Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էս երկրի քաղաքացին ու նրա դատարկ գրպանը երբևէ ո՞ւմ են հետաքրքրել»

«Էս երկրի քաղաքացին ու նրա դատարկ գրպանը երբևէ ո՞ւմ են հետաքրքրել»
28.11.2008 | 00:00

«ՇՈՂՈՒԼԻ ԵՆ ԳԱԼԻՍ»
«ԱրմենՏել» ընկերությունից ստացված որոշ թվեր ու ցուցանիշներ բավականին հետաքրքիր պատկեր են ուրվագծում:
Խնդիրն այն է, որ նախկինում թե՛ բջջային, թե՛ ֆիքսված հեռախոսակապի ոլորտում Քոչարյանի թեթև ձեռքով «բնական մենաշնորհ» ստացած այս ընկերության աշխատանքը ոչ ոք չէր կարող օբյեկտիվորեն գնահատել հենց թեկուզ այն պատճառով, որ համեմատելու բան չկար. ինչ ունեինք, դա էր, ինչ ծառայություն տրամադրվում էր, ստիպված էինք դրանից էլ օգտվել: Եվ միայն այն ժամանակ, երբ արաբները մեջտեղ եկան (ճիշտ է` նորից քոչարյանա-դավիթհարությունյանական «մասնակցությամբ»), սկսվեց մի գործընթաց, ինչը պիտի օբյեկտիվորեն ապացուցեր այս ընկերությունը հույներին հանձնելու, իսկ իրականում` մեր գույքը հօգուտ մեկ այլ պետության օտարելու (չէ՞ որ OTE-ն պետական ընկերություն էր) քոչարյանական քայլի լրջությունը, առավել ևս` դրա տնտեսական նպատակահարմարությունը:
Ուղիղն ասած, դրան կոնկրետ պատասխան տալու ժամանակ մենք չունեցանք, որովհետև նույն ձեռագրով և նույն մարդիկ այս անգամ էլ որոշեցին, որ մեր կապի և հեռահաղորդակցության ողջ ոլորտը պիտի պատկանի ռուսներին: Հետևաբար, ծիծաղելի մի «մրցույթի» արդյունքում հույներին ռուսական «Վիմպելկոմով» փոխարինեցին, իսկ, ինչպես Ռալֆ Յիրիկյանը ժամանակին պատկերավոր արտահայտվեց, «իրենց արաբ աղջկա համար ևս ռուս ամուսին գտնվեց»։
Թե ինչն, այնուամենայնիվ, մերոնց ստիպեց գոնե բջջային կապի ոլորտում «թույլ տալ», որ հայտնի «Ֆրանս Տելեկոմն» իր «Օրանժ» բրենդով մեջտեղ գա, հայտնի չէ (շատ տխուր կլինի, եթե պարզվի, որ այստեղ էլ ստվերային պայմանավորվածություններ կան), բայց վերը նկարագրված այս ողջ ընթացքի և հանգուցալուծումների արդյունքում ինչ-որ բաներ սկսել են հստակվել, շուկան կարծես թե նոր-նոր ձևավորվում է, ամեն մեկի արած գործն իսկապես սկսում է երևալ, և հուսանք` շատ շուտով էական փոփոխություններ կարձանագրենք նաև մատուցվող ծառայությունների որակի, այսպես կոչված` տեսականու և գների ոլորտում, որովհետև, ի տարբերություն մենաշնորհի, ազատ շուկայի, մրցակցության իմաստը հենց դա է:
Եթե որևէ մեկը կասկածում է սրան, կարող ենք նյութի սկզբում ակնարկված և «ԱրմենՏելից» ստացված թվերը «բացել» և այդպես ապացուցել այն, ինչ վերևում նշեցինք: Պարզվում է` նախկինում բջջային շուկայի 100 տոկոսը գրավող ընկերությունն այս պահին սպասարկում է ընդամենը 31 տոկոս բաժանորդների (և սա միայն` «Վիվասելի» դեպքում. պատկերացրեք, երբ «Օրանժը» սկսի աշխատել, ինչ է լինելու), իսկ մեկ բաժանորդից ստացված միջին ամսական եկամուտը (ARPU) 2008-ի 3-րդ եռամսյակում կազմել է 13,9 ԱՄՆ դոլար` նվազելով ևս 1,4 դոլարով (հետաքրքիր է հատկապես այս «ևս» բառը, ինչը նշանակում է , որ վերջին շրջանում ընկերության եկամուտները սիստեմատիկորեն նվազել են): Սա, հավանաբար, անհանգստացրել է «բիլայնավորված» «ԱրմենՏելին», և, որոշ տեղեկությունների համաձայն, չնայած ընկերության գլխավոր գործադիր տնօրենի այն «խրոխտ պնդումներին», թե «չենք վախենում մենք ոչ մի մոխրագույն գայլից` ով էլ որ գա, ով էլ որ լինի», ձեռնարկության մթնոլորտը բավականին շիկացած է այդ իմաստով: Արդեն բոլորն են հասկանում, որ իրենց ծառայություններից օգտվելու իներցիան, ինչը հիմնականում պայմանավորված է մարդու պահպանողականությանը տուրք տալու խիստ մարդկային «թուլությամբ», կամաց-կամաց տեղի է տալիս, ու եթե այսպես շարունակվի` իրենք լրիվ կզրկվեն բաժանորդներից` մնալով միայն ֆիքսված կապի հույսին:
Ահա այս պատճառով էլ, ասում են, ընկերությունը մոտ 19,1 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ծախսեր է արել 2008-ի 3-րդ եռամսյակում` 2-րդի համեմատ դրանք ավելացնելով 1,8 մլն դոլարով, ջանալով «շողուլի գալ» և բավարար հող նախապատրաստել մրցակցությանը դիմանալու համար։
Ճիշտ է և այն, որ գոնե այս պահին և գոնե ֆիքսված հեռախոսակապի ոլորտում ընտրվել է մեր վարչապետի ասած` «ոչ լավագույն գործիքակազմ»: Հենց միայն այն հանգամանքը, որ իրենց իսկ աշխատողները չգիտեն` քանի աշխատանքային օր հետո է միանում անջատված հեռախոսը, այն, որ մի տեղ վճարածդ գումարը մեկ այլ տեղ (սպասարկման բաժինը կամ «Հայփոստի» բաժանմունքները նկատի ունենք) չի երևում, որ ոչ ոք ոչնչից խաբար չէ` ռոբոտի պես «համակարգչում գրած ա» անորոշությունը կրկնելով, գալիս է ապացուցելու, որ «լավագույն խորհրդային ավանդույթները շարունակվում են»: Չնայած իզուր էլ «զրպարտում» եմ. նույն խորհրդային տարիներին ո՞վ ռիսկ կաներ իրեն էսպես պահել։
Ինչ որ է, վերը նշված ներդրումները, որոնք, ենթադրում եմ, հիմնականում բջջային ոլորտում են արվել (ականջներդ կանչի, 1998-ից թվայնացման սպասող մոտ 300 բարձրլեռնային, սահմանային և պարզապես հեռավոր գյուղեր, որոնց մասին այնքա՜ն հուզաթաթախ ձայնով էր սիրում խոսել կապի և տրանսպորտի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը, տեսնես` ձեզանից քանի՞սը գոնե կապ ունեցան… աչքիս` հազիվ մեկ տասնյակը), «ԱրմենՏելը» որոշել է «հանել» հենց ֆիքսված կապի բաժանորդների «ջանից»: Թե չէ ինչո՞վ բացատրել, որ կապիտալ ներդրումներ անելու այդ նույն ժամանակահատվածում մերոնք հանկարծ ու սկսեցին ավելի շատ խոսել տնային հեռախոսներով` ընկերության 2008 թ. 68,8 մլն ԱՄՆ դոլարի հասույթի մեծ մասը` 38,2 միլիոնը ապահովելով։
Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Նաև ակնհայտ է, որ աշխարհի բոլոր ընկերություններին հատուկ մանր-մունր սխալները մի կողմ դրած` հստակություն կլինի միայն այն դեպքում, երբ կա՛մ ֆիքսված կապի ոլորտն էլ ազատականացվի, մրցակցության համար պարարտ հող ստեղծելով, կա՛մ գոնե որոշակի կոնկրետ միջոցառումներ ձեռք առնվեն:
Ի վերջո, աշխարհի և ոչ մի երկրում տեսնված չէ (իսկ աշխարհը, նկատենք, առաջ է շարժվում հիմնականում երկու ճանապարհով. կա՛մ համեմատաբար բարձր բաժանորդային վարձ և խոսելու անսահմանափակ հնարավորություն, կա՛մ ոչ մի բաժանորդային վարձ և րոպեավճար, ինչը մեզանում, ինչպես տեսնում եք, «խառը ձևով է իրականացվում», որովհետև մենք, հավանաբար, շատ հարուստ երկիր ենք, և կարող ենք և՛ մեկը վճարել, և՛ մյուսը), որ նախ մարդն իր զանգերի քաղվածքը ստանալու համար վճարի ընկերությանը` մեկ և հետո` «համաձայնի» տվյալ ընկերության հետ, թե, այո, դիցուք, ես 4 ժամ եմ խոսել այս ամիս: Իսկ ո՞վ է ասել, ինչպե՞ս ապացուցել. հարկ չկա՞ր հատուկ և ձրի հեռախոսային հաշվիչներ տրամադրել մարդկանց, որպեսզի մենք մեր աչքով տեսնեինք մեր խոսածի իրական չափը: Իհարկե, կար, իհարկե, այդպես ի սկզբանե էր որոշված, բայց քանի որ իրեն հատուկ աչքածակությամբ գործարքներ անելիս` մեր էքսը նեղություն չի տվել իրեն Դավիթ Հարությունյանի հանճարեղ պայմանագրերը մեկ-մեկ էլ դրսի փորձաքննության ուղարկել, ահա և ստացվեց, որ հույները մեզ մի բան էլ լավություն արին ժամանակին, որովհետև, ի տարբերություն նույն Անդրանիկ Մանուկյանի բազմիցս հայտարարած բացարձակ ստին, թե րոպեավճարը կապ ուներ պարտավորությունների կատարման հետ, իրականում ոչ մի կապ էլ չկար: Այն տրված էր հույներին իբրև բացարձակ իրավունք, դեռ 1998-ին և` առանց թվայնացման կամ մեկ այլ պարտավորության, ի միջի այլոց: Այլ բան է, որ արտոնագրին հարակից փաստաթղթերում խոսք կար նաև հեռախոսային հաշվիչների մասին, ինչը բոլորը շատ շուտ մոռացան, որովհետև ստացվել էր, որ «հույները բարի կամք էին դրսևորել` 98-ից րոպեավճար չկիրառելով սոցիալապես վատ վիճակում գտնվող հայ բնակչության նկատմամբ»:
Ո՞վ պիտի էս հարցերով զբաղվեր ռուսների հետ բանակցելու ընթացքում, եթե լիցենզիան փոխվել է, և հիշե՞լ են սրա մասին, թե՞ ոչ, նույնպես անհայտ է: Բայց այդպես էլ պիտի լիներ. էս երկրի քաղաքացին ու նրա դատարկ գրպանը երբևէ ո՞ւմ են հետաքրքրել, որ հույնին կամ ռուսին մտահոգեին։ Հակառակը, մերոնք էլ իրենց հերթին են հարստահարում մարդկանց` երևի մտածելով` ի՞նչ կա, որ. արդեն վարժվել ենք այն անբարո անարդարությանը, որ հեռախոսավարձի հետ միասին նաև ավելացված արժեքի հարկ է գանձվում մեզնից։
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 7678

Մեկնաբանություններ