«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Լաչինի» միջանցքի բացման հեռանկարը

«Լաչինի» միջանցքի բացման հեռանկարը
07.01.2023 | 10:49

Նորություն չէ, որ արցախցին տարիներ շարունակ մնացել է բլոկադայի մեջ, բայց չի ընկրկել: Ավելի դաժան իրավիճակներում, անդադար պատերազմի պայմաններում, արցախցին Արցախը պահել է հայկական:

Եթե այն ժամանակ տոտալ բլոկադայի պատճառը տարիներով ձգվող պատերազմն էր, ապա հիմա, հարաբերական անդորրի պայմաններում՝ քաղաքական տարատեսակ պատրվակներն են, հազար ու մի անհեթեթ պատճառները, զոռբայությունը, ապիկարությունը, ապաշնորհությունն ու անհեռատեսությունը, ինչու չէ նաև ներքին պայմանավորվածությունները կամ դավադրությունները: Արդեն լրանում է Բերձորի միջանցքը փակ պահելու մեկ ամիսը... Հարցերի հարցը մնում է հետևյալը. Ինչու՞ առ այսօր չկա ընդամենը մեկից երկու կիլոմետր, Շուշին իր խաչմերուկով շրջանցող ալտերնատիվ ճանապարհը, որն ի դեպ ժամանակին նախատեսված է եղել կառուցել ու վաղուց պետք է շահագործվեր... Միջանցքի փակվելու և անորոշ ժամանակահատվածով փակ մնալու, ինչ-որ բանի դիմաց կամ ինչ-որ պայմանով բացվելու հետ կապված քննարկվող ցանկացած խելամիտ սցենար ու ենթադրություն կարելի է հավանական համարել: Իսկ դրանք տասնյակների են հասնում...

Իրադրությունը, զարգացումների խրոնոլոգիան ու ակնհայտ փաստերը հուշում են այն, որ այս հարցում հետկուլիսային պայմանավորվածություններ կամ մանրակրկիտ պլանավորած սցենարներ են գործադրված: Չի բացառվում, որ «կինոյի» ամենահավանական սցենարներից մեկը՝ սա է. Գաղտնիք չէ, որ թե՛ արցախահայերը և թե՛ ռուսները հակված են ռուսական կոնտինգենտի Արցախում մնալու ժամանակի երկարաձգմանը: Լավագույն առիթը հենց միջանցքի փակված լինելն է, որը գերազանց պատրվակ է աշխարհին ցույց տալու, և միաժամանակ հետագա իրենց մնալը արդարացնելու

* որ Ալիևը կատարյալ բռնապետ է, որը պատրաստ է իր ամբիցիաների համար սովամահ անել 120 հազար հայի,

* որ հումանիզմից ճամարտակող Ալիևը գոնե ձևականորեն, ոչ մի մարդասիրական ժեստ չցուցադրեց և օգնություն չտրամադրեց իր իսկ ձևակերպումով՝ «իր քաղաքացիներին»,

* որ անիրական է նման ռիսկերով հղի պայմաններում թողնել արցախահայությանը բախտի ու վերջինիս քմահաճույքին,

* որ ռուսական կոնտինգենտի դուրս գալուց անմիջապես հետո՝ պետական մակարդակով, պլանավորած կերպով տեղի կունենա թե՛ էթնիկ զտում, թե՛ էսկալացիաներ, թե՛ նույնիսկ կոտորած,

* որ Ալիևը բնավ չի նախատեսում խաղաղ համակեցություն, հավասար պայմաններ ու օրենքի հավասարազոր գործածություն: Իսկ այսօր, կամա թե ակամա, ռուսական կոնտինգենտին է տրված այդ հավանական ռիսկերը կանխարգելելու, չեզոքացնելու, թշնամությունը ֆիզիկապես զսպելու մանդատը:

Հետևաբար՝ արցախահայությունը, ռուսական կոնտինգենտին դիտարկելով որպես իր իրավունքների ու անվտանգության երաշխավոր, աչքի առաջ ունենալով գոյաբանական ու էթնիկ զտման վտանգը, և ելնելով ստեղծված իրավիճակից՝ ուզում է ռուսական առաքելության երկարաձգումը: Իսկ ռուսական պաշտոնական դիրքորոշումը դեռևս անփոփոխ է. Արցախի կարգավիճակի հարցը պետք է թողնել հետագային... Հետևաբար՝ կոնֆլիկտը հանգուցալուծված չէ, իսկ նրա լուծումը թողնվում ապագային... Իսկ Արցախում մնալու որպես հիմնավոր ալիբի՝ լավագույն առիթն է այնտեղ տանող միակ ճանապարհի, ասել է՝ կյանքի ճանապարհի փակ լինելը / փակումը և դրանով պայմանավորված հումանիտար աղետը: Գուցե ռուսական կողմի (Արցախի ղեկավար կազմի հետ համատեղ կամ առանց նրանց) հաշվարկն էլ հենց սա է...

Ադրբեջանցին հիմար պատրվակով փակում է ճանապարհը, որն իրականում ռուսը կարող է բացել հաշված րոպեների ընթացքում, բայց չի բացում՝ վերոշարադրյալի հիմքերից ելնելով և հետագայում իր համար ավելի նպաստավոր ու շահավետ իրադրություն ապահովելով: Ռուսը նախ գիտակցում է, որ ինչքան էլ հումանիտար աղետ է, այդուհանդերձ այն կառավարելի է, և որ իրականում տեղի բնակչությունը բառիս բուն իմաստով սովամահ չի լինի... Մանավանդ, որ ներքին կարգով ապահովում է բնակչությանը սննդով ու պարենով: Արդյունքում՝ արցախահայը զինվում է համբերությամբ՝ գիտենալով, որ դրա հաշվին և առհասարակ ի վերջո ճանապարհը բացվելու է, բայց փոխարենը ստանում է ծանրակշիռ պատճառներ աշխարհին ի ցույց դնելու, որ Ադրբեջանի կազմում նրանք անելիք չունեն, ավելին՝ վտանգված են:

Արդյունքում՝ ողջ մարդկության հորդորն ու պահանջը, մեղադրանքներն էլ վրադիր հասցեագրվում են պարոն Ալիևին... Ի հավելումն այս ամենի, նոր թափ են ստանում քաղաքական ճնշումները՝ հաշվի առնելով այն, որ ճանապարհի փակումը շատ սխալ քաղաքական քայլ էր և խոցելի դարձնող առաջինը Ադրբեջանին... Իսկ այդ համատեքստում Ռուսաստանին մեղադրելու պատճառները կրճատվում են, կամ դառնում երկրորդական, քանի որ վերջիններս բացի այն, որ լավից-վատից ապահովելով իրենց ֆիզիկական ներկայությունը՝ բացառում են բախումներն ու Արցախի մնացյալ հատվածի ամբողջական օկուպացիան, վերջիններիս իրավասության շրջանակներում չկա ուժի միջոցով ադրբեջանցի քաղաքացիականների դուրս շպրտումը, քանզի նրանց ֆունկցիան բացառապես պաշտպանողական բնույթ է կրում:

Այնպես որ, այս ամենի արդյունքում հավանական է, որ հող է նախապատրաստվում՝ եթե ոչ երկարաժամկետ, ապա ևս 5 տարով ռուսական կոնտինգենտի առաքելությունն Արցախում երկարաձգելու համար: Եվ սա այն պարագայում, երբ Ադրբեջանը բացահայտ պահանջում և խոսում է՝ ժամկետը լրանալուն պես ռուսական կոնտինգենտի Արցախից դուրսբերման մասին: Եթե սա է գծած սցենարը, ապա Արցախի ղեկավարությանը մնում է շատ ճիշտ դիրքավորվել, Ռուսաստանի հետ մաքսիմալ կոկիկ բանակցել, չգնալ արկածախնդրությունների, միաժամանակ որևէ կերպ չներգրավվել ռուս-ադրբեջանական գզվրտոցին, որն այս համատեքստում աներկբա լինելու է: Ուստի այս պահին, այս իրավիճակում կոնֆլիկտում հաղթելու ամենաիմաստուն ձևը նրանից խուսափելն է: Երբ ժամանակը գա ու Ադրբեջանը պահանջի ռուսական կոնտինգենտի դուրսբերումը, նոր կզգա ռուսական արջի թաթի զորությունը և թե ինչ կարող է արժենալ ռուսին հակադրվելը: Իսկ առհասարակ, թե՛ մենք և թե՛ ադրբեջանցիներն ինչքան էլ ուզենք, խնդրենք թե պարտադրենք՝ հակված եմ կարծելու, որ ռուսը Արցախից դուրս եկողը չէ:

Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 14434

Մեկնաբանություններ