Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում»

«Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում»
05.10.2018 | 02:25

«Իրատեսի» հյուրը Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակից, աշխարհի բազում բեմեր նվաճած, պատկառելի հաջողություններ գրանցած սոպրանո ԱՆՆԱ ԿԱՍՅԱՆՆ է: Նա առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն սիրվել է հայ արվեստասերների կողմից և պատրաստվում է առաջիկայում ևս հանդես գալու հայրենիքում նոր համերգային ծրագրերով:

-Աննա՛, Դուք սերում եք այնպիսի ընտանիքից, որում համադրված են հայկական տարբեր տարածաշրջաններին բնորոշ հատկանիշներ՝ Արևմտյան Հայաստան, Արցախ, Գավառ: Ինքներդ էլ ծնվել եք Թբիլիսիում: Ձեզ առավելապես որտեղացի՞ եք համարում ծագումով:
-Երբեք այդ մասին չեմ մտածել: Ինձ միշտ համարել եմ այդ բոլոր շերտերը, հայ մշակույթի բոլոր գույներն իմ մեջ արժանապատվորեն կրող մարդ: Ծնվել եմ Թբիլիսիում, և դա ևս նպաստել է իմ կոլորիտային, վառվռուն, բազմաշերտ էության ձևավորմանը: Կարելի է ասել, դա ստեղծել է հայկական տարբեր ճյուղավորումների, տարբեր մշակույթների գունագեղ համապատկեր: Թբիլիսին այն հողն է, որում աճել եմ, որտեղ ստացել եմ իմ նախնական կրթությունը, ապա ուսանել կոնսերվատորիայում, ձեռք բերել այն որակները, որոնց շնորհիվ ես ամեն տեղ ինձ յուրային եմ զգում: Ամենուր ներկայանում եմ այնպիսին, ինչպիսին կամ: Կա՛մ կընդունեն, կա՛մ ոչ: Բայց մինչև հիմա չի եղել դեպք, որ չսիրվեմ, չընդունվեմ: Հայտնի խոսք կա՝ բոլորի համար սիրելի չես կարող լինել: Դա ինձ հետ դեռ չի պատահել: Ես շատ ինքնաբուխ մարդ եմ, դա իմ արյան թելադրանքով է:
-Երգչուհու համար զարմանալի լեզվաբանական որակներ ունեք, խոսում եք անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, վրացերեն, հայերեն: Ինչպե՞ս եք հասցրել մասնագիտական փայլուն կարիերայի հետ համատեղել լեզուների այսպիսի իմացությունը:
-Համատեղել եմ շատ հեշտությամբ: Դա ևս իմ ինքնաբուխ լինելու արդյունքն է երևի: 2005 թվականից սկսեցի շատ հաճախ մեկնել Իտալիա՝ երգելու և ցանկացա հասկանալ երգերի տեքստերում արտաբերածս ամեն մի բառը: Չեմ կարող երգել՝ առանց հասկանալու տեքստը: Խոսքը շատ մեծ նշանակություն ունի: Պետք է այնպես կատարես, որ և՛ երաժշտությունը, և՛ բառը հասնի ունկնդրին: Շատերը դա չեն հասկանում: Երաժշտությունն իր լայն նրբերանգներով կլանում է նրանց, իր հուզականությամբ լիովին գրավում, և խոսքին, բառին ճշգրիտ շեշտադրություն չի հաղորդվում: Այսպիսի դեպքերում մի տեսակ անհամապատասխանություն է առաջանում: Այդ պատճառով էլ ես միշտ կարևորել եմ տվյալ երաժշտական դրվագում հնչող բառի իմաստը: Դա օգնում է, որ համակողմանի լինի մատուցումը, որ ամբողջ խորությամբ հասնի մարդկանց: Այս նկատառումներով ես սկսեցի յուրացնել իտալերեն երգերի տեքստերը, ապա կամաց-կամաց սովորեցի խոսել, հաղորդակցվել: Եվ այսօր արդեն այնպես եմ խոսում, որ իտալացիները չեն պատկերացնում, թե իտալացի չեմ: Մանավանդ որ հայերն ու իտալացիները նման են իրար: Ինձ միշտ ասում են՝ կա՛մ Սիցիլիայից ես, կա՛մ Սարդինիայից, կա՛մ Թուրինից: Երբ իմանում են, որ հայ եմ, շատ են զարմանում: Բայց որքան էլ իտալացու նման լինեմ, աչքերս հայկական են. աչքերը շատ բան են ասում: Լեզուների իմացությունը շատ է օգնում տարբեր միջավայրերին ինտեգրվելուն: Երբ չկա լեզվական արգելք, հեշտ ես դառնում յուրային, հեշտ ես շփվում դիրիժորների, երգիչների, մյուս գործընկերներիդ հետ: Երբեմն փորձերի ժամանակ թարգմանում եմ օտար երկրներից եկած երգիչներին, ու ինձ կատակով ասում են. «Պայմանագրիդ մեջ պիտի գրես, որ նաև թարգմանիչ ես»: Դա իսկապես մեծ հարստություն է. երբ կարողանում ես տարբեր լեզուներով ազատ հաղորդակցվել, քեզ ամեն տեղ տանն ես զգում:
-Բազմաթիվ պատկառելի նվաճումներ եք գրանցել իբրև երգչուհի թե՛ Ֆրանսիայում, որտեղ ապրում եք հիմա, թե՛ աշխարհի մշակութային այլ կենտրոններում: Հայաստանում ունեցած ելույթը Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի Նեդդայի դերում ի՞նչ արժեք ունի Ձեր ստեղծագործական կյանքում:
-Չեք կարող պատկերացնել, թե քանի տարի եմ երազել ելույթ ունենալ Հայաստանում: Երբեք չէի եղել Հայաստանում, սա առաջին այցս է, բայց փափագել եմ գալ, որովհետև յուրաքանչյուր հայի համար սա պատմական հայրենիք է: Ինձ համար՝ առավել ևս, որովհետև իմ նախնիները մայր հողի վրա են ծնվել: Ես իմ հոր աղջիկն եմ և փայփայում էի երազանքը, որ գամ մեր բնօրրանը, իմ հայրենիքում իմ հայրենակիցների առջև ելույթ ունենամ: Շատ մեծ է հայաստանյան ելույթների նշանակությունն իմ կյանքում:

-Դուք մեծացել եք դուդուկի, հայկական աշուղական մեղեդիների հնչյունների ներքո, քանի որ Ձեր հայրը եղել է հայտնի դուդուկահար Թբիլիսիում: Ինչպե՞ս կատարվեց անցումը դեպի օպերային արվեստ:
-Այո՛, հայրս դուդուկ էր նվագում, բայց ուներ նաև դասական երաժշտական կրթություն, պարզապես նրա մեջ հզոր էր մղումը դեպի իր ազգային երաժշտությունը, դեպի ժողովրդական երակը: Դա արյան, արմատների կանչն էր, որ մշտապես կայծկլտում էր նրա մեջ: Բացի այդ, ժողովրդական երգի, ժողովրդական մեղեդիների մեջ էլ կան ավանդույթներ, կանոններ, և դրանք կատարելը ևս մասնագիտական մոտեցում է պահանջում: Եվ եթե հայրս ժողարվեստի ներկայացուցիչ էր, մայրս դասական երաժշտության ոլորտից է, դաշնակահարուհի է: Ավագ քույրս երաժշտագետ-դաշնակահարուհի է, միջնեկը՝ ջութակահարուհի: Այնպես որ, ինձ շրջապատել է այդ ամբողջ գունապնակը: Վեց ամսական եմ եղել, երբ լսելով Բախի «Ֆուգան», սկսել եմ ոտքով ռիթմը խփել: Շատ հաճախ հենց դասական, ակադեմիական երաժշտության մեջ էլ արտահայտված են ժողովրդական մոտիվները: Դա ոչ միայն հայկական երաժշտությանն է բնորոշ, այլև եվրոպականին: Նույն իտալական օպերաներում առկա է ժողովրդական տարրը: Ես իսկապես երջանիկ եմ, որ մեծացել եմ սեփական պատմության, սեփական գեների հանդեպ անսահման սիրո մթնոլորտում: Դա անպայման իր դրոշմն է դնում մարդու վրա: Չնայած ապրում եմ Ֆրանսիայում, ճամփորդում աշխարհով մեկ, իմ ազգայինից երբեք չեմ օտարվում:

-Հզոր և գեղեցիկ ձայնին համադրվում է Ձեր արտիստիզմը: Տպավորությունը երբեմն այնպիսին է, որ բեմի վրա դրամատիկական թատրոնի դերասանուհի է, որը նաև կարողանում է երգել: Դուք չե՞ք ձգտում հանդես գալ թատերական ներկայացման մեջ կամ կինոյում:
-Արդեն հանդես եմ եկել: Իտալիայում նկարահանվել եմ երկու ֆիլմում: Մեկը ֆիլմ-օպերա է: Նկարահանվել է Թուրինում: Դա իսկական կինո էր, ոչ թե օպերային ներկայացում՝ բեմի վրա: Երկուսուկես ամիս կինոխցիկը հետևներիցս շրջում էր, նկարում մեզ տարբեր տեղերում: Այդ նկարահանումների ժամանակ իտալացի հայտնի ռեժիսոր և դերասան Կառլո Վերդոնեն մոտեցավ ինձ և առաջարկեց նկարահանվել կինոյում: Ասաց. «Դու կինոխցիկի հետ լավ ես ընկերակցում, դա բացառիկ բան է»: Ես ասացի, որ մեծ ուրախությամբ կնկարահանվեմ: Անցավ երեք տարի, նա ինձ զանգահարեց, առաջարկեց կարդալ իր ֆիլմի սցենարը, և հավանելու դեպքում, խաղալ կանացի գլխավոր դերը: Գնացի, կարդացի, նկարահանվեցի և ունեցա մեծ հաջողություն: Կինոքննադատները, լրագրողները պարզապես ապշած էին, որ օպերային երգչուհին կարող է այդպես խաղալ կինոյում: Իմ խաղընկերներն իտալական կինոյի հսկաներն էին՝ Կառլո Վերդոնեն և Անտոնիո Ալբանեզեն: Ես համարում եմ, որ դա իմ ստեղծագործական կյանքում բացված նոր դուռ է, նոր ճանապարհ, որն ինձ շատ է գրավում: Այլ առաջարկություններ նույնպես եղել են, բայց ինձ չեն գրավել, և ես հրաժարվել եմ: Եթե դարձյալ լինեն հետաքրքիր առաջարկություններ, ուրախությամբ կնկարահանվեմ:

-Հայաստանը շատ տարագիր հայեր ընկալում են իբրև վերջին հանգրվան: Դուք Ձեզ պատկերացնու՞մ եք երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակում:
-Անձնագրով, թե առանց անձնագրի՝ ես հայուհի եմ:
-Այսինքն, սպասում եք անձնագիր ստանալու առաջարկությա՞ն:
-Ես երբեք ոչ մեկից ոչինչ չեմ սպասում: Մշտապես անում եմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ իմ ժողովրդին արժանապատվորեն ներկայացնել աշխարհին: Եթե երբևէ ինձ արժանի համարեն ունենալու հայաստանյան քաղաքացիություն, մեծ ուրախությամբ կընդունեմ այն: Ես միշտ իմ գործն եմ արել բարձր պատասխանատվությամբ և միշտ սպասել եմ, որ ինձ հրավիրեն Հայաստան: Գիտեի, որ վաղ թե ուշ դա լինելու է, որ Հայաստանում ինձ ճանաչելու են: Կատարվեց, և ես շատ երջանիկ եմ դրա համար: Շնորհակալ եմ մաեստրո Էդուարդ Թոփչյանին: Նրա բեմադրած «Պայացներում» հայրենակիցներս ինձ տեսան այնպիսին, ինչպիսին կամ իրականում՝ և՛ իբրև երգչուհի, և՛ իբրև դերասանուհի: Ես հայուհի եմ՝ ծնված Վրաստանում, որն այս պահին ներկայացնում է Ֆրանսիան: Այս բազմազան կոլորիտն ինձ հարստացնում է: Բոլոր այն լավ բաները, որ կան իմ մեջ, այն ամենը, ինչ հաճույք է պատճառում հանդիսատեսին, ես ձեռք եմ բերել ոչ միայն իմ արմատների, այլև մյուս բոլոր երկրներում ապրած տարիների, նրանց մշակույթի շնորհիվ: Ես ջանում եմ, որ ինձ ուկնդրելու եկած հանդիսատեսը դահլիճից հեռանա բավարարված և հիացած, այդ արդյունքն է ինձ մղում, որ շարունակեմ զբաղվել այս գործով, որը ես շատ եմ սիրում:
-Այցելել էիք Խոր վիրապ ու շատ տպավորված էիք: ՈՒրիշ ի՞նչ եք հասցրել տեսնել Հայաստանում:
-Եղել եմ Էջմիածնում Աստվածածնի տոնին, երգել պատարագի ժամանակ, որն ինձ համար չափազանց մեծ իրադարձություն էր: Հայրս էլ, երբ եղել է Հայաստանում, անպայման գնացել ու նվագել է Էջմիածնում: Դա ընտանեկան ավանդույթ է դառնում մեզ համար: Ես ասես իմ հոգուց մի մասնիկ թողեցի Էջմիածնում, ունեցա մի զգացողություն, որը բառերով դժվար է արտահայտել: Առհասարակ, որտեղ էլ լինում եմ, եթե կա հայկական եկեղեցի, անպայման գնում-երգում եմ պատարագի ժամանակ: Իհարկե, չեմ ասում, թե օպերային երգչուհի եմ, բայց հենց սկսում եմ երգել, իսկույն հասկանում են:
-Իսկ ի՞նչ եք հասցրել փորձել հայկական խոհանոցից:
-Օ՜, ես համադամասեր եմ: Այստեղ փորձել եմ բոլոր այն ճաշատեսակները, որ պատրաստում էր տատիկս՝ սպաս, տոլմայի բոլոր տեսակները: Կերա նաև խինկալի, բայց, անկեղծ ասած, այստեղի խինկալին այնքան համեղ չէ, որքան Վրաստանինը: Շատ հավանեցի ավելուկով ապուրը: Թեև առաջին անգամ եմ Հայաստանում, բայց ամեն ինչ ասես ինձ վաղուց ծանոթ լինի: Այնքան էի լսել այս ամենի մասին իմ ընտանիքում, որ բնավ ինձ օտար մարդ չզգացի Հայաստանում: Եվ ուրախ եմ, որ արդեն կան նոր ծրագրեր, որոնց շրջանակներում կգամ Հայաստան, ինձ ավելի լավ կճանաչի հայ հասարակությունը, և մեր շփումները պարբերական բնույթ կկրեն այսուհետ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ