Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փորձում ենք մեծացնել փողային գործիքների պրոպագանդան, աշխուժացնել մթնոլորտը»

«Փորձում ենք մեծացնել փողային գործիքների պրոպագանդան, աշխուժացնել մթնոլորտը»
05.10.2018 | 02:21

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա ճանաչված կլառնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ): Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին կներկայացնի Աարոն Կոպլենդի, Ռիխարդ Շտրաուսի, Ռաուլ Խաուրենայի ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլառնետ):
«Մինչ այստեղ գալը լսել ու կատարել եմ Խաչատրյանի գործերից: Երբ սովորում էի Վենեսուելայում, մասնակցեցի մի համերգի, որի ժամանակ հնչեց Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը: Պետք է ասեմ, որ ինձ շատ հուզում է նաև հայկական դուդուկի հնչողությունը: Դուդուկ եմ գնել, որ սովորեմ նվագել»,- ասել է Տարագոնան, հավելելով, որ անհամբեր սպասում է կամերային նվագախմբի հետ հայաստանյան համերգին: Առաջիկա համերգի մասին զրուցել ենք ֆագոտահար ՇՄԱՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ կասեք համերգային ծրագրի ձևաչափի, ուրուգվացի երաժշտի հետ համագործակցության մասին:
-Սա Տարագոնայի երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել այս տարվա հունիսին՝ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Քանի որ առաջին համերգը շատ ոգևորել էր նրան, պատրաստակամություն հայտնեց ելույթ ունենալու:
Ես նաև փողային գործիքների միջազգային փառատոնի տնօրենն եմ։ Բոլորս էլ գիտենք, որ խորհրդային տարիներին ունեցել ենք լարային նվագարանների մեծ դպրոց, ինչը չենք կարող ասել փողայինների համար: Նման միջոցառումների շնորհիվ փորձում ենք մեծացնել փողային գործիքների պրոպագանդան, աշխուժացնել մթնոլորտը, հրավիրում ենք բարձրակարգ նվագախմբերի մենակատարների, միջազգային արտիստների հետ փորձի փոխանակման հնարավորություն ստեղծում:
-Համերգային ծրագրի ընտրությունն ինչպե՞ս է կատարվել:
-Տարագոնան առաջարկել է ծրագրի իր մասը, որից հետո Վահան Մարտիրոսյանի հետ խորհրդակցեցինք, որոշեցինք լրացնել ծրագիրը` ընդգրկելով այնպիսի գործեր, որոնք քիչ են կատարվում Հայաստանում: Կոպլենդի Կոնցերտը կլառնետի և լարային նվագախմբի համար, որքան գիտեմ, առաջին անգամ է կատարվում նվագախմբային կազմով, առաջնախաղ է, Շտրաուսի Կոնցերտը կլառնետի և ֆագոտի համար մեկ անգամ է կատարվել և, առհասարակ, քիչ է կատարվում թե՛ մեզ մոտ, թե՛ արտերկրում:
-Քի՞չ են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` գրված փողային գործիքների համար:
-Չէի ասի, թե քիչ են, պարզապես կան ստեղծագործություններ, որ ավելի քիչ են կատարվում, կան ստեղծագործություններ, որ ընդգրկված են միջազգային մրցույթների համերգացանկերում: Օրինակ, Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը բավական հայտնի է ողջ աշխարհում, ոչ պակաս հայտնի, քան Խաչատրյանի Ջութակի կոնցերտը: Փառատոնի շրջանակում, կամերային նվագախմբի համերգների ժամանակ, հայ կոմպոզիտորների գործերը փորձում ենք առավելագույնս հնչեցնել:
-Կարելի՞ է ասել, որ փողային գործիքներից հանրությանն առավել ծանոթ է կլառնետը:
-Բոլոր սիմֆոնիկ նվագախմբերում ընդգրկված են կլառնետ, ֆագոտ և մնացած փողային գործիքները: Երաժշտասեր հանրությունը, եթե հաճախում է սիմֆոնիկ համերգների, բնականաբար, ծանոթ է բոլոր գործիքներին: Կլառնետի հայտնիությունը, ցավոք, պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ ռեստորանային երաժշտությունը հաճախ կատարում են այդ գործիքով, այն ընկալվում է որպես ռաբիս գործիք: Շատերի կարծիքով էլ կլառնետը հայկական գործիք է, իրականում ֆրանսիական ծագում ունի, և 1700 թվականներից ընդգրկվել է կոմպոզիտորների ստեղծագործություններում:
-Հասարակական-քաղաքական զարգացումներն անդրադառնու՞մ են մշակութային կյանքի, հանդիսատեսների հաճախելիության վրա:
-Ոչ: Գիտեք` Հայաստանում և ամենուր պարբերաբար նկատվում է հանդիսատեսի պակասը, բայց չէի ասի, թե դա քաղաքական զարգացումներով է պայմանավորված: Լավ մենեջմենթի դեպքում երբեք խնդիր չի լինում:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ