Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփի վարչակարգի դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, իսկ Ներկայացուցիչների պալատը նրան իմպիչմենտ հայտարարեց

Թրամփի վարչակարգի դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել, իսկ Ներկայացուցիչների պալատը նրան իմպիչմենտ հայտարարեց
19.12.2019 | 12:50

ԱՄՆ նախագահի վարչակարգը չի փոխելու իր վերաբերմունքը հայերի զանգվածային սպանությանը Օսմանյան կայսրությունում՝ չնայած բանաձևին, որ ընդունել է Կոնգրեսը: Դա նշանակում է, որ ԱՄՆ պաշտոնական արտաքին քաղաքականությունն այս պահին չի փոխվում: Պետդեպարտամենտի հայտարարությունը արվել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի սուր հակասությունների համապատկերում: «Մեր դիրքորոշումը արտացոլված է նախագահի ապրիլին արված հայտարարությունում»՝ նշել են Պետդեպից: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին՝ Թրամփը միլիոնավոր մարդկանց սպանությունն ու աքսորը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկը, բայց չօգտագործեց «գենոցիդ» բառը:


Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց փակել ամերիկյան ռազմաբազաները իր տարածքում՝ ի պատասխան ԱՄՆ Սենատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևի և Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցի քննարկման: Անկարան ժխտում է ցեղասպանությունը և պայքարում ճանաչման դեմ: Էրդողանը նաև սպառնացել է ճանաչել ամերիկացի հնդկացիների ցեղասպանությունը: Վաշինգտոնը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ռուսական զինիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայումից, բայց Թուրքիան անտեսում է պահանջը: Քաղաքական գործիչներն ու զինվորականները զգուշանում են, որ ռուսական համակարգերը սպառնալիք են ամերիկյան կործանիչների համար և անհամատեղելի են համարում այդ գնումն ու ՆԱՏՕ-ին անդամակցությունը: ԱՄՆ-ում նաև քննադատում են ամերիկացիների ներխուժումը Սիրիայի հյուսիս և ռազմական գործողությունը քրդերի դեմ, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներն են: Հենց քրդական ջոկատներն էին ահաբեկիչների դեմ ցամաքային գործողության գլխավոր ուժը: ԱՄՆ ղեկավարած կոալիցիան նրանց աջակցում էր օդից: Հոկտեմբերին ու դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ցեղասպանություն ճանաչեցին հայերի, հույների, ասորիների, խալդերի և քրիստոնյա մյուս փոքրամասնությունների սպանությունը Օսմանյան կայսրության տարածքում: Սենատի բանաձևին երկու անգամ վետո դրվեց Սպիտակ տան խնդրանքով, բայց հետո միաձայն ընդունվեց՝ եզակի դեպք, երբ հանրապետականներն ու դեմոկրատները միասնական են:
ВВС


Հ.Գ. Սենատում բանաձևի ընդունումից հետո 5 օր Էրդողանը լռեց, ապա սպառնաց ճանաչել հնդկացիների ցեղասպանությունն ու իր տարածքից վտարել ԱՄՆ 2 ռազմաբազաները, բայց այդ ռազմաբազաները ՆԱՏՕ-ինն են: Թրամփը լռում է մինչև հիմա: Փոխարենը Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսն է մեկնաբանել Սենատի թիվ 150 բանաձևի ընդունումը. «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումը արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ»: Նաև՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն է հայտարարել, որ վարչակազմի դիրքորշումը չի փոխվել բանաձևերից հետո, երբ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ: Ի տարբերություն ԱՄՆ վերջին տասնամյակների նախագահի թեկնածուների ու նախագահների՝ Դոնալդ Թրամփը երբևէ չի հայտարարել, որ կճանաչի հայերի ցեղասպանությունը: Մինչև 2020-ի ապրիլի 24 չորս ամիս կա՝ Թրամփը կասի կամ չի ասի «գենոցիդ»՝ նայած այդ պահին ինչպիսին կլինեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները:
Իսկ հիմա Դոնալդ Թրամփը զբաղված է իր իմպիչմենտով: Սահմանադրությամբ՝ ԱՄՆ Համայնքների պալատն իրավունք ունի քվեարկել նախագահի իմպիչմենտի հարցով, որից հետո Սենատն է քննարկում ու քվեարկում: Համայնքների պալատում հերիք է ձայների պարզ մեծամասնությունը, Սենատում՝ 2/3-ը: ԱՄՆ պատմության մեջ այդ շեմը երբեք չի հաղթահարվել: Համայնքների պալատում մեծամասնություն ունեցող դեմոկրատները գտնում են, որ Թրամփը չարաշահել է իշխանությունը՝ Ուկրաինայից պահանջելով կոմպրոմատ իր քաղաքական մրցակից Ջո Բայդենի դեմ և անտեսում է Ներկայացուցիչների պալատին: Առայժմ ոչ մի հանրապետական կողմ չէ նախագահի իմպիչմենտին: Հանրապետականները մեծամասնություն ունեն Սենատում, ուստի Թրամփին իշխանությունից հեռացնելը անհավանական է: Փոխարենը բարձրանում է նրա վարկանիշը: Երեկ Համայնքների պալատում հանրապետական Բարրի Լաուդերմիլկը հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը արդարանալու ավելի շատ հնարավորություններ ուներ Թրամփից: Նրա խոսքով՝ երբ Կայիափան Երուսաղեմում մեղադրեց Հիսուսին աստվածանարգության մեջ, Հռոմի կուսակալ Պոնտացի Պիղատոսը նրան մեղադրանքին պատասխանելու հնարավորություն տվեց: Դեմոկրատներն ի տարբերություն Պիղատոսի՝ Թրամփին այդ հնարավորությունը չեն տվել: Թեպետ Իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերի Նադլերը նախագահին ու նրա իրավաբաններին հրավիրել է իմպիչմենտի լսումներին, բայց Թրամփը մերժել է: Փոխարենը երեկ նա թվիթերում գրեց. «Արմատական ձախ, ձրիակեր դեմոկրատների չարագուշակ սուտը հարձակում է Ամերիկայի ու Հանրապետական կուսակցության վրա»: Փաստորեն՝ նյարդերը տեղի տվեցին:


Եվ ոչ իզուր՝ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության երրորդ նախագահը Էնդրյու Ջոնսոնից (1868) ու Բիլ Քլինտոնից (1998) հետո, ում իմպիչմենտ հայտարարվեց: Առաջին մեղադրանքը ստացավ 230 կողմ և 197 դեմ ձայն: Երկրորդ մեղադրանքը՝ 229 կողմ և 198 դեմ: Իմպիչմենտի համար բավարար էր մեղադրանքներից մեկով ստանալ 216 ձայն: Հիմա խոսքը Սենատինն է, որ հարցը կքննարկի հունվարին: Դոնալդ Թրամփը, իմանալով քվեարկության արդյունքները, Միչիգանի հանրահավաքում հայտարարեց. «Նրանք իմ դեմ ոչինչ չունեն, նրանց դեմ պետք է իմպիչմենտ հայտարարել: Բոլորի՝ առանց բացառության»: Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահը «վստահ է, որ լիովին արդարացվելու է» Սենատում:
Դեմոկրատները հասան իրենց գերխնդրին՝ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ միակ էքսկլյուզիվ ակումբի անդամ, որին ոչ ոք չի ուզում անդամակցել: Ու ի՞նչ:


Ներկայացուցիչների պալատում քննարկումը վկայեց, որ կողմերը միմյանց լսելու ցանկություն չունեն, նրանք պարզապես ունեն իրենց տեսակետը, ու՝ վերջ: Թերևս նույն պատմությունը լինի Սենատում, բայց՝ Թրամփի համար երջանիկ ավարտով: ԱՄՆ-ում արտահերթ ընտրություններ չեն լինի: Պարզապես Դոնալդ Թրամփը կմտնի ԱՄՆ պատմության դասագրքեր: Իհարկե, մարդուն, որ ինքն իրեն հանճարեղ ու գերիմաստուն է անվանում, իմպիչմենտը ցավ կպատճառի՝ ժամանակակիցների անշնորհակալ լինելու ցավը: Բայց 2020-ի նոյեմբերի ընտրությունների համար այդ ցավը ոչ թե զգետնող, այլ խթանող ու հաջողություն խոստացող կլինի: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ամեն ինչ անում են, որ հաջորդ 4 տարում նախագահ չփոխվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5521

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ