Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ և կհեռանամ այն ժամանակ, երբ էլ հետաքրքիր չլինեմ մարդկանց»

«Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ և կհեռանամ այն ժամանակ, երբ էլ հետաքրքիր չլինեմ մարդկանց»
09.11.2018 | 02:50

Մարդը ժամանակին ու տարածությանը թողնում է այն, ինչի հետ կապվում են իր անունն ու ստեղծագործությունը, որոնք էլ նրա անունը դարձնում են հիացմունքի խորհրդանիշ: Այդպիսին է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը, որի 76-ամյակը լրացավ այս տարի:
Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946 թ. տեղափոխվել է Երևան: 1964 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66 թթ. աշխատել է Զանգեզուրի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1968-70 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում (Գ. Գորին` «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարց «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյան` «Մեծ լռություն» և այլն), նկարահանվել հայկական և արտասահմանյան ֆիլմերում («Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Երեքի սրտերում», «ՈՒրախ ուղևորություն», «Ծովահենների կայսրությունը», «Մեր բակը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդի յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Մի նայիր հայելուն» և այլն): 1994-ից եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից: 2008-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003-ին` ժողովրդական արտիստի կոչման, այնուհետև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի և բազում այլ մրցանակների:
«Իրատեսի» հյուրն է սիրված դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ:

-Երբևէ մտածե՞լ եք, թե հանդիսատեսն ինչու է առանձնացնում «Սատանայի ջրաղացը» ներկայացման մեջ Ձեր խաղը: Արդյո՞ք դա էր Ձեր աստեղային ժամը:
-Գիտե՞ք, միշտ հիշվում են այն դերասանները, որոնք բախտի բերմամբ ճիշտ ժամանակին հայտնվում են ճիշտ տեղում: Բոլորովին այլ արդյունք է լինում, երբ այդ երկու պայմաններից մեկը բացակայում է: Իմ ուսանողներին երբեմն պատմում եմ Կ. Չապեկի պատմությունններից մեկը: Պարկեշտ կյանքով ապրող մեկը, հասնելով զառամյալ տարիքի, մահանում է ու ընկնում դրախտ, որտեղ հրեշտակը նրան ուղեկցում է ամենուր: Շրջագայելու ընթացքում ընդարձակ դաշտում ծերունին տեսնում է բարձր աթոռի վրա նստած մեկին: Հրեշտակին հարցնում է, թե ո՞վ է այդ մարդը, որ զորավարի նման նստել է ամենաբարձրում: Հրեշտակը պատասխանում է՝ այո, նա բոլոր ժամանակների ամենամեծ զորավարն է, բայց Դուք նրան չեք ճանաչում, որովհետև նա Լաթարեգիայի դաշտերում ծնվել և ապրել է որպես չոբան, արածացրել է ոչխարներ, և մահացել է, բայց նա իր ունակություններով ու էությամբ պատրաստ էր լինելու աշխարհի ամենահզոր զորավարը, պարզապես բախտը չի բերել, ծնվել է դաշտում, պատերազմ չի եղել, և նա իրեն դրսևորելու հնարավորություն չի ունեցել: ՈՒսանողներիս հետ զրույցում ասում եմ, որ իրենցից յուրաքանչյուրն ունի երազանք, գաղափար, որին պետք է ձգտի, որ այդ ճանապարհին զգոնությունը պետք է օգնի որսալու պահը, ակնթարթը, եթե բաց թողնվեց, այն այլևս հնարավոր չէ բռնել: Իմ սիրած երգիչներից Ռեյ Չառլզը մի հիանալի երգ ունի «One-two chanse», այսինքն կյանքը տալիս է մեկ-երկու շանս, ոչ ավելին, բռնեցիր՝ հաջողակ ես, չբռնեցիր՝ հնարավորությունը կորած է: Մարդն այնքան ճկուն, խելացի և ուշիմ պետք է լինի, որ այդ պահին կարողանա որսալ ակնթարթը: Իհարկե, ոչ բոլորին է տրված այդ ունակությունը: Դառնալով ինձ, պետք է ասեմ, որ մի քանի հանգամանք համընկան իմ ճանապարհին, օրինակ, հայտնվեց Ռուբեն Հախվերդյան հիանալի մարդը, երաժիշտը, նա էլ հայտնի դարձավ այդ գործով, որովհետև իր համար էլ դա կարևոր պահ էր: Արդյունքում մեր ճամփաները հատվեցին: Այսպիսի պահեր միշտ չեն լինում, երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են բռնել այդ պահը և հավերժացնել: Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ հասել եմ այս տարիքին, սակայն իմ կյանքի բազում դիպվածներն ինձ համոզում են, որ ապրել եմ ոչ թե 76 տարի, այլ մի 200-300 կյանք, որոնք ապրել եմ արժանավայել, լիարժեք կյանքով:
Ինձ այսօր էլ փողոցում մոտենում են մարդիկ և ասում, որ փոքր հասակում դիտել են «Սատանայի ջրաղացը» ներկայացումը ու հիշում են անգամ երգի բառերը, հետո սկսում են ինձ համար երգել: Իրենք երգում են, իսկ ես մտովի գնում եմ ժամանակի խորքերը ու մեկ անգամ ևս համոզվում, որ այդ պահն իմ աստեղային ժամն էր, ու ես որսացել եմ այն:
-Ինչպե՞ս ստեղծվեց մյուսներից խիստ տարբերվող՝ արտիստիկ, հագնվելու յուրատիպ ոճով ու ժեստերով հարուստ Ձեր կերպարը:
-Ես առանձին ջանք ու եռանդ չեմ ներդնում հասարակության մեջ տարբերվելու, իմ մասնագիտությունն ընդգծելու համար: Սա իմ ոճն է, ինչպես ասում են` իմ տեսակը: Դեռ մանուկ հասակից սիրում էի նորաձև հագնվել, լինել միշտ կոկիկ: Դա նաև բնավորություն է: Ինչպիսին կյանքում եմ, այդպիսին էլ` արվեստում: Միշտ ժամանակի հետ լինելու ձգտումը ինձ համար նաև ստեղծագործական պահանջ է: Կերպարիս փնտրտուքը սկսվեց Ղափանի Շիրվանզադեի անվան թատրոնում, որտեղ էլ ստեղծեցի իմ յուրահատուկ ու մնայուն կերպարը, որն ամբողջացավ գլխարկով, ձեռնափայտով ու ակնոցով: Ինձ պարտավորեցնում էր նաև ամենուրեք ներկայանալի լինելու մղումը: Ինչ վերաբերում է ժեստերի լեզվին, ապա շատ հաճախ ժեստային հաղորդակցությունը ամբողջությամբ փոխարինում է խոսքին: Դեր կա, որ շարժում է պահանջում, ժեստերը հարստացնում են խաղը, իհարկե, եթե դրանք արվում են վարպետորեն, սահուն և միանգամայն տեղին: Երբ առաջին անգամ խաղացի «Սեր և ծիծաղ» կատակերգության մեջ, Բորիսով ազգանունով խորեոգրաֆ կար, ասում էր «Այն պլաստիկան, որը Դուք ցուցադրում եք Ձեր ձեռքերի շնորհիվ, հիրավի բալետ է»: Իրոք, ես ասելիքս հիմնականում ձեռքերի միջոցով էի արտահայտում:
-Իսկ եղե՞լ են հարկադրված դերեր, որ չեք ցանկացել, բայց, այնուամենայնիվ, խաղացել եք:
-Երբեք, ես նախընտրել եմ նույնիսկ շատ ավելի մեծ դերից հրաժարվել, որովհետև այն ինձ համար հետաքրքիր չի եղել, ես փոքր դեր կխաղամ, որն իմ կերպարին ու հոգուն հոգեհարազատ է: Օրինակ «Ռոքսոլանա» ֆիլմում խաղալու էի էպիզոդային՝ գլխավոր վեզիրի դերում, նկարահանվելու էի ընդամենը երկու սերիայում, սակայն նկարահանման ընթացքում ռեժիսորն ու սցենարիստը մտքափոխվեցին և որոշեցին իմ խաղը երկարաձգելու համար սցենարն ընդլայնել: Արդյունքում իմ հերոսը դարձավ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը: Այդպես պատահում է, երբ աննշան համարվող դերը գերազանց խաղի շնորհիվ վերաճում, հավասարվում է գլխավոր դերին:
-Կան դերասաններ, ովքեր բեմը գերադասում են ֆիլմում նկարահանվելուց: Ձեր դեպքում նախապատվությունը որի՞ն եք տալիս:
-Ես ազատ եմ թե՛ բեմում, թե՛ նկարահանման տաղավարում, պարզապես բեմի առավելությունն այն է, որ աստիճանաբար քեզ հղկելով հասնում ես կատարելության, ինչը թատրոնում կանեիր մեկ ամսվա ընթացքում: Երբ ֆիլմում քո դերի մեջ ինչ-որ թերացում ես նկատում, արդեն ուշ է, դու արդեն պետք է ճիշտն արած լինեիր: Սակայն բեմում ես արագ եմ կողմնորոշվում և հետո դիտելիս չեմ ասում, այ, այս բանը պետք է այսպես անեի: Երբեմն ինքս էլ ինձ վրա զարմանում եմ, թե ինչպես է հաջողվում որսալ պահը:
-Ձեր բեմական կյանքում եղե՞լ է գերծանրաբեռնված ժամանակահատված:
-Երկար տարիներ բազմաթիվ դերեր եմ խաղացել դրամատիկական թատրոնում: Պատահել է, որ մեկ ամսվա ընթացքում խաղացել եմ 30 ներկայացման մեջ: Բացի այդ, իրականացրել եմ տարեմուտի տոնածառի հանդեսներ բեմականացնելու իմ գաղափաը: Մեր թատրոնի հարևանությամբ Խ. Աբովյանի անվան դպրոցն էր, երեխաները դերասանների հանդեպ պատկառանք ունեին, ուստի ներկայացումներ դիտելու հաճույքից չզրկելու համար որոշվեց նրանց մի քանի անգամ անվճար թատրոն գալու հնարավորություն տալ: Երեխաների համար ծանոթ ներկայացումներն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով դրանք մատուցվում էին հանպատրաստից տեքստերով, իմպրովիզներով: Ես կողմ եմ այն կարծիքին, որ պետք է խաղալ այնպես, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի:
-Լինու՞մ են պահեր, երբ ինքներդ Ձեզ վերլուծելու, գնահատելու կամ «պարսավելու» ցանկություն եք ունենում:
-Բնականաբար, հաճախ եմ մտածում, թե ինչ կարող էի անել, որ չեմ արել, այս մտածելակերպը միշտ եղել է, վերլուծում էի ոչ միայն օրվա դերս, այլև յուրաքանչյուր քայլս: Եվ հետո, տարիների ընթացքում մի սովորություն ձևավորվեց. երբ պատրաստվում էի ներկայացման, երեկոյան իմ մահճակալի մոտ մշտապես դրված թուղթ ու մատիտի օգնությամբ գրառում էի կեսգիշերային հանպատրաստից մտքերս ու գաղափարներս, դրանք շատ հետաքրքիր էին: Գրի էի առնում, որ հետո չմոռանամ: Գիշերային այդ գաղափարները ցերեկն ավելի լուսավոր էին դառնում, ու հետո մտածում էի դրանք իրականացնելու ուղիների մասին:
-Այսօր ինչո՞վ եք զբաղված, ինչո՞վ եք Ձեր օրը հագեցնում:
-Ես հիմա զբաղվում եմ շատ կարևոր բանով` իմ թոռնիկներով: Նրանք երկուսն են՝ աղջիկը` արտիստիկ Լիկան և երկուսուկես տարեկան Ռաֆայել Արտյոմի Քոթանջյանը՝ իմ անուն, ազգանուն, հայրանունով: Աղջիկ թոռնիկիս մեջ տեսնում եմ իմ շարունակությունը, ինչի համար շատ ուրախ եմ:


Զրույցը`
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ