Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Գյուղը որ մնաց ահելների հույսին, իմացիր որ կորած ա»

«Գյուղը որ մնաց ահելների հույսին, իմացիր որ կորած ա»
23.10.2018 | 08:57

«Տատս ասում էր՝ աշխարհը համբերողինն ա: Էս ա 60 տարի ապրում եմ ՈՒժանիսում, համբերատար ու հույսով, որ կյանքը դեպի լավը կգնա, բա ու՞ր ա, տարին տարվա վրա կյանքը վատանում ա: Մի ավտոբուս կար, էն էլ գլխներիցս կտրեցին: Դեղ կամ հաց որ պետք ա լինում, խնդրում եմ Կապան գնացող հարևաններից մեկին, ապրի արևը, բերում-հասցնում ա»,- զրուցակիցս 74-ամյա Ջուլիետա տատն է: Չորս զավակներից երեքն ամուսնացել-հեռացել են, ապրում է հաշմանդամ որդու և նրա 20-ամյա դստեր հետ, որ նույնպես հաշմանդամ է: Վերջինիս Ջուլիետա տատը խնամում է ծնված օրվանից, մայրը լքել է ամուսնուն ու դստերը:
Հյուրասեր ու ժպտերես տատի աչքերը տխուր են: Ամուսնու մահից հետո որդու և թոռան խնամքը մնաց իր փխրուն ուսերին: Տնամերձում քիչումիչ բանջարեղեն է մշակում, առավոտից իրիկուն ոտքի վրա է, բացօթյա պատշգամբում դրված վառարանի վրա եռացող ջուրն արդեն պատրաստ է լվացքն անելու և ճաշ պատրաստելու համար: «Վառարանը սաղ տարին բալկոնում մնում ա, գազ չունենք, լվալ-եփել-թափելը փեչի վրա ենք անում: Մեզ մոտ արդեն ցրտերը սկսվել են, մինչև ապրիլ ամիսը ցուրտ ա, բայց, դե, սովորել ենք: Թող մեր ջահելները լավ ապրեն, չթողնեն գնան, գյուղը որ մնաց ահելների հույսին, իմացիր, որ կորած ա»,- ասում է Ջուլիետա տատը:

«ԴԵ, ՈՉԻՆՉ, ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ԹՈՂ ՍՊԱՍԻ»
Սյունիքի մարզկենտրոն Կապանից 11 կմ հեռու Ուժանիս գյուղը Սյունյաց «սահմանապահ» սարերում միայնակ չէ, ուժանիսցի ազատամարտիկ Բաբկեն Օհանջանյանի խոսքով՝ Եղվարդ համայնքից ՈՒժանիս «մի թիզ ա : Երկու համայնքներում ռմբակոծված պատերով տները 90-ականների անխոս վկաներն են: Այդ տարիներին ռմբակոծվող ՈՒժանիս գյուղում 130 ծուխ կար, պատերազմական տարիներին 40 երեխա է ծնվել, ովքեր այսօր չափահաս մարդիկ են, շատերը լքել են գյուղը: Այսօր գյուղում մնացել է 20 ծուխ, 78 բնակիչ: 2016 թ. այս երկու գյուղերի հարակից տարածքում, դեռևս 90-ականների մարտական գործողություններից հետո ադրբեջանցիների լքած հենակետերում, հայտնաբերվել է զինամթերք, որը վնասազերծվել է հայկական զինված ուժերի ինժեներական ծառայության ջանքերով: «Այն տարածքները, որտեղ հայտնաբերվել է լքված զինամթերքը, Եղվարդ և ՈՒժանիս համայնքների բնակիչներն օգտագործում են որպես խոտհարք և արոտավայր, ինչը ևս մեկ անգամ զգոնության ու աչալրջության կոչ պետք է լինի համայնքների բնակիչներին, վերստին հիշեցնելով նրանց, որ կտրականապես արգելվում է մուտք գործել վտանգավոր տարածքներ»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է ՈՒժանիս վարչական տարածքի ղեկավար ՍԱՍՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Անցյալ տարի համայնքների խոշորացման ծրագրով, ՈՒժանիսն ընդգրկվեց Կապան համայնքի կազմում: Սահմանից ուղիղ գծով հեռու ենք մոտ 50 կմ, իբր համարվում ենք սահմանամերձ, սակայն որևէ արտոնությունից չենք օգտվում: Կարևոր խնդիրներն էս պահին երեքն են՝ գյուղտեխնիկա, ջրի և ճանապարհի խնդիր: Դպրոց չունենք, խորհրդային տարիներին կար 8-ամյա դպրոց, սակայն քանդվել է, գյուղում երեք դպրոցահասակ երեխա կա, որոնք հաճախում են Կապանի ու Եղվարդի դպրոցներ: Կապանի դպրոց գնացող երեխաները մայրերի հետ մնում են քաղաքում, հայրերը՝ ՈՒժանիսում, ստացվում է, որ ընտանիքը կիսվում է, բայց ուրիշ ելք չկա, նախ տրանսպորտ չկա, որ տանի-բերի բնակիչներին ու երեխաներին, և հետո ամեն օր գնալ-գալ չի լինի, գյուղը շատ հեռու է քաղաքից: Գյուղը մանկապարտեզ չունի, ընդամենը երկու մանկահասակ երեխա կա գյուղսւմ: Տրանսպորտը վերացրին մեր գյուղից, պատճառաբանելով, թե 8-10 մարդու համար միտք չունի ավտոբուս տրամադրել, մանավանդ որ ճանապարհները շատ վատ են», - ասում է 26-ամյա համայնքապետն ու հավելում, որ ձմռան ամիսներին համայնք տանող և գյուղամիջյան ճանապարհները փակվում են, ահազանգելուց հետո միայն՝ 2-3 օր անց, մեքենա են ուղարկում: Պատահել է, որ թաղումը հետաձգվել է փակ ճանապարհի պատճառով:


ՈՒժանիսում համայնքների խոշորացման արդյունքը դեռ չեն տեսել: Փոքր բյուջե ունեցող համայնքի խնդիրները մնում են չլուծված: Քամիներից վնասված մի քանի տների տանիքներն առայսօր քարուքանդ վիճակում են: Մարզպետարանը օգնության համար մատնացույց է անում խոշորացված համայնքի ղեկավարին, վերջինիս համար կարևորն իր քաղաքի խնդիրն է, հեռավոր համայնքը թող սպասի:
ՈՒժանիսում անասնապահությամբ քիչ են զբաղվում, ընդամենը 40-50 խոշոր, 30 մանր եղջերավոր անասուն կա, որոնցով օրվա կարիքները մի կերպ հոգում են, մթերման կամ վաճառքի մասին խոսք լինել չի կարող, ո՞ր մի կազմակերպությունն իր մեքենաները վնասելով մի քանի լիտր կաթի համար կգա կհասնի ՈՒժանիս:
Համայնքապետի փոխանցմամբ՝ գյուղն ունի արոտավայրեր, 205 հեկտար չմշակվող վարելահող, գումարի և դիզվառելիքի բացակայության պատճառով դրանք չեն մշակվում: Ի դեպ, բնակիչները բարեխղճորեն վճարում են հողահարկն ու գույքահարկը:

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ԷՍՏԵՂ Ա, ՈՒ՞Ր ԳՆԱՄ»
44-ամյա Մարտունիկին հանդիպում եմ թափուկով բեռնված ավանակի հետ անտառից իջնելիս: Ասում է, որ թափուկ հավաքելն օրենքով արգելված չէ, օրումեջ գնում է անտառ, վառելափայտ գնել չի կարող, թափուկը հավաքում-բերում է, ու այդպես ձմեռն անցկացնում են: Ապրում է մոր, դստեր ու քրոջ հետ, օրվա մի մասը հողամասում է: Մարտունիկը համագյուղացիներից շատերի նման չի պատրաստվում լքելու գյուղը. «Հայրենիքս էստեղ ա, ու՞ր գնամ»:
Ազատամարտիկ, 55-ամյա Բաբկեն Օհանջանյանի համար ՈՒժանիսից լավ տեղ չկա, օդը մաքուր, խմելու ջուրը կա, «հեչ էլ թե ոռոգման ջուր չկա, խանութ ու տրանսպորտ չկա, տարվա կեսն էլ ձմեռ ա»:


Հարցնում եմ՝ խոշորացումից գյուղն ի ՞նչ է շահել, քթի տակ ծիծաղում է. «Ոչ առաջ էր մի բան, ոչ հիմա: Գյուղում փակ դռներ շատ կան, մի 15 տուն բաց լինի, թե չէ, երևի շատ էլ ասացի: Կինս մահացել ա, երեխեքս ամուսնացել-գնացել են, մեկ-մեկ գալիս են ինձ տեսության: Ճիշտն ասած, կուզեի ամուսնանալ, երեխեքս համաձայն են, մնում ա մի 45-50 տարեկան կնոջ հանդիպեմ, մենակ դժվար ա տղամարդու համար: Գյուղում հարմարը չկա, թե չէ կբերեի տուն: Ես աշխատող, ստեղծող մարդ եմ, կապրենք, գյուղից էլ չենք հեռանա: ՈՒ՞մ թողնենք տուն ու տեղը, գյուղն ու հողը: Էլի պահողը մենք ենք»,- ասում է Բաբկենն ու մտքերի մեջ խորասուզված հեռանում: Ակամա հիշեցի Ջուլիետա տատի ասածը. «Աշխարհը համբերողինն ա»:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ