Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքական «կտերի» ու ռեալ պոլիտիկի խաչմերուկում. Դավիթ Կարապետյան

Քաղաքական «կտերի» ու ռեալ պոլիտիկի խաչմերուկում. Դավիթ Կարապետյան
24.09.2022 | 11:04

Աշխարհը խառնվել է իրար:
Շահերի ու հեգեմոնիզմի դրսևորման համար մարդկային կյանքերը լոկ գրոշներ արժեն:
Սպառնալիքի և ուժի կիրառման հռետորաբանությունը դարձել է ստանդարտ գործելաոճ ու քաղաքական ուղեգիծ:


Այսպիսով՝ իրավիճակը կտրուկ սրվել է Հունաստանի ու Թուրքիայի միջև:
Թուրքիա-Հունաստան լարվածությունը նոր թափ է ստանում:
Պատերազմ սանձազերծելու հավանականությունը մեծ է:
Մեկմեկու մեղադրանքները ու պատերազմական կոչերը դարձել են երկու երկրների իշխանությունների առօրյա խոսույթը:
Թուրքիան բացահայտ սպառնում է ռազմական ուժով «վերադարձնել» իրեն Էգեյան ծովի հունական կղզիները:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ահազանգում է, որ թուրքական սպառնալիքները դարձել են ամենօրյա:


Վերջինս, միաժամանակ, հայտարարում է, որ թուրքական ագրեսիայի ժամանակ թշնամին լիովին ջախջախիչ պատասխան կստանա:
Ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլին կհայտարարի, թե «Հունաստանի գլուխն անընդհատ քոր է գալիս», Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը կոչ կանի Հունաստանին հրաժարվել ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից և դաշինք կազմել Թուրքիայի հետ, դե, իսկ Էրդողանը, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ սպառնում է՝ ասելով, թե «Ա՛յ Հունաստան, եթե շարունակես, շատ ծանր գին ես վճարելու: Մի՛ մոռացեք Իզմիրը... Կգա ժամանակը՝ մենք կանենք այն, ինչ պետք է,
խելքներդ գլուխներդ հավաքեք, այլապես մի գիշեր հանկարծակի գալու ենք»:
Միայն այս տարի Թուրքիան Ֆ16-ներով շուրջ 6.100 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը:


Թե հիմա ո՞վ է զսպաշապիկ հագցնելու Թուրքիայի ղեկավարին, առավել ևս, վերջ դնելու վերջինիս ծավալապաշտական նկրտումներին ու հնարավոր արկածախնդրությանը՝ հարց է:
Հունական իշխանությունները հույսը դնում են միջազգային հանրության վրա, ակնկալում նրանց միջամտությունը:
Համենայն դեպս, Վաշինգտոնն ու Եվրամիությունը կոչ են արել Թուրքիային՝ հարգել Հունաստանի տարածքային ամբողջականությունն ու չսրել իրավիճակը Միջերկրական և Էգեյան ծովերում:
Բնականաբար, դասական կոչերը հասու չեն Թուրքիային, որը միշտ էլ արհամարհել է միջազգային հանրության հորդորները:
Իրավիճակը ծայրաստիճան լարված է ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի ողջ երկայնքով, ուր այս պահին ևս զինված բախումներ են ընթանում:
Կրկին հնչում են երկուստեք մեղադրանքներ:


Բիշքեկը Դուշանբեին է մեղադրում «դավաճանական հարձակման» մեջ, Տաջիկստանն էլ իր հերթին իրավիճակի սրման մեջ է մեղադրում Ղրղզստանին։
Դե, իսկ ՀԱՊԿ-ը, իր ձեռագրին համաձայն, համեստորեն լռում է ու չի միջամտում:
Ռուսաստանն էլ իր հերթին է գնում ծայրահեղ քայլերի ու արկածախնդրությունների, որոնք արդեն իսկ երկրի ներսում առաջացրել են տոտալ քաոս:
Երեկ արդեն իսկ հայտարարվեց 300-հազարանոց մասնակի զորահավաք անցկացնելու, Զապորոժիե և Խերսոնի շրջաններում ռեֆերենդում անցկացնելու, ինչպես նաև, կրիտիկական դեպքում, ընդհուպ մինչև միջուկային զենք կիրառելու մասին:


Իսկ Հայաստանի հանդեպ անդադար վայրահաչոցների ու սպառնալիքների պակասը չկա:
Եթե Էրդողանը Հունաստանի հարցով անկաշկանդ ու բացահայտ սպառնում է պատերազմով, ապա Հայաստանի հանդեպ հայտարարությունները դեռևս «չափավոր» վտանգավոր են:
Վերջինս մի օր հույս է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեղմ ժամկետներում «խաղաղության պայմանագրի» կնքման կապակցությամբ, իսկ մյուս օրը խոսում ցանկացած պարագայում Ադրբեջանին ռազմական օժանդակության ցուցաբերման ու անհրաժեշտ պահին համատեղ պատերազմական գործողությունների իրականացման պատրաստակամության մասին:
Դե, իսկ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին՝ միաժամանակ ուղիղ հայտարարելով, որ ո՛չ մի զանգ, ո՛չ մի հայտարարություն ու նախաձեռնություն, առավել ևս, հորդոր իրեն չի կանգնեցնի նպատակներն իրագործելու հարցում:
Թեև Վաշինգտոնը կոչ կանի Ադրբեջանին՝ ասելով, թե ժամանակն է, որպեսզի զորքերը հետ քաշվեն Հայաստանի օկուպացված տարածքներից, իսկ դիվանագետներն էլ պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, միևնույն է՝ նա անդրդվելի է:
Դե, իսկ Պուտինն էլ պահի տակ կհիշի, որ «Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է», և որ այդ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այնուհետև, հրադադարը պահպանելու ու զսպվածության կոչ կանի Բաքվին և Երևանին: Կխոստանա, որ հետամուտ կլինի ՀԱՊԿ-ի մասով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ավելի օպերատիվ աշխատանքներ իրականացնելու հարցում:


Ու սա նորմալ է դեռ այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը ճառ ասող են, բայց ոչ՝ զանգ կախող:
Զավեշտալին այն է, որ այսքանից հետո, այսքան հիասթափությունից հետո, դեռ հավատ է սերմանվում ու հույս տրվում մեզ:
Դե, իսկ մենք էլ «փայլում» ենք մեր քաղաքական հեռատեսությամբ ու հոտառությամբ, «ադեկվատ» դիսկուրսով ու վերլուծություններով, ինչպես նաև էքզիստենցիալ վտանգներ շուտափույթ հայտնաբերելով, դրանք բարձրաձայնելով ու մասսայական խուճապ, անհարկի աղմուկ ու աղաղակ առաջացնելով:
Մենք նաև «գերազանցում» ենք մեզ՝ հուր հավետ անվտանգության երաշխավորներ փնտրելիս, մեզ «փրկիչներ» կարգելիս:
Անթերի ենք՝ նրանց վրա հույս դնելիս, չարդարացված ակնկալիքների ու սպասելիքների, բայց իրականում սեփական մեղքերի, անհաջողությունների ու աղետների մեջ հետագայում նրանց մեղադրելու հարցում:


Մենք պատրաստ ենք մեկ օրում արտաքին վեկտոր փոխել:
Առավոտյան՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, կեսօրին՝ Իրանի, երեկոյան՝ Չինաստանի ու Հնդկաստանի հետ դաշնակցային պայմանագրեր կնքել, ընդհուպ՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանում անհապաղ Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի ռազմաբազաներ տեղակայել, դե, իսկ Ռուսաստանին, 102-րդ ռազմաբազայով հանդերձ, «գրողի ծոցը» ուղարկել:
Այսպիսի ծայրահեղությունից ծայրահեղություն է մեզ մոտ:
Այս թոհուբոհի մեջ մնում է՝ էմոցիոնալ սպեկուլյացիաներից զերծ մնալու, խոհեմության ու սառը դատողության կոչ անել ու, չհիշեցնելով պատմության դրվագներ, սահմանափակվել այն պարզ ճշմարտությամբ, որ իրական դաշնակիցներ մենք չունենք, ու որ դա ուտոպիա է: Որ բացառապես պետք է հույսը դնել մեզ վրա՝ իհարկե փորձելով ռազմաքաղաքական հարաբերություններ կառուցել այն երկրների հետ, որոնք իրապես պատրաստ են մեզ հետ գնալ այդ քայլին:


Ինչևէ, նորից լավատեսական սպասումներով...
Բայց նաև հույսով՝ ո՛չ ինքնախաբեության, սին էքստազի մեջ հայտնվելու, էյֆորիկ տրամադրությունների ու պատրանքների տակ մնալու, ստիպված ապրումակցելու անցանկալի իրավիճակների ականատեսը չդառնալու ակնկալիքով:

Դիտվել է՝ 10817

Մեկնաբանություններ