Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չդառնանք գայթակղության քար կամ մեկնված ցուցամատ

Չդառնանք գայթակղության քար կամ մեկնված ցուցամատ
09.10.2018 | 00:09

«Միմյանց չդատենք. ավելի շատ այս բանը դրեք ձեր մտքում` եղբոր առաջ գայթակղության քար չդնել» (Հռոմ. 14;13):


Մենք, ցավալիորեն, շատ ենք հեռացել Սուրբ Ավետարանից:
Այսօր մենք տկար ենք, գրեթե մահամերձ, քանզի վայր ենք դրել մեր զենքը` Աստծո Խոսքը. «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները: Եվ Նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է Նրա աչքերի առաջ. Նրա մասին են մեր այս խոսքերը» (Եբր. 4; 12-13):
Մենք հեռացել ենք արդարությունից այնքան, որ կանգնած ենք միակ ընտրության առաջ՝ դատե՞լ, թե՞ գայթակղեցնել, պատճառ դառնալ, որ ուրիշները մեզ դատեն: Դեռևս Հին ուխտում կարդում ենք. «Համրին մի՛ վիրավորիր, կույրի ոտքերի առջև խոչ ու խութ մի՛ դիր: Երկնչի՛ր քո Տեր Աստծուց, քանզի ես եմ քո Տեր Աստվածը» (Ղևտ. 19;14): Մեր որևէ սխալ արարք առաքյալը նույնացնում է եղբոր առաջ դրված գայթակղության քարի հետ, որ կարող է հավատակցի սայթաքման պատճառ դառնալ` ինչպես կույր մարդու առաջ դրված խոչընդոտը: Մենք բոլորս օրինազանցներ ենք, քանզի անհնար է օրենքը ամբողջությամբ պահել. «Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին» (Հակ. 2;10-11): Հետևաբար, իրավասու չենք դատելու ուրիշներին. «ՈՒստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու նույնն ես անում, ինչի համար, որ դատում ես նրան» (Հռ. 2;1,3), այսինքն, նույն օրինազանցությունը, թեև օրենքի տարբեր մասերի հանդեպ: «Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը պահող չես, այլ՝ դատավոր» (Հակ. 4;11-12): «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թե ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետև կարո՛ղ է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14;4): «Բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ: Ապա ուրեմն՝ մեզնից յուրաքանչյուր ոք Աստծուն հաշիվ է տալու իր համար» (10-12): Օրենքները հանցագործությունը կանխելու կամ հանցագործին պատժելու համար են. «ՈՒր չկա օրենք, չկա և օրինազանցություն» (Հռոմ. 4;15): Կան գործեր, որոնք օրենքից դուրս են. չեն արգելվում և պատիժ չեն ենթադրում: Մա՛րդ լինենք և չե՛նք դատապարտվի. «Քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն. այսպիսի բաներին օրենք չկա» (Գաղ. 5;23):


Քրիստոնյաները չպետք է ձգտեն անցնցում և փափուկ կյանքի, այլ պետք է համբերեն նեղություններին. «Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է: Այլ, որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրա՛խ եղեք, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծաք և ուրախանաք: Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքի և զորության անունը և Աստծու Հոգին է հանգչում ձեր վրա: Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող. իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն այդ անվամբ» (Ա Պետ. 4;12-16, 19): Մեր սուրբ նախնիները, առաքելավանդ սրբազան այդ հորդորին հետամուտ, սարսափել են, երբ իրենց կյանքում հանկարծ հաստատվել է համեմատական հանգիստ շրջան` փորձությունների բացակայությունը դիտելով իբրև Աստծուց լքված լինելու հանգամանք: Համբերել են, բարեգործել և օրհնաբանել. «Եվ, ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ. չարի փոխարեն չար մի՛ հատուցե՛ք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանին իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը. արդարև՝ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց» (Ա Պետ. 3;8-10), «որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել» (Ա Պետ. 3; 17):


Մենք կատարյալ չենք, մանավանդ որ հաճախ սայթաքում ենք կատարելության շավղից և դառնում այլոց գայթակղության և անկման պատճառ: Եթե Տիրոջ հետևից ընթանում ենք Խաչի նեղ ճանապարհով, չդառնանք գայթակղության քար կամ մեկնված ցուցամատ, այլ ընթանանք, «ինչպես Նա էր ընթանում» (Ա Հովհ.1;6):
Կա միայն մեկ միջոց և հնար` իսպառ չկործանվելու. «Ամեն ինչից առաջ միմյանց միջև ամուր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը» (Ա Պետ. 4;8), սեր, որ «իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13;5): Սա է քրիստոնեության օրենքն ու ճշմարտությունը:


Երեցկին Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2145

Մեկնաբանություններ