Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

N 31-ի ազդականչերը

N 31-ի ազդականչերը
03.07.2018 | 12:51

(Նախորդ մասը)

«ԿԱՐԵՎՈՐԸ, ՈՐ ԲԱՆՏ ՉԸՆԿՆԵՄ, ԹԵ ՉԷ ԴՈՄՅԱՆ ՏԱՃԱՐԻ ԳԱԳԱԹԻՑ ԹՔԱԾ ՈՒՆԵՄ ՍՈՎԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՎՐԱ»


Վաշտում քննությունն ավարտին էր մոտենում։ Ընդհանուր տպավորությունը դրական էր։ Գումարտակի հրամանատար բելառուս Բայեդովը, նրա տեղակալ, անհայտ ծագում ունեցող Տրուխինը և Մագերամովը բավարարված ժպտում էին։ Պետերիսին քարտեզի մոտ հրավիրեցին վերջինը։ Իմ, ղազախառուս Ակպարովի, Գայոզ Նաչկեբիայի և Ջամիրաշվիլի Ջեմալի 5-երը ժպտալու լավ նախապայման էին։ Պետերիսը վաշտային հոգեորդիս էր։ Առաքինի էր, կարգապահ, բայց անգամ Կադիրովին գերազանցում էր բանակի ու ծառայության հանդեպ իր վերաբերմունքով։ Կարևորը, որ բանտ չընկնեմ, թե չէ Դոմյան տաճարի գագաթից թքած ունեմ սովետական բանակի վրա, խոստովանեց մի անգամ։ Դե, ինչ պահանջես մի մարդուց, որի պապը գերմանական բանակում էր ծառայել, հայրը` սովետական։ Ընդ որում` նույն պատերազմում։


Նա շատ խնդրեց, որ քարտեզի հարցում սատարեմ։ Խոստացա։ Ամեն դեպքում, հետաքրքիր կերպար էր և բնավ չէր զլանում օղի ու ծխախոտ հայթայթել։ (Ի դեպ, հետագայում անսպասելի պարզվեց, որ նաև մատնիչ է)։ Պայմանավորվեցինք, որ ակնարկներով կուղղորդեմ իր ցուցափայտը։ Ի դեպ, ակնարկի ըմբռնողության իմաստով բավականաչափ ուշիմ էր։ Որևէ հարցի չպատասխանեց։ Հատկապես խիստ մտատանջվեց Մոսկվան հայտնաբերելիս, որը քարտեզում նշված էր նաև աչքի զարնող կարմրաբոսոր պատկառելի աստղով։ Մոսկվայի ներկայացուցիչը, ակնապիշ նայելով Պետերիսին, խնդրեց, որ գոնե ցույց տա հայրենի Լատվիան: Պետերիսն աշխուժացավ և հայացքը գամեց շուրթերիս։ Իմ լուռ հրահանգով ցուցափայտը սահուն շրջանցեց Կովկասյան լեռնաշղթան ու Դարդանելի նեղուցը և, Նեղոսի երկայնքով սահելով, արձանացավ... Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Պետերիսը, հանձնաժողովի ներկայացուցչի զկռտոցով ուղեկցվող սփրթնելը տեսնելով, քթի տակ ինչ-որ ազգային մեղեդի սուլեց։

«ՍԱ ՈՉ ԹԵ ԳՈՒՆԴ Է, ԱՅԼ ԽՈԶԱՆՈՑ, ՄԵՆՔ ԷԼ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԽՈԶԱՊԱՀՆԵՐ ՈՒ
ԽՈԶԵՐ ԵՆՔ»


Գնդի հրամանատարն անսպասելի փոխվեց։ Նախկինը, մորդվին Ն.-ն, փոխադրվեց հյուսիսային օկրուգներից մեկը։ Լուրեր տարածվեցին, թե նոր հրամանատարը երկաթյա կարգ ու կանոն հաստատելու «առաքելությամբ է» գունդն ընդունել։ Գնդում սպաները շատ էին։ Այն որոշակի ծառայողական ցատկահարթակ էր շատերի համար։ Սպաները մեզ մոտ շատ էին, քիչ չէին նաև փայլուն սպաները, կապտաչյա, ձիգ ու կոկիկ և զինվորական հոգին հրաշալի հասկացող։ Այդպիսիները չէին հոտմտում ծանրոցդ, կարող էին քեզ ծխախոտ հյուրասիրել, անաչառ էին, խստապահանջ և, ավելորդ է ասելը, որ նրանց հերթապահության ժամանակ մենք չէինք հարբում, տուրուդմփոցը բացառված էր, բացառված էին կանոնադրական խախտումներն ու «սամավոլկաները»։ Նոր հրամանատարն այս կարգից չէր, զինվորական ակադեմիան գերազանցությամբ ավարտած մեկն էր։ Ամբարտավան էր ու կարիերիստ։ Նա մեր հոտառությունը զգում էր, ինչպես տրամվայի փորձառու տոմսավաճառն է զգում «նապաստակին»։ Ընթրիքի ժամ էր։ «Զգաստ» հրամանի համաձայն ոտքի թռանք։ Նրան ներկայացրեց գնդի շտաբի պետը։ Սա էլ իր առաջին հրամանը թնդացրեց. ուտելիս` լռել։ Դա ախմախության փորձանմուշ էր։ Սովորաբար, գնդին հանգիստ էին թողնում ճաշարանում։ Նախ թեթև զրույցը նպաստում էր Մուստաֆայի ստոր ձեռքի ապաշնորհ արտադրանքը հաղթահարելուն, հետո էլ մեզ հետ էին ճաշում սերժանտներն ու ավագները, էնպես որ, ամեն բան բավականին տաղտկալի, բայց նաև կանխատեսելի էր։ Երկրորդ հրամանը զլեց նորեկն ու սահանկումով անցավ վիրավորանքի, եզրակացնելով, որ սա ոչ թե գունդ է, այլ խոզանոց, մենք էլ, բնականաբար, խոզապահներ ու խոզեր ենք։ Բայց, չգիտես ինչու, զլացավ տարանջատել խոզերին խոզապահներից։ ՈՒ մեկ էլ լույսերը մարեցին։ Լսվեց ինքնաբուխ մի ոռնոց։ Սպաների շարքը ճեղքելով` խոզանոցի այս նուրբ գիտակը դուրս վազեց։ Շփոթված սպաները` նրա հետևից։ Պարզվեց, որ ինչ-որ մեկը լույսն է անջատել, ինչ-որ մեկն էլ թեյի դատարկ, մետաղյա բաժակով գմփացրել էր երիտասարդ գնդապետի աչքին։ Նրան այլևս չտեսանք։ Իհարկե, անհայտ մնացին տեռորի մասնակիցները։ Չէինք հետաքրքրվում։ Դրա կարիքը բնավ չկար։

«ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՆԿՈՒՆ ՇԵՓՈՐՆ ՈՒ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆԸ»


Քաղտեղակալները... Սա դավանանք էր, տեսակ ու որակ։ Գրեթե լիակատար իշխանություն ունենալով` նա տարրալուծում էր այն ամենը, որ պարբերաբար ծնվում էր բանակում։ Ցանկացած թարմ, ոչ ստանդարտ ու պայծառ բանի դեմ էր քաղտեղակալը։ Նա գաղափարի մարտիկ էր, կոմունիստական կուսակցության աննկուն շեփորն ու շարժական պանթեոնը։ Նա խոչընդոտում էր անգամ Խարիտոնի, Պետերիսի, Մուստաֆայի և այլոց մեջ բանակի հանդեպ անսպասելի ծլարձակող սիրուն, որը կարող էր ի հայտ գալ, անշուշտ, պատահականորեն, երբ «սամավոլկան» բարեհաջող էր ավարտվել, և երկու շիշ օղին (կամ չորս բոթուլ գինին) հասել էր նշանակետ։

«ԽԱՐԻՏՈՇԱՆ ԱՆՑԵԼԷՐ ՍԱՀՄԱՆԸ»


Գնդի քաղտեղակալ Կատյուկն ու նրա գումարտակային տողադարձերը (մեզ մոտ Կարպենկոն էր) ամենուր էին, ուր խախտվում էր բանակի իդեոլոգիան։ Հիշում եմ, հերթական սիրառատ հարբեցողությունից հետո Խարիտոնը բերման ենթարկվեց գնդի «պլաց»։ «Պլացը» մեր հրապարակի անվանումն էր, ուր յուրաքանչյուր առավոտ վաշտերը սիգարշավ անցնում էին տրիբունայում պատիվ բռնած հրամկազմի առջևից, փառահեղ զրնգում էր նվագախումբը, և մենք այդ րոպեին մեզ ակամա մասնիկն էինք զգում այն զորության, որ կոչվում էր սովետական կարմիր բանակ։ Այս զգացողությունը, սակայն, իսկույն մարում էր քաղտեղակալի ներկայությունից։ Ահա այստեղ, երեկոյան, Կատյուկի հրամանով ներկայացրին Խարիտոնին։ Անաղարտ տեսակ էր Ռյազանի խորքերից զորակոչված այս տղան։ Դեմքը խոճկորանման էր, ինքը` վարդագույն ու պեպենոտ։ Խարիտոնը կանոնավորապես հարբում էր` ամիսը մեկ անգամ պահպանելով հայրենական ալկաշության խորհրդանշային ծիսակարգի բոլոր պահանջները։ Խոզերի ու խոճկորների ուժգնացող վայնասունն անվերապահորեն հաստատում էր` Խարիտոնը վերստին տրվել է հարբեցողության։ Խմում էր միայնակ, խոզանոցից դուրս։ Խորունկ լակելուց հետո նա հայտնաբերվում էր գնդի պարսպից դուրս, ակումբի ծառուղում։ Նրան փնտրում էինք ծուլորեն, բայց գտնում էինք բավականին դյուրին, քայլելով նրա գարշահոտի մատնանշած ճանապարհով։ Մի անգամ նրան գտանք թեյարանի տանիքին փռված։ Ինչպես էր բարձրացել, անհայտ է։ Այս անգամ, հասկանալի է, Խարիտոշան անցել էր սահմանները։ Նա համաչափ խռխռում էր շտաբին կից զրուցարանում, ճիշտ Կատյուկի պատուհանի տակ։ Տեղին է հիշել, որ Խարիտոշային հայտնաբերում էինք յուրաքանչյուր վաշտի ցանկացած մահճակալի տակ և այլն։ Հաջորդ առավոտյան գունդը հանդիսավոր տողանի էր շարված։ Ճիշտ 45 րոպե որովայնախոսելով, սկսելով Նադեժդա Կոնստանտինովնայի և ՈՒլյանովի առաջին հանդիպումից (դրան զուգահեռ մեր աչքի առջև Խարիտոշայի և խոճկորների անդրանիկ ծանոթացումն էր) և ավարտելով կուսակցության 24-րդ համագումարի շրջաբերականներով` ուղղված հերոս սովետական ժողովրդին (Խարիտոնը պարապ ժամերին շարային պատրաստության վարժություններ էր կատարում մերունի խոզերի հետ և քաղդաստիարակչական աշխատանքներ իրականացնում խոճկորների շրջանում), Կատյուկը դուրս տվեց պատժամիջոցի մասին` տասնօրյա ձերբակալություն։ Ի պատասխան սովորաբար հնչում էր` «Լսում եմ», և զանցառուն ճանապարհ էր բռնում կալանատուն։ Խարիտոնը պատիվ բռնեց, հայացքը հառեց երկնքին ու բաղաձայն կաղկանձեց. «Ծառայում եմ Սովետական Միությանը»։

«ՊՈՐՈՒՉԻԿ ԳԱԼԻՑԻՆԸ, ԿՈՌՆԵՏ ՕԲՈԼԵՆՍԿԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՏԸ»


Քաղղեկները մի ցանկություն ունեին. քաղաքական անբարեհուսության սերմեր ցանել յուրաքանչյուր զինվորի սրտում։ Յուրաքանչյուր զինվոր պետք է գիտակցեր, որ ինքն ամեն ժամ բարոյական պարտքեր պիտի վճարի, օրինակ, առաջին պահակակետի դրոշին, քաղբյուրոյի անդամների նկարներին, ծառայողական կանոնադրությանը, գունդը անճաշակ տոնածառի պես զարդարող քարոզչական պաստառներին և... իրենց։ Գնդի ռադիոկապը տնօրինում էին Մոսկվայից ու Լենինգրադից զորակոչված Բուրսովն ու Բագատիրյովը։ Մելոմաններ էին, քաղաքի տղաներ, ու «ծպ տսՈփՖ, ՊպՉփՏվՍՈ», զինվորական սիրո ու հավատարմության մոդայիկ մարազմի արանքում (այս երգը, գումարած սովետական ամենայնը փառաբանող այլ մոլագարություններ, գնդի ռադիոկայանից թնդում էին օրնիբուն և, Կատյուկի դոկտրինի համաձայն, մեզ նորանոր սխրանքների էին մղում), «Բիթլզ» էին թողարկում և շատ մոդեռն Ստաս Նամինի մեղեդիները։ Խաղաղ երեկոներին Կալուգայի համալսարանի 3-րդ կուրսից հեռացված այլախոհ և ամենագետ Կուզմիչը, որը ռուսական հուսարության զտարյուն շառավիղն էր ու մեր սփոփանքը, կիթառի ուղեկցությամբ փայլուն ռոմանսներ էր կատարում պորուչիկ Գալիցինի, կոռնետ Օբոլենսկու, սիրո, հավատարմության և քաղաքացիական պարտքի մասին։ Կատյուկը կտրուկ արգելեց «անվայելուչ, սովետական զինվորին իր պարտքի կատարումից շեղող» երգերի հաղորդումը և... ձերբակալեց Կուզմիչի կիթառը։ Որպես բողոքի արտահայտություն գունդն ամենուր իր պարտքն էր կատարում, երգելով «Մի լացիր, աղջիկ»-ը սեփական մեկնաբանմամբ, ուր, ի մասնավորի, այսպիսի արժանահիշատակ տող կար. «Наш ротный старшина пропил все ордена, а у меня все это впереди»:

«ՍԿՍԵՑ 1905-Ի ՀԱՆՐԱՀԱՅՏ ԲՈՒԼԻԺՆԻԿԻՑ ԵՎ ՍԱՀՈՒՆ ԱՆՑԱՎ ԿՈՏՈՎՍԿՈՒ ՏՈՐՍԻՆ ՈՒ ԲՈՒԴՅՈՆՆՈՒ ՁԻՈՒ ԳԱՎԱԿԻՆ»


Կուզմիչը հանդիսավոր խումարի մեջ էր։ Առանց հարբելու։ Նա միջոցներ էր փնտրում Կատյուկին վերադաստիարակելու։ Ինչպե՞ս։ Խոզանոցը պահեստների կողքին էր։ Գիշերվա 1-3-ին ես էի պահակակետում։ Կուզմիչն ասաց, որ երթ է կատարելու դեպի Խարիտոնի դղյակ։ Ես պետք է ուշադիր լինեի ու չխանգարեի նրա ընթացքին։ Չխանգարեցի։ Առավոտյան ծառայության շտապող հարևան զորամասի քաղղեկն ապուշ է կտրում` խոզանոցի տանիքին տնկված ցցի վրա փակցված տախտակին տեսնելով Կատյուկի դիմանկարը, կատարված ածուխով։ Ընդ որում` Կատյուկը կիսադեմով էր պատկերված։ Նրան, նույնպես կիսադեմով, նայում էր թավամազ մեկը, բավական անխռով։ Մարքսն էր։ Եվ կարմիր մակագրությունը` «Не плачь девчонка»։ Սա, հանդարտեցնելու փոխարեն, նոր սխրանքների մղեց քաղղեկին։ Հիմնվելով գնդում չդադարող հարբեցողության վրա` նա շտաբից թույլտվություն պոկեց ստուգելու յուրաքանչյուր ծանրոցի բովանդակությունը։ Առաջինն իմ ծանրոցն էր։ Բռնագրավեց ու ինձ սենյակ հրավիրեց Կուկուշկինի հետ։ Ծանրոցը սեղանին էր` խորհրդավոր, տենչալի, անձեռնմխելի։ Սկսեց ցարական բանակում տեղ գտած կործանարար հարբեցողությունից, անցավ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին` անհատական ու զանգվածային հարբեցողության հարցում մասնագիտական խոր գիտելիքներ հանդես բերելով։ Սա ունկնդրման արժանի էր, թեպետ վտանգահարույց։ Ատենախոսության երկրորդ հատվածն սկսվեց 1905-ի հանրահայտ բուլիժնիկից և սահուն անցավ Կոտովսկու տորսին ու Բուդյոննու ձիու գավակին։ Ըստ Կատյուկի, Կոտովսկու, Բուդյոննու և մյուս փառապանծ հերոսների (որոնց թվում, չգիտես ինչու, Կատյուկը նշում էր Արևմտյան ՈՒկրաինայի կորած-մոլորած խուտորներից մեկի կոլտնտեսության հիմնադիր իր պապ Միկուլիցին, ով մեկ եղանով հետ էր մղել քաղցից ուռչող մանուկների համար կաթ խնդրող կանանց գրոհը) սխրանքների հենքում նա տեսնում էր գինու և օղու երդվյալ մերժումը։ Կուկուշկինը կողս բզեց ու սկսեց լայնաբերան հորանջել։ Սա ազդանշան էր, որ մի բան պիտի ձեռնարկեի։ Նրա հորանջների դադարների պահին ես անխռով բխկում էի։ Սա նշան էր, որ ելքը, այսինքն` կոնյակների ազատագրումը, անհուսալի բան է։ ՈՒրիշ ի՞նչ կարող էի անել։
(շարունակելի)


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 10889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ