Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը շատ դեպքերում իր թվացյալ լուծումներով նոր պրոբլեմներ է ստեղծում

Վիգեն Հակոբյան. Իշխանությունը շատ դեպքերում իր թվացյալ լուծումներով նոր պրոբլեմներ է ստեղծում
19.02.2020 | 12:22

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանին հարցրի.


-Մենք գնում ենք ևս մեկ սահմանադրական հանրաքվեի՝ ելնելով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումից, մամուլում շրջանառվող քննարկումներից՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կառավարման մոդելների մասին: Ձեր կարծիքով՝ անկախ գունաբաժանումներից, պրագմատիկ ու ռացիոնալ գնահատականով՝այստեղ ու հիմա մեզ ո՞ր մոդելն է պետք:
-Կարծում եմ՝ կիսանախագահականն ամենաարդյունավետ աշխատող մոդելն է: Ես շատ քիչ հարցերում եմ համաձայն ՀԱԿ-ի հետ, բայց այս պարագայում՝ կիսանախագահականը ամենամեծ մանևրի հնարավորություն տվող մոդելն է, որ ճգնաժամային շրջաններում աշխատեց: Դա նաև իշխանությանը կադրային մանևրի հնարավորություններ է տալիս: Կյանքը վկայում է, որ դու կարող ես լինել տնտեսության մարդ, բայց՝ թույլ քաղաքական գործիչ, և՝ հակառակը: Իշխանությունը այդ մասին դեռ քիչ է խոսում՝ հիմնական տեսակետը սպասենք-տեսնենքն է: Գուցե Նիկոլ Փաշինյանը ոչ թե կիսանախագահական, այլ՝ նախագահականի կողմնակից է: Ինչպես Ղարաբաղում է: Ես միշտ դեմ եմ եղել խորհրդարանական կառավարմանը՝ համարելով, որ մեր մենթալիտետը, աշխարհաքաղաքական վիճակը, հասարակության ընկալումները չեն համապատասխանում այդ մոդելին:
-Ձեր փաստարկներին ես կհավելեի քաղաքական դաշտի չկայացածությունը:
-Ձեզ կպատասխանեն, որ հենց դրա համար էլ խորհրդարանական մոդելն ընտրվել է, որ կուսակցությունները կայանան, խթանվի քաղաքական ուժերի կայացումը: Ես չեմ կարծում, որ մեր այսօրվա խնդիրները Սահմանադրության որակից են բխում ու Լևոն Տեր Պետրոսյանից՝ Նիկոլ Փաշինյան Սահմանադրությունն է մեղավոր եղել մեր պրոբլեմների մեջ: Կամ՝ այս հանրաքվեի պատճառը Սահմանադրությունն է:
-Ձեր կարծիքով՝ ճի՞շտ էր Հրայր Թովմասյանին խրել խրամատի մեջ, ինքնահերոսացնել ու հերոսացնել ու նույն Հրայր Թովմասյանը կարող էր հասկանալ քաղաքական իրավիճակը ու հեռանար: Ի՞նչը նրան ստիպեց՝ ՍԴ նախագահ լինելով՝ քաղաքականությամբ զբաղվել:
-Ես կարծում եմ, որ ի սկզբանե մարտավարությունը սխալ է եղել, այսօրվա իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը զարմանալի տաղանդ ունեն՝ իրենք կարողանում են դաշնակիցներին դարձնել ընդդիմադիր, ընդդիմադիրներին՝ թշնամի: Որտեղ կարելի է փոխզիջումների գնալ, իրենք վերածում են գոտեմարտի ու գեներացնում են նոր պրոբլեմ: Իշխանությունը շատ դեպքերում իր թվացյալ լուծումներով նոր պրոբլեմներ է ստեղծում: Հրայր Թովմասյանի պարագայում ի սկզբանե սխալ մարտավարություն էր ընտրված, որ բարձրաձայնեց Վահե Գրիգորյանը ԱԺ-ում իր ընտրությունից հետո, երբ իրեն հռչակեց ՍԴ նախագահ: Դա միանգամից ՍԴ-ին մտցրեց խրամատ ու ինքնապաշտպանության մղեց, ոչ թե հանուն Հրայր Թովմասյանի, այլ՝ իրենք՝ իրենց: Հիմա հնչում են գնահատականներ, որ դա չպիտի արվեր, նաև ՔՊ-ի ճամբարից, բայց եղածը եղած է: Ես հեռու եմ այն մտքից, որ Հրայր Թովմասյանը նախորդ իշխանության բաստիոնն է, հատուկ նշանակված, որ իրենց շահերը պաշտպանի: Դա քարոզչական հնարք է՝ հակահեղափոխականների մասին սերիալից: ՍԴ կազմը ապրիորի հռչակվեց թշնամի ու քանի որ այլևս կորցնելիք չունեին, օրենքն էլ իրենց կողմից է, մնում էր միայն կամք ու ճնշումների պարագայում աշխատելու ունակություն: Կյանքը ցույց տվեց, որ ՍԴ անդամները դա ունեն:
-Չե՞ք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը դեր խաղաց:
-Իսկ ի՞նչ որոշում ընդունեց ՍԴ-ն՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Տիպիկ գագիկհարությունյանական որոշում, որ յուրաքանչյուր կողմին իր փաստարկներն ունենալու հնարավորություն էր տալիս և որևէ ձևով չազդեց Ռոբերտ Քոչարյանի կալանված լինելու կամ չլինելու վրա: Եթե ՍԴ-ն իրոք նախկինների վերջին բաստիոնն է, կընդուներ այնպիսի որոշում, որ որևէ շանս չէր տալիս իրավապահ համակարգին այլ լուծում տալու:
-Կարո՞ղ է ՍԴ-ն մինչև ապրիլի 5-ը այդպիսի որոշում կայացնել:
-Իրավական տեսակետից չեմ կարող ասել, դա իրավաբանների խնդիրն է: Դիմադրության հանդիպելով՝ իշխանությունը նաև ռևերսներ արեց՝ ԱԺ-ում օրինական կաշառքի օրենքով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է անձամբ ՍԴ անդամներին հանդիպել, հարցը քննարկել, բայց քաղցրաբլիթի մարտավարությունը չաշխատեց, որովհետև որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ իշխանությունը փոխվելուց հետո, վերանայումների ավանդույթով, չեն ասի՝ դուք հակասահմանադրական դաշտում եք: Ու կմնա սասանված հեղինակությունը: Ես չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը այն քաղաքական ծանրաբեռնվածությունն ունի, որ իրեն վերագրվում է:
-Հրայր Թովմասյանը կրում է ՍԴ-ի քաղաքական եզրակացությունների պատասխանատվությունը, երբ ընտրությունների արդյունքները չէին համապատասխանում ԿԸՀ-ի հայտարարած տվյալներին, իսկ ՍԴ-ն, չհաշված 2003-ին Գագիկ Հարությունյանի Սողոմոնի որոշումը, հաստատում էր իշխանության կամքը:
-Հրայր Թովմասյանին կարելի է կապել ամեն ինչի հետ՝ և Ռոբերտ Քոչարյանի , և Ղարաբաղի հարցի, և Ստամբուլյան կոնվենցիայի, փաստացի հիմա կա պրոբլեմ, որ զուտ իրավականից վերածվել է քաղաքական ճգնաժամի: Սա սահմանադրական ճգնաժամ չէ, սահմանադրական ճգնաժամ կլինի, եթե ՍԴ-ն չկարողանա որոշում ընդունել: ՍԴ-ն մինչև հիմա էլ որոշումներ է ընդունում և ՍԴ-ին ոչ լեգիտիմ համարող իշխանությունը ՍԴ է ուղարկում փաստաթղթեր՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու համար: Քաղաքական ճգնաժամի լուծումն իշխանությունը բազում փորձերից հետո՝ թե քաղաքական ճնշումների, թե քրեական գործերի, թե կարգապահական վարույթների, կոմպրոմատների արտահոսքի, կաշառք-թոշակի օրինագծի, տեսավ, որ այլ տարբերակ չունի բացի հանրաքվեն: Եղավ նաև ԱԺ-ում հարցը լուծելու ցանկություն, բայց պետք էր ժողովրդավարական փաթեթավորում՝ միջազգային ատյանների ճնշման տակ: Եվ ունենք՝ ինչ ունենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատեսի» առաջիկա համարում:

Դիտվել է՝ 9426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ