծառերը ջրել, բայց առանց օճառի լվացքի ջուրը կարելի է օգտագործել նաև ոռոգման նպատակներով: Ահա, ևս մեկ նոր դրական էֆեկտ: Դրական էֆեկտները, իհարկե, շատ են, բոլորը չի կարելի թվարկել՝ կոմերցիոն գաղտնիքները պահելու նկատառումից ելնելով:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ