Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փաշինյանը վտարե՞լ է Ծառուկյանին Հայաստանից

Փաշինյանը վտարե՞լ է Ծառուկյանին Հայաստանից
19.10.2018 | 13:44

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ արել է հերթական սենսացիոն հայտարարությունը` «Հայաստանում օլիգարխներ չկան»: Եվ` Գագիկ Ծառուկյանի հետ Առինջում Մայնինգ ֆերմայի բացման արարողությունից հետո: Ընդհանրապես երեկ լրագրողները չգիտես ինչու չափազանց հետաքրքրասեր են եղել ու չափազանց հիշաչար: Նախ` Գագիկ Ծառուկյանին են հունից հանել այնքան, որ նրանց ասել է. «Ոնց որ այս երկրի չարիքները լինեք», հետո Նիկոլ Փաշինյանին են հիշեցրել, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, խոշոր բիզնես ունի, իսկ ինքն ասել էր, որ որևէ օլիգարխ խորհրդարանում տեղ չունի: Ու համարյա ստիպել են, որ ասի` «Հայաստանում օլիգարխներ չկան»:


Քաղաքական մայնինգը չի ստացվում: Ոչ Փաշինյանի: Ոչ Ծառուկյանի:
Օրինակ` ինչու՞ են լրագրողները նրան հարցնում, թե մինչև Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելը բարիկադների ո՞ր կողմում էր: Պարզ չի՞: Կամ էլ` մարտի 31-ին ու՞ր էր: Իսկապես խայտառակություն է: Ու շատ ճիշտ է, որ Գագիկ Ծառուկյանն ասում է. «Անհարմար է, գնացեք ձեր գործին, դավայ: Ոչ մի հարցի չեմ պատասխանում, ոնց որ այս երկրի չարիքները լինեք: Էսքան մարդ ենք բերել, մարտի 20-ին, ասում եմ, քանի հազար մարդ ա գալիս, ձեր հեչ վեջն ա, ուզում եք մուտիլովկա անեք, երկու բառ փախցնեք, դրա համար էլ կարամ ասեմ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևիցե մի լավ բան կլինի: Հիմնական մեղավորը դուք եք, սաղին խառնեք, հագցնեք, ժողովրդին էլ թյուրիմացության մեջ դնեք: Մեղք են էդ մարդիկ, հաղթել, պայքարել են, դուք էլ հարցնում եք բարիկադների որ կողմն եք»: Ո՞վ լիներ, որ էդքան ջուր տար ու էսքանն էլ չասեր: Կամ էլ լրագրողներին չասեր` «Այսօր բարիկադները քանդելու ժամանակն է»: Ու ընդհանրապես` «Բոլորի ցավն էլ տանեմ: Բոլորն ունեն իրենց տեսակետները, բոլորի համար էլ դռները բաց են: Բոլորն ազատ են նոր կուսակցություններ բացելու, համագործակցելու ում հետ ցանկանան: Ես անձամբ քաղաքականությամբ չեմ ապրում, ուզում եմ օգտակար ու պիտանի լինել»:

Պատկերացնու՞մ եք` Ծառուկյանը ի՞նչ կպատասխաներ, եթե լրագրողները հարցնեին` որ անձամբ քաղաքականությամբ չեք ապրում, ի՞նչ գործ ունեք քաղաքականության մեջ: Փոխարենը` չափ ու սահման անցած, վերցրել ու հարցրել են, թե քանի՞ օրենքի հեղինակ կամ համահեղինակ է: Պարզ էր, որ այդ անպատկառ հարցին տարվա մեջ մեկ-երկու անգամ խորհրդարան գնացող Գագիկ Ծառուկյանը պիտի պատասխաներ. «Լավ, դու Ծառուկյանից խի՞ ես էդքան վառված, ես քեզ վատություն արած կա՞մ: Բայց մարդ այդքան անաղուհաց չի կարող լինել, դուք անշնորհակալ եք, մեկը չեղավ ասի, պարոն Ծառուկյան, հալալ ա քեզ»: Բայց ամենասպանիչը ԲՀԿ նախագահի բացատրությունն է, թե ինչու՞ է ԲՀԿ խմբակցությունը միացել ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որով դժվարեցվում է ԱԺ-ի լուծարման գործընթացը. «Պատգամավորի իրավունքի խնդիրն է, որ պատգամավորը պետք է կարողանա գնալ խորհրդարան, իր ձայնը տա, որ դա հաշվենք օրինական: Դա է եղել, իսկ լրագրողները նենց են ներկայացնում, որ գաղտնի է եղել»: Փաստորեն մի քանի գումարումների պատգամավորը մինչև հիմա չգիտի, որ խորհրդարանում «օրինական» են հաշվում և «դեմ», և «կողմ» քվեարկությունները: Նույնիսկ` «ձեռնպահը»: Կարևորը` «Մենք վարչապետի հետ հուշագիրը ստորագրել ենք, իրար կողք կողքի գնում ենք»: Բայց ու՞ր: Ու՞ր են գնում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում այլևս օլիգարխ չկա, այսինքն` Գագիկ Ծառուկյանը չկա, նվազագույնը` Հայաստանում: Կամ էլ` այլևս օլիգարխ չէ: Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, ու՞մ է պետք քաղաքական դաշտում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ մի տխուր օլիգարխ էլ ասաց, որ կուսակցություն է ստեղծում` Ռոբերտ Քոչարյանը: ՌԻԱ Նովոստիին: Հիմա նա հարցազրույցներ է տալիս միայն արտասահմանյան լրատվամիջոցներին` տեղականները հուսալի չեն կամ նրա հետ հարաբերվելուց հետո խնդիրներ են ունենում: Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ պետք է լցնել այն ի շահ երկրի»: Նա բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի, հակառակ դեպքում 10 տարի չէր ապրի մասնավոր կյանքով: «Իրադարձություններն այնպես են զարգանում, որ իրավիճակը ներքաշում է գործընթացի մեջ, որից չես կարող զերծ մնալ՝ ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի դիրքորոշումից», – ասել է երկրորդ նախագահը: Իսկ արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, որովհետև չի հասցնի: «Ես անկուսակցական եմ եղել: Դա նշանակում է, որ զրոյից պետք է կուսակցություն ստեղծել, նորացված թիմով», – ասել է նա՝ ավելացնելով, որ գործընթացում պետք է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ մարդկանց, իհարկե, բերելով նաև նախկին թիմի անդամներին: Փաստորեն երկրորդ նախագահը ձանձրանում է` առանց որսի ու որսորդության կամ էլ պարապ է մնացել ազատության մեջ ու ուզում է արդարացնել իր անգործությունը նոր կուսակցության պատմությամբ: Նախկինները` հասկացանք, որտեղի՞ց այդքան նոր ու տաղանդավոր, որ հիշողություն չունի ու չունի … իրավիճակն ադեկվատ գնահատելու կարողություն:

Դիտվել է՝ 2916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ