Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատվիրանը կյանք է

Պատվիրանը կյանք է
01.12.2022 | 07:22

Ամեն ոք, ով հավատում է, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնված. եւ ամեն ոք, ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաեւ նրանից ծնվածին:

Սրանո՛վ ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծո Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատվիրանները. քանզի ա՛յս է Աստծո հանդեպ մեր սերը. որ պահենք նրա պատվիրանները:


Եւ նրա պատվիրանները ծանր չեն, քանի որ ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը: Եւ ո՞վ է, որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուս է Աստծո Որդին:
Ա Հովհ.5;1-5

Աստծո կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը, չզարմանաք, հետևյալն էր. «Աճեցե՛ք, բազմացե՛ք եւ լցրե՛ք երկիրը», սա օրհնություն-պատվիրան էր, իսկ «ծառից չուտեքը»` այդ օրհնության մեջ մնալու գրավական: Ինչի՞ համար են աստվածային պատվիրանները: Ոմանց կարծիքով՝ դրանք սահմանափակում են մարդու ազատությունը, կտրում երազանքի թևերը, ոմանց համոզմամբ` անտանելի են դարձնում մարդու կյանքը, ոմանք կարծում են, որ դրանք պարզապես կանոնակարգում են մարդկային հարաբերությունները, որպեսզի մարդը բարոյական իր նկարագրով տարբերվի անբան անասուններից և վայրի գազաններից: Բայց արդյո՞ք Աստծո նպատակներն այդքան պարզունակ էին, երբ Նա պատվիրեց առաջին մարդուն. «Մի՛ կեր»: Ըստ առաքյալի, Աստծո պատվիրանները, փաստորեն, աշխարհին հաղթելու համար են, առաքյալի վկայությունը ցույց է տալիս, թե մարդը, ցավալիորեն, որքան է հեռացել Աստծուց, որովհետև ոչ ոք այսօր չի մտածում անգամ աշխարհի դեմ պայքարելու, էլ ուր մնաց` հաղթելու մասին, նույնիսկ շատ-շատ քրիստոնյաներ այդ մասին չեն մտահոգվում, անգամ չեն էլ կասկածում դրա բնական անհրաժեշտության մասին:

Որևէ աստվածաբան, «աշխարհ» ասելով, հասկանում է.
ա. սխալ սկզբունքներ, որոնց համաձայն ապրելով` մարդիկ շեղվում են բարեպաշտությունից,
բ. խռովություններ ու հալածանքներ քրիստոնյաների դեմ,
գ. հաճույքների ու զվարճությունների փնտրտուք,
դ. գայթակղություններ և չար օրինակներ, ներառյալ չար դաստիարակությունը:
Աշխարհը օբյեկտիվորեն գոյություն ունի մեզանից դուրս, և պայքարել աշխարհի դեմ` նշանակում է թույլ չտալ, որ աշխարհը մակաբուծի մեր էությունն ու ներաշխարհը և կամ` փոխարինի նրան ու նույնանա նրա հետ:


Ի սկզբանե պատվիրանների նպատակը մարդու ինքնաոչնչացման ժխտումն էր և աստվածային օրհնության հաստատումը, այսօր էլ դեպի այդ նպատակը տանող ուղին որևէ կերպ չի շեղվել: Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են, մարդու` մարդ լինելու և մնալու երաշխավորները, Նրա մարդկային դիմագծի ու նկարագրի ճարտարապետները: Առաքյալը վստահեցնում է, որ նույն այդ պատվիրանները կարող են վերափոխվել անողորմ դատավորի ու մահվան դատավճռի, եթե մերժվեն, անտեսվեն ու արհամարհվեն (Հռոմ.7;7-12):


Աստված իր պատվիրանները մարդուն տվեց աստիճանաբար. նախ նրան հետ պահելով չարից, ապա դեպի կատարյալը առաջնորդելով, նախ կաթ, ապա պինդ կերակուր տալով, նախ` մի՛ վնասիր,ապա` օգնի՛ր, հետո միայն` սիրի՛ր պատվիրելով: Երբ մենք սկսում ենք մտահոգվել չնչին ու անկարևոր բաներով, Աստծո պատվիրանները, որ «ծանր չեն», դառնում են անտանելի դժվար, իսկ մեր գլխավոր մտահոգությունը` պատվիրանապահությունը` անհասկանալի ու երկրորդական գործ: Եվ որքանո՞վ է դա ճիշտ, երբ պատվիրանները տրված են մեր բարօրության համար, և նրանց կատարումը մեր երջանկության գրավականն է:
Պատվիրանները աշխարհին հաղթելու համար են, սակայն հաղթելու զորությունը և դրա անհրաժեշտութան գիտակցությունը գալիս է Աստծո Որդու` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 9292

Մեկնաբանություններ