Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Տարոն-Ավիան» կգործի Աֆրիկայում

«Տարոն-Ավիան» կգործի Աֆրիկայում
16.11.2019 | 16:05

«Ժողովուրդը» պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլևս Հայաստանում աշխատել ու այսուհետև կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:

«Տարոն-Ավիա»-ն վերջին շրջանում պարբերաբար ահազանգում էր, թե չվերթներ չեն կատարում, կառավարությունից էլ օգնության ձեռք չեն մեկնում: Ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել էր, թե ընդառաջելով կառավարության խնդրանքին` ամռանը առանց հետադարձ թռիչքի մնացած մեր հայրենակիցներին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից բավականին էժան գներով տեղափոխել են Հայաստան, ինչի արդյունքում ավիաընկերությունը վնասներ է կրել: Բացի այդ էլ, ըստ Քարամյանի, ՌԴ օդանավակայաններում խտրական՝ երկու տեսակի գներ են գործում՝ տեղական և օտարերկրյա ավիափոխադրողների համար, և, իրենք, ըստ էության, այդ մրցակցությանը չեն դիմացել: Քաղավիացիայի կոմիտեն տեսչական ստուգումներ է կատարել «Տարոն-Ավիա»-ում: Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, թե ստուգումների արդյունքում թերություններ են արձանագրվել, ու որոշել են ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայականը կասեցնել:

Ըստ Գյուրջյանի` 6 ամիս ժամկետ են տվել թերությունները վերացնելու համար, բայց ընկերությունը կես տարում թերությունները շտկելու փոխարեն որոշել է դադարեցնել գործունեությունը: «Թռիչքային անվտանգության հետ կապված հարցեր են շոշափվել, որոնց վերաբերյալ առաջին դասի թերություններ են արձանագրվել: Դրանք վերացնելու վերաբերյալ մենք ընկերությանը տվել ենք ժամկետ, բայց իրենք ասել են, որ այդ ժամկետներում չեն կարող վերացնել և նպատակահարմար են գտնում փակվել… Թռիչքային անվտանգությանը վերաբերող թերություններ են, բայց դա երբեք չի նշանակում, թե օդանավը թռիչքների համար պիտանի չէ», - «Ժողովուրդին» ասել է Կ. Գյուրջյանը` ավելացնելով, թե տեղյակ չեն եղել, որ «Տարոն – Ավիա»-ն ֆինանսական խնդիրներ է ունեցել: Փաստն այն է, որ հայկական ավիաընկերությունն այլևս Աֆրիկայում կգործի: Իսկ «Տարոն-Ավիայի» հեռախոսազանգերն այժմ արդեն անպատասխան են:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ