Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմը՝ մեծ էկրանին

Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմը՝ մեծ էկրանին
27.11.2018 | 02:55

Նոյեմբերի 29-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում էկրան կբարձրանա Ռուբեն Քոչարի «Ինքնանկար» ֆիլմը՝ նվիրված գեղանկարիչ Մայիս Մխիթարյանին: Խաղարկային այս ֆիլմը, ռեժիսորի բնորոշմամբ, բարդ ձևաչափ ունի ու առաջին հայացքից փոքր-ինչ անսովոր է: Հիմքում նկարչի ինքնանկարի ստեղծումն է, հոգևոր աշխարհի ու քրիստոնեական արժեքների արտացոլումը:
Ֆիլմի ստեղծման պատմության, Մայիս Մխիթարյան-արվեստագետի և Ռուբեն Քոչարի համագործակցության մասին «Իրատեսին» պատմում է «Ինքնանկար» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
Գրիգոր Մովսիսյանը հեղինակ է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գրքի, թարգմանել և հրատարակել է հնդիկ հայտնի քրիստոնյա Սադհու Սունդար Սինգհի «Տիրոջ ոտքերի մոտ» գիրքը, նրա մեկենասությամբ լույս են տեսել Գարեգին Ա երջանկահիշատակ կաթողիկոսի քարոզների երկհատորյակը (1450 էջ), հովանավորել է նաև այլ հեղինակների հոգևոր աշխատությունների տպագրություններ:
Արցախի Մեխակավան (Ջեբրայիլ) համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բարերարն է: Ազատագրված տարածքներում կառուցված առաջին եկեղեցին ծառայում է մոտակա զինավանում ծառայող զինվորներին, սպայական ընտանիքների: Հիմնվել է Սարգիս սարկավագ Աբյանի (հիմա՝ տ. Գևորգ քահանա) նախաձեռնությամբ: Եկեղեցու խորանի Տիրամոր պատկերը Մայիս Մխիթարյանն է նկարել-նվիրել եկեղեցուն: Ֆիլմում անդրադարձ կա նաև այս եկեղեցուն:
Հավելենք, որ «Ինքնանկարը» զուգահեռ թարգմանվում է անգլերեն, ցուցադրություններ են նախատեսվում նաև արտերկրում:

-Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է 2017-ին,- ասաց Գրիգոր Մովսիսյանը:- Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հետ նախաձեռնել էինք Հովհաննեսի ավետարանի տպագրությունը (շապիկի նկարը Մայիս Մխիթարյանինն է): Գիրքը ներկայացրինք Սուրբ զատկի օրը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Շնորհանդեսին ներկա էր նաև Ռուբեն Քոչարը: Ես նրան ասացի՝ ուրախ եմ, որ հայ եմ, որովհետև հայ է նաև մեր ժողովրդի մեծ զավակներից մեկը՝ Ձեր հայրը՝ Երվանդ Քոչարը: Ասացի նաև, որ կուզեի հանձն առնել Երվանդ Քոչարին նվիրված որևէ միջոցառման հովանավորություն՝ ընտանիքիս հնարավորությունների սահմանում: Ինձ ապշեցրեց նրա պատասխանը, երբ ասաց, որ Երվանդ Քոչարի անունն իր ճանապարհը հարթում է և առաջարկեց ֆիլմ նկարահանել մեր ժողովրդի մեկ այլ զավակի՝ Մայիս Մխիթարյանի մասին: Ֆիլմի գաղափարը ծնվեց այդ օրը, այդ պայմաններում: Ես ծանոթացա ու ճանաչեցի Ռուբեն Քոչար մարդուն, արվեստագետին, նրա աշխարհայացքը: ՈՒրախ եմ, որ Մայիս Մխիթարյանի մասին ֆիլմի հեղինակը հենց նա է, և ուրախ եմ, որ մասնակիցն եմ այդ ֆիլմի ստեղծման:
-Ինչո՞վ է առանձնանում Մայիս Մխիթարյանի արվեստը, ձեռագիրը:
-Նրանք, ովքեր լինում են վարպետի արվեստանոցում, գիտեն, որ ստեղծագործելիս նա պատարագ է լսում կամ Նարեկացու «Մատյան ողբերգությունը», կամ դասականներին՝ Մոցարտ, Բեթհովեն, Բախ: ՈՒ նրանք բոլորն ասես ներկա են վարպետի ստեղծագործություններում: Ինքը շատ հաճախ ասում է, որ ես մենակ չեմ, ինձ հետ ստեղծագործում են նաև Մոցարտը, Բախը, Բեթհովենը, Նարեկացին, Թումանյանը, Մաշտոցը: Անգամ եղել է մի շրջան, երբ որոշել է կտավների վրա չգրել իր անունը, որովհետև զգում է այդ մարդկանց ներկայությունը և զգում է, որ այն շնորհքը Աստծուց է տրված: Բայց նկարն, ամեն դեպքում, հեղինակ ունի, և նկարն ի պահ վերցնող թանգարանը կամ մասնավոր անձը պետք է իմանա՝ ում է պատկանում աշխատանքը:
Մայիս Մխիթարյանի աշխատանքները հոգևոր են, անկախ նրանից` թեման ավետարանական է, թե ոչ: Բայց ավետարանական թեմաների մեծ հավաքածու ունի, որը գտնվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում: Կամոքն Աստծո, Տիրոջ ողորմությամբ՝ մտադրություն կա վարպետի գործերի ցուցադրություն անելու: Մայր աթոռի նախաձեռնությամբ այդ հրաշալի գործերը կմատուցվեն հանրության դատին:
-Ի՞նչ է բացահայտելու հանդիսատեսը ֆիլմում:
-Կտավի ստեղծման պահից մինչև ավարտը տեսնելու ենք Քրիստոսի մատնությունը, խաչելությունն ու հարությունը, նրա հետևորդների պատգամներն ու առաքելությունը: Քրիստոնեական արժեհամակարգը վարպետի ստեղծագործական կյանքի մասն է, նա ապրում է Աստծով, Հիսուս Քրիստոսով, նրա կտավների հետևի կողմում գրված է «Աստծո փառքի համար», և դա լավագույնս արտահայտում է վարպետի ներաշխարհը: Պիտի կարողանաս հասնել դրան, որ ստեղծածդ նվիրես Աստծո փառքին: Դրա արժեքն այնքա՜ն մեծ է:
-Ֆիլմը նաև միջոց է ամրացնելու արվեստագետ-արվեստասեր կա՞պը: Որովհետև հանրությունը միշտ չէ, որ արժևորում է իր կողքին ապրող մեծերին:
-Վարպետը ճանաչված է թե դրսում, թե ներսում, բայց համեստ է, աշխարհիկ փառք չի փնտրում, ինքն իր մասին չի խոսում, չի բարձրաձայնում: Այո, այդ բացը կա, մեծերի նկատմամբ ուշադրությունը կենդանության օրոք, ցավոք, քիչ է:
-Հոգևոր ֆիլմերի, գեղանկարչական աշխատանքների նկատմամբ մեր հանրության շրջանում կա՞ բավարար հետաքրքրություն:
-Գուցե մեծ չեն շրջանակները, բայց կան: Ցավոք, եթերից հիմնականում մատուցվում են այլ բնույթի հաղորդումներ, բայց կան թերթեր, կայքեր, որ հնարավորություն են տալիս հոգևոր թեմանաներով հետաքրքրվողներին գտնելու իրար, նյութեր փոխանցելու:
-Պարոն Մովսիսյան, կարծում եմ, ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ Սուրբ-Սրբոցի վարագույրը կտավի վերածելու նախապատմության մասին: Ինչպե՞ս ստեղծվեց այդ կտավը, որտե՞ղ կարելի է տեսնել այն:
-Արդեն մի քանի տարի է Պահքը սկսելուց առաջ կարդում եմ «Աստվածաշունչը» և մինչև Սուրբ զատիկը ավարտում ընթերցանությունը: Կարծեմ 2011 թվականն էր: Սկսվել էր Մեծ պահքի շրջանը: Հերթական անգամ բարձրացել էի վարպետի արվեստանոց, ուր հաճախ եմ լինում: Դա մի ուրիշ աշխարհ է: Թվում է` վարպետի արվեստանոցը պատեր չունի, ժամանակն ու տարածությունն այնտեղ կորցնում են իրենց սահմանները: Աննկարագրելի զգացողություն է նրա արվեստանոցում լինել, նրա կտավների գույները վայելել, այդ կտավների մեկնությունն իր շուրթերից լսել ու նրա հետ զրույցը վայելելը: Այդ օրը սկսեցինք խոսել երկրների դրոշների և այն մասին, թե ինչու է մեր դրոշի գույների մեջ սահմանադրորեն նշվում նարնջագույնը, ոչ թե ծիրանագույնը, երբ նարինջը մեր երկրի հետ ոչ մի կապ չունի, նարնջագույնը՝ նույնպես: Եվ եկանք այն եզրակացության, որ մեր դրոշի գույները սահմանադրորեն պետք է լինեն կապույտ, կարմիր, ծիրանագույն: Հաջորդ օրը «Աստվածաշունչն» ընթերցելիս հասա այն մասին, որ Տերը Մովսեսին թելադրում է, թե ինչպիսին պետք է լինեն Խորանի վարագույրն ու պարագաները, և վարագույրի նկարագրման ժամանակ Տերն ասում է՝ դա կպատրաստես նրբահյուս բեհեզից՝ կարմիր, կապույտ, ծիրանի գույներից ու կզարդարես քերովբեներով: Ապշել էի: Հաջորդ օրը «Աստվածաշունչը» ձեռքիս բարձրացա վարպետի արվեստանոց, ապրումներիս մասին խոսեցի, ու միանգամից ինքն ասաց՝ Գրիգո՛ր ջան, սա կյանքի կկոչեմ: Այդ կտավի վրա վարպետը բավական երկար աշխատեց, հրաշալի մի գործ ստացվեց: Նվիրեցինք Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետին, ու նրա հրամանով այն կախվեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
-Մասնագիտությամբ տնտեսագետ եք, ապրում եք ստեղծարար, հոգևոր կյանքով: Շատ տարբեր աշխարհներ չե՞ն:
-Եթե հոգևորը չլիներ, շատ դժվար կլիներ ինձ համար տնտեսագետ լինելը, թվերի, աշխարհիկ հաշվարկների մեջ ապրելը:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ