Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիստոսինն էինք, դարձանք Օտարինը

Քրիստոսինն էինք, դարձանք Օտարինը
12.07.2022 | 07:21

«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ողբամ զքեզ, հանուրց հիւսիսականաց վեհագոյնդ, զի բարձաւ թագաւոր եւ քահանայ, խորհրդական եւ ուսուցող, վրդովեցաւ խաղաղութիւն, արմատացաւ անկարգութիւն, դրդուեցաւ ուղղափարութիւն, կայկայեցաւ տգիտութեամբ չարափառութիւն»:

Մովսես Խորենացի, 5-րդ դար


«Հոտն անհովիւ` մոլոր ու շփոթ` աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ հախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբալի կենաց ծովու:
Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր՝ միւս կողմէն: Փառասիրութիւն, փութկոտութիւն մէկ երեսէն, ապիկարութիւն, տգիտութիւն` միւս երեսէն: Իւրաքանչիւր ոք իր պաշտօնն զգեցած է իբր հանդերձ, յոր մերկութիւն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին` ապականած, մեր կեանքը` դիակնացած... Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արիւնաքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը: Մեր նախնիք իրենց պաշտօնին փարած էին անձնահեղձութեամբ, իսկ մենք կը յափշտակենք գործն՝ ընչաքաղցութեամբ:
Սիրտս փլած է»:

Կոմիտաս վարդապետ, 1869-1935թթ.:


Ցեխի եւ թույնի մասին պատմող ադամանդե խոսքեր: Այս խոսքերը ներկայացնում են մեր համազգային ողբերգության և Կոմիտասին խելացնոր համարելու բուն պատճառը: Խորենացուց մինչև Կոմիտաս և մեր օրերը ժողովրդի մեջ միայն մի բան է փոխվել. այսօր չկան խորենացիներ և նրանց ոգեկոչողներ:


Եղեռնը արևմտահայ քրիստոնյայի աղոթքի լռության կամ սխալ բովանդակության արձագանքն էր. կյանքը հնարավոր է հոգու և մարմնի համատեղ կենսունակությամբ, մահը վրա է հասնում ոչ միայն մարմնի՝ կյանքի հետ անհամատեղելի վիճակից, այլև գլխավորապես ոչ կենսունակ հոգու պարագայում, երբ մի ողջ ազգ, իր իսկ համար աննկատելի կերպով, կորցնում է այդ կենսունակությունը, հետևանքը լինում է անդառնալիորեն ողբերգական: Մեծ Եղեռնը պատճառեց այնպիսի մեծ ցավ, ինչպես մարմնի որևէ անդամի հատումը, բայց այն պետք էր մնացած մարմնի առողջ գոյատևման համար: Մեծ ցավ է պատճառում նաև այդ ամենի գիտակցությունը, բայց ավելի լավ է զգալ այդ ցավը, քան թույլ տալ կերակրել մեզ պատրանքներով:


«Մեծ տերությունները» մեր ցավը որպես խայծ են գործածում մեզ թակարդը գցելու համար, տերություններ, որ իրենց մեծությունը տեսնում են ազգերին ոչնչացնելու և ստրկացնելու մեջ՝ ներկայացնելով դա որպես մարդկության փրկություն, մեզ խոստանում են Հայոց անլուծելի թվացող հարցի արդարացի հանգուցալուծում և հատուցում Մեծ Եղեռնից փրկված բեկորների սերունդներին. այդ ամենը խաբկանք է, ավելին՝ եղեռնը շարունակվում է արդեն անարյուն, բայց բազմազոհ, դա վաղուց և մանրակրկիտ կերպով մշակված ծրագիր է. «Հայաստանն առա՛նց հայերի». ծանո՞թ ծրագիր է: Այն իրագործելու բազում եղանակներից ընտրվեց ու հաստատվեց անարյուն եղանակը, քանզի հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող, և սա անհերքելի ավետարանական ճշմարտություն է: Եվ քանի որ ծրագրի հեղինակները վերջապես հասկացան, որ մեր մարմինը ճնշելով զորանում ենք հոգով, սկսեցին անարյուն պատերազմ՝ սպանելով հային ամեն հայի մեջ, հային զրկելով իր պապերի արյունով ներծծված հողից սնվելու և հայեցի աճելու, հայոց անարատ ջրի ակունքներից արբելու և հայաբար հագենալու իրավունքից: Եկավ-անցավ մեր համազգային ցավի հարյուրամյա տարելիցը. այսօր մնացե՞լ է գոնե մեկ պահանջատեր կամ իր պահանջների բավարարմանը հավատացող ու սպասող հայ, Հայաստանում հայ մնացե՞լ է, նամանավանդ, որ մեկի հայ լինելը պետք է փաստվի ո՛չ միայն կյանքը զոհելու պատրաստակամությամբ, այլև հենց զոհվելով, աճյունի առկայությամբ: Մոխրագույնը թանձրանում է, ամենակուլ, արյունախում իր երախով առաջանում, ահագնանում, կլանում է անորոշ ու գորշ գույները, այդ գույնի բոլոր հայերին: Եղեռնի հետ կապված, մեր ականատեսությամբ և մասնակցությամբ, իրագործեցին երկու սատանայապաշտական ակտ՝ սրբադասման զուգակցումը ռոք համերգի հետ և դեռևս ողջ մարդկանց անունների պրոյեկտումը Եղեռնի հուշահամալիրի վրա: Մենք խաբվեցինք աշխարհի պատրանքներին և տրվեցինք նրան: Իհարկե, սա միանգամից և առանց մեզ տեղի չունեցավ: Այն, որ աշխարհը գնում է դեպի կործանում, պարզ դարձավ Հիսուսի առաջին գալստի ժամանակ, բայց ամենևին պարտադիր պայման չէր, որ մենք ազգովի ընդգրկվենք այդ կործանարար հոսանքի մեջ, մենք՝ քրիստոնեությունը առաջինը պետականորեն՝ այն է աշխարհիկ իշխանությունների մակարդակով ընդունած, այն է՝ այս աշխարհի իշխանին համապատասխան ուղղություն ցույց տված ազգը, ինքներս բռնեցինք այդ նույն ուղղությունը:

Քրիստոսինն էինք, դարձանք Օտարինը, ոչ միանգամից, բայց աննկատելի կերպով, դարերի խորքից այլևս տեսանելի չէ մեր «էվոլյուցիայի» ընթացքը, մարդիկ նույնիսկ կզարմանան. բա աշխարհինը չենք, ու՞մն ենք: Ասվածի հավաստի ապացույցը վերջերս ցեղասպանություն ապրածների հետնորդ հանդիսացող և ցեղասպանությունը դատապարտող սփյուռքահայ արվեստագետների կողմից սեռական փոքրամասնությունների հանդեպ լոյալ վերաբերմունք դրսևորելու և հանդուրժողական ու խրախուսական դիրքորոշում որդեգրելու սրտակեղեք կոչ պարունակող, ՀՀ կառավարությանը ուղղված, ըստ էության, խայտառակ նամակն է: Մարդը, հատկապես հայ մարդը, առանց իր լինելիության աստվածաբանական կամ գոնե մարդաբանական էության խորախորհուրդ ոլորտները թափանցելու, սոսկ մակերեսային, եթերային, եթեական գոյաքարշության է վերածում իր կյանքը, ոչ թե ապրում, այլ վայելում է կյանքի պատրանքը:


Հայաստանը այսօր դիտարկվում է օտարների կողմից ոչ թե որպես «թանգարան բաց երկնքի տակ» կամ «երկիր-դրախտավայր», այլ որպես երկիր-հանքավայր, իսկ բնիկներին՝ ոչ թե ազատ քաղաքացի, այլ՝ հանքափորներ, աշխատուժ, որ կարելի է անհրաժեշտության դեպքում թարմացնել այլ էթնոսի ներկայացուցիչներով: Հարցը արդեն դուրս է գալիս բնապահպանական շըրջանակներից. այն խորապես ազգապահպանական հարց է:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 8279

Մեկնաբանություններ