«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Փող և հող. Դավիթ Սարգսյան (մաս 3-րդ)

Փող և հող. Դավիթ Սարգսյան (մաս 3-րդ)
09.07.2022 | 14:21

Սկիզբը՝ այստեղ


Մերօրյա իշխանությունը, իր աներկբա բացառիկների խմբակով, ընդդիմության կողմից վարկաբեկման և բացահայտումների կարիք բնավ չունի: Հայտնի նորահայտ դեմքերը, որոնք արդեն հատել են նախկին դառնալու սահմանը և ի սկզբանե կատարելագործվել անցյալի բոլոր արատավոր և չարագործ արհեստներում, բարձր մակարդակով իրականացնում են այդ գործը՝ ամեն մի հանրային ելույթից հետո աչքի ընկնելով տգիտության, աթոռամոլության և ազգուրացության, ամոթալի քծնանքի, անտրամաբանական մտավարժանքների, միտք չարտահայտող բառակույտերի կամ փողոցային բառապաշարի աննախադեպ դրսևորումներով ու արտահայտություններով: Իհարկե, խրախուսելի է ԱԺ-ում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն հայտնող ուսման ծարավ պատգամավորի ներկայությունը, տարակուսելի չէ, որ առաջարկվում է հինգ հարյուրից պակաս բնակիչ ունեցող համայնքներում՝ առանց բարձրագույն կրթության ՏԻՄ ղեկավար գրանցելու հարցը: Իհարկե, խելացի և բանիմաց մասնագետները միանգամայն անընդունելի են մի միջավայրում, որտեղ նրանցից խրտնում են, քանզի նրանք կարող են հանդես գալ խելամիտ առաջարկություններով, նույնիսկ քննադատել վերադասի բարբաջանքները և հանդգնել հակառակվելու անգրագիտության ինքնագոհ և ինքնամոռաց հաղթարշավին:

Նրանք անցանկալի, ավելին, ատելի անձինք են կառավարիչների համար և, բնականաբար, այս իրականության մեջ տեղ չունեն, պետք է նետվեն կյանքի լուսանցք, որպեսզի անխոչընդոտ առաջ մղվեն ծանծաղամտության ախտանիշով տառապող հիվանդների պետականակործան բոլոր անհեթեթությունները: Մտավորականի խնդիրը քննադատելն է հանուն արդարության, հանուն կատարելության,, մտավորականը հաճախ պաշտոնյաների աչքի փուշն է, քանզի ունի սկզբունք և հաստատակամություն, որը երբեմն մահապարտի տպավորություն է թողնում, որովհետև, ի տարբերություն քամուց քշված բաշիբոզուկների, իր արմատական մոտեցումներով և սկզբունքներով ամուր և անկաշառ կանգնած է հայրենի հողի վրա: Նա հետամուտ է հայրենիքի ճիճվաթափմանը, որ վնասատուներից փրկվի և դալար մնա Կենաց ծառը: Օտարի պատվիրած երաժշտության տակ պարելը, քաղաքական առումով, ստորաքարշություն է, մսրամելիքյան սրի տակով անցնելու ստրկամտություն կամ անձնական շահամոլություն, որ նույնպես տգիտության արդյունք է. չէ՞ որ երաժշտությունը պատվիրում է նա, ով վճարում է: Գրագետ մարդը, այն էլ պետական-հասարակական գործչի տիտղոսի հավակնող, նախևառաջ կարևորում է ազգայինը և անանձնականությունը՝ ընդունած բոլոր որոշումներում և քայլերում, հիմնվում է հայամետ, այլ ոչ օտարամետ՝ հարավ-հյուսիս, արևեյք-արևմուտք կողմնորոշումների վրա:


«Ես հոգևորական եմ դարձել իմ ժողովրդին ծառայելու համար. հայ ժողովրդից դուրս ես քրիստոնեություն չեմ ճանաչում,- խոստովանում է Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինը և, մեկ այլ առիթով, հավելում:- Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը՝ առաքինություն»: Վեհափառի խոսքից, անշուշտ, հետևում է, որ Հայրենիք կործանելը, ի հակադրություն այն ստեղծելու հերոսականության, առնվազն, դավաճանություն է, հայրենիքի շենացման առաքինության հակառակը հայրենիքի թալանի և ոչնչացման ստորությունն է:


Տգիտությունից են սերում ազգային ավանդական արժեքներից հրաժարումն ու հայրենադավությունը, օտարամոլությունը, հպատակությունը՝ կասկածելի և խնդրահարույց օտար արժեքներին: Եվ որ առավել նվաստացուցիչ է, դրանց ներկրումը մեր իրականություն և ազգայինի խեղումն ու այլասերումը՝ հանուն ինչ-ինչ դրամաշնորհների և արտոնությունների, իսկ հասարարական գիտակցությունն իր բնականոն և օրինաչափ զարգացումից շեղելուն նպատակաուղղված ջանքերն այնքան համառ, ինքնամոռաց ու փութաջան են, որ ակամայից հարցերի մի մեծ տրցակ է առաջանում, և ամենակարևորը, արդյո՞ք, գործ ունենք բանական արարածների հետ, որոնք ընդամենը մարդկային տեսք ունեն, թե՛ ծանծաղամիտ են, թե՛ անկիրթ ու տգետ են, թե՛ պարզապես, ինչպես ժողովուրդ է ասում, իրենց գժի տեղ դրած՝ վանքի հավերն են ուտում, և իրականում գործում և արտահայտվում են գիտակցաբար՝ համոզմունքներով, որ Հայաստանը մնա առանց հայի կամ հայն առանց Հայաստանի: Ցավալիորեն, նրանց անպատկառ և անամոթ կեցվածքը հիշեցնում և վերահաստատում է Զ. Ֆրեյդի հայտնի միտքը, թե տգիտության առաջին նշանն ամոթի իսպառ բացակայությունն է: Մեր պարագայում, տրամաբանական ընթացքը հուշում է, որ գործ ունենք մանրամասն մշակված հայաջինջ քաղաքականության իրագործման հետ, ծրագիր, որի եղերական ընթացքը հարյուր և ավելի տարիների կենսագրություն ունի, և որի խոփը ժամանակ առ ժամանակ դեմ է առել քարին՝ մեծ կամ փոքր հաջողություններ արձանագրելով: Այն իմ սդերնդակիցների աչքերի առջև, անկախության հռչակման իրողությունից ի վեր, երեկ և այսօր, որոշ նահանջներով ու դադարներով իրականացնում են այդ սցենարի հեղինակները՝ զարտուղի ճանապարհով իշխանության բերած դրածոների միջոցով, որոնք պատրաստ են վաճառվել երեսուն արծաթով և պարտավորված են կտրելու այն ճյուղը, որի վրա գոյատևում է հայոց փխրուն պետականությունն ու հայ ազգը: Պարտվողականության, չարդարացված զիջողականության և չտրամաբանված, անհիմն նահանջի ներկայիս քաղաքականությունը համաշխարհային պատմության մեջ աննախադեպ իրողություն է, երբ պետական բարձր պաշտոնյաները, ոմանք՝ կամա, որոշները՝ ակամա, պայքարում են ընդդեմ իրենց ղեկավարած պետության ու հարազատ, ոմանց համար միգուցե նաև ոչ հարազատ, ժողովրդի, և այն էլ ոչ թե մեկը, երկուսը, այլ մի ամբողջ զանգված, ընտրովի հավաքականություն, որը զինվորագրվել է հայրենիքի դավաճանության ճղճիմ ու նողկալի գործընթացին: Բայց, հիասթափեցնեմ: Ձեզ այլևս չի հավատում բանական Հայը, հուսով եմ, որ շուտով կբացվեն նաև միամիտ ու հավատավոր շարքային քաղաքացու աչքերը, և նա դուրս կգա թմբիրից, ու կհասկանա, որ իր կյանքում բնավ չեն արտացոլվում ձեր շռայլ ու հրապուրիչ ժողովրդահաճո խոստումները, հրապարակած ազգային, սոցիալ-տնտեսական, այլևայլ ցուցանիշների աճը, այլ կատարվում է ճիշտ հակառակը, ահագնացող չափերի հասցնելով լինել-չլինելու գոյապահպանական հիմնախնդիրը՝ պետական կառավարման բոլոր ոլորտների գործընթացների արդյունքում անխտիր: Քանզի կույրն ու խուլն անգամ կտեսնեն ու կլսեն այն ամենը, ինչ ավերել և խաբել եք դուք՝ առաջնորդվելով ճղճիմ անձնական կրքերով և անտեսելով իրական արժեքները: Տգիտությունը դեգրադացրել է բոլոր ոլորտները, դեգրադացվել և հետնահանջ է ապրել հայ մարդը, նրա բարձր տեսակը՝ հեռացել իր ազգային, հոգևոր, բարոյական արժեհամակարգից: Մտավորականության հորդորներին չանսալով և արհամարհելով բազմաթիվ ինտելեկտուալ կազմակերպությունների պահանջը՝ հեռանալու երկրի կառավարումից, սեփական կետից, սեփական օրակարգով, ինչ ուզեմ կբանակցեմ մանկամիտ թոթովանքներով, որը հիշեցնում է օգտակար խորհրդին անիմաստորեն հակառակվող հիվանդի կամակորություն, որն այդպիսով փորում է իր իսկ գերեզմանափոսը: Կիրառելով Յո. Գեբելսի հայտնի դիտարկումը, թե քարոզչության ամենամեծ թշնամին ինտելեկտուալիզմն է, բացահայտ ժխտողական վերաբերմունք է կիրառվում ինտելեկտուալ, գրագետ, հանրահայտ դեմքերի հանդեպ:

՚Երկիր չեն կառավարում նեղ ու սահմանափակ մտածողությամբ, սեփական անձի և մերձավորների, մասամբ, թիմակիցների բարօրությունից այն կողմ չտեսնելու կարճամտությամբ, մտային և իմացական սահմանափակ կարողությամբ և նման որակի դեմքերով սեփական անձը ապահովագրելով, ժողովրդի անունից հոխորտալով առաջ չեն գնում, աններելի մեղքերը նրան վերագրելով և նրա վրա բարդելով՝ պատասխանատվությունից չեն խուսանավում, և այն ցանցը, որ հյուսվել է մտամոլագար դուրսպրծուկների հանցավոր գործողություններով, պատմության համապատկերում ընդամենը անեծքի ու նզովքի է արժանի, որպես սգերթի ժամանակահատված… Նման միապետական իրավիճակում, երբ պետության ներսում և օրենսգիրը, և գործադիրը, և դատական համակարգը, և ներքին ու արտաքին կյանքի վերադասավորումները տնօրինում է մեկ անձ, որպես մեկ քաղաքական ուժի հրամանատար, և այն էլ բացարձակ խնդրահարույց հայացքներով և գործողություններով, իրեն շրջապատելով ամուլ և անմիտ դեմքերով, որոնք քնում-արթնանում են ոչ թե կուտակված ազգային-պետական առաջնահերթությունների թնջուկը լուծելու, այլ օրվա զվարճանքների վայրն ու ընկերակցողների ընտրության և դրամապանակի պարունակությունն ավելացնելու ճղճիմ մտահոգությամբ, և պատրաստ են, նույնիսկ, ծայրահեղ ամոթալի և անինքնասեր մեկնաբանություններով պաշտպանելու ամենաբարձյալ գերազանցությանը հանուն իրենց նիրվանայի, անտերության և տարանցիկ հոսանքների մատնված ժողովուրդը, բնականաբար, ոտքի կկանգնի, որ հօդս ցնդեցնի ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակ բաժնետիրական ընկերության հիմնադիր նախագահի առասպելական հեքիաթը…


Հայտնի ճշմարտություն է` ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպան լինելուց: Գիտակցաբար թե անգիտակցաբար, հակված եմ կարծելու, որ միանգամայն ուղղորդված և ի կատարումն հայոց պետականակործան ծրագրի, բանակային դասալիքները սկսեցին տնտեսել բանակի վրա, ավելին, դավադրաբար և մտածված արհամարհանք և անտարբերություն սերմանել նրա հանդեպ, և Օտտո ֆոն Բիսմարկի դիպուկ բնորոշմամբ, շատացրեցինք գերեզմանները: Նսեմացվեցին Արցախյան առաջին պատերազմում հաղթանակած ողջ և մարտիրոսված հերոսները: «Ժամանակն է, վերջապես, դադարեցնելու այն գիտակցված հավկուրությունը, որ հավասար է ոչ միայն ազգային դավաճանության, այլև վատթարագույն անբարոյականության, որովհետև երբ հերոսության ուրացումը յուրատեսակ դավաճանություն է, ապա մեծ մեռելների հիշատակի պղծումը զազրելի անբարոյականություն է»,- նկատում է Պ. Սևակը դեռևս 1963թ. Անդրանիկ զորավարին նվիրված իր խոսքում: 44-օրյա պատերազմի առեղծվածային ընթացքի և կապիտուլյացիոն վերջաբանի իրական պատկերը դեռ լրջագույն և մանրակրկիտ համակողմանի և անաչառ ուսումնասիրության է սպասում՝ իր պատճառահետևանքային և շարունակական ամբողջության մեջ: Ակնառու է, որ մեր զինվորը կռվեց հերոսաբար՝ անհավասար ուժերի պայմաններում, և հաղթանակով կավարտեր պատերազմը, եթե ռազմաքաղաքական ճակատը գտնվեր պատշաճ բարձրության վրա: Անկեղծ ասած, գոյություն ունի գիտակցական նվիրումի մի մակարդակ, երբ կարելի է սպանել դիմացինին, բայց հաղթել անհնար է: Դա Մահ իմացյալի խորհուրդն իրենց ներսում կրող անմահներին է սահմանված: Սա ևս այլ քննարկման նյութ է: Համենայն դեպս, թվում է, թե մի օր հարևան կիրթ բռնապետը, երբ հոգնի մեր առջև տարածքային պահանջներ դնելուց, կհայտնվի դժբախտ ու դժգույն նեռը կամ մեկը նրա պիղծ խամաճիկներից և կվկայակոչի առ ոչինչ զոհված հերոսներին ու կառաջարկի սակարկել ժամանակին թուրքական անուններ կրած ևս մի քանի բնակավայրերի հանձնման շուրջ… «Ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվության հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը: Եթե ազգօգուտ չլինի, գոնե ձեր անձի համար պիտանի»,- գրում է Պարույր Սևակը «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն» ելույթ-հոդվածում:


Նախկինների, այսպես կոչված, բռնապետական ռեժիմի ժամանակ, հատուկ ծառայությունների փորձառու ղեկավար Գորիկ Հակոբյանը կարող էր իրեն իրավունք վերապահել կառավարարության նիստում համարձակորեն բարձրաձայնելու, որ ժողովուրդն իշխանություններին չի հավատում, իսկ մերօրյա նիստերը՝ միապետի պալատական միջավայրում անցնում են հարթ ու խաղաղ, սկսվում են հոտնկայս՝ ինքնասիրահարվածի հրահանգով, անցնում գոհ ու երանելի համաձայնության պայմաններում՝ առանց սկզբունքային քննարկման, մեկ անձի կամոք՝ միաձայն, մեկ անգամ ևս հաստատելով նիստերի դուխով մասնակիցների պատահական հայտնությունը և անպտուղ գործունեությունը, երկրի և ժողովրդի շահերի բացարձակ բացակայությունը նրանց մտահորիզոնում: Անարձագանք է մնում, նույնիսկ, գերագույն գլխավոր ամենագետի բաց հարցի ծրարով ներկայացրած զավեշտալի հանձնարարականը՝ սատանային վնասազերծելու վերաբերյալ և այլն: Բնավ պատահական չէ, որ մեծամասնական թիմակիցները ԱԺ-ում հաճախ չեն գրանցվում մտքերի փոխանակությանը մասնակցելու համար: Միտք չկա՛: Պատեհապաշտները չեն տերը մեր երկրի, նրանք ընդամենը իրենց բարեկեցության տերն են, մինչդեռ ներկայանում են ժողովրդի ծառայի կեղծ, ժողովրդահաճո օրակարգով՝ մենք, այսինքն, հպարտ քաղաքացին է տերը մեր երկրի, քանզի բոլորը վարչապետ են, այլ ոչ տուգանքի մատերիալ: Իսկ իրականությունը, օր օրի վատթարացող վիճակը բոլոր բնագավառներում, ի մասնավորի անվտանգության և սոցիալական, հանգեցնում է օրհասական կարգախոսի, երբ նրանց ականջին ժողովուրդը պարզապես պետք է որպես սթափության կոչ ամեն օր բղավի՝ Հայրենիքը վտանգի մեջ է: Իսկ այդ օրհասին հասցրել եք դուք՝ չտեսին բնորոշ ագահությամբ, ձեր վնասարարությամբ և կործանիչ քաղաքականությամբ: Դա ակնհայտ և ակնառու է, որքան էլ փորձեք հասարակական գիտակցության վրա ներզործության խաբկանքներ կիրառել, մոլորեցնել շարքային քաղաքացուն՝ նմանվելով մայրուղիների բանուկ հատվածներում մատնոց խաղացնող, անցորդներից փող կորզող ճարպիկ արկածախնդիրների։ Թեև, անկեղծ ասած, դա հաճախ հաջողում է, եթե անդրադառնանք մարտիմեկյան մանկական կոշիկից մինչև աբաջանյանական կերպարի մեջ խցկված սրիկայի զեղծարարությունը, մինչև նախընտրական սին խոստումներ, սիրո անկրկնելի խոստովանություններ և ծնրադրումներ դյուրահավատ ու զգացական ժողովրդին, բազում և բազմապիսի փուչ ու սնամեջ, միևնույն ժամանակ, կործանարար իրողություններ, որոնց ցավալիորեն հավատում է ոչ թե աչքով, այլ ականջով ընկալող ու գնահատող քաղաքացին, և հեշտությամբ, հաճախ նաև հաճույքով կուլ տալիս խայծը:


Դա այն ինքնախաբեությունն է նաև, երբ հայրերի վախկոտությունը հանգեցնում է զավակների ստրկությանը: «Եթե ներկայիս հայրերի վախկոտությունը կոչվում է «զգուշություն»՝ անպայման կգա ժամանակ, երբ երեխաների ստրկությունը կկոչվի «հավատարմություն», -ասում է Ջ. Դուդաևը:


(շարունակելի)

Դիտվել է՝ 11262

Մեկնաբանություններ