Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Չար սրտի մեջ չես գտնի Աստծո լույսը

Չար սրտի մեջ չես գտնի Աստծո լույսը
31.07.2018 | 00:04

Նախանձը յոթ մահացու մեղքերից մեկն է: Մահացու է կոչվում, քանի որ սպանում է մեր հոգին, զրկում է բարիք գործելուց:
Այս մեղքը, ինչպես և մնացած մեղքերը, մարում են մեր ներսի Աստվածային լույսը, որը հնարավոր է վառ պահել միայն առաքինություններով:


Մեղքը հակառակ է աստվածային պատվիրաններին: Հակառակվելով պատվիրաններին, նախ և առաջ վնասում ենք ինքներս մեզ. մեղքերն առաջին հերթին ուղղված են մեր դեմ: Պետք է հասկանանք, որ եթե ցանկանում ենք հոգեպես ավելի առողջ լինել, պիտի հրաժարվենք մեղքի ներկայությունից: Մարդու խնդիրն է դիմակայել մեղսալից մտքերին և դրանք չընդունել: Այս խնդիրը մարդը չի կարող լուծել միայն սեփական ջանքերով, քանի որ մարդը վարակված է մեղքով, և մեղսալից մտքերը մարդկային սրտում գտնում են համակրանք: Ճգնավորները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել ու չհակաճառել դրանց. «Մի՛ հակաճառիր մեղսալից մտքերին, որոնք քո մեջ սերմանում է թշնամին (սատանան), այլ առ Աստված աղոթքի միջոցով ընդհատիր նրանց հետ զրույցդ»,- սովորեցնում է Իսահակ Ասորին: Այսպիսով, այդ մտքերին դիմակայել ու հաղթել կարող ենք Աստծուն դիմելով: Ջերմեռանդ աղոթքով հաղթանակով դուրս կգանք այդ պատերազմից: Չէ՞ որ աղոթքը մայրն է բոլոր առաքինությունների:


Իսկ ի՞նչ է տալիս մեզ նախանձը. իհարկե ո՛չ բարոյական արժեքներ, ո՛չ մեր Փրկչի հետ ապրելու երջանկություն: Այն շատ ու շատ դժբախտությունների ու կորուստների պատճառ է դառնում, իսկ չարի համար ձեռքբերումների դուռ է բացում: Նախանձի ախտով վարակված մարդը, արհամարհելով սեփական դժբախտությունները, հալումաշ է լինում ուրիշի բարիքների պատճառով` իր համար անհասանելի դարձնելով երկինքը: Այդ մարդը սեփական հոգին ենթարկում է պատժի` առանց որևէ դրդապատճառի այն լցնելով խռովությամբ ու տրտմությամբ: Նախանձը ցնծում է մերձավորի դժբախտությունից, և երբ վերջինիս տհաճ բան է պատահում, այնժամ նա հանգստանում է և ազատ շունչ քաշում` ուրիշի դառնությունները համարելով իր ուրախությունները:


Նախանձը ավելի վատ է, քան թշնամանքը: Թշնամին, երբ մոռացվում է թշնամանքի պատճառը, վերջ է տալիս թշնամությանը, իսկ նախանձ մարդը երբեք բարեկամ չի դառնում: Ընդ որում, առաջինը բաց պայքար է մղում, իսկ երկրորդը պայքարում է թաքուն, առաջինը հաճախ կարող է հիմնավորել թշնամանքի պատճառը, մինչդեռ երկրորդն այլ բան չի կարող ցույց տալ, բացի իր խելագարությունն ու առ սատանա հակվածությունը: Եվ ինչպես անարգողը ոչ թե ուրիշին է անարգում, այլ միայն իրեն, ճիշտ այդպես մերձավորի նկատմամբ դավեր նյութողը կործանում է իրեն:
Նա, ով իր մասին չար ու վատ, բայց ոչ ճիշտ բաներ է լսում և դրանից չի նեղանում, մեծագույն պարգևների է արժանի: Ոչ թե նա, ով դիմանում է, այլ նա, ով չար բան է անում, արժանի է պատժի, եթե միայն առաջինը կշտամբանքի բավարար առիթներ չի տվել: Եվ ինչպես անհնարին է, որ պարկեշտ մարդն իր մասին միայն լավ կարծիքներ լսի, ճիշտ այդպես և անհնարին է բոլորից լսել միայն վատ բաներ, եթե միայն ինքը տարբեր հանգամանքներում բազում առիթներ չի տալիս: Նա, ով վրեժխնդիր է լինում վիրավորանքի համար, դանակն ուղղում է հենց իր դեմ: Այդ պատճառով, եթե ցանկանում ես և՛ քեզ բարեգործություն անել, և՛ վրեժխնդիր լինել քեզ վիրավորողից, նրա մասին լավ արտահայտվիր:


Աստված մեր կյանքի համար հնարավորության մեծ դուռ է բացել, բայց չար թշնամին ամեն կերպ փորձում է մեզ խանգարել` մտնելով այդ դռնով: Եթե մեր միտքը պահենք երկնային ոլորտում, պաշտպանված կլինենք ամեն տեսակի մեղքերից: Մարդը գերի է դարձել մեղքին և կարիք ունի ազատագրման, ինչը կարող է մեզ տալ միայն Աստված: Աստված միշտ բաշխում է իր շնորհները, բայց հաճախ մեր մեղքերը պատնեշի պես փակում են դրանց ճանապարհն ու թույլ չեն տալիս անգամ Աստծո ձայնը լսել: Տերն ասում է. «Աստծո արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 14. 21): Չար սրտի մեջ չես գտնի Աստծո արքայությունը, բայց զղջացող սրտի մեջ կբնակվի Քրիստոս: Նախանձը քանդում է Աստծո ստեղծագործությունը ներսից: Մենք կարող ենք դիմադրել չարին, եթե հաստատուն մնանք հավատքի մեջ: Պետք է արթուն լինենք ու հսկենք սեփական անձը, որպեսզի պատահմամբ չընկնենք չարի ազդեցության տակ: Ճիշտ է, դիմադրությունը դժվար գործ է, բայց այդ դժվարությունն է, որ տալու է մեզ քաղցր պտուղներ:


Երկու ճանապարհ կա այս կյանքում. մեկը դեպի աջ, մյուսը` ձախ: Աջը տանում է Աստծուն ու կյանքին: Ձախը հեռացնում է Աստծուց ու կյանքից և տանում մահվան: Միջին ճանապարհ չկա: Ընտրե՛նք կյանքը: Պետք է հավիտենական գանձեր հավաքել Քրիստոսի հետ: Եթե չես հավաքում, ուրեմն վատնում ես Աստծո տված գանձերը: Իսկ երկրային գանձերը, աշխարհիկ ցանկությունները մեզ միայն դժբախտացնում են, նույնիսկ եթե իրականանում են: Որովհետև, երբ ուզածդ ձեռք ես բերում, գոհ ես լինում, և այդ գոհությունն առաջնորդում է քեզ ավելին փնտրելու, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Ով որ այս ջրից խմի, նորից կծարավի» (Հովհ. 4: 13): Երբ մեկը ծարավ է, ջուր է փնտրում իր ծարավը հագեցնելու համար, և որքան խմում է, այնքան ավելի է ծարավում ու ջուր ցանկանում: ՈՒստի նախանձը գնալով մեծանում է. ինչքան ստանում է, ցանկությունն էլ ավելի է սկսում մեծանալ` գցելով մեղքի ճահիճը: Հարց է առաջանում. ինչու՞ ամուր կառչել մեղքից, աշխարհիկ ցանկություններից, երբ գիտենք, որ «Թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը» (Ա Հովհ. 2. 17): ՈՒ գալու է ժամը, երբ թողնելու ենք ամեն ինչ ու հեռանալու ենք այս աշխարհից: Պետք չէ կառչել ունենալու ցանկությունից ու կորցնել հոգևոր արժեքները: Վերջիններս ձեռք բերելը շատ դժվար է, իսկ կորցնելը` շատ հեշտ:


Եթե նախանձը հաղթում է քեզ, հիշի՛ր, որ մենք բոլորս Քրիստոսի հետնորդներն ենք, և պետք չէ ապրել նախանձը սրտում, այլ պետք է ապրել Քրիստոսով, որպեսզի արժանանանք Նրա տված շնորհներին: Քանզի Նրա տված շնորհներն են, որ մնայուն են, իսկ աշխարհի տվածն աշխարհին էլ մնալու է:

Երեցկին Սուսաննա ԱՎԵՏԻՍՅԱՆ
Սիսիան

Դիտվել է՝ 5905

Մեկնաբանություններ