Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երբ ստիպված ես լինում մոտ կես դար ապրելուց հետո գլխիվայր փոխել կյանքիդ հունը

Երբ ստիպված ես լինում մոտ կես դար ապրելուց հետո գլխիվայր փոխել կյանքիդ հունը
27.07.2018 | 03:44

Գործնական այցս Գորիս օրեր առաջ էր՝ «Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում: Մի փոքր շեղվելով աշխատանքային օրակարգից՝ կարճատև այցով եղա Խոջաբաղյանների տանը: Տարբեր առիթներով «Իրատեսի» էջերում անդրադարձեր, զրույցներ են եղել այս ընտանիքի միջին ու կրտսեր սերնդի ներկայացուցիչների հետ: Բժշկություն, մանկավարժություն, մաթեմատիկա, ճարտարապետություն, ՏՏ ոլորտ, մշակույթ, երգարվեստ. գրեթե բոլոր բնագավառներում որոշակի տեղ զբաղեցնելուց զատ` նրանք աչքի են ընկնում նաև հասարակական ակտիվությամբ և նորարարական գաղափարներով: Այս անգամ ուշադրությանս առանցքում ՍԻՐՎԱՐԴ ԽՈՋԱԲԱՂՅԱՆՆ էր: Նրա մասին լսել էի եղբոր որդուց՝ Զաքար Խոջաբաղյանից: Գիտեի, որ մեր երկրի համար առանցքային, վճռորոշ նշանակություն ունեցող մի դիպվածում ակամա մասնակցություն է ունեցել, և ոչ միայն:

«ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՏԱՏ ՈՒ ՊԱՊ, ՇԱՏ ԲԱՆ Է ԿՈՐՑՆՈՒՄ»


Հարցերիս չսպասեց, առաջինը, ինչի մասին ուզում էր խոսել, ընտանիքն էր:
«Եթե մենք ուզում ենք ունենալ հայ ավանդական ընտանիք, պետք է այդ ընտանիքն ունենա իրար հետ ապրող երեք սերունդ: Երիտասարդները ձգտում են ինքնուրույնության, բայց եթե երեխան չի տեսնում տատ ու պապ, շատ բան է կորցնում: Իմ մանկության տարիների ամենաթանկ հիշողությունները կապված են տատիս ու պապիս հետ: Մեր տանն է ապրել նաև մայրիկիս հորաքույրը, որը պատերազմի ժամանակ տղային կորցրել էր: Լուրեր էին պտտվում, որ տղան գալու է, ու նա ողջ կյանքն ապրել է այդ սպասումով: Երկար ապրեց, երևի հենց տղայի վերադարձը տեսնելու համար: Մենք նրա համար թոռների պես էինք: Սերը, հոգածությունը, որ ստացել ենք նրանից, փոխանցել ենք մեր տանը ծնված երեխաներին: Անմնացորդ սիրել ենք ու միշտ ցանկացել իրենց համար անել այն, ինչ մեզ համար են արել»:

ՌՄԲԱԿՈԾՎՈՂ ԳՈՐԻՍՈՒՄ


Կյանքի քառասնամյակին մոտեցող Սիրվարդ Խոջաբաղյանը, տեսնելով, որ երկրում իրավիճակ է փոխվել, նոր մասնագիտություն է ընտրել, հեռակա կրթություն է ստացել ԱՄՆ-ում՝ իր նպաստը բերելով նաև Գորիսին:
«Ես գրելու ձիրք ունեի, հորիցս եմ ժառանգել: Գրում էի պատմվածքներ, բանաստեղծություններ, բայց մտածեցի, որ պետք է բժիշկ դառնամ,- պատմեց մեր զրուցակիցը:- Դիմեցի բժշկական համալսարան: Վատ բարքեր էին տիրում: Առանց միջնորդության հնարավոր չէր ընդունվել, ինչը ծանր հետք թողեց ինձ վրա: Ընդունելության քննության ժամանակ, իմ պատասխանը լսելու փոխարեն, դասախոսը կողքիս նստած տղային էր օգնում, թելադրում: Քննության ժամանակ արդեն զգում էի, որ լավ գնահատական չեմ ստանալու: Ոսկե մեդալակիր էի, մեկ հինգով պետք է ընդունվեի, բայց չստացվեց: Մյուս տարի չդիմեցի բժշկական համալսարան, մտածում էի, որ ինչ տեսել եմ, կկրկնվի: Ընդունվեցի գյուղատնտեսական ինստիտուտի գինու և պահածոյի տեխնոլոգիայի» ֆակուլտետը»:
Սիրվարդ Խոջաբաղյանը որպես ավագ միկրոբիոլոգ աշխատել է Հոկտեմբերյանի պահածոների գործարանում, այնուհետև Գորիսի Մերգելյանի մասնաճյուղի ֆիզիկատեխնիկական բաժանմունքում: Զուգահեռ վերապատրաստվել է Ռուսաստանում, լեզուներ սովորել, նպատակ է ունեցել թեկնածուական պաշտպանել ու լրջորեն զբաղվել իր մասնագիտությամբ: Բայց Խորհրդային Միության փլուզման ժամանակահատվածն էր, գործարանները քանդվում էին, ֆիզիկատեխնիկական լաբորատորիան մեկ օրում այլևս չկար:


«Գորիսը ռմբակոծվում էր, մենք պատսպարվում էինք ներքնահարկում, արտաքին աշխարհի հետ շփումները քիչ էին, ազատ ժամանակը՝ շատ: Այդ ժամանակ պատահաբար հայտարարություն կարդացի ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի անգլերենի հեռակա ուսուցման դպրոցի մասին: Հինգ տարվա կուրսեր էին: Դա էլ անցա»,- պատմեց մեր զրուցակիցը, նշելով, որ դպրոցում ֆրանսերեն է սովորել: Երբ ինքնուրույն սկսել է զբաղվել անգլերենով, այդ օրվանից չկա մի օր, որ չաշխատի անգլերենի իմացությունը կատարելագործելու վրա: Վստահ է՝ եթե չաշխատես քեզ վրա, ինչով էլ զբաղվես, արդյունքն այն չի լինի. «Մարդ միշտ պետք է պատրաստ լինի կյանքի բոլոր անակնկալներին և կարողանա լուծումներ գտնել ստեղծված ամենաբարդ դրություններից անգամ, նույնիսկ երբ ստիպված ես լինում մոտ կես դար ապրելուց հետո մասնագիտությունդ և գործունեությանդ ոլորտն ամբողջովին փոխել»:

ԳՈՐԻՍԻ ԱՌԱՋԻՆ ՀԿ-Ն ԵՎ ՕՏԱՐ ՀՈՂՄԵՐԸ


Սիրվարդ Խոջաբաղյանը Գորիսում հիմնում է անգլերենի ուսուցման առաջին կենտրոնը: Ե՛վ դասավանդում է, և՛ ղեկավարում «Անգլերենի ուսուցման կենտրոն» ՀԿ-ն (դասավանդել են նաև անգլերենի այլ մասնագետներ): Գորիսում այն տարիներին իբրև օտար լեզու դպրոցներում ֆրանսերեն են ուսուցանել: Կամավորական սկզբունքով Սիրվարդ Խոջաբաղյանը դպրոցներում անգլերենի խմբակներ է հիմնում: Կարելի է ասել՝ անգլերենն այստեղ տարածում է գտնում նրա շնորհիվ:


Սակայն ՀԿ սեկտորը սկսում է դրամաշնորհային ուղղվածություն ստանալ: Որոշ ժամանակ անց ակնհայտ է դառնում, որ դրամաշնորհ բաժանող կազմակերպությունները երկդիմի քաղաքականություն են վարում մեր երկրում: Հաճախ է պատահել, երբ ինչ-ինչ ծրագրեր անելու «անհրաժեշտությունը հիմնավորելիս» տիկին Սիրվարդը ստիպված է եղել դեմ գնալ բերվող «հիմնավորումներին» և պնդել, որ անթույլատրելի է նման ծրագրերի իրագործումը մեր երկրում. «Հանգամանքների բերումով երբեմն ստիպված եմ եղել ընդդիմանալ նույնիսկ շատ խոշոր տրամաչափի ֆիգուրների՝ թույլ չտալու համար կոնկրետ ծրագրերի իրագործումը։ Տարբեր թեմաներ են եղել՝ սկսած ազգային ընտանիքի դեմ ծրագրերից, վերջացրած բնապահպանական հարցերով։ Մեր երկրում բնապահպանական իրավիճակն այնպիսին չէ, որ նոր հանքեր բացվեն, չպետք է խրախուսվի վայրի հանքարդյունաբերությունը։ Եթե դու այդպիսի բան ես ասում, նշանակում է՝ իրենց քաղաքականությանը դեմ ես գնում: Ծրագրերդ կարող են մերժվել: Բայց ես առաջին հերթին իմ երկրի քաղաքացին եմ, դրամաշնորհներն ինձ համար երկրորդական, երրորդական են: Մարդու համար երկու կոպեկ ավելի փող ունենալն ավելի կարևոր չպետք է լինի, քան իր երկրի ապագան»:


ԴԻՊՎԱԾ ՀԵՌԱՎՈՐ ԻՆՆՍՈՒՆԱԿԱՆՆԵՐԻՑ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՖԱՔՍԸ ՉԱՇԽԱՏԵՑ


90-ականներն էին: Մի պահ քննարկվում է Արցախին լայն ինքնավարություն տալու հարցը: ՀՀ կառավարության անդամները Գորիսում էին: Սիրվարդ Խոջաբաղյանը տարածքում ֆաքսի ծառայության միակ մասնագետն էր: Նրան հանձնարարվում է կատարել որոշակի կարևորություն ունեցող մի գործողություն:


«Հայաստանի մի շարք պաշտոնյաներ հավաքվել էին Գորիսի գործկոմի շենքում, սպասում էին հույժ կարևոր մի փաստաթղթի, որի բովանդակությանը թեթևակի ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն չի բխում մեր ժողովրդի շահերից։ Սպասում էի, որ ֆաքսին ինչ-որ բան կպատահի, և թուղթը տեղ չի հասնի, որովհետև արդեն հասկանալի էր՝ այդ ձևաչափով կորուստներ կունենանք: Մենք, որ սահմանին մոտ ենք, շատ ավելին ենք տեսնում, քան սահմանից հեռու գտնվողները: Հետաքրքիր պատահականությամբ ֆաքսը չաշխատեց՝ ի նպաստ մեր ժողովրդի: Այնուհետև Վազգեն Սարգսյանը եկավ, խորհրդակցեցին, ու գործընթացը կասեցվեց»:

ԳՈՐԻՍԸ՝ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ


ԱՊՀ մշակութային մայրաքաղաք դառնալու առիթով Սիրվարդ Խոջաբաղյանն ասում է, որ Գորիսն ինքնատիպ է իր արտաքին տեսքով, բոլորովին տարբեր Հայաստանի մյուս քաղաքներից, միշտ էլ մշակութային կյանքն այստեղ աշխույժ է եղել: ՈՒնեցել են մեծ կոմպոզիտորներ, գրողներ: «Ինչ-որ ժամանակ սոցիալական խնդիրները անդրադարձան նաև հասարակական, մշակութային կյանքի վրա, բայց քաղաքը հիմա հանգիստ է, ուրախ եմ, որ այսօր կարող ենք ներկայանալ ու տարածաշրջանի երկրներին ինչ-որ բան տալ՝ որպես մշակութային մայրաքաղաք: Շփումները, երկխոսությունը անհրաժեշտ են: Մենք չպետք սահմանափակվենք միայն մեզնով, պետք է կարողանանք և՛ տալ, և՛ վերցնել, բայց վերցնել միայն լավը՝ ընտրովի»:

ՍԵՎԱԿԻ ՀՈՐԴՈՐԸ


Խնդրեցինք պատմել նաև Սևակի հետ հանդիպման մասին:
«Պարույր Սևակը, Արտաշես Քալանթարյանը, Բաղիշ Հովսեփյանը հայրիկիս ընկերներն էին (հայրս դասավանդել է Սևակին)։ 1964 թվականի դեկտեմբերին նրանք շրջում էին երկրով և ընթերցողի դատին ներկայացնում Բաղիշ Հովսեփյանի՝ «Սերմնացանները չվերադարձան» նոր գործը։ Հերթական կանգառը Գորիսում էր: Նրանք մեր հյուրերն էին։ Հայրս խնդրեց գրածներիցս մի քանիսը ցույց տալ նրանց: Կարդացի ստեղծագործություններիցս մի քանիսը, և Սևակը հորդորեց, որ շարունակեմ գրել»,- պատմեց մեր զրուցակիցը, որը, չնայած իր հարուստ ստեղծագործական կյանքին, գրական փորձերը դադարեցրել է: Թե ինչու, պատասխանում է հպանցիկ. «Կյանքի լարված հունը թույլ չտվեց գրել»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 8374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ