Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հույս, հավատ, ընտրություն՝ հայկական ձևով ու հայկական բովանդակությամբ

Հույս, հավատ, ընտրություն՝ հայկական  ձևով ու հայկական բովանդակությամբ
07.12.2018 | 02:02

Հայաստանում նախընտրական քարոզարշավի եռուզեռ է։ Երկրի իշխանությունները խոստանում են անցկացնել մեր պատմության ամենաարդար և թափանցիկ ընտրությունները՝ առանց ընտրակաշառքների, առանց լցոնումների և այլն: Սպասվում է, որ ընտրություններից հետո Հայաստանը և հյուսիսից, և հարավից անմիջապես կշրջապատվի եվրոպական ու արաբական ներդրողների բազմահազարանոց բանակով, մեծ հերթեր կգոյանան, ու այսուհետ ներդրումները մեր գլխին կթափվեն ինչպես առատության եղջյուրից, տնտեսությունը կսկսի շնչել ու ապրել հեղափոխական թռիչքային զարգացման կանոններով, աննախադեպ հայրենադարձություն կունենանք և այլն, և այլն, որոնց, ինչ մեղքս թաքցնեմ, ես չեմ հավատում, որովհետև պետք է տեսնել, թե իրական Հայաստանում ինչ անբարոյական երևույթներ են կատարվում: Ահա մի քանի օրինակ նախընտրական լրատվությունից. Մինաս Ավետիսյանի նկարը ձեռք բերող կանադահայ կոլեկցիոները կասկածում է նրա իսկությանը, կասկածի տակ է դրվում ՀՀ ազգային փորձագիտական կենտրոնի տված փորձագիտական եզրակացությունը, Սպիտակում գողացել են կես տոննա քաշ ունեցող «Ողբացող մոր» բրոնզաձույլ քանդակը: Նշեմ, որ «Ողբացող մոր» գողությունը իսկական շոկ առաջացրեց Հայաստանում ու նրա սահմաններից դուրս. դժվար է հավատալ, որ մեր երկրում այդպիսի անշնորհակալ մարդ-արարածներ կան, որոնք պատրաստ են ահավոր երկրաշարժի 30-րդ տարելիցի տարվա նախօրյակին այդպիսի նողկալի հանցանք կատարելու, դրանց անգամ գողեր անվանել չես կարող, որովհետև գողերն ունեն բարոյականություն ու պատվի իրենց պատկերացումները, այդպիսի քայլերի նրանք երբեք չեն դիմում:
«Ողբացող մոր» պատմությունն այսպիսին է. մոսկվայաբնակ տնտեսագետ-պրոֆեսոր, Սպիտակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, երկրաշարժի հետևանքների վերացման շտաբի պետ Նորայր Գրիգորի Մուրադյանի նախաձեռնությամբ Սպիտակում կառուցվում է «Սպիտակի մեմորիալ» թանգարանը՝ ի հիշատակ արհավիրքին զոհ գնացած երեխաների, երիտասարդների ու ծերերի, կանանց ու տղամարդկանց, ի երախտապարտություն այդ ծանր օրերին մեզ օգնության ձեռք մեկնած երկրներին, փրկարարներին ու շինարարներին:

Նախատեսվում է ստեղծել հուշարձանային համալիր՝ բրոնզաձույլ երեք քանդակներով: Վերևում երկրաշարժին զոհված ու երկնքում սավառնող աղջնակ-հրեշտակն է՝ խաչը ձեռքին (քադակագործ՝ Դենիս Ստրետովիչ, Մոսկվա), ներքևում նրա ողբացող մայրն է նստած (քադակագործ՝ Մարի Տատուրյան, Մոսկվա), քիչ հեռու խորհրդային զինվորն է կանգնած՝ փրկված երեխան գրկում: Նշեմ, որ հուշարձանային համալիրի էսքիզը մշակվել է Հայաստանում՝ հայտնի քանդակագործ-պրոֆեսոր Տարիել Հակոբյանի ու Նորայր Մուրադյանի համատեղ ջանքերով: Ինչ խոսք, դժվար թե Սպիտակում գտնես մի մարդու, ով երկրաշարժին զոհ գնացած հարազատ չունենա, չկա մի մարդ, որի վերքերն արդեն ամոքված լինեն, չկա մի մարդ, ով գոհ լինի իր ներկայիս սոցիալական վիճակից, ապահովված լինի աշխատանքով, հավատ ունենա երեխաների ապագայի նկատմամբ: Անհավատալի, սակայն փաստ է, որ այս ողբալի վիճակը շարունակվում է 30 տարի ու վերջը չի երևում: 30 տարի շարունակ Հայաստանի իշխանությունները միայն խոստացել են վերականգնել աղետի գոտին, վերականգնել արդյունաբերությունը, մարդկանց ապահովել աշխատանքով ու բնակարանով, նպաստել ներգաղթին և այլն, և այլն, բայց, ավաղ, ոչինչ չի արվել, ու հույս էլ չկա, թե մի բան կստացվի, դրությունը կշտկվի, իշխանություններն առաջվա նման շարունակում են զբաղվել թալանով ու մարդկանց կեղեքումով, թալանել են ու ողջ երկիրը դարձրել համատարած աղետի գոտի: Եվ ահա, գողությունն ու թալանը հասել են իրենց գագաթնակետին, հերթը հասել է երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին: Գողություն էլ կա, գողություն էլ, այս մեկը չի տեղավորվում մարդկային առողջ բանականության մեջ։ Ի՞նչ էր սա, սրբապղծությու՞ն, ազգապղծությու՞ն, թե սգապղծություն: Ճիշտ է, բրոնզաձույլ արձանը գտնվեց, սակայն գտնվեց այն ժամանակ, երբ գողության գույժն արդեն տարածվել էր աշխարհով մեկ, հասել էր մինչև Մոսկվա, բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, վտանգվել էր հիշատակի միջոցառումների ծրագրի իրականացումը, որին պետք է մասնակից դառնային պաշտոնատար անձինք, հարյուրավոր հյուրեր-փրկարարներ, հյուրեր-շինարարներ՝ աշխարհի տարբեր երկրներից: Հիշենք մեկ այլ նմանատիպ դեպք (նախագահ ԼՏՊ-ի ժամանակաշրջանից). կազմակերպված հանցագործ խումբը փորձում էր Թուրքիա տեղափոխել մարշալ Բաղրամյանի, մարշալ Բաբաջանյանի ու մյուս հայ զորահրամանատարների բրոնզաձույլ արձանները, նրանց «գերության» էին տանում՝ հասկանալով, որ թուրքերը բոլորից բարձր գինը կտան: Չեղավ, չստացվեց, արձանագողերը Վրաստանում բռնվեցին, քանդակները հետ բերվեցին ու... վաճառվեցին Հայաստանում՝ ավելի ցածր գներով: Հետո եղավ այն, ինչ եղավ. հիմնական գողին չբռնեցին, չպատժեցին, այլ .... առաջ քաշեցին ու Հայաստանի ոստիկանությունում բարձր պաշտոն տվեցին:


Իսկ ովքե՞ր էին «Ողբացող մոր» գողերը, ինչպե՞ս նրանց հաջողվեց Սպիտակից դուրս բերել ու փոսի մեջ թաքցնել կեստոննանոց արձանը։ Ինչ խոսք, սա կազմակերպված ու կանխամտածված հանցագործություն էր, բայց ու՞մ կողմից և ու՞մ դեմ: Սրա պատասխանը մենք կարող ենք ստանալ ՀՀ ոստիկանությունից ու ՀՀ ԱԱԾ-ից, բայց, դարձյալ մեղքս ինչ թաքցնեմ, դրան էլ շատ չեմ հավատում, որովհետև նրանցից շատերը իրենց տեղերում չեն, չեն ցանկանում տեսնել կամ չեն փորձում հասկանալ, թե մեր կոռումպացված երկրում իրենց քթի տակ ինչպիսի անբարոյական հանցագործություններ են կատարվում, միգուցե համակարգերի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ: Խոսենք փաստերով: 2018 թվականի հունիսին «Իրատեսի» թիվ 40 համարում «Բաց նամակով» դիմել էի ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով երկու խնդրի վրա. ա) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը զբաղված է կեղծ փորձաքննությունների վաճառքով, բ) Սպիտակի մեխանիկական հզորագույն գործարանը ապամոնտաժվել ու գիշերով դուրս է տարվել աղետյալ քաղաքից՝ ոստիկանական գումարտակի ուղեկցությամբ: ԱԱԾ Երևանի վարչության պետ Տ. Հարությունյանի նամակն ինձ անակնկալի բերեց. «Կատարված կամ նախապատրաստվող հանցագործության վերաբերյալ կոնկրետ փաստական տվյալների տիրապետելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել իրավասու պետական մարմիններին»: Իսկ ՀՀ ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Ա. Իսկանդարյանի պատասխանում գրված է. «Ինչ վերաբերվում է Սպիտակ քաղաքում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ Ձեր «Բաց նամակում» նշված հանգամանքներին, ապա հայտնում եմ, որ այդ մասով քննարկելու համար Ձեր դիմումի պատճենն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին»: Ինչ արած, սա է մեր ներքին կյանքը կարգավորող, կոռուպցիայի ու հանցագործությունների դեմն առնող պաշտոնական այրերի աշխատաոճը, սպասենք ու հավատանք, որ բարեհաջող ձևով ավարտված ԱԺ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը լրջորեն կզբաղվի իր կադրային քաղաքականությամբ, այլապես կանադահայ կոլեկցիոների ու «Ողբացող մոր» պատմություններն անպակաս կլինեն կյանքից, և, որպես այդ ամենի հետևանք, մշտապես կդոփենք տեղում, զրկված կլինենք մեր ներդրողներից: Միայն անխելք մարդը ներդրումներ կբերի մի անշնորհակալ երկիր, որտեղ «ողբացող մայրերի» են գողանում, կամ մի երկիր, որտեղ իշխանավորը կարող է թույլ տալ իրեն փրփուրը բերանին խոսել տնտեսական հաջողություններից, բայց նաև նպաստի, որ անարգել ու անպատիժ քանդվի ու ավերվի աղետյալ ժողովրդի համար կառուցված հզոր գործարանը:


25 տարի շարունակ ես աշխատել ու մեր երկրի համար ստեղծել եմ գիտատեխնիկական աշխատանքների մի ամբողջական շարք, որի ներդրումը կարող է իսկական տնտեսական հեղափոխություն առաջացնել, բայց առայժմ կսպասեմ այնքան, մինչև ամեն ինչ իր տեղն ընկնի, ու Նաիրյան մեր երկրում մարդկային նորմալ հարաբերություններ և առողջ բանականություն հաստատվեն: Ողջ եղեք, ու բարի ընտրություններ:


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Տեխնիկական գիտությունների դոկտոր,
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 4401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ