Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մեր գլխավոր խնդիրը թանգարանային առարկայի կյանքը հնարավորինս երկարացնելն է»

«Մեր գլխավոր խնդիրը թանգարանային առարկայի կյանքը հնարավորինս երկարացնելն է»
30.11.2018 | 01:03

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք թանգարանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, նաև ոլորտում առկա խնդիրների մասին:


Թանգարանն ունի հազար երկու հարյուրից ավելի ֆոնդ ու հավաքածու, որոնցում ընդգրկված է մոտ մեկուկես միլիոն թանգարանային առարկա: Ցուցադրությունը կազմակերպված է հինգ ցուցասրահում՝ հայ գրականություն (առաջին երկուսում), թատերարվեստ, կինոարվեստ, երաժշտարվեստ: Մեկ այլ ցուցասրահում ներկայացված է Միջին Արևելքի արվեստը: Շուրջ մեկդարյա տարեգրություն ունեցող թանգարանն իրականացնում է նաև հրատարակչական գործառույթ` լույս ընծայելով հայ գրողների ու արվեստագետների անտիպ գործեր, նամակներ և հուշագրություններ:

-Պարոն Վարդանյան, ի՞նչ խնդիրներ են հանդիպում թանգարանային գործունեության ոլորտում: Ի՞նչ է արվում, որ թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը մեծանա, էլ ավելի ամրանա կապը հասարակության լայն շերտերի հետ:
-Կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր թանգարանների համար, բայց ամեն թանգարան, իր բնույթից, ուղղվածությունից, առանձնահատկությունից ելնելով, ունի նաև միայն իրեն հատուկ խնդիրները:
ԳԱԹ-ի հիմնական գործառույթը արխիվների համալրումն է (գրականության և արվեստի տարբեր ոլորտներում ստեղծագործած երևելիների արխիվներն այստեղ են պահվում), մշակումը (թանգարանի գիտական բաժինները դրանով են զբաղված), մշակված արխիվները ֆոնդերում պահպանելը, սպասարկելը և շրջանառելը՝ հնարավոր բոլոր միջոցներով (հոդված, գիրք, հաղորդաշարեր և այլն): Սա է հիմնականը, իսկ մնացածը ցանկալի, թանգարանի հանրահռչակմանը նպաստող միջոցառումներ են: ՈՒստի և մեզ մոտ այցելությունները երկակի են. այցելուների մի մասը գալիս է թանգարան՝ ֆոնդերից օգտվելու, ձեռագրերի հետ աշխատելու համար, մյուս խումբը ՝ ցուցադրությունները դիտելու և միջոցառումներին մասնակցելու: ՈՒնենք մշտական և ժամանակավոր ցուցադրություններ, կրթական ծրագրեր, թանգարանի աշխուժությանը մեծապես նպաստում են մեր դահլիճում գրեթե ամեն օր անցկացվող միջոցառումները (մեր կազմակերպած և ոչ միայն)՝ շնորհանդեսներ, հուշ երեկոներ, համերգային ծրագրեր և այլն: Միշտ մարդաշատ է ԳԱԹ-ի դահլիճը, բանուկ, մտերմիկ, հաճելի մթնոլորտով, ափսոս, որ շենքային պայմաններն այնպիսին չեն, որ միջոցառումների ծավալներն ընդլայնենք: Ասեմ նաև, որ մայրաքաղաքի բացառիկ անվճար դահլիճներից է, միակ պայմանն այն է, որ միջոցառումը լինի որակյալ:
Ինչ վերաբերում է մշտական ցուցադրությանը. թանգարանի ցուցասրահներում կարողացել ենք ներկայացնել մեր ֆոնդերում պահպանվող նյութերի զրո ամբողջ չգիտեմ քանի տոկոսը, ինչը տալիս է մոտավոր պատկերացում այն մասին, թե ինչ գանձարան է պահվում թանգարանում: Բայց, դրանով հանդերձ, գոնե դպրոցների պարագայում օրեցօր բազմապատկվում են այցելությունները: Վերջին զարգացումներից հետո, երբ աբոնեմենտային համակարգը ներմուծվեց, մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ հիմնական թիրախային հասցեն մենք դարձանք՝ լավ իմաստով. օրական երկու տասնյակից ավելի դպրոցներից են զանգում, հերթագրվում:
-Մինչ այդ էլ, որքան գիտեմ, այցելությունների պակաս չեք ունեցել:
-Իհարկե: Հիմնական աշխուժությունը սկսվեց կրթական ծրագրերից: Երբ աշակերտների առաջին խմբերը եկան, այնքան հիացած էին և՛ երեխաները, և՛ նրանց ուղեկցող ուսուցիչներն ու ծնողները, որ արդյունքում բազմապատկվեցին ծրագրերն, ու այսօր ունենք կրթական ծրագրերի մասնակցության համար հերթագրվող խմբերի մեծ հոսք: Ամեն ինչ համեմատության մեջ է ցայտուն երևում, թանգարանի առօրյան, աշխատանքները ավելի շոշափելի կարող եմ գնահատել 2011-ից՝ իմ տնօրեն եղած շրջանից: 2011-ին մայր թանգարանի արտաբյուջետային հոսքը կազմել է 300 հազար դրամ: Այսօր մասնաճյուղերի հետ հոկտեմբերի դրությամբ 8 միլիոնի շեմն ենք հատել: Սա ոչ թե 50 կամ 100 տոկոս աճ է, այլ աներևակայելի աճ: Հաշվի առնենք նաև, որ առաջին երկու տարիներին ամբողջովին զբաղված եմ եղել ԳԱԹ-ի և վեց մասնաճյուղերից Գորիսի Ա. Բակունցի տուն-թանգարանի շենքերի հիմնանորոգմամբ, նոր հիմնական ցուցադրությունների կազմակերպմամբ, մասնաճյուղերը ջեռուցման համակարգերով ապահովելով:
-Նշեցիք, որ ԳԱԹ-ի հիմնական գործառույթը արխիվների համալրումն է, ի՞նչ ձեռքբերումներ կան այս առումով:
-Մեր մեծագույն ձեռքբերումն այն վստահությունն է, որ շահեցինք հանրության ամենալայն շրջանակների կողմից, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Արդյունքում մեր արխիվների համալրումն այսօր բազմապատկվել է խորհրդային տարիների համեմատ, երբ թանգարանի հավաքչական բաժինը մեր երևելիներին, նրանց ժառանգներին հորդորում էր վաճառել իրենց արխիվը կամ որոշ մասունքներ: Անկախությունից ի վեր չունենք այդպիսի բյուջե, համալրումն իրականացվում է նվիրատվությունների միջոցով: Մեզ հաջողվել է մարդկանց մեջ սերմանել այն գիտակցումը, որ իրենց ավագների մասունքների, փաստաթղթերի վերջին և ճիշտ հանգրվանը գրականության և արվեստի թանգարանն է:
-Թանգարանում կա՞ն բավարար պայմաններ ֆոնդերի պահպանման, մշակման, վերականգնման համար:
-Մեր ֆոնդերը շատ ու շատ թանգարանների համար օրինակելի են՝ կայուն ջերմաստիճանի, լույսի առումով: Կտավներն ու այլ նյութերը լավագույնս պահպանվում են. ուղղահայաց դրված են դարակաշարերի վրա, անպայման իրարից բաժանված ստվարաթղթերով: Բազմիցս մշակույթի նախարարությունից եկել են, շրջել ու ասել, որ իսկապես կարող ենք օրինակ ծառայել: Այլ բան է, որ համեմատած միջազգային փորձի հետ՝ շատ անելիքներ ունենք, բայց մեր գլխավոր խնդիրը թանգարանային առարկայի կյանքը հնարավորինս երկարացնելն է: Ինչ վերաբերում է վերականգնելուն, մենք չունենք տեխնիկա, թեև դրա կարիքը շատ կա: Եթե խոսում ենք մեկուկես միլիոն միավոր նյութի մասին, դրանցից շատերը հենց նվիրաբերելիս խարխլված ու քայքայված են լինում: Թղթային նյութը վաղուց կարիք կա վերականգնելու, ամրակայելու, կոնսերվացնելու: Երբեմն օգտվում ենք Մատենադարանի վերականգնման լաբորատորիայից՝ վճարովի հիմունքներով: Տարիներ առաջ մենք Թորոս Ազատյանի արխիվի մի մասը կառավարության որոշմամբ հանձնեցինք Մատենադարանին, խոսքը հայատառ, արաբատառ, լատինատառ թուրքերեն նյութերի մասին է: Դրանք բացառիկ նյութեր են, քանի որ մենք մասնագետներ չունենք, այստեղ պահպանվում էին, այնտեղ կարող են ուսումնասիրել: Փոխարենը Մատենադարանը պարտավորվեց տարեկան մի քանի միավոր վտանգված փաստաթղթեր վերականգնել: Նախադեպն ունենք արդեն՝ Կոմիտասի և Մանուկ Աբեղյանի համատեղ աշխատանքը՝ «ժողովրդական խաղիկները», Մատենադարանը վերականգնել է, և այդ բացառիկ նյութն արդեն բարվոք վիճակում է:
-Կարո՞ղ եք առանձնացնել վերջին շրջանի բացառիկ նվիրաբերություններից. և՛ հետաքրքիր կլինի ընթերցողին, և՛ ավելի հասկանալի, թե ինչ նյութերով է հարստանում գրականության և արվեստի թանգարանի արխիվը:
-Արխիվները համալրվում են ամեն շաբաթ, երբեմն ամեն օր փաստաթղթեր ենք ստանում: Իսկ առավել ուշագրավներից պիտի նշեմ Միսաք Մեծարենցի «Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական» հայտնի տաղի բնագիրը, որն ամիսներ առաջ նվեր ստացանք մի ֆրանսահայ բարեկամից: Մեծարենցը ուսումնասիրված հեղինակ է, բայց այս խունացած թերթիկները բավականին բաներ բացահայտեցին: Նախ՝ վերնագիրը. դասագրքերում առաջին տողն է իբրև վերնագիր նշվում, բայց պարզվում է՝ վերնագրված է «Արդի հայ մարդու «Հայր մերը»: Խորհրդային գրաքննությունը չի խրախուսել կրոնական շեշտադրումը: Բացի այդ, այս տաղը Մեծարենցը նվիրել է Եղիշե Սրբազանին՝ Պետրոս Դուրյանի եղբորը: Սրա մասին նույնպես ուսումնասիրողները չգիտեին: Ընդամենը մեկ դեպք հիշատակեցի:
-2019-ին լրանում են Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները: Որքան գիտեմ հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը ձերն է եղել: Ի՞նչ ձևաչափով են անցկացվելու հոբելյանները:
-Կոնկրետ ընդունված ձևաչափ չկա: Մենք ունենք շատ երևելիներ, եկող տարվա համար (ինչպես և ամեն տարի) ես գոնե երկու տասնյակ խոշոր հոբելյան կարող եմ հիշատակել: Բայց երբ խոսքը Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակի մասին է, պետք է ունենայինք գոնե երկու պետական հանձնաժողով: Նախարար Լիլիթ Մակունցի հետ առաջին հանդիպման ժամանակ (երբ թանգարանների տնօրենների հետ հանդիպում կազմակերպվեց), առիթից օգտվելով, ասացի, որ իմ խորին համոզմամբ, գոնե այս երկու կարևորագույն հոբելյանների նշումը նախապատրաստող հանձնաժողովները մի քանի տարի առաջ պետք է ստեղծվեին, որպեսզի լրջորեն մշակվեին միջոցառումները: Արդեն իսկ ուշացրել ենք: Որպես օրինակ, մատնանշեցի՝ 1969-ին ինչպես են նշվել Կոմիտասի և Թումանյանի 100-ամյակները ¥իհարկե, այն ժամանակ պայմաններն այլ էին), արդյունքում՝ 1972 թվականին լույս է տեսել 700-էջանոց հսկայածավալ տարեգրություն, որտեղ նշված է, թե Թումանյանին նվիրված ինչ միջոցառումներ են եղել ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում, սոցիալիստական երկրներում, նույնիսկ ընդգրկված են եղել գրականագետներ Բրազիլիայից, Ճապոնիայից: Եվ այս հիմնավորումները հարգվեցին, մենք այսօր ունենք այդ երկու հանձնաժողովները, երկու նիստ արդեն արվել է: Միևնույն ժամանակ առաջարկել եմ Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի և Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանների նշումը նախապատրաստող գոնե մեկ գերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ ստեղծել: Որքան էլ ասենք, որ Թումանյանը, Կոմիտասը մեր անհամեմատելիներն են, չպետք է ստվերում մնան, ենթադրենք, Երվանդ Օտյանը, Լևոն Շանթը (2019-ին լրանում է նրանց 150-ամյակը), կամ խորհրդահայ գրականության երկրորդ նշածս երեք երևելիները: Նույնը վերաբերում է թատրոնի, կինոյի, երաժշտարվեստի ու կերպարվեստի ասպարեզների կարևոր հոբելյաններին: Թումանյանն ու Կոմիտասը շահեկան վիճակում են, որովհետև, ինչպես նշեցի, հանձնաժողովներ կան, որտեղ ընդգրկված են բոլոր հնարավոր գերատեսչությունները, ամեն մեկն իր մասով բավական բան ունի անելու, ու այդ ամենը կհամակարգվի: Բայց մյուս անունները չենք կարող շրջանցել: Մայր թանգարանն ու մասնաճյուղերը տարվա ընթացքում տասնյակ անդրադարձեր կունենան նշված հեղինակներին, բայց դա կլինի նեղ շրջանակների համար, այնինչ, դրանք անուններ են՝ ահռելի ժառանգությամբ, և պետք է համահանրապետական հնչողությամբ միջոցառումներով անդրադառնալ:

Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ