Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեկընդմիշտ բուժվել է պետք ցեղասպանության սինդրոմից. Սուսաննա Բաբաջանյան

Մեկընդմիշտ բուժվել է պետք ցեղասպանության սինդրոմից. Սուսաննա Բաբաջանյան
25.10.2022 | 07:28

Կարծես թե մեզ հետ ամենավատթարն է տեղի ունեցել. հայերը հաշտվել են (քիչ էր մնացել, ասեի՝ վարժվել են)... ցեղասպանվելու ու նորից վերածնվելու մտքի հետ ու չեն էլ թաքցնում այդ բացառի՜կ կարողությունը, ավելին՝ հպարտությամբ հղումներ են անում աշխարհի հեռավոր ծեգերից՝ մեծ գերդաստանից ողջ մնացած մազապուրծի ընտանեկան լուսանկարով` խոսքն ուղղելով թուրքին.
«Նրանք փորձեցին ոչնչացնել մեզ, բայց մենք վերածնվեցինք… Ամենամեծ սխալներից մեկը, որ դուք կարող եք թույլ տալ հայի հանդեպ՝ փորձել ջնջել մեզ երկրի երեսից։
Դա չի աշխատում: Դա միայն մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Հայերը երբեք չեն դադարի վերածնվել»:


Այսպիսի տրաֆարետ խոսքեր, որ շատ «վերածնվածներ» են ասել:
Հետաքրքիր է, ի՞նչ է նշանակում՝ երբեք չենք դադարի, գլու՞խ ենք գովում, ինչ է, որ ինչքան էլ թուրքը ցեղասպանի, միևնույն է, «մենք վերածնվելու ենք»:
Զավեշտը էլ ո՞նց է լինում: Հազիվ ես քեզ զսպում, որ չգրես՝
իսկ ու՞մ է պետք այդպիսի ևս մեկ վերածնվելը կամ ապրելը, գերդաստանից՝ մեկի-երկուսի, ազգից՝ մի քանի ողջ մնացած հազարի հաշվին...
Մենք հո մազոխի՞ստ չենք:


Բա էն արանքի դժոխային տառապանքնե՞րը, որ կյանք է կոչվում, գոյության, ազգից, գերդաստանից միակը մնալու ցա՞վը…
Քանի՞ կոպեկ արժե ապրելդ, եթե ողջ ընտանիքիցդ միայն դու ես մնալու կամ՝ մի ողջ քաղաքից:
Նորմալ մարդը պարանը կգցեր վիզն ու կկախվեր, չէր էլ ցանկանա ապրել:
Հասկացանք, մի անգամ մեզ հաջողվել է վերածնվել, բայց՝ ի՜նչ տեսքով. թումանյանական դառնացած, աղճատված վարունգի՞… Չի կարելի այն դարձնել շարունակական փորձ:
Առանց այն էլ՝ այս պարտությունը, ծաղր իշխանությունը մեզ դառնացրել, չարացրել են, Թումանյանի նշած դառնահամ վարունգից էլ վատն ենք դարձել:


Չեմ ասում՝ մոռանանք, բայց մեկընդմիշտ բուժվել է պետք ցեղասպանության սինդրոմից, համի՞ն ենք ընկել, ինչ է:
Մենք այդպիսով ուղղորդում ենք ոչ միայ թուրքի միտքը, նաև՝ տիեզերքի ողջ չար ուժերը կապում ենք գլխներիս՝ իրականացնելու մեր խոսքերը:
Հետագայում բազմացած, տուն-տեղ դրած, ցավն ու խեղճությունն աչքերում մեխված մազապուրծի գրառումն էլ կարելի է հասկանալ, բայց նաև խիստ զայրացնող է, հատկապես՝ «չի դադարի» բառը:
Հայը պետք է ուրիշ բան մտածի, սպանդից հետո չուժեղանա, այլ՝ դրանից առաջ, չհպարտանա նորից բազմանալու, սպանդի խեղաթյուրված կոդը սերնդե-սերունդ «հպարտորեն» տանելու կարողությամբ, այլ՝ հպարտանա ուրիշ կարևոր բաներով:
Մտքներով չի էլ անցնում, որ 1915-ը պետք է հայի համար լինի ընդմիշտ վերջինը:
Ու չմոռանանք, որ այն, ողբերգությունից զատ, նաև մեր ամոթն է, ու հեչ լավ միտք չէ նորից ու նորից վերածնվելը:


Մենք հիմա պետք է ուղղակի ապրենք ու զորեղանանք՝ ինչպես մի սովորական, նորմալ ազգ, ու ողջախոհ, համեստ կեցությամբ միայն գլուխ գովենք՝ առանց զրնգացնելու այս ու այն կողմ. հայ-հարայ, մենք ապրում ենք, տեսեք, եկեք, մի զարկ էլ տվեք…
Մոլորակի վրա հազարավոր ազգեր են ապրում, համեստ, գլուխները կախ՝ իրենց գործին, ապրելու ձևերին ու նպատակներին…
Բայց՝ չէ՜, մենք մի տանկ էլ գնենք, մի գործ էլ անենք, պարտադիր պետք է թուրքն իմանա, աշխարհն իմանա ու սրտները ճաքի:
Էլ չասենք՝ կողքից էնքան խոսողներ կգտնվեն, որ տանկից միայն թրթուրը կմնա, ինչպես իսկանդերից՝ տասը տոկոսը մնաց;
Համեստ չենք, ծանրակշիռ չենք, ցուցամոլ ենք ու շատախոս, քիչ մնաց ասեի՝ ծալապակաս, մեր շատ իմանալուց և ոչինչ չիմանալուց:


Հազիվ էլ կլինի՝ թուրքի մեջ ապրողը պետք է ոչ թե բանաստեղծ դառնար, այլ՝ աչքերը արյուն վրիժառու մարտիկ:
Էդ գլուխ կտրող ցեղից հազար տարում մի բան գոնե սովորեինք. ինքը մի շուն չէ, կասեր պապս, բայց լավ կողմեր էլ ունի. նա իր երկրից ու կայսրությունից թանկ՝ ոչինչ չի տեսնում, ոչ՝ զավակ, ոչ՝ կին, ոչ՝ տուն ու տեղ, ոչ էլ՝ սրանց կյանքը: Ապստամբություն անողի գլուխներն էլ տեղում է թռցնում, ոչ թե ձևական ձերբակալում, նորից բաց թողնում:


Թեպետ՝ բաց թողնողն էլ մեղք չուներ, ժողովուրդը ստացավ այն, ինչ ուզում էր:
Դե, մենք ուրիշ ենք, մեզ պեսը մոլորակում չի ծնվել. չափ չունեցող ու ծայրահեղ, ինչը միայն մարտի դաշտում է արդարացնելի: Կյանքում՝ ուղղակի տնաքանդ է:

Դիտվել է՝ 10454

Մեկնաբանություններ