Հիասթափեցնելու եմ մերօրյա դրոգապան յագորներին
24.01.2020 | 04:34
«Բայց Սերժ Սարգսյանը չէր, չէ՞, մեռել»... Նման ցինիկությամբ հակադարձեց «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը մեր այն դիտարկմանը, թե ԱԺ փոխխոսնակին հարի՞ր էր ԱԱԾ նախկին պետի հուղարկավորության ժամանակ Սերժ Սարգսյանի մասնակցության կադրերով ֆեյսբուքյան գրառումը։ Տպավորություն է, որ Քաջ Նազարի բախտով այս կամ այն աթոռին թառածների համար նախորդներին մահացած տեսնելու դեպքում է միայն վերջիններիս հասցեին դրոգապան Յագորին (պարոն Փաշինյան, այս կերպարի հետ Հովհ. Թումանյանը կապ չունի, Նար-Դոսի հերոսներից է) սազական իրենց ճամարտակությունը համարվում անտեղի։
Սակայն պարզվեց, որ սա ոչ թե ԱԺ փոխխոսնակի մակարդակով իրականացվող «քարոզչություն» է, այլ անձամբ վարչապետի։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի մահվան առիթով կառավարության ոչ պատշաճ վերաբերմունքի մասին հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախկին պաշտոնյաներ են, որոնք պաշտոնավարել են վիճահարույց շրջանում, իսկ մեր կողմից ինչ-որ պետք է արվեր, արվել է»: Ենթագիտակցորեն «դուրս թռած» այս նախադասությունը փաստում է՝ խոսքը նախկին պաշտոնյաների մասին է, որոնք, ըստ Նիկոլի, «վիճահարույց շրջանում» են իշխանավարել, հետևաբար նրանց մահվան դեպքում էլ խտրական մոտեցում պիտի ցուցաբերվի։ Այստեղ է, որ Խորենացին որերորդ անգամ կրկին կբացականչեր՝ ողբամ զձեզ, հայոց իշխանիկներ... զանազան ու զարմանազան քայլարածներ...
Չեմ էլ զարմանա, որ նույնիսկ Քրիստոսի փառքը սեփականաշնորհել փորձողները (ռուսը կասեր՝ ну и что... попытка не пытка, вдруг!) իրենց անգամ իրավունք վերապահեն որոշելու, թե ովքեր են արժանի դրախտ գնալու, ովքեր` դժոխք։ Բայց հիասթափեցնենք բոլոր դրոգապան յագորներին. այդ մեկը հաստատ ձեր որոշելիքը չէ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ