Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայաստանը կարող է դառնալ ջերմատնային արդյունաբերության երկիր»

«Հայաստանը կարող է  դառնալ ջերմատնային  արդյունաբերության երկիր»
15.06.2012 | 00:36

ՀՀ-ում ներկայումս գործում է շուրջ 125 հեկտար տարածքով ավելի քան 1000 ջերմատնային տնտեսություն, որոնց կեսից ավելին` Արարատյան դաշտի համայնքներում: Նշված ջերմատներում մեծ մասամբ (60-65 տոկոս) աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, պոմիդոր, պղպեղ), իսկ մնացած տնտեսություններում` տարատեսակ ծաղիկներ: Աճեցված բնահումքը հիմնականում սպառվում է հանրապետությունում, որոշ մասն էլ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Այսօր մեծ հնարավորություն կա Հայաստանում ջերմատնային տարածքներն ընդլայնելու ու զարգացնելու: Այդ նպատակով «Հայաստանի ջերմատնային ասոցիացիան» մշակել և ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Ջերմատների զարգացման ծրագիր»:
«Նշված ծրագրի իրականացումը հետագայում ինչպիսի՞ հնարավորություններ կստեղծի հանրապետության համար». այս հարցով սկսեցինք մեր զրույցը ասոցիացիայի տնօրեն ՊՈՂՈՍ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

-Ներկայացված ծրագիրը հիմնականում նպատակաուղղվել է ջերմատնային բիզնեսի զարգացմանը: Ծրագրում նախանշվել են հանրապետության արդյունավետ արևափայլով և հրաբխային ծագումով հողեր ունեցող այն բարձրլեռնային, նախալեռնային գոտիների հարավահայաց տարածքները (ավելի քան 300 հազ. հա) և մեծ թեքության այն լանջերը, որտեղ ձմռան ամիսներին անգամ ամպամած օրեր չեն լինում, և որոնք նպաստավոր են ջերմատնային տնտեսության ընդլայնման համար: Եթե նշվածից 1000 հեկտարի վրա ջերմոցներ հիմնվեն, ապա հնարավորություն կստեղծվի աշխատատեղեր բացելու 10 000 մարդու համար: Պարզ հաշվարկներով` 1 հա ջերմատնից հնարավոր կլինի սեզոնի ընթացքում ստանալ առնվազն 150-200 տ պոմիդոր, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում բարձր պահանջարկ ունի: Մեր համոզմամբ, ջերմոցային տնտեսության զարգացմամբ Հայաստանը, ըստ ամենայնի, կունենա բիզնեսի մշտական հզոր աղբյուր:
Ծրագրի շրջանակներում, միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցվելիք ջերմատներում նախատեսվել է աճեցնել մեխակ, վարդ, տարատեսակ ծաղիկներ: Այսօր հայկական ծաղկի պահանջարկ կա Ռուսաստանի Դաշնությունում և Հոլանդիայում: Հատկապես շատ է մեխակի պահանջարկը, որը քմահաճ չէ, լավ է աճում հայկական հողում, ունի գունային վառ հատկանիշներ, բարձրորակ և երկարակյաց է: Վերոհիշյալ երկրներն այսօր պատրաստ են կնքելու հայկական մեխակ գնելու-մթերելու պայմանագիր, եթե կարողանանք ստեղծել մինչև 10 հա-ի հասնող մի քանի ջերմատնային ծաղկանոցներ:
-Որո՞նք են այսօր ջերմատնային կառույցների առաջնային խնդիրները:
-Այսօր առաջնայինը անհրաժեշտ թվով ջերմատնային մասնագետների պատրաստումն է: Հայաստանը կարող է դառնալ ջերմատնային արդյունաբերության երկիր, եթե լուծվի այդ կառույցները սպասարկող մասնագետների որակավորման և համապատասխան տեխնոլոգիաների արտադրման խնդիրը:
Խորհրդային տարիներին Հայաստանում (Քանաքեռում) գործել է ջերմատնային տրեստ, որում ընդգրկված էին էներգետիկներ, ագրոքիմիկոսներ, բույսերի պաշտպանության փորձառու մասնագետներ. կառույցը զինված էր նաև անհրաժեշտ քանակությամբ ագրոտեխնիկական մեքենաներով: Նշածս ժամանակահատվածում պետական ջերմատներն ընդգրկում էին շուրջ 80 հա տարածք, իսկ այսօր դրանք ավելի քան 120 հա են: Նշված խնդիրները լուծելու նպատակով ասոցիացիան դիմել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (ԻՖԱԴ)` վերոնշյալ կառույցների համար մասնագիտական անհրաժեշտ ծառայողական կազմ ստեղծելու նպատակով: Միաժամանակ, ոլորտի մասնագիտական կադրերի պակասը լրացնելու նպատակով, ջերմատներ այցելող մոնիթորինգային խմբերում ասոցիացիան նախատեսել է ընդգրկել Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀԱՊՀ) ասպիրանտների և բարձր կուրսի ուսանողների, որոնց հետ, ուսուցողական, կրթական ծրագրերից բացի, անցկացնելու է նաև գործնական աշխատանքներ:
Մյուս կարևորագույն հարցը ջերմատների համար հայրենական սերմերի ստեղծումն է, քանի որ դրանք այսօր հիմնականում ներկրվում են Իսրայելից և Հոլանդիայից: Այսօր, երբ էներգակիրների գները բարձրանում են, ֆերմերները ձգտում են այնպիսի սերմեր ձեռք բերել, որոնք առավել բերքատու են: Տեղական սերմեր կարելի է արտադրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտահետազոտական կենտրոնում, որտեղ խորհրդային տարիներին ջերմատնային սերմերի լավ տեսակներ էին ստանում:
-Այսօր ինչքա՞ն ջերմատնային բնահումք է արտադրվում Հայաստանի ջերմատներում, և ձմռանն ինչքա՞ն է ներկրվում արտերկրից:
-Վերոհիշյալ 120 հա տարածքներից անցած ձմռանը ստացվել է 6,5-7 հազար տոննա բանջարեղեն, որը, ընդհանուր առմամբ, գարնանն ու ձմռանը բավարարում է թարմ բանջարեղենի նկատմամբ հանրապետության բնակչության պահանջարկը:
Անցած ձմռանն արգելվեց արտասահմանից և Թուրքիայից ջերմոցային բնամթերքի ներմուծումը, որը, ցածրորակ և էժան լինելուց բացի, խանգարում էր տեղական արտադրանքի վաճառքին: Ասոցիացիայի անդամների հունվար-փետրվարին անցկացրած դիտարկումները պարզեցին, որ զարտուղի ճանապարհով Թուրքիայից հանրապետություն է ներմուծվում օրական մինչև 30 տոննա ջերմատնային բանջարեղեն: Դրա մուտքը կանխարգելելու նպատակով ասոցիացիան դիմեց ՀՀ կառավարության աջակցությանը, և անօրինականությունը վերացվեց:
-Վերջին երկու տարում էներգակիրների թանկացումներն ինչքանո՞վ են անդրադարձել ջերմատնային տնտեսություններից ստացվող բնահումքի գնաճի վրա:
-Գազի թանկացումների և օգտագործված էներգակիրների դիմաց պարտքերի պատճառով այս տարվա ձմռանն Էջմիածնի Առատաշեն գյուղի խոշոր ջերմատնային տնտեսությունը դադարեցրեց իր գործունեությունը, չգործեցին նաև մի քանի փոքր ջերմատներ: Տնտեսություններին աջակցելու նպատակով ասոցիացիան դիմեց ՀՀ կառավարություն` ջերմատնային տնտեսությունների տերերին տարեկան 10-տոկոսանոց մարման ժամկետով վարկեր տրամադրելու առաջարկով, և օգտագործված գազի դիմաց պարտքերը փակելու հնարավորություն ստեղծվեց մինչև աշուն: Նշեմ, որ խիստ ընկել է գազի կալորիականությունը. անցած ձմռան ամիսներին, նախորդների համեմատությամբ, կառույցների ջեռուցման համար 1,5 անգամ ավելի գազ է ծախսվել:
-Ո՞րն է ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակը:
-Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը ինչպես հանրապետության ջերմոցային տնտեսություն վարողներին համախմբելն ու օժանդակելն է, այնպես էլ նշված տնտեսությունների խնդիրներն ու հնարավորություններն ուսումնասիրելը: Ջերմատնային կառույցների աշխատողներին խորհրդատվություն և մասնագիտական տեղեկատվություն տրամադրելուց բացի, կառույցն օգնում է նաև մշակաբույսերի նոր ձևով աճեցման և նոր, ժամանակակից ջերմատների կառուցման գործում: Ասոցիացիան վերջին տարիներին ԱՄՆ-ից ներկրել և ֆերմերներին է տրամադրել կաթիլային ոռոգման նոր համակարգեր: Շնորհիվ դրա, վերջին 10 տարում ձմռան ամիսներին արդյունավետ եղանակով ոռոգվում են շուրջ 25 հա ջերմատներ: Ոռոգման համակարգը, որի խողովակները տեղադրվում են բույսի արմատի մոտ, լիարժեք սնուցելուց բացի, 5-6 անգամ կրճատում է ոռոգման ջրի կորուստը` արդյունավետ դարձնելով նաև պարարտացումը: Մեխանիզմի շնորհիվ չոր են մնում նաև բույսերի տերևները, որով կանխվում է հիվանդությունների տարածումը: Համակարգը կարելի է օգտագործել նաև բացօթյա ցանքատարածքներում: Բացի դրանից, բանակցություններ են ընթանում Իսրայելից և Չինաստանից հովացման նոր սարքավորումներ ու համակարգեր ներկրելու շուրջ, որոնք ողջ տարին կայուն կպահեն փակ գրունտների ապակյա պատերի ներսում եղած ջերմաստիճանը: Ասոցիացիան նպատակ ունի նաև պոլիէթիլենային թաղանթով պատված նոր ջերմատներ ստեղծել Արարատյան դաշտում` նախատեսելով փորձարկել ինֆրակարմիր ճառագայթներով տաքացուցիչներ:
Ներկայումս Եղեգնաձորում կառուցվում է փոքր ջերմոցային տնտեսություն, որտեղ աշնանը կտեղակայվեն և կփորձարկվեն Կանադայից բերված ջերմային պոմպերով զինված նոր սարքավորումներ: Կփորձարկվեն նաև վառելիքին փոխարինող տորֆի բրիկետներ (մամլած աղյուս), որոնց կալիորականությունն ու քարածխինը համարժեք են և, ծախսվող էներգիայի համեմատությամբ, կրկնակի էժան:
Հայաստանի բնական պայմաններն օժտված են ջերմատնային տնտեսության զարգացման մեծ հնարավորություններով, ինչի շնորհիվ բիզնեսը կարող է աճ արձանագրել: Ջերմատների ընդլայնումը, ոլորտի զարգացմանը նպաստելուց բացի, ներդրումների զգալի հոսք կապահովի: Զուր չէր, որ Խորհրդային Միության տարիներին նախատեսվել էր Հայաստանում ստեղծել մոտ 1000 հա ջերմատուն, սակայն նրա փլուզումից հետո այդ ծրագիրը կիսատ մնաց:
Ասեմ նաև, որ Հայաստանի ջերմատներում աճեցվող բանջարեղենը համեղ է ոչ միայն հողի, հրաբխային քարերի, արևի, այլև հանքային աղերից զերծ, լեռնային անապական ջրերի շնորհիվ: Փորձնական արտահանման ժամանակ, որը կազմակերպվել էր Մոսկվայում, հայկական բանջարեղենն ամբողջությամբ սպառվեց տեղի շուկայում:


Զրուցեց
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 6546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ