«Եկող սերնդին ներդաշնակ, խաղաղ, համախմբված ու մեկմեկու օգնող պետություն ու եկեղեցի պետք է ժառանգենք»
21.04.2020 | 00:31
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության մասին դիրքորոշում հայտնած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հերթական անգամ թիրախ է դարձել: Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մեծ մասամբ չեն ընդունում այն հանգամանքը, որ Վեհափառ հայրապետը, հաշվի առնելով կորոնավիրուսի վտանգավորությունը, անազատության մեջ գտնվող անձանց կալանքի փոփոխության մասին կարող է հայտարարություն անել: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ չի ցանկանում գնահատական տալ թե՛ իր գործընկերների, թե՛ հոգևոր հայրերի հայտարարություններին: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց՝ երկու ինստիտուտներն էլ պետք է հարգեն մեկմեկու, և այդ հարգանքը, առաջին հերթին, նախ իրենք՝ բարձրաստիճան պաշտոնյաները, պետք է դրսևորեն, քանի որ հենց իրենք են ինչ-որ առումով հանրային վարքագիծ թելադրողները: Հստակեցնում է՝ երբ այդ վարքագծին պաշտոնյաներն են հետևում, քաղաքացուց էլ չեն կարող ակնկալել, որ կաթողիկոսին ոչ թե ավազանի անունով, այլ «Վեհափառ» դիմելաձևով պետք է դիմեն:
-Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, հարգելու խնդիր կա, փաստորեն:
-Միանշանակ: Մեր երկրում տարիների ընթացքում բոլոր ինստիտուտների նկատմամբ է հարգանքը վերացել: Դա այսօրվա խնդիր չէ, այլ խնդիր է, որ այսօր պետք է լուծում ստանա: Բոլորս էլ գիտակցում ենք, որ կոնկրետ խնդիրներ կան, ու դրանք շտկելն այսօր նաև մեր վարքագծից է կախված:
-Իսկ պետությունն ի՞նչ է անում այդ խնդիրները շտկելու համար:
-Եկեք իշխանությանը որևէ քայլ չանող, ոչինչ չնախաձեռնող չդարձնենք: Երկու կարևոր ինտիտուտների մասին ենք խոսում, որոնք առանձին-առանձին ու համակարգված այս ամենի վերջը պետք է դնեն: Հասարակությունը պետք է փոխի թե՛ եկեղեցու, թե՛ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքը: Այս ամբողջ պատմության խնդիրն այն էր, որ խայծը կուլ տվեցին երկու կողմն էլ. Վեհափառ հոր հայտարարության հետ կապված ո՛չ հոգևոր դասը, ո՛չ էլ իշխանության ներկայացուցիչները հասարակությանը հանդարտեցնող, խաղաղություն քարոզող մեկնաբանություններով հանդես չեկան: Խորհրդային Միությունն արել է հնարավորը, որ փոխի եկեղեցու նկատմամբ հասարակության ընկալումը, ու հիմա փոխանակ ամեն բան անենք, որ շտկենք այդ վերաբերմունքը, փորձում ենք առանձնացնել, թե այս իրադրության մեջ ով ավելի սուր արտահայտվեց:
-Այն, որ եկեղեցու դերն ու նշանակությունը պետք է մեծանա մեզանում, դրանում համոզված եք, փաստորեն:
-Իհարկե, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ամենայն հարգանք ունենալով բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնց հավատամքն այլ է` մեկը բուդդիստ է, մյուսը՝ կաթոլիկ, երրորդը` աթեիստ, մեր պետական կրոնը քրիստոնեությունն է, իսկ Հայ առաքելական եկեղեցին բարձրագույն արժեք է ճանաչված մեր երկրում:
-Ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանը, բացի այն, որ կաթողիկոսին ավազանի անունով է դիմում, կարծում է նաև, որ պետք է քննարկել նրա «գահակալության» հարցը: Սա կարո՞ղ է օրակարգային հարց լինել:
-Վեհափառ հայրապետ ընտրելու հարցը ոչ թե իշխանության որոշելիքն է, այլ հոգևոր դասի: Եկեղեցին ոչ թե անձերով, այլ համակարգային եմ գնահատում, ու կարծում եմ, որ այն այսօր չափազանց մեծ անելիք ունի:
-Ձեր գործընկերներն ու ոչ միայն նրանք հոգևոր դասին այն բանի համար են քննադատում, թե, իբրև, ցույցերի, երթերի ժամանակ մարդկանց կողքին չեն եղել, ի շահ ժողովրդի չեն արտահայտվել:
-Եթե հարցին նայենք ակցիաների կամ ցույցերի ժամանակ եկեղեցականների՝ մարդկանց կողքին լինելու կամ չլինելու դիտանկյունից, ապա, այո, եկեղեցին իր հավատացյալի կողքին է եղել: «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, օրինակ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն էր մշտապես ներկա լինում: Խնդիրն այն է, որ մարդիկ սպասել ու սպասում են կաթողիկոսի խոսքին ու անգամ ներկայությանը, ինչը հազվադեպ է եղել: Հազվադեպ է եղել նաև նրա կողմից ասված խաղաղության կոչը, կամ եթե եղել է այդպիսին, ապա ոչ թե գոտեպնդող կամ օրհնություն տվող, այլ հանդարտեցնող ու խժդժություններին վերջ տալու կոչ է եղել: Հենց սա նկատի ունեն մարդիկ, երբ ասում են` կաթողիկոսն ինչու՞ էր լռում: Նույն կերպ նաև քաղաքական դաշտում է. ինչքան էլ պատգամավորները կամ նախարարները խոսում են, մարդիկ սպասում են Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի խոսքին:
-Տեսակետ կա, թե Վեհափառի անձի դեմ իշխանության կողմից ուղղորդված շարժում է սկսվել, և այս ամենը շարունակությունն է դեռևս 2018-ին մեկնարկած «Նոր Հայրապետ, Նոր Հայաստան» շարժման:
-Չեմ կարծում, թե իշխանությունն ընդդեմ կաթողիկոսի ուղղորդում է որևէ մեկին: Գուցե կրկնեմ միտքս, բայց երկու կողմից էլ խայծը կուլ են տվել: Ցավալի է, որ կարևորագույն երկու ինստիտուտներ միմյանց հետ ճիշտ հարաբերվելու մոտեցումներն են կորցնում: Առաջին հերթին հենց հոգևորականները չպետք է թույլ տան, որ խորանա այս խնդիրը: Անգամ ես՝ որպես պաշտոնյա, եթե վրդովվում եմ, ապա եկեղեցին պետք է ինձ հանդարտության ու խաղաղության կոչ անի: Իշխանությունն ընդդեմ եկեղեցու դավեր չի նյութում, այն էլ` այս պահին, երբ պետության բոլոր օղակները զբաղված են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներով: Ինչ վերաբերում է կաթողիկոսին, այո, խաղաղության կոչերով պետք է հանդես գա, ու ցանկալի է, որ դա անի անկախ հանգամանքից՝ այն Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին է վերաբերում:
-Միգուցե կարի՞ք կա նստելու դեմ դիմաց ու քննարկելու երկուստեք հուզող բոլոր հարցերը: Իշխանության ներսում, օրինակ, նկատում ենք` եկեղեցու նկատմամբ ընկալումները տարբեր են:
-Իրականում վատ չեմ ընդունում, որ իշխանության ներսում տարբեր կարծիքներ ու մոտեցումներ կան: Հստակեցնեմ ուղղակի, որ ես այն մարդկանցից եմ, որ խաղաղությունը նախ և առաջ իմ ներսում եմ փնտրում: Կռվում եմ ոչ թե ջախջախելու, այլ բացատրելու ու շտկելու համար: Այո, ճիշտ եք նշում, պետք է երկխոսության գնալ, ինչը կա՛մ չկա, կա՛մ հեռահար ու միջնորդավորված ձևով է տեղի ունենում: Բայց եթե աշխարհիկ մարդը կարող է վրդովվել ու պոռթկալ, ապա հոգևորականը չպետք է այդ խայծը կուլ տա, նրա կոչը պետք է հանդարտեցնող լինի: Երկխոսության ու ներդաշնակության հարթակ է պետք ստեղծել, բայց ոչ հիմա: Այս պահին պետք է թողնել` հանդարտվի իրավիճակը, ապա նոր հասկանալ՝ որն է եկեղեցու դերը քաղաքականության մեջ, կամ պետությունն ինչքանով իրավունք ունի «մխրճվելու» եկեղեցու գործերի մեջ: Այդպիսով եկող սերնդին ներդաշնակ, խաղաղ, հաղորդակցային, համախմբված ու մեկմեկու օգնող պետություն ու եկեղեցի կժառանգենք:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ