ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ինչո՞ւ է Բոլտոնը գնում Անդրկովկաս

Ինչո՞ւ է Բոլտոնը գնում Անդրկովկաս
15.10.2018 | 12:46

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 20-ին աշխատանքային այց է կատարելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան երթուղիով: Reuters-ը, հղում անելով նրա խոսքին, ճշտում է, որ այդ երկրներում Բոլտոնը ծրագրում է «հանդիպել գործընկերներին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների` անվտանգության հետ կապված հարցերում ամերիկյան շահերն առաջ մղելու համար»: «Ամերիկայի ձայնը» ևս մի քանի մանրամասն է հավելում` Բոլտոնը Մոսկվայում կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, գուցե նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ընդունի: Հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի օգնականը մինչ այդ Մոսկվա էր եկել Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախապատրաստելու համար, կարելի է ենթադրել, որ այս անգամ էլ նա հերթական հանդիպման սյուժե կմշակի: Առավելևս, որ օգոստոսին Բոլտոնն ու Պատրուշևը հանդիպել են Ժնևում: «Հանդիպման պատճառը, -ասել էր Բոլտոնը, - երկխոսությունը շարունակելն է, որ Թրամփն ու Պուտինը սկսել են ամռանը Հելսինկիում, քննարկել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները և այն կետերը, որտեղ կարող ենք առաջընթաց ունենալ, որտեղ դեռ ունենք խնդիրներ ու տարաձայնություններ»: Բայց հիմա ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայից ուղևորվելու է Անդրկովկաս, որ նրա խոսքով` «շատ էական աշխարհագրական դեր է խաղում, նրանք գործ ունեն Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ, այդ պատճառով է Անդրկովկասն ընտրվել»: Իրավիճակն այլ տեսք կունենար, եթե Բոլտոնը Մոսկա թռչեր Բաքու, Երևան, Թբիլիսի այցերից հետո: Բայց այս երկրներում նա կլինի արդեն մոսկովյան բանակցություններից հետո, որոնց ընթացքում, թերևս, կքննարկվեն որոշակի, բայց չբարձրաձայնված խնդիրներ` կապված Մերձավոր Արևելքի հետ: Ենթադրվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Իրանը, հնարավոր է` Սիրիան:


Այս ուղղություններով ԱՄՆ-ը հարկադրված է որոշակի առանձնահատկություններ հաշվի առնել: Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը հանդես են եկել իբրև սիրիական կարգավորման գլխավոր երաշխավորներ: Բացի այդ` երեք երկրներն էլ տարբեր պատճառներով հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ, որ մերձեցնում է նրանց դիրքորոշումները շատ ուղղություններով: Եթե Բոլտոնի տարածաշրջան այցի ընթացքում գլխավոր թեմաներից մեկը Իրանի հարցը լինի, Ադրբեջանն ու Հայաստանը, չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, չեզոք դիրք կպահպանեն և գերակայությունը կտան Թեհրանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը: Բացի այդ` Բաքուն ձգտում է իրականացնել «Հյուսիս-Հարավ» նախագիծը, որ իրենից ներկայացնում է տրանսպորտային միջանցքի ստեղծում` կապ հաստատելու Մերձբալթիկայի ու Հնդկաստանի միջև` Իրանի տարածքով: Այլ հարց է Վրաստանը: Թուրքական Yeni Çağ-ը գրում է. «ԱՄՆ-ը վաղուց է ձգտում իր մարտական նավերը Սև ծով մտցնել` օգտագործելով ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ալյանսը, որ Իրանի հետ պատերազմի պայմաններում Թեհրանին զրկի իր աշխարհագրության խորքերը օգտագործելու հնարավորությունից»: Yeni Çağ-ի կարծիքով` քանի որ այդ պահին Անկարան արդեն լիովին ենթարկված կլինի ԱՄՆ-ին McKinsey –ի միջոցով (Նյու Յորքի կոնսալտինգային ընկերությանը Թուրքիայի ղեկավարությունը խնդրել է օգնել տնտեսության վերականգնման ծրագրերը կազմելիս), Վաշինգտոնն այդ իրավիճակում կփորձի, ինչպես 2003-ին Իրաքի շրջափակման ժամանակ, որին անմիջական կապված էր և Բոլտոնը, Արևելյան Անատոլիայում ստեղծել իր ռազմաբազաները, տեղակայել 63000 զինծառայողներ և պահանջել իր վերահսողության հաստատումը Սամսունի ու Տրապիզոնի նավահանգիստներում:


Իրադարձությունների այդ ընթացքը կարող է սկզբունքորեն փոխել իրավիճակն Անդրկովկասում, որտեղ ԱՄՆ բազմաթիվ փորձագետների կարծիքով` «ԱՄՆ-ը սկսել է կորցնել իր ազդեցությունը` Վաշինգտոնի հետաքրքրության կորստի պատճառով»: Բայց մի նյուանս կա` կար ժամանալ, որ նույն փորձագետներն առաջարկում էին Անդրկովասի արտաքին քաղաքական էլիտային իրենց նախագծերով ու գաղափարներով անձամբ դուրս գալ ամերիկյան քաղաքական շուկա: Բաքուն, իրականացնելով իր գլոբալ էներգետիկ նախագծերը, իրեն հայտարարելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր, նախկինում էլ, հիմա էլ հենց դա է անում: Ու` ի՞նչ: Գուցե ինչ-որ նոր գաղափարներ, կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, Բաքվին կառաջարկի նաև Բոլտոնը` հասկանալով, որ չի ստացվի Երևանին արագ պոկել ՀԱՊԿ-ից: Առայժմ նա թռչում է Անդրկովկաս, որ առավել հստակ պատկերացում կազմի անդրկովկասյան պետությունների արտաքին քաղաքականության հետագա զարգացումների մասին, նաև պարզի նրանց առավել մանրակրկիտ դիրքորոշումն Իրանի հարցում:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ կառաջարկի Բոլտոնը Երևանին` ինչու՞ այս հարցը չի քննարկվում ռուսական փորձագիտական շրջանակներում: Օբյեկտիվորեն Հայաստանն Անդրկովկասում այս պահին առանձնանում է մյուս երկու պետություններից` թավշե հեղափոխությունից հետո իր արտաքին քաղաքական ու ներքաղաքական զարգացումներով, ու Բոլտոնը դա հաշվի չառնել չի կարող` փորձառու դիվանագետ լինելով: Բայց կա առավել կարևոր խնդիր` Երևանն ի՞նչ է ակնկալում ԱՄՆ նախագահի խորհրդականի այցից ու ի՞նչ է նրան առաջարկելու` բացի հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումից ու ներդրումների ակնկալիքից: ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների բովանդակային փոփոխությունների պատրա՞ստ է Հայաստանը, թե՞ շարունակելու է ավանդական «բարեկամության» առանցքի վրա մնալ: Ազգային անվտանգության ապահովման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունը, տարածաշրջանային տնտեսական ծրագրերում Հայաստանի ընդգրկվածության հարցը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը լինելու՞ են Բոլտոնի հետ հանդիպումների օրակարգում: Եվ իհարկե` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցչի` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը, որ հնարավոր չէ Ադրբեջանի կարծր ու նախնադարյան պատկերացումների պատճառով, որ հակառակ են աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությանը: Նավթն ու գազը` հասկացանք, կա՞ն, թե՞ չկան այլ արժեքներ պետությունների փոխհարաբերություններում: Նոր Հայաստանը ունի՞ նոր իրականությանը համարժեք պատկերացում, որ պատրաստ է դնել իր արտաքին ու ներքին քաղաքականության հիմքում` սա է խնդիրը, որ իր համար նախ պիտի պարզի Հայաստանի իշխանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ