Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Անարժեքությունները գրավել են արժեքների տեղը»

«Անարժեքությունները գրավել են արժեքների տեղը»
18.03.2023 | 22:11

«Իրատեսի» հյուրը Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադիր տնօրեն, Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆՆ է:

ԵՍ ՋԻՎԱՆՈՒՆ ՄԵԿ ԲԱՌՈՎ ԿՈՉՈՒՄ ԵՄ ՄԱՐԳԱՐԵ»


-Թովմաս, ես Ձեզ ճանաչում եմ այն տարիներից, երբ գրականության և արվեստի թանգարանում տքնում էիք Ջիվանու ձեռագրերի վրա: Ո՞Ւր բերեց-հասցրեց, ի վերջո, այդ տքնանքը:
-Վա՜յ, ինչ լավ օրեր տարաք ինձ: Դա երեսունվեց տարի առաջ էր: Արդյունքը եղավ այն, որ 2009 թվականին, երբ Ջիվանու մահվան 100-րդ տարելիցն էր, տպագրեցի Ջիվանու 400 և ավելի՝ անհայտության մեջ մնացած երգերը: 1996 թվականին, երբ լրանում էր Ջիվանու 150-ամյակը, արդեն տպագրել էի մի ընտրանի՝ բաղկացած 150 երգից: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես է, որ այդ երգերն ինձնից առաջ չեն հրատարակել: Ասեմ, որ դրանց զգալի մասը ժամանակին արգելել է ցարական գրաքննությունը: Նույն այդ երգերը արգելել է նաև խորհրդային գրաքննությունը՝ իբրև ազգային, կամ ավելի ճիշտ՝ ազգայնական գործեր: Ես գրքում երգերը դասավորել եմ այբբենական կարգով, ոչ՝ ըստ ժամանակագրության: Երանի՜ նրան, ով առաջին անգամ պիտի կարդա դրանք: Ես Ջիվանուն մեկ բառով կոչում եմ մարգարե: Ասեմ՝ ինչու: 1905-ին գրել է մի բանաստեղծություն՝ «Հարց ու պատասխան», որի մեջ այսպիսի տողեր կան.
«Հարց. Եթե որ գործերը այսպես վատ գնան,
Հայաստանում էլի հայեր կմնա՞ն,
Հանգստություն, մի բարի օր կունենա՞ն,
Ի՞նչ կլինի տաճկահայոց խնդիրը:
Պատասխան. Եթե որ գործերը այսպես վատ գնան,
Դժվար Հայաստանում էլ հայեր մնան,
Անգութ թուրքի սրին ճարակ կը դառնան,
Կը վերջանա տաճկահայոց խնդիրը»:


Այսինքն՝ Ջիվանին, որ վախճանվել է 1909-ին, կանխագուշակել է 1915 թիվը: Եվ բանաստեղծությունը գրել է, ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ: Կարդացե՛ք ինքներդ:
-Սա իսկապես նախախնամություն է. «1905 թ., ապրիլի 24, Թիֆլիս»:
-Հիմա համոզվեցի՞ք, որ մարգարե է:

«ՌԱՄԻԿ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԴՊՐՈՑ Է ՋԻՎԱՆՈՒ ԱՆՎԱՆ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ»


-Տքնանքի մի արդյունք էլ Ջիվանու անվան աշուղական դպրոցի հիմնադրումը կարելի է համարել:
-«Սայաթ-Նովա» անսամբլն արդեն երեք տարի գործում էր, դրա հիմքով ստեղծեցի «Սայաթ-Նովա» մշակութային միությունը: Երկու տարի անց՝ 1997 թվականին, միությունը բացեց Ջիվանու անվան աշուղական դպրոցը՝ միակը հայ իրականության մեջ: Այսօր դպրոցում սովորում են շուրջ 170 պատանիներ ու աղջիկներ: Գոյության 19 տարվա ընթացքում այս դպրոցում կրթվել է մոտ 2000 աշակերտ: Դպրոցում ունենք երեք բաժին՝ ստեղծագործական, երգի, ազգային նվագարանների: Ստեղծագործական բաժինը վերաճեց ու դարձավ Ժամանակակից աշուղների միություն: Երգի բաժին գալիս են փոքրերը, ովքեր սովորում են երգել Սայաթ-Նովայի, Ջիվանու, Շերամի, այլոց երգերը, սկսում են տիրապետել աշուղական երգեցողության հնարքներին: Ազգային նվագարանների բաժնում սովորում են նվագել թառ, քամանչա, սանթուր, սազ, այլ ազգային գործիքներ:
-Ազգային նվագարանների հանդեպ պահանջարկը նվազել է վերջին տարիներին: Ձեր դպրոցի գոյությունը կարծես թե հերքումն է այդ մտահոգության, այո՞:
-Մտահոգությունը տեղին է և ճշմարիտ է: Ոչ մի հարուստի երեխա չի գալիս մեր դպրոց: Ռամիկ դասակարգի դպրոց է Ջիվանու անվան աշուղական դպրոցը: Մենք կոչված ենք պահպանելու մեզ հասած ժառանգությունը, ուսուցանելու, զարգացնելու և քարոզելու այն:

«ԴՈՒՐՍՆ ՈՒ ՆԵՐՍԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՆՄԱՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ»


-Դուք հաճախ նաև հյուրախաղերի եք մեկնում: Դրսի և ներսի հանդիսատեսը տարբե՞ր է:
-Դուրսն ու ներսը բավականին նմանվել են իրար: Ցածրարվեստ երևույթները՝ երաժշտական անունով, ռեստորանային երգը բարձրացել են բեմ, նվաճել պրոֆեսիոնալ երգարվեստի տեղը: Այս պատկերն է և՛ դրսում, և՛ հայրենիքում: Առաջ հայրենիքից դուրս էին տարվում բացառապես պրոֆեսիոնալ արվեստագետներ, լուրջ երգիչներ: Հիմա քանի որ ամեն հարց լուծվում է քեռի-խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով, մեծ խմբեր չեն տանում դուրս, անսամբլներ տանելուց ընդհանրապես խուսափում են: Նշածս ԽԾԲ-ով տանում են անհատ երգիչների, քեֆեր են կազմակերպում՝ համերգանման տեսքով: Լավ հիշում եմ, երբ 1990 թվականին գնացել էի Կանադա, տեղի հայկական թերթի ամբողջ էջով Հայաստանից գնացած մի երգչի գովազդն էր՝ «Աննախընթաց երգահանդես» վերնագրով: Մի ամբողջ շարք մակդիրներով գովերգվում էր հայրենիքից ժամանած երգիչը: Ես տղաներին հարցրի՝ ո՞վ է էս «Փիլիպոս Ճարտարոսյանը»: Ոչ ոք չճանաչեց, հետո մեկն ասաց, որ նա երգում է «Ծիծեռնակ» վետերոկում: Ես հանդիպեցի այդ խմբագրության աշխատակիցներից մեկին և սրտիս ցավը կիսեցի նրա հետ:
-Այդ ցավն օր օրի ավելի համատարած է դառնում: Հետո՞: Ելք կա՞:
-Խորքի մեջ՝ լուրջ ելք չկա, որովհետև ԽԾԲ-ն միշտ եղել է ու լինելու է: ՈՒ հենց այդ ճանապարհով է, որ անարժեքությունները գրավել են արժեքների տեղը: Բայց մենք ոչ թե տառապում ենք այդ ցավով, ոչ թե դրա դեմ պայքարելու գաղափարներով ենք ապրում, այլ աշխատում ենք պահպանել վսեմը, գեղեցիկը, ազգայինը և ունկնդրին հնարավորություն տալ ընտրություն անելու:
-ՈՒնկնդրի որա՞կն ինչպիսին է:
-Սարսափելի իջած: Գրելու բան էլ չէ, բայց մի համեմատություն անեմ: Կովն անցնում է ծաղկազարդ դաշտի միջով ու թրքում է. չոլի ճանճը դզզալով գալիս, թողած էդ անմահական ծաղիկները, իջնում է թրիքի վրա: Այսօր մեր ժողովրդի մի զգալի մասի ճաշակն իջել է այդ ճանճի մակարդակին: Ողբալի բան է սա:
-«Սայաթ-Նովա» անսամբլը պարբերաբար մասնակցում է Թբիլիսիում կազմակերպվող Վարդատոնին՝ նվիրված Սայաթ-Նովային: Ի՞նչ կպատմեք այս մասին:
-Արդեն 12 տարի է, որ մասնակցում ենք Թիֆլիսի Վարդատոնին: Նման տոն անում ենք նաև Երևանում, և ես շնորհակալ եմ մշակույթի նախարարությանը, անձամբ տիկին Պողոսյանին, որն իմ որևէ խնդրանք անարձագանք չի թողնում: Բայց քանի որ այս տարի համերգներով Բեյրութ էինք գնացել, մեզ զգուշացվել էր, որ այդ հյուրախաղերից հետո Վարդատոնի համար ֆինանսավորում այլևս չի արվելու: Բայց երբ Թիֆլիսից եղավ հրավերը, դիմեցի Երևանի քաղաքապետարանին, տրամադրեցին ավտոբուս, և մենք մեկնեցինք: Երբ գնացինք Թիֆլիս, ավտոբուսը կանգնեց կամրջի վրա: Հրապարակը լեփ-լեցուն էր: Շնորհակալություն Վրաստանի իշխանություններին, որ շքեղ բեմ են պատրաստում ամեն տարի, ապահովում բարձրակարգ տեխնիկա: Մենք հագնվեցինք ու տարազներով իջանք: Բեմից հայտարարվեց հայկական անսամբլի ելույթի մասին, ժողովուրդը բուռն ծափերով ընդունեց մեզ: Ժողովրդի միջով եկանք-բարձրացանք բեմ, մարդիկ ծաղիկներ էին թափում մեզ վրա: Չգիտեմ՝ երջանկությունն ուրիշ ինչպես է լինում: Ամեն տարի մենք այդ երջանկությունն ապրում ենք: Շնորհակալ եմ Աստծուն: Սայաթ-Նովայի օրը Թիֆլիսում արվում է մայիսի վերջին կիրակի օրը, Երևանում՝ նախավերջին:
-Իսկ ի՞նչ կպատմեք Ջավախքում անցկացվող Ջիվանու ավանդական օրերի մասին, որը նույնպես չի կայանում առանց ձեր մասնակցության:
-Ջիվանու տոնն արվում է հուլիսի վերջին կիրակի օրը՝ իր հայրենի Կարծախ գյուղում: Երևանում դեռ նման տոն չի արվում: Ջիվանին մեր ժողովրդի հայրն է: Նա լավագույնս մարսեց մեր ժողովրդի անցյալը ու մեզ տվեց ճշմարիտ ապրելու ճանապարհը:
-Դուք ունե՞ք այնպիսի ցուցանմուշներ, որոնք կարող եք տրամադրել Ջիվանու նորաբաց թանգարանին:
-Մենք թանգարանին կնվիրենք մեր «Գանձարանի» չորրորդ հատորը:

«ՀԱՅ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԳԱՆՁԵՐԸ»


-Խոսենք «Գանձարանի» մասին: Այն հայ աշուղական երգերի ընտրանին է ներկայացնում և բաղկացած պիտի լինի 20 կամ ավելի հատորներից, այո՞:
-Այո՛: Այս հատորները պիտի ներկայացնեն հայ աշուղական արվեստի գանձերը, որոնք հասել են մինչև մեր օրերը՝ սկսած 15-րդ դարից: Առաջին հատորը Սայաթ-Նովային է ներկայացնում՝ 31 երգով: Երկրորդը՝ «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» հատորը, ընդգրկում է 50 աշուղի 60 երգ՝ ձոնված անմահ Սայաթ-Նովային: Երրորդ հատորը Սազայու երգերն է ներկայացնում: Սազային մեր մեծ աշուղներից է, որ հանիրավի մնացել է ստվերում: Բացի այն, որ նա մեծ է իբրև աշուղ, իբրև երևույթ, նա նաև մի մեծ ծառայություն է մատուցել մեզ. մենք նրա շնորհիվ է, որ ունենք աշուղ Ջիվանուն: Թիֆլիսում արդեն հռչակված քսանմեկամյա Սազային գնում է Կարծախ, որտեղ գյուղի ավագները խնդրում են նրան, որ լսի իրենց երիտասարդ համագյուղացի Սերովբեին ¥այսպես էին կոչում Ջիվանուն այն ժամանակ¤: Սազային լսում է, շատ հավանում և խնդրում է նրա հորեղբորը, որ թույլ տա տղային իր հետ տանել Թիֆլիս: Այսպես սկսվում է աշուղ Ջիվանու ստեղծագործական կյանքի ճանապարհը, որին նվիրված է մեր «Գանձարանի» չորրորդ հատորը՝ 48 երգով: Դա նրա ընտրանին է: Ապա կհրատարակենք հնագույն շրջանի աշուղների երգերը՝ 15-րդ դարից մինչև Ղունկիանոս Կարնեցի:
-Հատորները կազմված են երգերի նոտաներից և տեքստերից: Սա դառնում է մի յուրատեսակ հանրամատչելի դասագիրք, որը կարելի է օգտագործել թե՛ պրոֆեսիոնալ դաշտում, թե՛, օրինակ, ընտանեկան խնջույքների ժամանակ. ուղղակի բացելով ցանկացած էջ՝ կարելի է կատարել տվյալ երգը:
-Այո՛:
-Գուցե, փոքր հաշվով, Ձեր նպատակը սա է եղել՝ հատորները նման սկզբունքով հրատարակելիս: Իսկ մեծ հաշվո՞վ:
-Իսկ մեծ հաշվով՝ պահպանել մեզ հասածը և փոխանցել սերունդներին: Մենք մեր դպրոցում ունենք նաև աշուղագիտական կենտրոն: Հայաստանը, հզոր աշուղական արվեստ ունենալով, գիտությունների ակադեմիայում երբեք չի ունեցել աշուղագիտական ինստիտուտ: Աշուղագիտությունը եղել է գրականության ինստիտուտի պոչը, կցորդը: Իսկ մեր վայ-հարևանները, որ մեր ունեցածի տասը տոկոսի չափ աշուղական արվեստ չունեն, իրենց ակադեմիայում ունեն աշուղագիտության ինստիտուտ՝ գիտությունների տասնյակ թեկնածուներով ու դոկտորներով: Մենք այս բացը լրացնելու նպատակով ստեղծել ենք աշուղագիտական կենտրոն, որն ունի հինգ գիտաշխատող: Ես էլ վեցերորդն եմ: Այդ կազմով ենք հավաքում, մեկտեղում և հրատարակում «Գանձարանի» հատորները:
-Երկար տարիներ դասավանդում եք Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Ձեր դպրոց հաճախող փոքրահասակ երգիչների քանի՞ տոկոսն է հետո կրթությունը շարունակում կոնսերվատորիայում:
-Մեր դպրոցից գնում են ոչ միայն կոնսերվատորիա, այլև մանկավարժական համալսարան, թատերական ինստիտուտ, մշակույթի համալսարան:
-Ասել է՝ Ձեր դպրոց հաճախող երեխաներն ի սկզբանե ունեն պրոֆեսիոնալ դառնալու հեռահար նպատա՞կ:
-Այո՛: Բայց մեր նպատակը միայն երգիչ պատրաստելը չէ: Կարո՞ղ եք երևակայել, թե մեզ մոտ եկող 170 երեխաների թիկունքում աշուղական արվեստը սիրողների ինչ հոծ բանակ է կանգնած. երեխաների ծնողները, ընտանիքի, գերդաստանի անդամները, հարևանները, դասընկերները: Մի ահռելի բանակ մեկ երեխայի միջոցով «վարակվում» է աշուղական երգով: Եվ ես միշտ ծնողներին ու մեր ուսուցիչներին ասում եմ, թե պետք չէ մտածել, որ երեխաները Ջիվանու դպրոցում անպայման դառնալու են լավ երգիչներ: Թող երեխան պակաս լավ երգի, բայց Ջիվանու դպրոց գալով՝ նա կտրվում է փողոցից, դաստիարակվում է բարձր նպատակներով, դառնում է լավ մարդ, լավ զավակ, լավ ծնող, հայրենիքի լավ քաղաքացի և, ամենակարևորը, լավ հայ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

02.09.2016

Դիտվել է՝ 27057

Մեկնաբանություններ