Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պարոն Կարապետյան, մենք ցույց ենք տալիս, պարզապես նայող չկա»

«Պարոն Կարապետյան, մենք ցույց ենք տալիս, պարզապես նայող չկա»
25.07.2017 | 09:50

Գավառ քաղաքի «Բարեկամություն» ԲԲԸ-ն այսօր Խորհրդային Հայաստանի երբեմնի ծաղկուն քաղաքակրթության զարմանալի հուշագրությունն է, այս տեսանկյունից միակը Հայաստանում։ Տուֆաշար և քանդակազարդ պարսպից ներս մեզ դիմավորեցին եղևնիների պուրակը, պատվանդանի վրա եռաֆիգուր մի քանդակ, որը մարմնավորում է մտավորականության, բանվոր դասակարգի և գյուղացիության միասնականությունը` վասն հայկական պետականության, 2-րդ խորհրդային հանրապետության։ Այստեղ պահպանված են արտադրամասերը` իրենց հաստոցներով և սարքավորումներով, վարչական շենքը` կերպարվեստի նմուշներով զարդարված, սակայն ժամանակն այստեղ սայթաքում է, այսօր էլ այս ընկերությունը լիուլի պատրաստ է աշխատանքի, բայց նրա դեմ թուջե գլաններով անտարբերության արգելապատնեշներ են կառուցված։ Զրուցակիցներս` «Բարեկամություն» ԲԲԸ-ի նախագահ և գլխավոր բաժնետեր, տեխնիկական գիտությունների թեկնածու ՎԱՍԻԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ և նրա ուսանողական տարիների ընկեր, այսօր էլ գործընկեր, գյուղատնտեսական մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Իրատեսի» հեղինակ ՍՏՅՈՊԱ ԽՈՅԵՑԱՆԸ փորձում են պարզաբանել իրավիճակը։


«ԵԹԵ ԼԻՆԵՔ ՎՈԼԳՈԳՐԱԴ ՔԱՂԱՔՈՒՄ, ԱՊԱ ՁԵԶ ԿԹՎԱ, ԹԵ ՆՈՐԱՏՈՒՍՈՒՄ ԵՔ»


-Պարոն Հակոբյան, Ձեր դիմում-առաջարկություններին ծանոթացել եմ մեկ տարի առաջ։ Ինչ-որ բան այսօր փոխվե՞լ է։
-Հարգելիս, ես արդեն ինձ մեղադրում եմ կյանքի սխալ ուղի ընտրելու համար, ես ինժեներ-մեխանիկ եմ եղել ողջ կյանքում, վերջին տարիներին` կյանքիս 85-ամյակի շեմին, դարձել եմ գրող, նաև բանաստեղծ, քանի որ զբաղվում եմ հոգեշահ նամակ-առաջարկություններ կազմելով և դրանք ուղղելով մեր կառավարություններին, ապարդյուն, առայսօր որևէ պատասխան չեմ ստացել։ Գրում եմ գեղեցիկ, հիմնավորված նամակներ և մնում եմ ձեռնունայն։
-Դուք բնիկ նորատուսցի եք, որը ժամանակին հանրապետության շեն գյուղերից մեկն էր։ Ի՞նչ կա ներկա Նորատուսում։
-Եթե լինեք ՌԴ Վոլգոգրադ քաղաքում, ապա Ձեզ կթվա, թե Նորատուսում եք, մեր բարբառն այնտեղ ամենուր է, գյուղի բնակչության մեծ մասն ապրում է Վոլգոգրադում։ Նրանց մեջ շատ են ձեռներեց մարդիկ և ինձ պարբերաբար լուր են ուղարկում, որ եթե հավատարիմ ես մնում մեր հասարակությանն ու պետությանը, մենք այստեղ կզբաղվենք պահեստամասերի վերանորոգմամբ և կսատարենք քեզ։ Ես տրակտորի առանձին մասեր (օրինակ, գլանիվը, ճախարակը և այլն) ուղարկում եմ վերականգնման, նրանք պահեստամասերն անվճար վերականգնում և վերադարձնում են մեզ։ Նամակ գրեցի հարկային եկամուտների կոմիտեին և ներկայացրի այս հոյակապ նախաձեռնությունը, որի արդյունքում գյուղացիներին մատակարարում ենք բավականին էժան պահեստամասեր։ Խնդրել էի, հաշվի առնելով գործի կարևորությունը, թույլ տալ առանց մաքսազերծման արտահանել և ներկրել պահեստամասերը։ Գեներալ Ավետիքյանի ստորագրությամբ նամակ ստացա, որ մեր հասարակարգում նման բան չկա, ապրանք ես ներկրում, բարի եղիր մաքսատուրքը մուծիր։

«ՊԱՐՍԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԺԱՄԱՆԵՑ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ ՆՊԱՏԱԿԸ. ՎԱՍԻԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԱՃԱՌԻ ԻՐ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ»


-Պարոն Հակոբյան, Դուք կառավարության հետ մշտական նամակագրության մեջ եք։ Գիտականորեն հիմնավորում եք, որ գյուղտեխնիկայի վերանորոգմամբ զբաղվող Ձեր ղեկավարած ընկերությունն այսօր էլ կարող է մեծ շահութաբերությամբ աշխատել, բազմաթիվ կայուն աշխատատեղեր ստեղծել, այլ կերպ ասած` մասնակցել հանրապետության անվտանգության ապահովմանն ու առաջընթացին։ Նրանց պատասխանը ներկայացրեք մեզ։
-1994-ից մինչև 2014-ը ողջ Հայաստանի գյուղատնտեսական գործիքները մենք էինք արտադրում։ Դրանք բարձրորակ էին և շուկայում շատ գնահատված։ Ժամանակին մեր արտադրանքն արտահանվում էր Վրաստան և Ադրբեջան։ Վերջին երկու տարում ինչ արտադրել ենք, մնացել է մեր պահեստներում։ Իհարկե, կհարցնեք` ո՞րն է պատճառը։ Ես էլ, իհարկե, կպատասխանեմ` Բելառուսը, Չինաստանը և Ճապոնիան վարկավորում են մեր պետությանը և պարտադրում, որ մենք գնենք իրենց արտադրած տեխնիկան և ընկնենք պարտքի տակ։ Մենք, այսինքն` մեր պետությունը, որը գյուղատնտեսության զարգացման նպատակով վարկ է վերցնում, ընկնում է վարկային պարտքի տակ։ Այնինչ մեր արտադրած գյուղատնտեսական տեխնիկան արտասահմանյանից անհամեմատ հզոր է և դիմացկուն։
-Ինքներդ փորձե՞լ եք վարկ վերցնել։
-Մի քանի օր առաջ դիմեցի և խնդրեցի, որ ինձ 60 մլն դրամ վարկ հատկացնեն, որ ես գնեմ 100 գլուխ ընտիր երինջ, ցուցադրական մի լավ ֆերմա սարքեմ և զարգացնեմ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ տեղին է պնդում, որ 2-3 կով պահելով անհնար է կայուն զարգացում ապահովել։ Իսկ մենք լուծումն ունենք. գյուղացիներից վերցնում ենք նրանց կովերը, պահում և խնամում ենք մեր ընկերության ֆերմաներում, ստացված կաթի, մսի և հորթի իրենց բաժինը հատկացնում, գյուղացին իր տանը նստած կարող է հեռակապով հետևել իրենց անասունների խնամքին և վայելել պտուղները, առանց չարքաշ աշխատանքի։ Նման զարգացման համար ինձ անհրաժեշտ է վարկ 2-3 տոկոսով, ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում է։ ՀՀ-ում ինձ վարկ են առաջարկում մոտ 30 տոկոսով։ Այսօր մեր այս բերրի տարածաշրջանում գյուղացու հիմնական զբաղմունքը ճանապարհ է դեպի բանկ, վարկը փակելու նպատակով։
-Երկրի կառավարությունից եկեք խոհեմաբար ձեռք քաշենք, քանի որ նա մի առաքելություն ունի` ահռելի գումարներ ծախսել փուչ ուղևորությունների, գրասենյակային անհեթեթ գնումների և այլնի վրա։ Ձեռք քաշենք և փորձենք հասկանալ, թե ուրիշ ինչ ճանապարհ կա, որ «Բարեկամություն» ԲԲԸ-ն լիարյուն գործի։
-Ե՛վ տեղացի, և՛ արտասահմանցի ներդրող-գործընկերներին սիրով կներկայացնեմ մեր հնարավորությունները։ Վերջերս հրավիրեցին գյուղնախարարություն. Իրանից գործարարներ էին եկել։ Կամենում էին ինձ մոտ գյուղտեխնիկա արտադրել, ավելի ստույգ` իրենց պահեստամասերով և հանգույցներով տրակտորներ արտադրել։ Պարսկական կողմը ժամանեց և հայտարարեց, որ ինքը մի նպատակ ունի` Վասիլ Հակոբյանը պետք է վաճառի իր արտադրած տրակտորները։
Վերադառնամ Ձեր հարցին։ Մենք պրոֆեսիոնալ մեծ փորձ ունենք գյուղմեքենաների և գործիքների արտադրության բնագավառում, ի մասնավորի արտադրում ենք քաղհանող և հողը փխրեցնող մեքենա, գլանիչ-ուղեհարթիչ, գութան, դրանց պահեստամասերը։ Ներդրողների մասնակցությամբ կգործարկենք ձուլման արտադրամասը, կստեղծենք անասնաբուծական ֆերմա։ Այժմ ունենք 30 խոշոր եղջերավոր, մնացածը, որը ժամանակին պետությունը սեփականաշնորհել է ինձ, վաճառել և գույքահարկի, սոցիալական վճարների, հողի հարկի ձևով վերադարձնում եմ պետությանը, քանի որ 300 գլուխ անասուն պահելու այլ ելք չկա, ունենք բոլոր պայմանները, հրաշալի խոտհարքներ ունենք Սևանի հարևանությամբ, ֆերմային կից, և կարող ենք տարեկան 600 տոննա որակյալ կեր ստեղծել։ Կարող ենք միավորել բազմաթիվ գյուղատնտեսական տնտեսություններ, քանի որ այսօր փոքրաչափ տնտեսությունները ուղղակի ձեռնտու չեն, դիցուք, կես հեկտար հող մշակելը և արդյունքն իրացնելը, շահավետ չեն ամենևին։
-Պարոն Խոյեցյան, Դուք կառուցողական բազմաթիվ հրապարակումներով եք հանդես գալիս «Իրատեսում», դիմում եք կառավարությանը, բայց սայլը տեղից չի շարժվում։
-Այս պահին կամենում եմ շեշտադրել պարոն Հակոբյանի մի միտքը, որ վերաբերում է նրա տեխնիկայի վաճառքին։ Մենք պետականորեն վարկային սարդոստայնի մեջ ենք։ Եվ հետևողական ձևով քայքայում ենք մեր տնտեսությունը։ Պարոն Հակոբյանի հետ նոր տեխնիկայի կիրառմամբ և արտադրության վերելքով կամենում ենք գյուղացու աշխատանքի շահույթն ավելացնել, որպեսզի նա հաստատուն մնա իր հողի վրա, չմտածի արտագաղթի մասին։ Անդրադառնամ նաև պատկան մարմինների «նամակային փոխհրաձգությանը»։ Վերջին նամակ-առաջարկներիս վրա հենց այդպես էլ խորագրված է` «որպեսզի կանխենք արտագաղթը»։ Ոչ միայն իմ, այլև ուրիշ գիտնականների նորարարական առաջարկությունները կամենում ենք կենտրոնացնել «Բարեկամություն» ԲԲԸ-ում, կազմակերպել դրանց զանգվածային արտադրությունը, նեցուկ կանգնել գյուղաբնակներին։ Այսօր սահմանները դատարկվում են, գյուղացին անելիք չունի իր մայր հողի վրա։ Այսօր ինքս պատրաստ եմ իմ նորարարությունները և փոքրիկ խնայողությունը ներդնելու իմ վստահելի գործընկեր Վասիլ Հակոբյանի ձեռնարկությունում։ Սակայն մեր երկուսի միջոցները սուղ են, ցանկալի արդյունք չեն ապահովի։ Մեզ անհրաժեշտ են նոր, շահագրգիռ և բանիմաց գործընկերներ։ Այստեղ ամեն բան տեսանելի է և հիմնավորված։ Ինչ վերաբերում է իմ նամակ-առաջարկություններին, ապա դրանք, որքան էլ հիմնավորված են, հետևողականորեն մնում են ձայն բարբառո հանապատի։ Այնպես որ, ժամանակի անդառնալի կորուստ է ներկա պատկան մարմիններին ինչ-որ բան հասկացնելը, մեր հանրապետության գյուղնախարարությունը կարծես հայկական իրականությունից մղոններով օտարված է։
Ինչևէ, ներդրողները Գավառում կտեսնեն անապակ բնություն, բնապահպանական տեսանկյունից մաքուր սնունդ և այլն։ Մի շատ կարևոր բան հիշեցնեմ Ձեզ և մեր ընթերցողներին` ԽՍՀՄ-ում շատ հարգի էին աշխարհահռչակ շվեյցարական և հոլանդական պանիրները, որոնք, բնականաբար, արտադրվում էին Շվեյցարիայում և Հոլանդիայում։ Սակայն Կրեմլը գերադասում էր հենց այս տարածաշրջանում արտադրված շվեյցարական և հոլանդական տեսակի պանիրները։ Հայաստանն ապահովում էր ԽՍՀՄ-ում սպառվող վերոնշյալ պանրատեսակների 30 տոկոսը։ Մենք այսօր, եթե, իհարկե, ամեն բան ընթանա նախանշած հունով, կարող ենք առհասարակ անապակ սննդով ապահովել հայոց բանակին։
-Պարոն Հակոբյան, Դուք նաև գյուտարար եք։ Ներկայացրեք Ձեր ստեղծած գլանիչ-հարթող (каток-грейдер) մեքենան։
-Այն 2-3 անգամ բարձրացնում է հողամշակման արտադրողականությունը։ Նրա մրցակիցը չկա Հայաստանում։ Սակայն այս մեքենան մնում է գյուտի կարգավիճակում, քանի որ կառավարությունը նախընտրում է ներկրել շատ ավելի անորակ մեքենաներ։
-Որքա՞ն են Ձեր հնարավորությունները։
-250 հա արոտավայր, ֆերմային մեծ ներուժ ունեցող տնտեսություն, 120 հա վարելահող և այլն։ Ժամանակին մեզ մոտ աշխատում էր 1340 մարդ, ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարող ենք ապահովել շուրջ 2000 աշխատատեղ, մշտական և բարձր վճարվող։ Հիշենք, որ Հայաստանում այսօր 1 մլն հա վարելահող կա, բայց մշակվում է դրա 10-15 տոկոսը։ Մի՞թե սա ազգային ողբերգություն չէ։
-Պարոն Խոյեցյան, գյուղացիական տնտեսությունների զարգացման ի՞նչ օրինակներ կան աշխարհում։
-Մերոնք այսօր հենվում են ամերիկյան օրինակի վրա, որը կոչվում է գիտասփյուռ։ Յուրաքանչյուր մարզում ստեղծված են խորհրդատվական ընկերություններ, որոնք ահա 25 տարի խորհուրդ են տալիս հայ գյուղացուն, սակայն մեր գյուղատնտեսության ազատ և անկախ անկումը շարունակվում է։ Այնինչ սկանդինավյան երկրներում գիտնականները փորձանմուշները ներկայացնում են գյուղացուն, վերջինս տեղում ծանոթանում է գյուղգործիքներին ու սարքավորումներին և զինվում է դրանցով, ընդլայնում է իր տնտեսությունը։ Կարեն Կարապետյանը Եղեգնաձորում ասաց` ցույց տվեք մի տնտեսություն, որ մարդիկ գնան, տեսնեն և օգտագործեն եղածը։ Մենք ցույց ենք տալիս, պարզապես նայող չկա։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 16802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ