«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա
22.02.2021 | 16:00

Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի մարտահրավերները:


–Ի՞նչ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:
– Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում: Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:
– Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում կա դպրոցի և մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման խնդիր: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:
– Յուրաքանչյուր գյուղում, որտեղով անցնում է ներկայիս սահմանը, նման խնդիրներ ծագում են: Մեր գործունեությամբ ամեն ինչ պիտի անենք՝ ցույց տալու, որ սա մեր երկիրն է: Շատ արագ ու տեսանելի պետք է ցույց տանք, որ Արցախում մենք ենք տերը:
– Արցախի վերահսկողության ներքո գտնվող բոլո՞ր բնակավայրերի կրթօջախներում է վերականգնվել ուսումնական գործընթացը:
– Բացառությամբ Ասկերանի Սզնեք, Քաշաթաղի Սուս և Շուշիի Հին շեն համայնքների, որտեղ աշակերտները դեռ չեն վերադարձել, Արցախում վերականգնված է բոլոր դպրոցների գործունեությունը: Ներկայումս աշակերտների թիվն ընդհանուր առմամբ 18 613 է, նախկին՝ 23900-ի փոխարեն: Մոտ 5800 արցախցի աշակերտներ ուսումը շարունակում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում:
– Որքանո՞վ է հաջողվել աշխատանքով ապահովել իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:
– Նախարարությունում հաշվառված են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերից տեղահանված ավելի քան 280 ուսուցիչներ: Նրանցից 58-ին հաջողվել է ապահովել մասնագիտական աշխատանքով: Առաջիկայում նախատեսում ենք երկարօրյա կրթության և կրթօջախների տաք սննդի ապահովման ծրագիր, որի շրջանակում դասապատրաստման գործընթացում ընդգրկելու ենք բացառապես իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին: Բացի այդ, մենք նաև դիմելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ուսուցիչներին հնարավորություն ընձեռեն մասնակցելու թափուր աշխատատեղերի մրցույթներին:

Դիտվել է՝ 159488

Մեկնաբանություններ