Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՄԻԵԴ-ի ՀՀ իշխանություններին ուղարկված հարցաշարը ապտակ է իշխանական իրավաբանական թևին

ՄԻԵԴ-ի ՀՀ իշխանություններին ուղարկված հարցաշարը ապտակ է իշխանական իրավաբանական թևին
07.07.2020 | 13:37

«Ժողովուրդը» գրում է․

«Դեռևս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ 3 արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և ՍԴ արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ: Եվ, ահա, ՄԻԵԴ-ը բավականին օպերատիվ ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թևին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը և կասեցնել ՍԴ 3 դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, առնվազն 3 անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետև հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել: ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաև Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը և չհետևել տրված խորհուրդներին: Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եվ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչև բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տևել: Եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է մնան դատավորներ, մինչև ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի: Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաև չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետևանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թևը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետևանքները»:

Դիտվել է՝ 5761

Մեկնաբանություններ